Սանասարյանի մեղադրանքն ամբողջությամբ հիմնավոր է, բացի ցուցմունքներից այլ ապացույցներ կան. ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ

Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի գործը կշարունակի քննել ԱԱԾ-ն:

ՀՀ գլխավոր դատախազությունից մեր հարցին ի պատասխան ասացին, որ քրեական գործով քննչական ենթակայություն փոխելու հիմքեր առկա չեն եւ նախաքննությունը կիրականացվի ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից: «Միեւնույն ժամանակ նկատի ունենալով, որ նախաքննության մարմինը բավարարել է առանձին անձանց հարցաքննելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը, դատախազական պատշաճ հսկողությամբ կապահովվի բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ նախաքննությամբ ի պաշտպանություն մեղադրյալի բերված բոլոր փաստարկների պատշաճ ստուգումը»,- ասացին դատախազությունից:

Սույն գործի վերաբերյալ երեկ մեր մի քանի հարցերին է պատասխանել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանը

- Պարոն Աղաջանյան, պաշտպանական կողմը պնդում է, որ գործը կարված է, ուղղորդված քննություն է գնում: Ի վերջո ԱԱԾ-ից իրականում ուղղորդում եղե՞լ է, թե՝ ոչ:

- Ես հակառակը կպնդեի՝ ավելի շատ փաստաբաններն են ուղղորդված տվյալ դեպքում, որովհետեւ նույն փաստաբանները, մասնավորապես տիկին Պետրոսյանը, մինչ այս գործը բազմաթիվ քրեական գործերով ներգրավված է եղել որպես պաշտպան եւ բազմաթիվ անգամ շեշտել է ԱԱԾ քննչական մարմնի անաչառությունը, օբյեկտիվությունը, թեկուզ եւ մարդկային մոտեցումը: Այնպիսի կարծիք էին հայտնում, որ կուզենային, որ իրենց պաշտպանյալների վերաբերյալ բոլոր քրեական գործերը քննվեին ԱԱԾ-ում: Տարակուսանք է առաջացնում այն հանգամանքը, որ տիկին Պետրոսյանը պնդում է, թե ԱԱԾ-ում տվյալ քրեական գործը ուղղորդված է, կարված է ԱԱԾ-ի կողմից, շինծու է: Այդ բոլոր պնդումներում առկա է հանցակազմ, եթե առկա է հանցակազմ, եւ հիմնավորված պնդումներ են, ինչպես իրենք են դա մեկնաբանում, ապա ինչո՞ւ հանցագործության մասին հաղորդմամբ չեն դիմում գլխավոր դատախազին, որպեսզի ԱԱԾ քննչական մարմնի քննիչի նկատմամբ հարուցվի քրեական գործ:

- Այդ անվստահությունը, ըստ ձեզ, ինչո՞վ է պայմանավորված, ի վերջո, անգամ ֆեյսբուքյան հարթակում օգտատերերը ավելի շատ հավատում են հենց Սանասարյանին, քան՝ ԱԱԾ-ին: Անգամ նշում են, որ եթե մեղադրանքը չապացուցվի, ապա Արթուր Վանեցյանը պետք է հրաժարական ներկայացնի:

- Ես անվստահություն չեմ տեսնում, որովհետեւ պարոն Վանեցյանի եւ ԱԱԾ-ի հեղինակությունը այսօր հանրության մեջ բավականին բարձր է...: Մարդկանց իրավունքն է կարծիք արտահայտելու, մենք որեւէ ձեւով ոչ ուզում ենք մեկնաբանել ոչ էլ խոչընդոտ հանդիսանալ իրենց կարծիքը արտահայտելու: Առաջադրված մեղադրանքը ամբողջությամբ հիմնավոր է եւ գործ կարելու, սարքելու պնդումները ես համարում եմ ուղղակի անհեթեթություն: Պաշտպանական կողմը միջնորդություն է հարուցել, որպեսզի հարցաքննվեն իրենց կողմից մատնանշված այն վկաները, որոնք ցուցմունք կտան որոշակի հանգամանքների վերաբերյալ, նաեւ մեղադրանքի վերաբերյալ, հօգուտ իրենց կարող են հանգամանքներ պարզվել: Հիմա տիկին Պետրոսյանը շահարկում է այդ հանգամանքը, չնայած նախաքննական մարմինը բավարարել է միջնորդությունը, սակայն  մինչեւ պարոն Սանասարյանին մեղադրանք առաջադրելը պետք է այդ հարցաքննությունները կատարվեին, նոր որոշեին՝ մեղադրանք առաջադրում են, թե՝ ոչ: Շահարկում էին, որ մենք դիտավորյալ չենք հարցաքննել այդ մարդկանց: Առաջինը՝ քննչական գործողությունների իրականացման տակտիկան եւ ժամանակը որոշում է նախաքննական մարմինը, տվյալ դեպքում ինչո՞ւ ենք մենք այդպես որոշել. առաջինը՝ մենք չէինք հասցնի կազմակերպել, ինքը ասում է՝ մեկ- երկու օր ունեին, բայց մենք ծանուցագրով մարդկանց հրավիրում ենք, իրենք ասում են՝ իրենց այսինչ օրը հարմար չի:

- Այնուամենայնիվ, հարցաքննվե՞լ են իրենց կողմից միջնորդած վկաները թե՝ ոչ:

- Խոսքը 4-5 վկաների մասին է, որոնցից, եթե չեմ սխալվում, երկուսին այսօր ծանուցագիր էր ուղարկվել, որպեսզի այսօր ներկայանան հարցաքննության, սակայն փաստաբանները զանգահարել են եւ ասել, որ  այսօր չեն կարող ներկայանալ, քանի որ հարմար չի, մեկ ուրիշ օր ասեք: Ծանուցագիր կուղարկենք, մեկ ուրիշ օր կգան: Ի վերջո ինչ խնդիր կար լուծելու. մարդիկ ըստ էության պարոն Սանասարյանի ենթականերն էին, պարոն Սանասարյանի կողմից նշանակված ծառայողները, նրա անմիջական ենթակայությամբ աշխատող քաղաքացիներ, հետեւաբար որոշակի առումով պարտավորված են պարոն Սանասարյանին իրենց աշխատանքով, իրենց զբաղեցրած պաշտոնով եւ երկրորդը՝ այս պահին գտնվում են անմիջական ծառայողական ենթակայության ներքո: Տվյալ դեպքում նման վկաների տված ցուցմունքը նախաքննական մարմինը որքանո՞վ պետք է արժանահավատ դիտի: Ես որեւէ կերպ այդ մարդկանց անաչառությունը եւ օբյեկտիվությունը, նրանց սպասվող ցուցմունքները հարցականի տակ չեմ ուզում դնել, բայց որպեսզի օբյեկտիվությունը գործով հարյուր տոկոսով ապացուցվի, մենք ի՞նչ գործողություներ իրականացրինք: Մենք մեղադրանք առաջադրեցինք, քանի որ ունեինք ապացույցների այն համակցությունը, որը ամբողջությամբ մեզ իրավունք էր վերապահում մեղադրանք առաջադրելու համար: Դրանից հետո միջնորդեցինք, որպեսզի դադարեցվի պարոն Սանասարյանի պաշտոնավարումը, եւ դրանից հետո նոր հարցաքննվեին վերջինիս կողմից միջնորդած վկաները, ովքեր գոնե ցուցմունք տալու պահին անմիջական ծառայողական ենթակայության ներքո եւ հետեւաբար կախվածության մեջ չեն գտնվի եւ կարող են հանգիստ տալ օբյեկտիվ ցուցմունքներ, որոնք կստուգվեն այլ քննչական գործողություններով: Աստված տա՝ պարզվի, որ այդ ցուցմունքները համապատասխանում են իրականությանը, դրա համար Քրեական դատավարության օրենսգիրքը նաեւ հնարավորություն է ընձեռում քննչական մարմնին՝ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ դատավարական որոշում կայացնել: Հավատացեք, անհրաժեշտ իրավական հիմքերի առկայության դեպքում հանգիստ կկայացնենք այդ որոշումը: Նաեւ չեմ հասկանում փաստաբանի վարքագիծը, քանի որ փաստաբանը իրավունք չունի իր անձը նույնացնել մեղադրյալի անձի հետ, տվյալ դեպքում ես այդ երեւույթն եմ տեսնում եւ իր անունից, մեղադրյալի անունից ինչ-որ հայտարարություններ է անում, որոնցում հանցակազմի տարրեր են պարունակվում: Եթե քննիչը ապօրինի ազդեցություն է ցուցաբերում մեղադրյալի նկատմամբ, ցուցմունքներ է կորզում եւ գործ է սարքում, ապա բոլոր այդ գործողությունները քրեորեն պատժելի արարքներ են, հետեւաբար փաստաբանը կարող է համապատասխան հաղորդում ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազին՝ քննիչի նման ապօրինի գործողությունների կատարման վերաբերյալ: Անհասկանալի է նաեւ այն հանգամանքը, որ տիկին Պետրոսյանի ամուսինը՝ նույնպես փաստաբան Կարեն Մեժլումյանը, իրեն իրավունք է վերապահում հայտարարություն անել տվյալ քրեական գործի ընթացքի կապակցությամբ պարոն Վանեցյանի  հայտարարությունների վերաբերյալ, մասնավորապես նրա մասին, որ քրեական գործը դատարան ուղարկելուց հետո ամեն ինչ կպարզվի: Պարոն Մեժլումյանը այս քրեական գործով պաշտպան ներգրավված չէ, եւ տիկին Պետրոսյանի ամուսին լինելու հանգամանքը որեւէ իրավունք նրան չի վերապահում տվյալ քրեական գործով այդպիսի հայտարարություններ անել:

Ցանկանում եմ ավելացնել, որ պարոն Վանեցյանի նշված հայտարարությունը արձանագրում էր այն հանգամանքը, որ եթե կար հարուցված քրեական գործ, որով կան արդեն մեղադրյալներ եւ կալանավորվածներ, ապա ենթադրվում է, որ որպես կանոն տվյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվի դատարան, եւ դա որեւէ կերպ չի խոսում այն մասին, որ գործը դատարան ուղարկելու հանգամանքը արդեն իսկ կանխորոշված է պարոն Վանեցյանի կողմից: Պարոն Վանեցյանը քաջատեղյակ է, որ յուրաքանչյուր քրեական գործով մեղադրական եզրակացությունը հաստատվում է քրեական գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից եւ նոր ուղարկվում է դատարան՝ ըստ էության դատաքննություն իրականացնելու համար, եւ այստեղ պետք չէ ուղղակի բառախաղերով զբաղվել: Նշեմ նաեւ, որ նախաքննական մարմնի կողմից գրություն է ուղարկվել ՀՀ փաստաբանների պալատ՝ տիկին Պետրոսյանի վերոհիշյալ հայտարարությունների բովանդակության վերաբերյալ, նրա, որպես փաստաբանի վարքագիծը քննարկելու համար:

- Պարոն Աղաջանյան, պաշտպաններն ասում են, որ եթե մինչ մեղադրանք առաջադրելը ծանոթանայիք իրենց կողմից ներկայացված ապացույցներին, ապա հնարավոր է՝ մեղադրանք չառաջադրեիք, սակայն իրենց պնդմամբ՝ դուք շտապողականություն եք դրսեւորել, կասկածանք առաջադրելուց հետո չեք սպասել 7-օրյա ժամկետին եւ մեղադրանք եք առաջադրել:

- Կա դատավարական ժամկետների խնդիր, այսինքն՝ եթե մարդու նկատմամբ խափանման միջոց է կիրառվում տրվում է կասկածյալի կարգավիճակ, քրեական դատավարության նորմերով մենք ունենք մինչեւ 7 օր ժամանակ, նորմերով սահմանված է առավելագույնը 7-օրյա ժամկետում մեղադրանք առաջադրելու հնարավորություն, սակայն դա չի նշանակում,  որ քննչական մարմինը պարտադիր պետք է 7 օր սպասի եւ վերջին օրը մեղադրանք առաջադրի: Եթե նշված ժամկետում կատարվել են անհրաժեշտ քննչական գործողությունները եւ հավաքվել է այն ապացույցների համակցությունը, որը հնարավորություն է ընձեռում մեղադրանք առաջադրելու համար, ապա անկախ նրանից՝ կասկածյալի կարգավիճակ տալուց հետո անցել է մեկ օր, թե այդ համակցությունը ձեռք է բերվել 7-րդ օրը, քննիչը պարտավոր է մեղադրանք առաջադրել, ինչն էլ տվյալ դեպքում իրականացվել է:

- Պարոն Աղաջանյան, ի վերջո Դավիթ Սանասարյանի մեղադրանքում միայն ցուցմունքնե՞ր են դրված, թե այլ ապացույցներ էլ կան, եթե՝ այո, ապա որո՞նք են դրանք:

- Այդ թվում ցուցմունքները, նախաքննության գաղտնիության պահպանման սկզբունքից ելնելով՝ այս պահին չեմ ցանկանում մանրամասնել, սակայն, երբ ասվում է ապացույցների համակցության մասին, ապա ենթադրվում է, որ բացի ցուցմունքներից առկա են նաեւ քննչական գործողությունների արդյունքում հաստատված այլ փաստական հանգամանքներ եւ ձեռք բերված այլ ապացույցներ, որոնց հետ համակցությունն է իրավունք վերապահում վարույթն իրականացնող մարմնին՝ այս կամ այն անձին մեղադրանք առաջադրելու համար:

- Ասում էին՝ պարոն Վանեցյանը վարչապետին տեսանյութ է ցույց տվել: Սա ինչքանո՞վ է համապատասխանում իրականությանը:

- Ես նման բաներ չեմ ցանկանում մեկնաբանել, քանի որ դրանք լուրջ չեմ համարում, որ տեսանյութ ներկայացնելով կամ տեսանյութի հիման վրա մենք կարող էինք քրեական հետապնդում իրականացնել:

- Այնուամենայնիվ, ինչպե՞ս ստացվեց, որ Սանասարյանի մեղադրանքից հետո մյուս կալանավորվածների խափանման միջոցները փոխվեցին, բացի Ադյանից, որովհետեւ դուք միջնորդել էիք կալանավորել, բայց դատարանը մերժեց:

- Այդպես չի եղել. Գեւորգ Խաչատրյանինը մինչ Սանասարյանին մեղադրանք առաջադրելն է փոփոխվել, իսկ Տարոն Ավետիսյանինը փոփոխվել է նույն օրը, սակայն կրկին՝ մինչեւ պարոն Սանասարյանին մեղադրանք առաջադրելը: Հարկ եմ համարում նշել, որ ոչ Գեւորգ Խաչատրյանն է Դավիթ Սանասարյանի հետ առերեսվել, ոչ էլ՝ Տարոն Ավետիսյանը: Այսինքն՝ դա նշանակում է, որ նրանց ցուցմունքներում էական հակասություններ նախաքննական մարմինը չի տեսել, այլապես այդ առերեսումները անպայման կկատարվեին: Եվ այս պայմաններում ուղղակի անլուրջ եւ անհեթեթ է նշված մեղադրյալների նկատմամբ կիրառված խափանման միջոցների փոփոխումը կապել Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքի հետ: Այս հարցում պարոն Սանասարյանի եւ վերջինիս պաշտպանի շահարկումները նույնպես անհասկանալի են եւ որեւէ քննադատության չեն դիմանում: Ինչ վերաբերում է նշված մեղադրյալների նկատմամբ կիրառված խափանման միջոցի փոփոխման հիմքերին, ապա կարող եմ ասել միայն, որ վերջիններիս կողմից նախաքննության ընթացքում դրսեւորած վարքագիծը, տված խոստովանական ցուցմունքները եւ քննությանը աջակցելու հանգամանքը վկայել է այն մասին, որ նշված մեղադրյալները զղջացել են կատարածի համար, չեն խուսափի քննությունից եւ քրեական պատասխանատվությունից, քրեական օրենսգրքով արգելված նոր արարք չեն կատարի եւ չեն խոչընդոտի քննությանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5313 դիտում

Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը

FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ

ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել

Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում

Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա

Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան

Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր

Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ

Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք

Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար

Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ

ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ

GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը

«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան

2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը

Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել

Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ

Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ

Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին

ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն

Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել

Արմավիրի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է հեղուկ գազի և բենզինը վաճառքը

1 օրում գրանցվել է 12 ավտովթար. 16 մարդ վիրավորում է ստացել

Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է. նրանք հիվանդ մարդիկ են. Թրամփ

Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան

Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ

Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է

Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Իրաք՝ հրաժեշտի արարողության համար. տեսանյութ

Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար

Դատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասին

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ կան զոհ և տուժած