Սահմանադրական դատարանի կառուցած ընտրակեղծարարության ջերմոցը․ ՍԴ ճգնաժամի վերաբերյալ Վահե Գրիգորյանի շարքի 1-ին մասը

Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը ներկայացրել է Սահմանադրական դատարանի ճգնաժամի վերաբերյալ իր սկսած շարքի 1-ին բովանդակային մասը։ Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ։

Ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակման արգելքը. ՍԴ կառուցած ընտրակեղծարարության ջերմոցը

Մինչ այս մասի նյութին անդրադառնալը, պետք է նկատեմ, որ ընտրական վեճերը բազմաշերտ և համալիր գործընթացների և ընտրությունների առնչությամբ քաղաքացիների, քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների բազմաբնույթ հարաբերությունների առնչությամբ ծագող վեճեր են: Հետևաբար՝ ընտրական վեճերի և դրանց լուծումների կապակցությամբ դիտարկումներն ու գնահատականները ներկայացվել են բացառապես ՍԴ-ին վերաբերող մասով՝ որպես ընդհանուր պատկերի մի առանձին հատված, որը ներկայացնելիս հնարավորին չափով նկարագրված են նաև Հայաստանում տեղի ունեցած (հակա)ժողովրդավարական գործընթացների վրա ազդող այլ գործոնները։

Առհասարակ, Սահմանադրության 2-րդ հոդվածով նախատեսված ժողովրդի իշխանության իրականացման արդյունավետ ապահովման խնդրի իրագործումն, առանձին վերցրած, ՍԴ-ից ակնկալելը պատրանք է։ Նույնիսկ, եթե ՍԴ-ն իր մասնագիտական ներուժով և հեղինակությամբ ի զորու լիներ ապահովել արդարադատության հնարավոր ամենաբարձր որակը, կայուն և կենսունակ ժողովրդավարության պաշտպանությունն անհնար կլիներ, եթե գործադիր և օրենսդիր իշխանությունները բավարար ջանասիրություն չդրսևորեն քաղաքացիների ազատ ընտրության իրավունքի ապահովման ուղղությամբ։

Միևնույն ժամանակ, Հայաստանի վերջին, առնվազն 16 տարիների փորձը փաստել է, որ քաղաքացիների ազատ ընտրության իրավունքի ձևախեղումը և ժողովրդավարության բովանդակազրկումը շարունակական լինել չէր կարող, եթե այս հարցում հակաժողովրդավարական հակումներ ունեցող իշխանությունը ՍԴ «թույլտվությունը» չունենար։

Հակադիր դիտանկյունից, ժողովրդավարության բովանդակազրկումը և քաղաքացիների ազատ ընտրության իրավունքի անէացումը երաշխավորված կերպով հնարավոր է ցանկացած իշխանության համար, եթե այն այս հարցում ունի ՍԴ համագործակցությունը։ Ստորև, ստորագրված ցուցակների հրապարակայնության արգելքի մասով, ներկայացված է առնվազն 2003-2016թթ. քաղաքական իշխանության և ՍԴ համագործակցության արդյունքում Հայաստանի ընտրական համակարգում ամենավտանգավոր ընտրակեղծարարության սխեմայի ներդրման, գործարկման, դադարեցման և դրա հետևանքների նկարագրությունը: Նյութի վերջում արձանագրվում է ՍԴ դերակատարությունը:

Մինչ բուն նյութին անցնելը, հստակեցման համար, արձանագրենք, որ ընտրական վեճերում ՍԴ կրավորական դիրքորոշմամբ, իսկ առանձին դեպքերում հենց իր նախաձեռնությամբ, ընտրական ինստիտուտները քաղաքական իշխանությունից պաշտպանության հարցում ձախողման դրսևորումները երկուսն են․

(ա) ընտրություններում և հանրաքվեներում ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակման արգելքի սահմանմամբ և,

(բ) ընտրական վեճերի լուծման իր սահմանադրական լիազորության հետևողական (ինքնա)սահմանափակումներով բովանդակազրկմամբ։

Հակաժողովրդավարական հակումներ  և նույնաբովանդակ միջոցների դիմելու պատրաստակամություն ունեցող ցանկացած իշխանական վերնախավի համար, նվազագույն կազմակերպվածություն ունենալու դեպքում, այս երկու դրսևորումներից յուրաքանչյուրը բավարար էր, որպեսզի նրանք Հայաստանում հասնեին ազատ ընտրության իրավունքի կատարյալ ձևախեղման և, փաստացի, անէացնեին Սահմանադրության 2-րդ հոդվածով նախատեսված ժողովրդի իշխանության իրականացման սահմանադրական կարգը։

Այս հրապարակումը վերաբերելու է միայն վերը հիշատակված (ա) դրսևորմանը՝ ընտրողների ստորագրած ցուցակների գաղտնիացմանը և սրանում օրվա քաղաքական իշխանության հետ ՍԴ անթաքույց, և արդյունքներով դատելով, կազմակերպված համագործակցությանն ու դրա հետևանքներին։ Ընտրական վեճերում իր դերի կրավորականությամբ կամայականությունների խրախուսման, այսինքն` ՍԴ գործունեության վերը նշված (բ) դրսևորման մասին կլինի հաջորդ հրապարակումը։

Այս նյութը հնարավոր չեղավ ներկայացվածից ավելի կրճատել։ Ծավալի նկատմամբ ունեցած զգայնության բերումով նյութի հիմնական առանցքը ներկայացված է հաջորդող սեղմագրում՝ 1-ին մասում, իսկ դրա հիման վրա տրված ամփոփ գնահատականը՝ 10-րդ մասում։ Միջանկյալ հատվածները ներառում են այս բարդ և համալիր խնդրի առանցքային բաղադրիչների նկարագրությունը։

Այս հրապարակման նյութը ոչ միայն իրավական վերլուծությունների և պատմական-քաղաքական ընթացքի խնդիր է նկարագրում, այլ հիմնավորումներում նաև վիճակագրական տվյալներ են ներկայացվում, որոնց աղյուսակը կից ներկայացվում է:

1 Ընտրական ցուցակների հրապարակայնության արգելքը

Ընտրության կամ հանրաքվեի քվեարկության ժամանակ կազմվող ընտրողների ստորագրած ցուցակները (այսուհետ՝ Ցուցակներ) հայաստանյան ընտրական գործընթացներում հանդիսանում են այն միակ ապացույցը, որի կազմմանը մասնակից են ընտրական իշխանությունը և քվեարկությանը մասնակից ընտրողը՝ միաժամանակ։

Այս փաստաթղթի հավաստիության ստուգումը ենթադրում է ամենապարզ ընթացակարգ. դրա հրապարակմամբ այս փաստաթղթում տեղ գտած ցանկացած կեղծ հավելագրում ցանկացած պաշտոնյայի կողմից, ում տվյալները լրացված են քվեարկած ընտրողի անվան դիմաց, անմիջապես կարող է արձանագրվել, և համապատասխան կեղծ հավելագրումը կատարած ընտրական հանձնաժողովի անդամին պատասխանատվության կանչելու հիմք հանդիսանալ։

Ցուցակների հրապարակման արգելքն անմիջապես քվեարկությանը չմասնակցող ընտրողների կազմից  հավելագրումների և, համապատասխանաբար, քվեաթերթիկների լցոնման միջոցով անվերահսկելիության դաշտ բացեց ընտրակեղծարարական նպատակներին հասնելու համար։

Որքան էլ տարօրինակ թվա, Հայաստանի պատմության մեջ ընտրակեղծարարության այս վտանգավոր ձևի իրավական պաշտպանության ամրագրումը տեղի է ունեցել հե'նց ՍԴ կողմից՝ իր 2003թ-ի թիվ ՍԴՈ-412 որոշմամբ. Ցուցակների պատճեններն ստանալու իրավունքի՝ Ընտրական օրենսգրքով ամրագրված լինելու պայմաններում այս որոշումը հնարավոր է դարձրել ընտրական վարչարարության մարմինների կողմից, շուրջ ութ տարի, փաստացի գաղտնի և գործնական կիրառմամբ, բոլոր հետագա չորս համապետական ընտրություններում և երկու հանրաքվեներում, Ցուցակներն անհասանելի պահել։ Այնուհետև, 2011թ.-ին Ցուցակների հրապարակման արգելքն արդեն նախատեսվել է ընտրական օրենսգրքով, որի համապատասխան դրույթների սահմանադրականության վերաբերյալ դիմումը, նույն հիմնավորմամբ, կրկին մերժվել է ՍԴ-ի կողմից։

ՍԴ-ն Ցուցակների հրապարակման արգելքի այս շրջադարձային իրավական դիրքորոշումը որևէ կերպ չի հիմնավորել։ Փոխարենը, մի կողմից «պատճառաբանության» նմանակման, իսկ մյուս կողմից, իր վրայից քաղաքական և իրավական պատասխանատվությունը վանելու, պետության բարձրագույն դատական ատյանին բացարձակապես անվայել անպատասխանատվությամբ, որպես Ցուցակների հրապարակման արգելքի միակ պատճառաբանություն է ներկայացրել Վենետիկի հանձնաժողովի կողմից իր որոշումից մի քանի ամիս առաջ հրապարակված և բացառապես խորհրդատվական ուժ ունեցող առաջարկներ պարունակող մի փաստաթուղթ։ Ըստ ՍԴ-ի՝ Ցուցակների հրապարակայնացումը կհանգեցներ քվեարկության գաղտնիության խախտման։

Ներքոնշյալ փաստարկներով կասկածից վեր է, որ քաղաքական իշխանությունների կողմից ընտրակեղծարարության դեմ այս վճռական միջոցի (Ցուցակների հրապարակայնության) չեզոքացումը ՍԴ կողմից տեղի է ունեցել բացառապես կուսակցական նպատակների հետապնդման նկատառումներով՝ ընդդեմ ժողովրդավարության։

Նմանապես, բացառապես քաղաքական-կուսակցական նկատառումներով էլ շուրջ տասնչորս տարի անց իշխող կուսակցության հետ ընդդիմադիր կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ձեռքբերված համաձայնությամբ էլ Ցուցակները հրապարակայնացվել են։

Ավելին, երբ Ցուցակները հրապարակայնացվել են տասնչորս տարիներ անց, որոնց ընթացքում տեղի են ունեցել վեց համապետական՝ երեք նախագահական և երեք խորհրդարանական ընտրություն և երեք սահմանադրական հանրաքվե, 2017թ-ի խորհրդարանական ընտրության ժամանակ, ՍԴ-ն որևէ անդրադարձ այս հանգամանքին չի կատարել այս ընտրությունների արդյունքներով կայացրած որոշման դեմ դիմումի հիմքով վարույթում՝ ինքնին փաստելով, որ Ցուցակների հրապարակայնացման արգելքի «պատճառաբանությունը»՝ քվեարկության գաղտնիության պաշտպանությունը, հիմնովին մտացածին և կեղծ փաստարկ է եղել Ցուցակները գաղտնիացնելիս։

Հակառակ դեպքում, ինչպե՞ս է կարող օրինական համարվել մի ընտրություն, որի ընթացքում խախտվել էր Հայաստանում բոլոր ընտրողների, մոտ երկուսուկես միլիոն քաղաքացիների, քվեարկության գաղտնիությունը, եթե, ինչպես պնդել է ՍԴ-ն իր 2003թ և 2012թ համապատասխան որոշումներում, Ցուցակների հրապարակմամբ կարող էր խախտվել ընտրության մասնակցության և չմասնակցության գաղտնիությունը՝ որպես քվեարկության գաղտնիության տարր։

Որպես Ցուցակների հրապարակայնության արգելքի հետևանք՝ միայն 2013 – 2016 թթ տեղի ունեցած բոլոր համապետական ընտրություններում և հանրաքվեներում գործնականում երաշխավորված էր ընտրակեղծարարության ամենավտանգավոր միջոցի՝ քվեարկությանը չմասնակցած ընտրողների քվեների հավելագրմամբ այդ քվեներն ընտրական համակարգը վերահսկող իշխանության կամ խմբի հայեցողությամբ օգտագործելու անսահմանափակ և անվերահսկելի հնարավորություն։

Թեկուզև ոլորտի փորձագետների և ընտրական գործընթացների մասնակիցների կողմից 2003-2016թթ տեղի ունեցած ընտրությունների և հանրաքվեների ընտրական վիճակագրության անոմալիաների ուսումնասիրությունը կանգնել է 350.000-ից 500.000 քվեների չափով հավելագրման ենթադրական միջակայքի վրա, միակ փաստված և անառարկելի ելակետային հավաստի տվյալը 2018թ-ի դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրության քվեարկության արդյունքն է՝ 1.260.533 ընտրողի մասնակցություն։ Ամեն դեպքում՝ համեմատության համար կիրառվել են նաև Ցուցակների հրապարակայնության արգելքի ազդեցությանը նախորդող վիճակագրական տվյալները (ԱԺ ընտրությունների համար՝ 1999թ-ի, իսկ նախագահական ընտրությունների համար՝ 1996թ-ի ընտրություններում մասնակցության գրանցված ցուցանիշները)։

Հարկավոր է, տեսադաշտում ունենալով նաև այն իրողությունը, որ 09/12/2018թ-ի խորհրդարանական ընտրություններն անց են կացվել քաղաքական/հեղափոխական ոգևորության ալիքի վրա, ինչպես և մի քանի այլ ընտրություններին մասնակցության աճի դրական գործոնները, մասնակցային այս ցուցանիշը ուղղակիորեն դիտարկել որպես Հայաստանում ընտրությունների մասնակցության առավելագույն չափ, ինչը, ինքնին, 315.000-ով պակաս էր, քան 2012թ-ի և 2017թ-ի խորհրդարանական ընտրություններում գրանցված մասնակցությունը։ Իսկ, ժամանակագրորեն հակադիր դիտանկյունից, 1999թ-ի ԱԺ ընտրությունների մասնակցության ցուցանիշը 435.000-ով պակաս էր, քան նույն՝ 2012թ-ի և 2017թ-ի խորհրդարանական ընտրություններում գրանցված մասնակցությունը։

Այս փաստերի արձանագրումը պատուհան է բացում անցյալ՝ առնվազն տասվեց տարիների մութ սենյակում իրականացված ընտրական մեքենայությունների և իրողությունների բացատրության համար։ Այս ցուցանիշը՝ ազատ և թափանցիկ ընտրություններում 315.000-ից մինչև 435.000 քվեի վիճակագրական անոմալիան, չունի որևէ ողջամիտ բացատրություն։ Սա ներքոշարադրյալ մեխանիզմներով վերագրելի է հենց Ցուցակների գաղտնիության պայմաններում իրականացված մեքենայությանը՝ որպես նախկին ընտրություններում (2003թ-ից մինչև 2015թ-ը) մասնակիցների քանակի հավելագրման քանակի հիմնավոր կանխավարկած։ Այս ցուցանիշի կիրառմամբ հաշվարկները, նույնիսկ նվազագույն շեմ լինելով, մեզ 2003թ-2015թթ․ Նախագահի և Ազգային ժողովի ընտրությունների և հանրաքվեների բոլորովին այլ պատկեր ու ընտրությունների սցենար է հրամցնում։

Առնվազն 2003 – 2015 թթ ընտրություններին մասնակցության մասով, ընտրական վիճակագրության չբացատրված և խիստ կասկածահարույց վայրիվերումները, Հայաստանում` արտագաղթից շարունակաբար տառապող մի պետությունում, որտեղ քաղաքացիների արտագաղթին զուգընթաց ընտրությունից ընտրություն կայուն կերպով աճում էին ընտրությունների մասնակիցների քանակը և Ցուցակներում կեղծ հավելագրումներ կատարելու վերաբերյալ բազմաթիվ փաստագրված դեպքերը, ինչպես նաև իշխանությունների բացարձակ հանդուրժողականությունն ընտրական կեղծիքների և այլ ընտրական խախտումներ թույլ տված պաշտոնատար անձանց նկատմամբ, հիմնավոր կասկածներ (հաջորդ հրապարակմամբ նկարագրված այլ գործոնների հետ համատեղ) են հարուցել Հայաստանում քաղաքական և քաղաքացիական շրջանակներում ընտրությունների արդյունքների, հանրաքվեներով ընդունված Սահմանադրական փոփոխությունների վավերության և պետական ինստիտուտների նկատմամբ՝ դառնալով պետության և իրավակարգի նկատմամբ քայքայող անվստահության հիմնապատճառ։

Բայց, ինչպես նշեցի, սա ընդամենը ողջամիտ ենթադրություն է, ինչը, առանձին վերցրած, չի կարող ողջամիտ կասկածից վեր դատողության հիմք ծառայել։ Սակայն կա մի որոշիչ հանգամանք, որը վերը նկարագրած իրողության հետ մեկտեղ խորը հիմնավորված կանխավարկածի հիմք է ՍԴ հակաժողովրդավարական գործունեության գնահատականի համար։

Այն է` առնվազն 1,5 տասնամյակ վերը նկարագրված քաղաքական իրավիճակում, ընտրական ինստիտուտների և ընտրությունների արդյունքների նկատմամբ հանրային, երբեմն՝ կոնսենսուսային, անվստահության պատճառներին անդրադառնալիս ՍԴ-ն շարունակաբար արձանագրել է, որ լուրջ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն է եղել, որպեսզի բարձրացվեր ընտրախախտումների դեմ պայքարի արդյունավետությունը և ամրապնդվեր հանրային վստահությունն ընտրական ինստիտուտների, ներառյալ` դրանցով ձևավորվող իշխանության մարմինների և ողջ պետության նկատմամբ։

Այս պայմաններում, ՍԴ-ից ողջ Հայաստանի միակ ակնկալած բանն այն էր, որ 2003թ․-ի դրությամբ և դրանից հետո, ՍԴ-ի կողմից ապահովվեր գործադիր իշխանության կողմից ընտրական գործընթացներում կիրառվելիք Ցուցակների հրապարակման մասին Ընտրական օրենսգրքի պահանջների կատարումը:

Ոչ միայն ՍԴ-ն որևէ գործողություն չի կատարել այս՝ ընտրակեղծարարության ամենավտանգավոր միջոցի կանխարգելման ուղղությամբ, այլ հենց 2003թ-ի իր որոշմամբ (նույն դիրքորոշումը վերապնդելով նաև 2012թ-ին) իր նախաձեռնությամբ է արգելել Ցուցակների հրապարակումը՝ օրվա քաղաքական իշխանությանը սկուտեղի վրա մատուցելով ընտրություններին (և հանրաքվեներին) չմասնակցող (թե Հայաստանում, թե դրանից դուրս գտնվող) ընտրողների ձայներից կեղծ հավելագրումների միջոցով բավարար չափաքանակ շահագործելու իրական և անվերահսկելի հնարավորություն։

Ցուցակների հարցում որոշումների հիմնազրկությունը գիտակված չլինել չէր կարող այդ նույն որոշումները կայացրած ՍԴ անդամների կողմից ։ Ավելին, հետահայաց դիտելով ՍԴ կողմից Ցուցակների հրապարակայնությունն արգելելու «պատճառաբանության» թե' իրավական, թե'՝ քաղաքական հետևանքային իմաստով բացարձակ սնանկությունը, ինչպես նաև  Հայաստանի ժողովրդավարության համար ամենաբարձր հավանականությամբ հարուցած աղետաբեր հետևանքն առնվազն քննարկվող ժամանակային միջակայքում, առանձին վերցրած միայն այս հարցում ՍԴ-ն իր այս դիրքորոշմամբ  իրեն ժողովրդավարության պաշտպանից վեր է ածել Հայաստանում ժողովրդավարության բանտապահի։

Ցուցակների հրապարակայնության կամայական արգելքով, հայաստանյան ընտրական կոնտեքստի առանձնահատկությունները հաշվենկատորեն անտեսելով և օրվա քաղաքական իշխանությանը ընտրակեղծարարության այս վտանգավոր միջոցի հնարավորությունը մատուցելով և դրան «իրավական» պաշտպանության տրամադրելով՝ ՍԴ-ն փաստացի Հայաստանում իրականացրել է Սահմանադրության գերակայության իր սահմանադրական առաքելությանը տրամագծորեն հակառակ գործունեություն՝ հետևանքային իմաստով դառնալով Հայաստանում ինստիտուտացված ընտրակեղծարարության ճարտարապետը։

Վերը նշված պնդումների մանրամասնությունները ներկայացվում են ստորև։

  1. Ցուցակների դերը Հայաստանում ընտրակեղծիքների դեմ պայքարում

Այս հատվածում, խնդրո առարկայի ճիշտ նկարագրության և ՍԴ դերակատարության մասին հստակ պատկերացում կազմելու համար ակնկալվում է ընթերցողի համբերությունը: Հեռանալով վերացական քաղաքական խոսքին առնչվող փաստաթղթերից՝ այստեղ առաջնություն է տրվելու իրավական բաղադրիչին։

Այդուհանդերձ, ընթերցողը կարող է նկատել, որ հետևանքային առումով ՍԴ դերակատարությունն այս խնդրում չի կարող և չպետք է ստանա միայն իրավական գնահատական։ Որքան էլ որ խնդիրը վերաբերում է ժողովրդավարության նկատմամբ հաշվենկատ և խնամքով նախագծված ոտնձգություններին, այս ամենը նաև հետահայացային պատմական-քաղաքական գնահատականի կարիք ունի։

Խնդրո առարկա Ցուցակը հայաստանյան ընտրական գործընթացներում այն եզակի փաստաթուղթն է, որը լրացվում և կազմվում է պետական մարմնի կողմից ու օգտագործվում ընտրատեղամասերում՝ որպես ընտրողի կողմից քվեարկության մասնակցությունն արձանագրող առաջնային փաստաթուղթ։

Քվեարկության օրն ընտրողը մոտենում է ընտրական հանձնաժողովի անդամին, ներկայացնում իր անձը հաստատող փաստաթուղթը։ Հանձնաժողովի պատասխանատու անդամն ընտրողի անվան դիմաց լրացնում է համապատասխան տողը, նշում իր՝ ընտրողին գրանցող պաշտոնյային տվյալը (որպես կանոն՝ անհատական կնիքով կնիքելով տողը)։ Իսկ ընտրողը քվեաթերթիկ ստանալիս ստորագրում է Ցուցակում իր անվան դիմաց։ Փաստացի, սա միակ փաստաթուղթն է, որի կազմմանն ընտրողը երբևէ ուղղակիորեն մասնակից է դառնում ամբողջ ընտրական գործընթացում։ Սա նաև միակ փաստաթուղթն է, որով հնարավոր է առանձնացնել ընտրական հանձնաժողովի այն անդամին, ով արձանագրել է տվյալ ընտրողի մասնակցությունը քվեարկությանը, և կեղծ հավելագրման դեպքում ուղղակի իրեղեն ապացույց է հանդիսանում կեղծիքը թույլ տված պաշտոնյային պատասխանատվության ենթարկելու համար։

Նշված Ցուցակի հրապարակայնությունն անէացնում է ընտրախախտումների կամ ընտրակեղծարարության ամենավտանգավոր միջոցը՝ քվեարկությանը չմասնակցած անձանց փոխարեն, մասնակիցների թվի ավելացմամբ, նրանց քանակով քվեաթերթիկների ավելացումը։

Ակնհայտ է, որ ընտրությանը չմասնակցած ընտրողների կեղծ հավելագրման միջոցի դիմել կարող էր միայն այն ուժը, ով վերահսկում էր իրավապահ համակարգը և ուներ ընտրություններին իրական մասնակցող և չմասնակցող քաղաքացիների (լինեն նրանք քվեարկությանը օրը Հայաստանից բացակայող, թե Հայաստանում ներկա, սակայն ընտրություններին չմասնակցող) ամբողջական տեղեկատվություն։ Կասկածից վեր է, որ այդ ուժը սա անելու է բացառապես իր կուսակցական շահի սպասարկմամբ։

Եվ հակառակը, Ցուցակների գաղտնիացումն ընտրակեղծարարության նշված տեսակի համար բացում է անսահմանափակ հնարավորություններ, ինչի մասին, սկսած առնվազն 1999թ.-ից, ընդդիմադիր քաղաքական ուժերը և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները մշտապես բարձրաձայնել են։

Ավելին, Հայաստանն ունեցել է և, դժբախտաբար, դեռ ունի իրեն ԵԽ անդամ մյուս պետություններից շեշտակիորեն տարբերող առանձնահատկություն՝ Հայաստանում ընտրողների մի ստվար հատված քվեարկության օրվա դրությամբ բացակայել է Հանրապետությունից։

Չնայած ընտրությունների մասնակցության ձայների շեշտակի աճն առաջին անգամ արձանագրվել է 1998թ․-ի նախագահական ընտրությունների 2-րդ փուլում, ինչը և առաջին ողջամիտ կասկածների պատճառն է հանդիսացել ընտրական իրավունքի և համակարգի հեղինակավոր փորձագետների մոտ, և ընտրություններին չմասնակցած ընտրողների ձայների օգտագործման մասին առաջին ահազանգերը հնչել են հենց այս ժամանակ, այնուամենայնիվ, այս ընտրության ժամանակ ՍԴ-ն որևէ դերակատարություն չի ունեցել, քանի որ այս ընտրության արդյունքները չեն բողոքարկվել։ Սույն խնդրին ՍԴ-ն բախվել է 2003թ․-ի նախագահական ընտրությունների արդյունքների վիճարկման գործով, որով կայացված որոշմամբ սկիզբ է դրվել ինստիտուցիոնալ ընտրակեղծարարության տարատեսակներից ամենավտանգավոր միջոցի՝ քվեարկությանը չմասնակցած ընտրողների ձայների զանգվածային հավելագրման «իրավական» պաշտպանությանը։

  1. Ցուցակների հրապարակայնության արգելքը. ՍԴ 2003թ-ի թիվ ՍԴՈ-412 որոշումը

Մինչ 2003թ․-ի նախագահական ընտրությունները Հայաստանում Ցուցակների հրապարակայնության որևէ սահմանափակում չի եղել։ Ավելին, մինչ 2003թ․ Ցուցակների հրապարակայնությունը և հասանելիությունն ուղղակիորեն նախատեսված էր օրենքով. «Վստահված անձը, դիտորդը, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչը իրավունք ունեն … անարգել ծանոթանալ ընտրական փաստաթղթերին, … ստանալ դրանց պատճենները, կատարել քաղվածքներ» (Ընտրական օրենսգիրք, ՀՕ-284, հոդված 30):

Հանրապետության նախագահի 2003թ.-ի ընտրությունն անցկացվել էր երկու փուլով։ Ընտրությունների 1-ին փուլից հետո երկրորդ փուլ էին դուրս եկել նախագահի թեկնածուներ Ստեփան Դեմիրճյանը և Ռոբերտ Քոչարյանը։ Ըստ ԿԸՀ ամփոփիչ արձանագրության՝ 2-րդ փուլի քվեարկությանը մասնակցել էր 1.595.702 ընտրող։

Ընտրության արդյունքն անվավեր ճանաչելու խնդրանքով Հանրապետության նախագահի թեկնածու Ս․ Դեմիրճյանը դիմել էր ՍԴ և , ի թիվս այլ պատճառների, որպես ընտրությունների արդյունքների անվավերության հիմք, նշել հետևյալը. «ուրիշի փոխարեն քվեարկության բազմաթիվ դեպքեր, ինչի արդյունքում ընտրական տեղամաս ներկայացած ընտրողները զրկվել են իրենց ընտրելու իրավունքն իրացնելու հնարավորությունից: Քվեարկություն է կատարվել նաև հանրապետությունից բացակայող ընտրողների փոխարեն»։

Բացի սրանից, «քվեարկության ընթացքում արձանագրվել են քվեատուփերի լցոնման բազմաթիվ փաստեր, ինչի մասին, ըստ դիմողի, վկայում են քվեարկության նախօրյակին դիմող թեկնածուի նախընտրական շտաբում հայտնված մի քանի տասնյակ ստորագրված, կնքված, մյուս թեկնածուի օգտին քվեարկված, սահմանված նմուշի քվեաթերթիկները, ինչպես նաև տեղամասային ընտրական հանձնաժողովների կնիքները զմռսելու համար նախատեսված, ԿԸՀ-ի կնիքով կնքված ծրարները»։

Դիմող կողմը պնդել էր նաև, որ «քվեատուփերի լցոնման արդյունքում արհեստականորեն մեծացվել է քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը, ինչը, ըստ դիմող կողմի, ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքների վրա»։

Դիմողների կասկածները խորացել էին նաև տեղամասային և ընտրատարածքային հանձնաժողովների կողմից քվեարկած ընտրողների ցուցակների պատճեններն իրենց տրամադրելու մասին խնդրանքների միաձայն մերժմամբ։

Այսինքն՝ օրենքով Ցուցակները տրամադրելու ուղղակիորեն նախատեսված պահանջի առկայության պայմաններում, դրանց տրամադրումը մերժվել էր առանց որևէ պատճառաբանության։ Սա, անգամ Հայաստանում ընտրությունների ընթացքում հայտնի զանգվածային խախտումների ձևավորված պրակտիկայի պայմաններում, աննախադեպ ապօրինություն էր, ինչն ընդդիմությունը վեճի առարկա էր դարձրել ՍԴ-ում՝ ակնկալելով, որ այդ զանգվածային ընտրախախտումը պատշաճ իրավական  գնահատական կստանա:

ՍԴ-ում վեճի մյուս կողմը՝ պատասխանողի կարգավիճակով հանդես եկող ԿԸՀ-ն, չէր առարկել դիմողի այն պնդումներին, որ Ցուցակները նրա վստահված անձանց չէին տրամադրվել։ Վերջինս միաժամանակ ընդունել էր նաև, որ «առանձին ընտրական տեղամասերում տեղ գտած քվեատուփերի լցոնման, բաց քվեարկության, ձայների ոչ ճիշտ հաշվարկման, տեղամասային հանձնաժողովների կնիքների համար նախատեսված ծրարների ու քվեաթերթիկների ապօրինի շրջանառության, լրատվամիջոցների կողմնակալ վերաբերմունքի, ուրիշի փոխարեն քվեարկության և ընտրախախտումների այլ, թեկուզ սահմանափակ թվով, օրինակները, վկայում են 2003թ. մարտի 5-ի նախագահական ընտրությունների առնչությամբ ԵԱՀԿ դիտորդական առաքելության մտահոգությունների արդարացի լինելու մասին»:

Այս վեճի կապակցությամբ 16/04/2003թ.-ին ՍԴ-ն ընդունել էր թիվ ՍԴՈ-412 որոշումը (զեկուցողներ՝ ՍԴ անդամներ Ա. Գյուլումյան, Հ. Նազարյան և Մ. Սևյան), ինչը մեր պատմության մեջ առավելապես հայտնի է որպես «վստահության հանրաքվեի» որոշում։

Չնայած ՍԴ-ն խիստ, բայց մեծապես հիմնավոր քննադատության ենթարկվեց «վստահության հանրաքվեի» անհետևանք և իր լիազորություններից դուրս առաջարկի ներկայացման կապակցությամբ, սակայն այս որոշումն ուներ խոր հակաժողովրդավարական (հետևանքի իմաստով) բնույթ, քանի որ հանգեցնելու էր իշխող վերնախավի ձեռքում քվեարկությանը միջամտելու միջոցով ընտրությունների արդյունքների վրա ազդելու վտանգավոր գործիք ունենալուն, և հակասահմանադրական (ընտրված միջոցի առումով) բնույթ, քանի որ այս միջոցի գործարկումը ձևախեղելու էր ազատ ընտրության օբյեկտիվ իրավունքը և անէացնելու էր Սահմանադրության 2-րդ հոդվածով նախատեսված իշխանության իրականացման կարգը, իսկ նման որոշման ազդեցությունը Հայաստանում ազատ ընտրության իրավունքի համար բազմապատիկ ավելի կործանարար էր, քան նույն որոշմամբ ճանաչված, սակայն անպատասխան մնացած բոլոր ընտրախախտումների հավաքական ազդեցությունը։

Այսպես՝ անդրադառնալով օրենքի խախտմամբ Ցուցակների տրամադրումը մերժելու ընտրական մարմինների գործողություններին, ՍԴ-ն դրանք արդարացրել էր առանց որևէ իրավական հիմքի և պատճառաբանության։

Մասնավորապես՝ հղում կատարելով բացառապես խորհրդատվական ուժ ունեցող մի փաստաթղթի (տես՝ ներքևում տրամադրված Վենետիկի հանձնաժողովի համապատասխան առաջարկությունները նախատեսող փաստաթղթի և դրան հարակից դիրքորոշումների վերլուծության 7-րդ մասը), ՍԴ-ն հանգել էր հետևյալեզրահանգման․ «Այս հարցի առնչությամբ Սահմանադրական դատարանը գտնում է, որ ընտրական օրենսգրքի 30 հոդվածում ամրագրված պատճեններ ստանալու դրույթը վերաբերում է նիստերի արձանագրություններին և պաշտպանում է Եվրախորհրդի «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի լիագումար նիստի կողմից 2002թ. հոկտեմբերին վավերացված այն իրավական դիրքորոշումը, համաձայն որի քվեարկությանը մասնակցածների կողմից արդեն իսկ ստորագրված և լրացված ընտրական ցուցակները համարվում են քվեարկության գաղտնիության տարրերից մեկը և հրապարակման ենթակա չեն»:

Սա մի աննախադեպ իրողություն էր այն իմաստով, որ սույն որոշմամբ, փաստացիորեն, ՍԴ-ն համարել էր, որ Ցուցակները, այսինքն` քվեարկության մասնակցության մասին առաջնային տեղեկատվությունը, համարվում էր քվեարկության գաղտնիության տարրերից մեկը։ Այլ խոսքով, Ցուցակները հանդիսանում էին սահմանադրական իրավունքի այնպիսի բաղադրիչ, որի սահմանափակումն այլևս դուրս պետք է լիներ օրենսդրի հայեցողությունից, քանի որ խոսքը վերաբերում էր քվեարկության գաղտնիությանը, այսինքն` ազատ ընտրության հիմնաքարային երաշխիքներից մեկին։

Ավելին, քանի որ խոսքն այնպիսի իրավատարրի մասին էր, ինչպիսին քվեարկության գաղտնիությունն է, ապա սրանով իսկ Ցուցակներն այլևս հայտնվում էին «հավերժ» սահմանափակման ներքո։

Թեկուզ, ձևականորեն, Ցուցակներին ծանոթանալու հնարավորությունը բաց էր մնում «սահմանված կարգով ստուգումների» ժամանակ դրանց ծանոթանալու իրավունքով, ՍԴ որևէ անդամ կամ ընտրական գործընթացին որևէ գիտակ մասնակից կասկած անգամ ունենալ չէր կարող, որ դա ոչ միայն ընտրակեղծարարության դեմ պայքարի անբավարար միջոց է, այլ նաև ՍԴ ընդունած դիրքորոշման սնանկության ապացույց։ Եթե Ցուցակների գաղտնիությունը պայմանավորված է քվեարկության գաղտնիությամբ, ապա ինչպե՞ս կարող էր այն մասնակիորեն հրապարակվել, թեկուզև «սահմանված կարգով ստուգումների» նպատակով։

Ավելին, Ցուցակների հատվածական հրապարակումները, այն էլ առանց հաստատված ապացույցների ձեռքբերման, երբ չէին տրամադրվելու Ցուցակներից պատճենները, այլ ընդամենը դրանց ծանոթանալու թույլատրություն, ոչ մի գործնական կիրառություն ունենալ չէին կարող։ Սրա ամենավառ ապացույցն այն է, որ, սկսած 2003թ.-ից, (1) չքննարկելով օրվա քաղաքական իշխանության հովանավորչության հնարավոր ազդեցությունը, քվեատուփի լցոնման որևէ հրապարակման կամ բողոքի դեպքում ոչ մի արժանահավատ քննություն չի իրականացվել, և (2) որևէ ընտրական մարմնի պաշտոնյա երբևէ պատասխանատվության չի ենթարկվել գրեթե ամեն ընտրության ժամանակ զանգվածայնորեն իրականացվող լցոնումների և մասնակցության հավելագրումների որևէ դեպքի համար։ 

  1. 2003թ-ից ի վեր ընտրությունների կասկածահարույց արդյունքները

ՍԴՈ-412 որոշման ուժով Ցուցակների փաստացի անհասանելիությունը մշտապես խնդրահարույց էր դարձրել ընտրությունների արդյունքների արժանահավատությունը։ Առանց Ցուցակների բացարձակ հրապարակայնացման որևէ քաղաքական ուժի կամ նույնիսկ միասին վերցված ընտրություններին մասնակից բոլոր քաղաքական ուժերի համար, հնարավոր չէր ստուգել ընտրողների իրական մասնակցության ծավալը։

Ցուցակների հրապարակայնության ազդեցությունը հնարավոր էր լինելու ապահովել դրանց ամբողջական հրապարակման դեպքում, երբ դրանք հասանելի էին լինելու յուրաքանչյուր ընտրողի համար՝ յուրաքանչյուրը ցանկացածի մասնակցությունն ստուգելու սկզբունքով։ Հայաստանի պես ժողովրդագրական խորը խնդիր ունեցող պետությունում, որտեղ ընտրողների մի ստվար հատված քվեարկության պահին երկրից դուրս էր, նույնիսկ պետական ողջ մեքենայի կարողությունները ընտրություններին իրական մասնակցության ստուգման համար բավարար չէին կարող լինել, եթե ապահովված չլիներ «յուրաքանչյուրը ցանկացածին» սկզբունքով ստուգելու հնարավորությունը։

Այս իմաստով, Ցուցակների հրապարակայնությունն ուներ ոչ այնքան հետադարձ շտկումների միջոցով ընտրակեղծարարներին պատասխանատվության արդյունավետության, որքան նման պատասխանատվության հեռանկարի ազդեցությամբ այդ կազմակերպված հանցագործության կանխարգելման նպատակ։ Ցուցակների հրապարակայնությունն այն միակ միջոցն էր, որ հնարավոր էր դարձնելու ապացուցել ընտրախախտումների մեքենայի մեջ ներքաշված յուրաքանչյուր օղակի անհատական մասնակցությունը։

Ցուցակների գաղտնիության պայմաններում ընտրությունների մասնակիցների, ինչպես նաև միջազգային և տեղական դիտորդների կողմից բողոքները շարունակվել են նաև 2003թ․-ի և 2007թ․-ի Ազգային ժողովի ընտրությունների (մեծամասնական և համամասնական ընտրակարգով), 2005թ․-ի Սահմանադրական փոփոխությունների ընդունման հանրաքվեի, 2008թ․-ի նախագահական ընտրության ընթացքում։

ՍԴՈ-412 որոշմամբ Հայաստանում 2003թ․-ից մինչև 2011թ․-ը փաստացի չեզոքացվել էր զանգվածային ընտրակեղծարարության ամենավտանգավոր՝ քվեարկությանը չմասնակցող ընտրողի կեղծ մասնակցությունն արձանագրելով լրացուցիչ «ձայների» հավելագրման միջոցը կանխելու միակ հնարավորությունը, իսկ 2011թ․-ի Ընտրական օրենսգրքի ընդունմամբ (ՀՕ-164-Ն) Ցուցակների հրապարակայնության արգելքն արդեն ուղղակիորեն ամրագրվեց նաև օրենքով։

1998թ․-ի նախագահական ընտրություններից մինչև 2015թ․-ի սահմանադրական հանրաքվեն, ՍԴ որոշմամբ, այնուհետև նաև Ընտրական օրենսգրքով նախատեսված Ցուցակների հրապարակման արգելքի ուժով, ընտրություններին մասնակիցների քանակի ստուգման անհնարինության, ինչպես և Հայաստանից բացակա ընտրողների ստվար քանակի բացակայության պայմաններում ընտրական վիճակագրության անբացատրելի անոմալիաների, շարունակվող արտագաղթի պայմաններում ընտրություններին մասնակիցների պաշտոնական ցուցանիշի կայուն աճի և մի շարք այլ, նույն տրամաբանական և քաղաքագիտական, հիմնավորումների գծի շրջանակներում բացատրվող գործոնների առկայությամբ, Հայաստանում ընտրությունների և այս ընթացքում տեղի ունեցած բոլոր հանրաքվեների ժամանակ արմատացած է եղել այն կանխավարկածը, որ Հայաստանից բացակա և Հայաստանում ներկա, սակայն ընտրություններին չմասնակցող քաղաքացիների ձայները շարունակաբար օգտագործվել են ընտրություններում (և հանրաքվեներում) օրվա գործադիր իշխանության կողմից իշխանության օգտին արդյունքներ արձանագրելու համար՝ այդպիսով լինելով ընտրակեղծարարության այն տեսակը, որն արդյունքի առումով ամենազանգվածայինն էր և լատենտության բերումով՝ ամենավտանգավորը։

  1. 2012թ-ի, հանուն Ցուցակների հրապարակայնության, քաղաքական դաշտի կոնսոլիդացումն ընդդեմ ՍԴ և քաղաքական մեծամասնության

2012թ․-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ազատ ընտրության խնդրում իշխանական լծակներին տիրապետող իշխանական վերնախավի մենիշխանական դիրքի բերումով ստեղծված օրհասական վիճակը քաղաքական դաշտին թելադրել էր Հայաստանի կարճատև պատմության ընթացքում ոչ-իշխանական կուսակցությունների եզակի համախմբում․ ԱԺ-ում ներկայացված երեք խմբակցությունների՝ ՀԱԿ, ՀՅԴ և ԲՀԿ, քսանինը պատգամավոր ՍԴ էին դիմել՝ խնդրելով Սահմանադրությանը հակասող ճանաչել 2011թ․-ին ընդունված Ընտրական օրենսգրքի 11, 31 և 33 հոդվածներով ամրագրված՝ Ցուցակների հրապարակայնության արգելքը։

Այս դիմումի քննությամբ, ՍԴՈ-412 որոշումից ինը տարի անց, ՍԴ-ն վերապնդել էր իր դիրքորոշումը 05/05/2012թ․-ի թիվ ՍԴՈ-1027 որոշմամբ առ այն, որ Ցուցակների հրապարակայնությունը սահմանափակված էր քվեարկության գաղտնիությամբ՝ կրկին հղում անելով բացառապես խորհրդատվական կշիռ ունեցող մի քանի փաստաթղթերի, որոնցով խնդրի նկատմամբ ընդամենն ընդհանրական միջինացված, առհասարակ, ոչ-առաջնային կարևորության խնդրի, մոտեցում էր արձանագրվել։ ՍԴ-ն համարել էր, որ Ցուցակները կարող էին սահմանափակ շրջանակում ծանոթացվել դատական վարույթներում օգտագործվելու նպատակով, սակայն դրանց բաց հրապարակումը, քվեարկության գաղտնիության պաշտպանության նպատակով, պետք է արգելվեր (տե՛ս նույն որոշումը, կետ 5)։

Այս որոշման ուշարժան հատվածն այն էր, որ դրանով ՍԴ-ն որևէ անդրադարձ չէր կատարել դիմող կողմի հետևյալ առաջնային փաստարկին առ այն, որ.

(1) Ցուցակների ամբողջական հրապարակման արգելքի պայմաններում դրանց հրապարակման որևէ այլ ձևաչափը չեզոքացնում էր քվեակեղծարարության նկատմամբ կանխարգելիչ ազդեցությունը,

(2) չանդրադառնալով հայաստանյան իրողությանը՝ առանց որևէ պատճառաբանության շարքից դուրս էր բերվել ընտրակեղծարարության դեմ պայքարի հիմնական միջոցը՝ որպես դրա հիմնավորում ներկայացնելով ընդամենը խորհրդատվական բնույթի մոտեցումներ։

(3) այն, որ Վենետիկի հանձնաժողովի այս մոտեցումներն ունեին բացառապես խորհրդատվական բնույթ, չէր կարող դիտարկվել որպես իրավունքի աղբյուր և յուրաքանչյուր պետություն դրանում նշված ուղեցուցային մոտեցումներն ընդունելու խնդիրը լուծում է այդ պետությունում տեղայնացման նպատակահարմարությամբ, ՍԴ-ն նույնպես թողել էր անպատասխան։

2012թ.-ի խորհրդարանական ընտրություններին և 2013թ․-ի նախագահական ընտրություններին առնչվող դիմողները (ինչպես նաև միջազգային և տեղական դիտորդները) շարունակաբար ահազանգել են Ցուցակների գաղտնիացման արդյունքում ընտրախախտումների արդեն իսկ ավանդական դարձած դրսևորումների մասին (լցոնումների, մասնակցության հավելագրման։ Սակայն, կրկին, ՍԴ դիրքորոշման (տես՝ ՍԴՈ-1028 որոշում, 31/05/2012թ. և տես՝ ՍԴՈ-1077, 14/03/2013թ.) առկայության և Ընտրական օրենսգրքով այդ դիրքորոշման օրենսդրական ամրապնդման պայմաններում, այս ընտրախախտումների դեմ պայքարն անպտուղ էր, իսկ իրավապահ համակարգի վերաբերմունքն այս զանգվածային ընտրակեղծարարության մասին հիմնավոր բողոքներին՝ ակնկալելիորեն հանդուրժող։

2012թ.-ի ՍԴՈ-1027 որոշումից հետո, հատկապես 2015թ.-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքում, Ցուցակների չհրապարակման ամենածանր հետևանքը եղել է զանգվածային ընտրախախտումների անսանձ տարածումը, ինչով խոր կասկածների տակ հայտնվեց հենց Սահմանադրության ընդունման մասին հանրաքվեի արդյունքը։

Այս հանրաքվեի ընթացքում կազմված Ցուցակների ուսումնասիրությունը, գաղտնիության ողջ ժամանակահատվածի ընթացքում, հանրության և իշխանության ճյուղերի միայն կեղծ հավելագրումների մասով, առանց նվազագույն կասկածի, ի վիճակի է տեսանելի դարձնել Ցուցակների գաղտնիության հետևանքների ողջ հրեշավորությունը։

  1. Ցուցակների հրապարակայնության քաղաքական որոշումը

2015թ․-ի սահմանադրական հանրաքվեից հետո Հայաստանում ազատ ընտրության իրավունքի ձևախեղված դրությունը թե ներքին քաղաքական դերակատարների (ընդդիմադիր և ոչ իշխանական կուսակցություններ, ՔՀ կազմակերպություններ) և թե արտաքին դիտորդների ու դերակատարների  (ԵԱՀԿ ԺՄԻՀԳ, ԵԽ ՎՀև ԵՄ) համար այլևս դարձել էր փաստված և լրացուցիչ բացատրություն չպահանջող իրողություն։ Այս իրողությունը քաղաքական իշխանության նկատմամբ դարձել էր ճնշման առաջինների անվստահության պատճառ և հաջորդների կողմից՝ ճնշում գործադրելու պատեհ պատճառ և առիթ։

Իր վիճակի ելքը օրվա քաղաքական իշխանությունն օրենսդիր և գործադիր իշխանության պաշտոնյաների միջոցով տեսնում էր քաղաքացիական հասարակության և ոչ իշխանական կուսակցությունների միջև բանակցված համախոհությունն Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ, ինչի արդյունքում ծնվեց «4+4+4» ձևաչափը (ԱԺ-ում մեծամասնություն կազմող ՀՀԿ-ի, ԱԺ-ում ներկայացված ոչ-իշխանական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների 4-ական ներկայացուցիչներով)։ Իրենց հերթին, «4+4+4» ձևաչափի ոչ իշխանական կուսակցությունները և ՔՀ կազմակերպությունները նախկին մեկուկես տասնամյակի փորձի հիմքով անխախտ կոնսենսուս ունեին իրենց հիմնական պահանջի շուրջ՝ Ցուցակների հրապարակայնեցման։ Այլ պահանջները, երկրորդական լինելով ստորադասվել էին այս՝ օրակարգային գլխավոր հարցի լուծմանը։ ՀՀԿ ԱԺ-ում ներկայացված խմբակցությունը և գործադիր իշխանությունը, զուրկ լինելով ոչ իշխանական կուսակցությունների և ՔՀ կազմակերպություններից հիմնական մասի հետ որևէ համաձայնության հասնելու այլ ելքից և փակված մնալով, մի կողմից, ներպետական քաղաքական և հասարակական դաշտի, և, մյուս կողմից միջազգային կազմակերպությունների  աճող ճնշման տակ, ի վերջո տեղի տալով, պատկերավոր ասված, «հանձնեց Ցուցակները»։

Արդյունքում 2016թ-ին ընդունված Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում «4+4+4» ձևաչափի հետ բանակցությունների արդյունքում նախատեսվեց օրենսգրքի 3․1 հոդվածը, համաձայն որի՝ ընտրական հանձնաժողովները պարտավոր էին քվեարկության հաջորդ օրն սկանավորել և 24 ժամվա ընթացքում որոնման հնարավորությամբ ներբեռնել Ցուցակները ԿԸՀ կայքէջում՝ բացարձակ հրապարակային դարձնելով Ցուցակները՝ հակառակ ՍԴ այս հարցով արտահայտված ՍԴՈ-412 (2003թ․) և ՍԴՈ-1027 (2012թ․) դիրքորոշումների։ Ընտրական օրենսդրության նման փոփոխությունը միանշանակորեն դրական ընդունվեց նաև գործընթացին հետևող ԲՈԼՈՐ միջազգային կազմակերպությունների կողմից, ներառյալ նաև՝ Եվրոպայի Խորհրդի։

2017թ-ի խորհրդարանական ընտրություններում 1999թ․-ից ի վեր առաջին անգամ հրապարակվեցին Ցուցակները, իսկ այս ընտրության արդյունքում կայացված որոշման վերաբերյալ վեճի շրջանակներում ՍԴ-ն կայացնելով իր ՍԴՈ-1364 որոշումը, որևէ վերապահում չէր կատարել Ցուցակների հրապարակայնության հարցի վերաբերյալ։ Այսինքն, այն պայմաններում, երբ ՍԴ-ն 2003թ․-ից ի վեր շարունակաբար պատճառաբանել էր Ցուցակների հրապարակայնության սահմանափակումը քվեարկության գաղտնիությամբ, այս գործի քննության ընթացքում, ոչ միայն այս դիրքորոշմանը տրամագծորեն հակառակ օրենքի գործողության, այլ նաև արդեն իսկ այդ օրենքը պրակտիկայում կիրառված լինելու կապակցությամբ որևէ դիրքորոշում ՍԴ-ն չէր արտահայտել՝ սրանով միայն փաստելով, որ Ցուցակների թե՛ գաղտնիացումը, թե՛ դրանց հրապարակայնացումը իր միջոցով իշխանական վերնախավի արտահայտած նեղ խմբային կամ կուսակցական շահերի պաշտպանության դիրքորոշումն էր։

Այս ընտրությունների մասին միջազգային դիտորդների կողմից կազմված զեկույցը որևէ աղերս չուներ Ցուցակների հրապարակայնությանը, որպես քվեարկության գաղտնիության խախտում։ Այսինքն, նրանք նույնպես լիովին ընդունելի են համարել Հայաստանում Ցուցակների հրապարակայնության բացարձակ անհրաժեշտությունը, եթե նույնիսկ անտեսենք, որ նախապես Ցուցակների հրապարակման մասին ձեռք բերված պայմանավորվածությունը լիովին ընդունելի էր հենց միջազգային դիտորդների համար դեռևս 2016-ի Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման պահին։

Փաստացի, Ցուցակների ամբողջական հրապարակումը 2017թ-ի ընտրություններում ՍԴ կողմից ոչ մի արձագանքի այդպես էլ չարժանացավ։ Եթե Ցուցակների հրապարակումը, ինչպես ՍԴ-ն էր պնդում, խախտելու էր քվեարկության գաղտնիությունը, ապա ինչպե՞ս կարող էր ուժի մեջ մնալ մի որոշում (2017թ-ի ընտրությունների արդյունքում ԿԸՀ որոշումը), որի կայացմամբ ԿԸՀ-ն որևէ անդրադարձ չէր կատարել Հայաստանի շուրջ 2,5 միլիոն ընտրողների ազատ ընտրության պասիվ իրավունքի զանգվածային խախտումներին։ Իսկ, եթե ընտրողների ազատ ընտրության պասիվ իրավունքի խախտումներ տեղ չէին գտել, ինչը և փաստվել է և ԿԸՀ և ՍԴ կողմից այս մասին լռությամբ համաձայնվելով, ապա ՍԴ կողմից 2003թ․-ից ի վեր Ցուցակների գաղտնիության պահպանումը եղել է բացարձակ կամայականորեն ընտրված միջոց, որը հանդիսացել է Հայաստանյան ժողովրդավարության համար ընտրակեղծարարության ամենավտանգավոր դրսևորումների շարժիչ ուժը։

Ցուցակների գաղտնազերծումն այն կարևոր հանգրվանային հաղթանակն էր, որ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը և 4 քաղաքական ուժերը, հասարակական լայն աջակցությամբ կարողացան արձանագրել բացահայտ հակաժողովրդավարական ընտրությունների ավանդույթի և դրա պահապանի՝ օրվա գործադիր իշխանության և գլխավոր ճարտարապետի՝ ՍԴ հակաժողովրդավարական դիրքորոշումների դեմ։

  1. Վենետիկի հանձնաժողովի դերակատարությունը

Արդեն նշվեց, որ պատճառաբանության բացակայության պայմաններում ՍԴ-ն իր 2003թ-ից մինչ 2017թ-ը Ցուցակների հրապարակայնության արգելքի մասին դիրքորոշման «հիմնավորման» նմանակման նպատակով հղում էր կատարել ԵԽ «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) 2002թ-ի թիվ CDL-AD(2002)23 «Ընտրական հարցերում բարենպաստ գործունեության կանոնագիրք․ առաջարկություններ և բացատրական զեկույց» փաստաթղթին։ Այս փաստաթղթի լրացուցիչ բացատրությունների 54-րդ կետի համաձայն Ցուցակների չհրապարակման մասին առաջարկությունը հիմնված էր այն դիրքորոշման վրա, որ․ «… քվեարկությանը չմասնակցելը կարող է վկայել քաղաքական ընտրության մասին» (բնօրինակում՝ «54. Moreover, since abstention may indicate a political choice, lists of persons voting should not be published»)։

Այս փաստաթուղթը, լինելով բացառապես խորհրդատվական բնույթի և եվրոպական ընտրական ավանդույթների համահավաք վերլուծության վրա հիմնված առաջարկությունների ժողովածու, եղել է առաջին անգամ Եվրոպայում ընտրական ժառանգության «գույքագրման» փորձի արդյունք։ Ավելին, ՍԴՈ-412 որոշման ընդունման պահի դրությամբ այն դեռ չէր էլ արժանացել ԵԽ Մինիստրների կոմիտեի հավանությանը, իսկ դրան 13/05/2004թ․-ին արժանանալով ԵԽ ՄԿ-ն ընդամենը ԵԽ անդամ պետություններին կոչ էր արել հաշվի առնել այդ փաստաթուղթը իրենց «ազգային ժողովրդավարական ավանդույթների համապատասխանության» շրջանակներում դրան հետևելու համար։ Այլ խոսքով՝ թողնելով նշված ուղենիշային առաջարկների ընդունելության հարցը բացառապես ազգային իշխանությունների լուծմանը։

Փաստացի, չնայած Վենետիկի հանձնաժողովի առաջարկների բացառապես խորհրդատվական բնույթին, և նույնիսկ մինչ դրանց հավանության արժանանալը ԵԽ Մինիստրների կոմիտեի կողմից, ՍԴ-ն իր ՍԴՈ-412 որոշմամբ, հապճեպորեն արգելել էր Ցուցակների հրապարակայնությունը գործող օրենքի պահանջողներին հակառակ, Ցուցակներին տալով քվեարկության գաղտնիության իրավունքի պաշտպանություն։

2003թ-ից մինչև 2016թ-ը Հայաստանյան քաղաքացիական հասարակությունը և ընդդիմադիր կուսակցությունները ընտրություն առ ընտրություն և յուրաքանչյուր հանրաքվեից հետո այս խնդրի մասին բարձրաձայնել էին կատարելապես անարդյունք։ Ի վերջո, սկսած 2013թ․-ից Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, ապա նաև ոչ իշխանական քաղաքական կուսակցությունները՝ Հայաստանում ազատ ընտրության իրավունքի ձևախեղման հարցում բարձրացնելով նաև հենց միջազգային կազմակերպություններին, մասնավորաբար՝ Վենետիկի հանձնաժողովին, նրանց իրավաբանական և քաղաքագիտական հիմնավորումներ ներկայացնելով հրավիրել էին վերանայել իրենց խորհրդատվական դիրքորոշումները, քանի որ դրանք ի վերջո չարաշահվելով ՍԴ և կառավարող քաղաքական ուժի կողմից, հիմք էին հանդիսանում Հայաստանում հակաժողովրդավարական և զանգվածային ընտրակեղծարարության իրավական գործիքների ստեղծման համար՝ դրանց ավտոկրատական լեգալիզմի ոգով փորձելով լեգիտիմություն հաղորդել միջազգային մարմինների դիրքորոշումներին համահունչ լինելով։

Ցուցակների հրապարակումը, փաստորեն, լինելով նաև համաեվրոպական ընտրական ժառանգության համար խիստ նշանակալի իրողություն, ցանկանում եմ նկարագրել նաև այս հետևողական պայքարի ձեռքբերման հետևյալ մանրամասնը։ Վենետիկի հանձնաժողով ուղղված իրավական հիմնավորումների և ընտրական վարչարարության նրբությունների նկարագրությամբ Հայաստանի քաղաքացիական հասարակության կողմից ներկայացված դիմումներն ու բողոքներն ի վերջո հիմք են հանդիսացել հենց Վենետիկի հանձնաժողովի կողմից իր հաստատած փաստաթղթում փոփոխություններ կատարելուն՝ Հայաստանյան իրողությանը հղումներ կատարելով։ Մասնավորապես, 2015-2016թթ․-ի ընթացքում Վենետիկի հանձնաժողովում Հայաստանից ստացված բազմաթիվ ահազանգերով հարուցված ակտիվ քննարկումների արդյունքն է հանդիսացել այս մարմնի 17/10/2016թ․-ի «Մեկնաբանող հայտարարությունը» Ցուցակների մասին, որով, փաստորեն ընդունել էր, որ Ցուցակների հրապարակումը կարող էր լինել նաև ընտրակեղծարարության կանխող արդյունավետ միջոց։ Փաստացի, մի բան, որը Հայաստանում շուրջ 1,5 տասնամյակ բարձրաձայնվում էր քաղաքացիական հասարակության և ընդդիմության կողմից։

Փաստացի, այն ինչ Հայաստանը պետք է ակնկալեր իր բարձրագույն դատական ատյանից, դատապարտված էր իր քաղաքացիական հասարակության և ոչ իշխանական քաղաքական կուսակցությունների միջոցով որոնել Հայաստանից դուրս, պետա-իշխանական որևէ լիազորություն չունեցող մի մարմնում, որի փաստաթղթերի կշռը երբեք չի անցել խորհրդատվականից։ Ավելին, ինչպես Հայաստանում ընտրական իրավունքի զարգացման պատմությունն է փաստել, իրականում Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը, ոչ թե պատճառ կամ հիմք, այլ ՍԴ արդարացումն է եղել Ցուցակների հրապարակայնության արգելքի հակաժողովրդավարական որոշման համար։

  1. Ցուցակների գաղտնիության վիճակագրական հետևանքը

Արդյո՞ք տեսանելի է Ցուցակների հրապարակման արգելքի ազդեցությունն ընտրությունների և հանրաքվեների արդյունքների վրա։ Այլ խոսքով՝ արդյո՞ք համրելի է Ցուցակների գաղտնիության արդյունքում թույլ տրված ընտրախախտումների քանակը, և արդյո՞ք դա ունեցել է ժողովրդի կամարտահայտության վերջնարդյունքի վրա նշանակալի էական ազդեցություն։

Եթե խնդիրը դիտարկվեր քանակական չափորոշիչներով, ապա ուշադրության պետք է արժանանային ամենամեղմ արտահայտությամբ՝ ընտրական վիճակագրության այս նյութում քննարկվող անոմալիաները։

Այս հատվածում մենք անհրաժեշտաբար գործ պետք է ունենանք արդեն վիճակագրության հետ, որի ամենաբազային տվյալները ներկայացրել եմ այս հրապարակմանը կից աղյուսակում՝ ցանկացողների համար հեշտացնելով այս տեխնիկապես ծավալուն, սակայն բանաձևման համար պարզ խնդիրը պատկերացնելը։ Աղյուսակը տես մեկնաբանության մեջ։

ՆԱԽԱՀԱԳԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ցուցակների հրապարակման արգելքի հետևանքը Հայաստանի նախագահական ընտրություններում որպես համեմատության արժանահավատ ելակետ կարող է լինել 1996թ.-ի նախագահական ընտրություններում մասնակցության ցուցանիշը (1.333.204 ընտրող)՝ որպես ընտրողների հավելագրման մասին հնչած առաջին բողոքներին նախորդող ցուցանիշ, և 2018թ.-ի խորհրդարանական ընտրություններում գրանցված մասնակցության ցուցանիշը (1.260.533 ընտրող)՝ որպես ընտրության բոլոր մասնակիցների և միջազգային ու տեղական դիտորդների կողմից ազատ ընտրության երաշխիքների պահպանմամբ իրականացված ընտրություն։ Մինչ կոնկրետ ցուցանիշների հետազոտմանն անցնելը նկատեմ նաև, որ այս երկու ցուցանիշները Ցուցակների հրապարակման արգելքի ժամանակային տիրույթից դուրս ամենաբարձր մասնակցային գործոններն ունեցող և ժամանակագրական առումով Ցուցակների գաղտնիության ժամանակահատվածին նախորդող և հաջորդող ամենամոտ ընտրություններն են։

Ըստ վիճակագրության, 1996թ.-ի նախագահական ընտրություններից (մասնակցությունը՝ 1.333.204) հետո, 1998թ-ի նախագահական ընտրություններից սկսած՝ ընտրողների մասնակցությունը կտրուկ և անբացատրելի աճ է գրանցում։ Մասնավորապես․

- 18 ամիս անց տեղի ունեցած 1998թ․-ի արտահերթ նախագահական ընտրությունների 2-րդ փուլում, երբ առաջին անգամ հնչել էին ընտրություններին չմասնակցած ընտրողների զանգվածային հավելագրման հնարավոր սխեմայի մասին առաջին ահազանգերը, ընտրողների մասնակցությունը թռիչքաձև աճել էր 234.498 ձայնով։ Հայաստանից կայուն արտագաղթի պայմաններում և 1996թ.-ի թեժ ու քաղաքականապես ակտիվ ընտրությունների համեմատության մեջ 1998թ.-ի նախագահական ընտրություններում մասնակիցների՝ մոտ 1/5-ի չափով թռիչքային ավելացումը որևէ բացատրություն չի ունեցել։ Իսկ 2018թ.-ի խորհրդարանական ընտրությունների մասնակցության համեմատ ցուցանիշի տարբերությունը կազմում է 307.169 ընտրող։

- 2003թ.-ի նախագահական ընտրություններում 1996թ.-ի նախագահական ընտրությունների մասնակցության համեմատ ընտրողների մասնակցությունը կրկին թռիչքաձև՝ 262.498 ավելի ընտրողի մասնակցություն է գրանցվել (1․595․702 մասնակից)։ Եվ կրկին, Հայաստանից շարունակական արտագաղթի պայմաններում 7 տարի անց, ընտրություններում, ըստ գրանցված արդյունքի, քվեարկվել էր 262.498 ընտրող ավելի։ Իսկ 2018թ.-ի խորհրդարանական ընտրություններում մասնակցության համեմատ 1998թ․-ի մասնակցությունը գերազանցում է 335.169 ընտրողով։

- 2008թ.-ի նախագահական ընտրություններում, այսինքն՝ 1996թ.-ի տվյալների գրանցման պահից ի վեր՝ շուրջ 12 տարի շարունակական արտագաղթի պայմաններում 2008թ.-ին ընտրողների մասնակցությունը ոչ միայն չէր նվազել, այլև ավելացել էր 337.823-ով (հասնելով 1․671․027 ընտրողի)։ Ավելին, ժամանակագրորեն արդեն բավական մոտ լինելով 2018թ.-ի խորհրդարանական ընտրություններին, 2008թ-ի մասնկացության ցուցանիշը համեմատ 2018թ.-ի, գերազանցում էր 410.494 ընտրողով։

- 2013թ.-ի նախագահական ընտրություններում (1.521.489 մասնակցությամբ) 1996թ.-ի ընտրության ցուցանիշի համեմատ, շուրջ 17 տարի տևած շարունակական արտագաղթի պայմաններում, ըստ պաշտոնական տվյալների, ընտրություններին մասնակցել էր 188.279 ընտրող ավելի։ Իսկ իր լարվածությամբ և մասնակցային գործոններով 2013թ․-ի նախագահական ընտրություններին գերազանցող 2018թ.-ի խորհրդարանական ընտրությունների համեմատ, 2013թ.-ի նախագահական ընտրություններում մասնակցության ցուցանիշը եղել է 260.965 ընտրողով ավելի։

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նույն օրինաչափություններն առկա են նաև ԱԺ ընտրություններում․ բոլոր այն ընտրությունները, որոնք տեղի են ունեցել Ցուցակների հրապարակման արգելքի պայմաններում, անբացատրելի և տարօրինակ վիճակագրական անոմալիաներն են գրանցում միայն ընտրություններին մասնակցության աճ ապահովելով, չնայած այն բոլոր գործոններին (և դրանցից ամենագլխավորը՝ դեմոգրաֆիական անկումը), որոնք ուղղակիորեն ենթադրում են եթե ոչ մասնակցության անկում, ապա առնվազն անփոփոխ մասնակցային ցուցանիշ։

Ցուցակների հրապարակման արգելքի հետևանքը խորհրդարանական ընտրություններում, որպես համեմատության արժանահավատ ելակետ կարող է լինել 1999թ.-ի ԱԺ ընտրություններում մասնակցության ցուցանիշը (1.137.660 ընտրող), որպես ԱԺ ընտրություններում ընտրողների հավելագրման մասին հնչած առաջին բողոքներին (2003թ.-ի ԱԺ ընտրություններում) նախորդող ցուցանիշ։ Աղյուսակում ես ամեն դեպքում տեղադրել եմ նաև 2018թ․-ի ընտրությունների հետ համեմատական տվյալները՝ պատկերն ամբողջացնելու համար։ Այս երկու ցուցանիշները, ինչպես նախագահական ընտրությունների դեպքում, այս դեպքում նույնպես Ցուցակների հրապարակման արգելքի ժամանակային տիրույթից դուրս ամենաբարձր մասնակցային գործոններն ունեցող և ժամանակագրական առումով Ցուցակների գաղտնիության ժամանակահատվածին նախորդող և հաջորդող ամենամոտ ընտրություններն են։

Ընթերցողի ուշադրությունը հատկապես հրավիրում եմ հետևյալ 3 կարևոր հանգամանքի վրա.

(1) Ներքո ներկայացված ընտրություններում 1999թ.-ի ընտրության արդյունքների հետ տարբերությունը տեղ է գտել շարունակական արտագաղթի պայմաններում․

(2) 2017թ․-ի ԱԺ ընտրությունները թեկուզև տեղի են ունեցել Ցուցակների հրապարակայնության օրոք, սակայն այս ընտրությունների ժամանակ մասնակցային ցուցանիշը, դատելով ըստ միջազգային և տեղական դիտորդների բազմաթիվ զեկույցների, ավելացվել է ոչ թե ընտրությանը չմասնակցած ընտրողների հավելագրմամբ, այլ ընտրողների ազատ կամքի վրա ներգործության այլ միջոցներով։ Մասնավորապես՝ վարչական միջոցի լայնածավալ կիրառմամբ, տարածքային ընտրական ցուցակներով առաջադրված մի շարք թեկնածուների կողմից բաժանվող ընտրակաշառքով, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից նախընտրական քարոզչությանը ներգրավման, տեղական ինքնակառավարման և կառավարման պաշտոնյաների կողմից համակարգված և կենտրոնացված կերպով ընտրողներին հատկապես քվեարկությանը մասնակցելու նպատակով ուղղորդելուն ուղղված գործունեությամբ (ինչը փաստվել է հոգեբուժարաններում, քրեակատարողական հիմնարկներում և զինծառայողների մասնակցության ընդհանուր ցուցանիշից էապես բարձր, գրեթե հարյուր տոկոսի հասնող ցուցանիշը), ընտրողներին զանգվածաբար ընտրատեղամասեր տեղափոխելուն ուղղված անթաքույց գործունեությունը (ԹԻՀԿ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2017թ․ ապրիլի 2-ի ընտրությունների դիտորդության զեկույց, էջ 21, ԻԵՄ Ազգային ժողովի 2017թ․ապրիլի 2-ի ընտրությունների դիտորդության զեկույց, կետ 4․3, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության զեկույց, 2.4.1. բաժին)։ Այս համակարգված և մեկ կենտրոնից ուղղորդվող ջանքերի նպատակներից մեկն էր նաև 2012թ.-ի ընտրություններում մասնակցային ցուցանիշին հավասար ցուցանիշ ապահովելը 2017թ․-ի ընտրություններում՝ Ցուցակների հրապարակման արգելքի պայմաններում զանգվածային հավելագրումների սխեմայի հիմնազրկությունը վիճակագրությամբ ապացուցելու համար (ուշագրավ է, որ 2012թ․-ի և 2017թ․-ի ԱԺ ընտրությունների մասնակցության ցուցանիշը 5 տարվա ընթացքում իրարից դրականորեն տարբերվում է ընդամենը 2.733 ընտրողով՝ այն դեպքում, երբ 2017թ.-ի և 2018թ.-ի ցուցանիշներն ընդամենը 18 ամսվա ընթացքում միմյանցից բացասականորեն տարբերվել են 315.256 ընտրողով), ինչը գլխովին ձախողվել է հենց 2018թ.-ի ընտրություններում գրանցված ցուցանիշով։ Հետևաբար և այս հրապարակման նյութի նպատակների համար 2017թ․-ի ընտրությունների արդյունքները դիտարկվում են հենց Ցուցակների գաղտնիացման արգելքի ազդեցությամբ ստեղծված վիճակագրության հավասարությամբ․

(3) 2018թ.-ի ԱԺ ընտրություններում գրանցված մասնակցությունը, ի թիվս բազմաթիվ և վերը քննարկված այլ պատճառների, անխուսափելիորեն բարձր պետք է լիներ նաև այն պատճառով, որ այս ընտրությունները հայաստանյան ընտրողի համար ոչ միայն օրենսդիր մարմնի, այլ նաև՝ պետության ղեկավարի ընտրություններ են դիտարկվել, ինչի պայմաններում ընտրողների մասնակցությունն անհամեմատ ավելի բարձր է ընտրություններում, քան միայն առանձին վերցրած օրենսդիր մարմնի ընտրություններում։ Սույն հրապարակման ձևաչափը թույլ չի տալիս ավելի մանրամասն բացատրություններ ներկայացնելու, թե վիճակագրորեն ինչ ճշգրիտ են համընկնումները անոմալիաների բացակայության պայմաններում տարբեր ընտրական մասնակցությունների միջև։

Այսպիսով, 1999թ.-ի ԱԺ ընտրություններում գրանցված մասնակցության (կրկնեմ՝ 1.137.660 ընտրող) համեմատ ընտրության մասնակցության թիվը Ցուցակների հրապարակայնության արգելքի պայմաններում՝

- 2003թ.-ի ընտրություններում (1.233.757 քվեարկող), 4 տարի շարունակական արտագաղթի պայմաններում աճել է 96.097-ով․

- 2007թ.-ի ընտրություններում (1.375.733 քվեարկող), 8 տարի շարունակական արտագաղթի պայմաններում աճել է 238.073-ով․

- 2012թ.-ի ընտրություններում (1.573.053 ընտրող), 13 տարի շարունակական արտագաղթի պայմաններում աճել է 435.393-ով․

- 2017թ.-ի ընտրություններում (1.575.786 ընտրող), 18 տարի շարունակական արտագաղթի պայմաններում աճել է 438.126-ով։

Եվ, եթե որևէ ընթերցողի համար 1999թ.-ի և 2017թ.-ի միջև ժամանակային մեծ՝ 18-ամյա տարբերությունը կարող է թվալ բազմաթիվ քաղաքական և սոցիալական գործոնների ազդեցությամբ այս երկու ընտրությունների մասնակցության միջև տարբերության նման պարզ բացատրության համար խոչընդոտ, ապա նկատեմ, որ ժամանակագրորեն միմյանց ամենամոտ 2 ընտրությունների՝ 2017 և 2018թթ. ընտրությունների միջև ե՛ւ ժամանակագրական միջանցքն է ամենափոքրը, ե՛ւ բոլոր մասնակցային աճի գործոնները միայն 2018թ.-ի ընտրությունների օգտին էին։ Այդուհանդերձ, 2018թ.-ի ընտրությունների ազատության և Ցուցակների հրապարակայնության պայմաններում 2017թ․-ի և 2012թ.-ի ընտրությունների համեմատ 2018թ.-ին մասնակցել է 315.000-ից պակաս ընտրող։ Եվ սա բացատրություն չունեցող ընտրական վիճակագրական խորը վիհ է։ Իսկ ավելի ճշգրիտ՝ սա ունի իր բացատրությունը, որը հենց այս հրապարակման խնդրո առարկան է։

ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

2003թ․-ից մինչև 2016թ․-ը տեղի է ունեցել 3 հանրաքվե, բոլորն էլ սահմանադրական փոփոխությունների ընդունման մասին հարցադրմամբ։ Փաստացի, Սահմանադրության ընդունումից հետո Սահմանադրության 2 փոփոխություններն (2005թ-ին և 2015թ-ին) էլ տեղի են ունեցել Ցուցակների հրապարակայնության արգելքի պայմաններում։

Կրկին պետք է ընթերցողի ուշադրությունը հրավիրեմ չոր վիճակագրությանը, համաձայն որի՝ 2003թ.-ին Սահմանադրության փոփոխությունների համար անցկացրած հանրաքվեին գրանցվել էր 1.215.908 ընտրողի մասնակցություն։ Սա խիստ բարձր մասնակցության ցուցանիշ էր, եթե հաշվի առնենք, որ հայաստանյան հանրության գերակշիռ մասին չհետաքրքրող սահմանադրական փոփոխությունների կապակցությամբ քվեարկությանը մասնակցել էր գրեթե նույնքան ընտրող, որքան նույն օրը տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին (1.233.757 ընտրող)։

Բարձր հավանականությամբ, այս մասնակցային ցուցանիշի պատճառը խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը նույն օրը և նույն տեղամասերում քվեարկության նշանակումն էր։ Եւ, ավելացնելով սրան նաև այն հանգամանքը, որ 1999թ.-ի խորհրդարանական ընտրությունների մասնակցության ցուցանիշի համեմատ 2003թ.-ի խորհրդարանական ընտրությունների մասնակցությունն անբացատրելիորեն աճել էր 96.097 ընտրողով, ապա էլ առավել կասկածահարույց է դառնում անհամեմատ ավելի ցածր հետաքրքրություն հարուցող հարցի՝ Սահմանադրության փոփոխության առնչությամբ 2003թ.-ի մասնակցության համեմատ գրանցված աճի այս թռիչքային ցուցանիշը։ Հիշեցնեմ, որ այս հանրաքվեով սահմանադրական փոփոխությունները չընդունվեցին՝ կողմ քվեարկած քաղաքացիների թիվն ընտրողների ընդհանուր թվի 1/3-ից պակաս լինելու պատճառով։

Այնուհետև, 2005թ-ին, 2,5 տարի անց նշանակված հանրաքվեում ընտրողների մասնակցությունը 2003թ-ի հանրաքվեի մասնակցության գրանցված ցուցանիշը գերազանցել էր 298.399-ով, իսկ նախորդ հաշվարկների համար հիմք ծառայած 1999թ-ի խորհրդարանական ընտրությունների մասնակցությունից՝ 376.647 քվեով։

Հիշեցնեմ, որ 2003թ․-ից ի վեր ոչ մի էական կարևորություն ունեցող իրադարձություն տեղի չէր ունեցել Հայաստանում, որը կարող էր որևէ հետաքրքրություն առաջացնել Սահմանադրության փոփոխության նկատմամբ կամ վստահություն առաջացնել իշխանական վերնախավի նկատմամբ՝ նրանց առաջարկած սահմանական փոփոխությունների տարբերակն ընդունելու համար։ Ավելին, 2004թ․-ի քաղաքական իրադարձությունները և դրանց նկատմամբ իշխանությունների կողմից սանձազերծված ճնշման գործընթացները, որոնք իրենց արձագանքը ստացան նաև ՄԻԵԴ մի խումբ վճիռների տեսքով քաղաքական հետապնդումներին հատուկ բոլոր տարրերի հաստատմամբ, ուղղակիորեն թելադրում էին, որ ոչ միայն մասնակցությունը պետք է անկում ապրեր 2005թ․-ի սահմանադրական հանրաքվեի ժամանակ, եթե նույնիսկ անտեսենք շարունակական արտագաղթի և սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության հորինված լինելու և դրանք ընդամենը մեկ քաղաքական խմբավորման շահերին ծառայեցնելու նպատակի լայն հանրային ընկալումը։ Մինչդեռ ակնհայտ անկման համար բոլոր նպաստավոր պայմանների առկայությամբ, այդ մասնակցությունը նախկին՝ 2003թ-ի, ինքնին կասկածահարույց բարձր մասնակցությամբ ցուցանիշից բարձրացել էր ևս շուրջ 300.000 քվեով։

Ավելին, 2005թ.-ի հանրաքվեի մասին վերջնական պատկերացում կազմելու համար նշեմ, որ 2003թ․-ի և 2005թ.-ի հանրաքվեներում դրված Սահմանադրության փոփոխությունների նախագծերի միջև ոչ մի հեղափոխական տարբերություն չլինելու, իսկ եղած տարբերությունը հեղափոխական գնահատվելու դեպքում՝ դրա նկատմամբ հայաստանյան հանրության անբավարար ուշադրության, հանրաքվեին խիստ ցածր մասնակցության համար պերմանենտ գոյություն ունեցող և նախորդ պարբերությունում նշածս գործոնների ուղեկցության պայմաններում 2003թ.-ի հանրաքվեում փոփոխություններին «այո» և «ոչ» քվեարկած գրեթե հավասար բաժանվածության պայմաններում (այո՝ 46%, ոչ՝ 45,4%, անվավեր՝ 8%), 2005թ.-ի հանրաքվեի արդյունքում ընտրողների կողմից հանրաքվեի դրված նախագիծը ստացել էր նախկինում «այո» քվեարկած քվեներից մոտ 3 անգամից ավելի ձայներ (այո՝ 93,2%, ոչ՝ 5,4%, անվավեր՝ 1,3%)։ Սա ոչ միայն կասկածահարույց է ընտրական վիճակագրության դիտանկյունից, այլև իր աննախադեպությամբ ռեկորդային անոմալիա է։

Վերջապես, 2015թ.-ի սահմանադրական հանրաքվեն, որտեղ գրանցված մասնակցությունը եղել է 1.302.613 ընտրող, անցկացվել էր Հայաստանում ամենաբարձր մասնակցային գործոններ ունեցող ընտրություններից՝ 2018թ․-ի խորհրդարանական ընտրություններից երեք տարի առաջ և իր գրանցված մասնակիցների թվով ոչ միայն հավասար էր, այլև գերազանցում էր այս ընտրությունների ցուցանիշը։ Սա անհավանական է ոչ միայն մասնակցության, այլ նաև դրա ընթացքում «այո» և «ոչ» տարբերակների շուրջ անհավանական բարձր տարբերությամբ՝ հօգուտ «այո»-ի։

Մի հանրաքվեում, որտեղ Հայաստանում 1.302.613 ընտրող ջանք է գործադրել հասնել ընտրատեղամասեր քվեարկելու Սահմանադրության փոփոխությունների մի նախագծի օգտին, որի գերակշիռ մասը նույնիսկ հասանելի չի եղել բնակչությանը դրա մակերեսային բացատրությունների ծավալով։ Ամենաբնական և առաջնային հարցը, որ պետք է առաջ գար այս տարօրինակ վիճակագրական քաոսում՝ այն է, թե նույնիսկ եթե ընդունենք, որ համացանցին մուտք ունեցած բոլոր քաղաքացիները և տպագրված բոլոր օրինակներով Սահմանադրության փոփոխությունների նախագծի տարբերակները սպառվել էին, ապա այդ քանակից դուրս ի՞նչն էր ավելի քան 1.302.613 քաղաքացուն առհասարակ մոտիվացրել մասնակցելու մի քվեարկության, որով պետք է ընդունվեր-չընդունվեր մի ծայրահեղ բարդ բովանդակություն ունեցող փաստաթուղթ, որի մանրամասներին և մեկնաբանություններին նրանց գերակշիռ մասը ոչ միայն ծանոթ չէին, այլև առհասարակ չէին էլ կարող ունենալ ծանոթանալու հնարավորություն։ Առարկայորեն ասված, ես խորհուրդ կտամ սույն հարցով հետաքրքրվող ընթերցողին հայացք գցել այս հանրաքվեի արդյունքների վերլուծության վրա, ի թիվս բազում հարցերի պատասխանների, նաև տեսնելու համար այն տարօրինակ օրինաչափությունը, որ հեռավոր գյուղական համայնքներում խիստ բարձր մասնակցությունը զուգորդվել է հենց «այո» քվեի հավասար բարձրության տոկոսային քանակի հետ (տես այս մասով, օրինակ՝ ԹԻՀԿ վերլուծությունն ըստ պաշտոնական աղբյուրների այստեղ․ http://elections.transparency.am/2015/index.php?am_distribution-votes-by-precinct,52

Թեկուզև իմ վկայակոչած 3 հանրաքվեների արդյունքներով կայացված որոշումները չեն վիճարկվել ՍԴ-ում, այնուամենայնիվ, այս հանրաքվեներում միայն իմ նշած ցուցիչների առկայությունն ուղղակիորեն մատնացույց է անում, որ արժանահավատ և բացատրելի ընտրական վիճակագրության բացակայության բերումով ժողովրդի կամարտահայտության ձևախեղման հիմնական պատճառը ՍԴ հեղինակած Ցուցակների հրապարակայնության արգելքն էր։

9 Ցուցակների գաղտնիացման հետևանքը 

Վերը նշված հանգամանքներն ինձ՝ Սահմանադրական դատարանի դատավորիս համար բավարար ապացուցողական կշիռ չունեն՝ հաշվի առնելով դրանց՝ հնարավոր բազմաթիվ այլ գործոնների տեսական, թեկուզև՝ աննշան, ազդեցության արդյունք լինելը։ Այդուհանդերձ, վերը շարադրված վիճակագրական անոմալիաները և դրանց կապակցությամբ որևէ բացատրության բացակայությունը, մյուս համակցող հանգամանքային ապացույցների հետ մեկտեղ, հստակեցնում են մի պատկեր, որը, եթե ոչ փաստված իրողություն, ապա զանգվածային և ընտրությունների ու հանրաքվեների համար որոշիչ ծավալի ընտրախախտումների առնվազն հիմնավոր կանխավարկած է։

Եվ, եթե այս իրողության մասին խոսելիս տեսականորեն հնարավոր են բացատրություններ, որոնք կարող էին նկարագրել ընտրական վիճակագրության այս խիստ կասկածահարույց վիճակագրությունը, ինչը չի արվել և նման սպասման ոչ մի պատճառ այլևս չկա, ապա կան նաև հանգամանքներ, որոնք անհնար է, որ ՍԴ որևէ անդամ չգիտակցեր, չհասկանար կամ, բարեխղճության կանխավարկածով առաջնորդվելով, անտեսեր ՍԴ կողմից ընտրական գործընթացներում ունեցած դերակատարությանն ուղղակիորեն վերաբերելի և հե՛նց ՍԴ լիազորությունների տիրույթում լինելու պատճառով։

Մասնավորապես՝ վերը նշված ողջ ժամանակահատվածում (առնվազն 2003թ․-ի նախագահական ընտրություններից մինչև 2016թ․-ը) հայաստանյան հանրության համար՝ առհասարակ, և քաղաքական ընդդիմության ու քաղաքացիական հասարակության համար՝ մասնավորապես, խոր անհանգստության առարկա են ընտրությունների և հանրաքվեների ընթացքում ընտրությունների մասնակիցների թվի հավելագրման մասին հիմնավոր կասկածները, որոնց զգալի մասը հաստատվել էին նաև ապացույցներով։ Սկսած 2003թ․-ի նախագահական ընտրություններից՝ գրեթե բոլոր ընտրությունների արդյունքներով կայացված որոշումների դեմ ՍԴ ներկայացված բողոքներում կարմիր գծով անցել են հետևյալ վտանգավոր ընտրախախտումների դրսևորումները․

(1) Հայաստանից բացակայող անձանց անունից քվեարկությանը կեղծ մասնակցության մասին հավելագրումները,

(2) Հայաստանում գտնվող, սակայն քվեարկությանը չմասնակցած անձանց անունից մասնակցության կեղծ հավելագրումները,

(3) Արտագաղթից նվազած բնակավայրերի բնակիչների ծայրահեղ բարձր մասնակցային ցուցանիշները՝ որոշ տեղամասերում գրեթե հասնելով ընտրողների ընդհանուր քանակի 100%-ը։

Վերը նշված վիճակագրական անոմալիաների համակցությամբ՝ այս ամենը զանգվածային ընտրակեղծարարության մասին ամբողջովին հիմնավոր կանխավարկած է ձևավորել Հայաստանում հանրության մոտ առ այն, որ, վերահսկելով ընտրական վարչարարության համակարգերը վերից վար, օրվա քաղաքական իշխանությունն ընտրություններին (հանրաքվեներին) չմասնակցող անձանց պատկանող քվեները զանգվածայնորեն կեղծել է հօգուտ իր կամ իր հայեցողությամբ այլ ընտրության։ Եվ այս վտանգավոր միջոցի հնարավորությունն ուղղակիորեն առկա է եղել ընտրակեղծարարության զանգվածային բնույթի բացահայտման հիմնական խոչընդոտի՝ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՔԻ պայմաններում։

Այսպիսի վտանգավոր և հակաժողովրդավարական սխեմայի գոյության դեպքում այն կարող էր կանխվել, իսկ դրա բացակայության դեպքում՝ հանրության և քաղաքական ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կասկածները կարող էին փարատվել մի պարզագույն լուծմամբ՝ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆԱՑՄԱՄԲ։

Եթե օրվա իշխանական վերնախավը՝ն ի դեմս գործադիր իշխանության ղեկավարների, որևէ ներգրավվածություն և մասնակցություն չուներ իմ նկարագրած զանգվածային ընտրակեղծարարության հնարավոր սխեմայի մեջ, ապա օրենսդիր և գործադիր իշխանության մարմինների ողջ լիազորություններով պետք է մինչև 2016թ.-ը տեղի ունեցած բոլոր ընտրություններում անմիջապես ՀՐԱՊԱՐԱԿՎԵԻՆ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ (ինչպես և մինչև 2003թ.-ի ՍԴ որոշումը պահանջում էր Ընտրական օրենսգիրքը)՝ դրանով իսկ օգտագործելով Ցուցակների հրապարակայնությունը, որպես կանխարգելիչ միջոց այն խմբերի և ուժերի կազմակերպած հանցավոր սխեմայի դեմ, որոնք կցանկանային քվեարկությանը չմասնակցածների փոխարեն հավելագրումներ կատարել Ցուցակներում և նրանց քվեներն օգտագործել իրենց օգտին։

Կամ՝ վերջնականապես փարատեր Ցուցակների հրապարակման արգելքի պայմաններում զանգվածային ընտրակեղծարարության մասին ընտրությունից ընտրություն արմատավորվող և փաստական հիմքերով սնուցվող կասկածները։ Առավել ևս, պետք էր իրավապահ համակարգի ողջ ներուժն օգտագործեր ընտրակեղծարարության դեպքերի մասնակիցներին պատասխանատվության ենթարկելու և այդ դեպքերը հրապարակելու ուղղությամբ։

Մինչդեռ իշխանական վերնախավը թույլ չի տվել հրապարակել Ցուցակները (մինչև 2016թ-ը, ինչպես նկարագրված է վերը), իսկ ՍԴ-ն իր սահմանադրական դերակատարության մեջ երաշխավորել է այս վտանգավոր սխեմայի «իրավական» պաշտպանությունը։ Ավելին, այս սխեման ներդրվել է հե՛նց ՍԴ որոշմամբ (տես՝ ՍԴՈ-412 որոշման մասին վերևում)։

Իսկ, մյուս կողմից, եթե զանգվածային ընտրակեղծարարության իմ նկարագրած հնարավոր սխեման իրապես գործել է, ապա դա չէր կարող գործել առանց գործադիր իշխանության ոչ միայն իմացության, այլ նաև ահռելի կազմակերպական և մարդկային ռեսուրսի ներգրավման (ոստիկանություն, ԱԱԾ, տարածքային կառավարման նախարարություն, ԿԳՆ)։ Սա պետք է որ ներգրավեր նաև տեղական ինքնակառավարման մարմինները։ Այս իրավիճակում օրվա քաղաքական իշխանությունը, որն արդյունավետորեն վերահսկում էր գործադիր և օրենսդիր իշխանությունները, չէր կարող որևէ շահագրգռվածություն ունենալ այս սխեմայի բացահայտման համար։ Ավելին, այն բոլոր հնարավոր միջոցներին պետք է դիմեր այս սխեմայի մանրամասնորեն քողարկման, իսկ դիտորդների և ընտրական գործընթացի այլ մասնակիցների ճիգերի գերլարմամբ հայտնաբերված որոշ դրսևորումներ բացահայտելիս պետք է ողջ ռեսուրսը ներդներ մեղավորներին պատժից ազատելու համար, իսկ թույլ տրված ընտրախախտումները ներկայացներ որպես մեկ միասնական շղթայի մաս չկազմող առանձին և պատահական դրսևորումներ։ Հակառակ դեպքում, զանգվածային ընտրակեղծարարության մեքենայի ստորին օղակները, որոնք ընտրական տեղամասերում հանձնաժողովի անդամները կամ ոստիկանության հովանավորությամբ տեղական «թաղային» ակտիվիստներն էին, կարող էին հրաժարվել ներգրավվել այս գործունության մեջ։ Դատելով առնվազն 2003թ.-ից մինչև 2015թ.-ի ընտրությունների և հանրաքվեների ընթացքում ձեռք բերված փաստերից՝ այս սցենարը միակ հավատարժան և հնարավոր տարբերակն է եղել։

Վերջապես, փարատելու համար որևէ մնացյալ կասկած, որ ՍԴ-ն ոչ պաշտոնական կերպով և ամենաբարձր հավանականությամբ քաղաքական պայմանավորվածության մեջ է գտնվել այս հարցում օրվա քաղաքական իշխանության հետ, ապացուցվում է սույն հրապարակմամբ նկարագրված հետևյալ իրողությամբ․

2003թ.-ին նախագահական ընտրությունների ժամանակ գործել է Ընտրական օրենսգրքի այն դրույթը, համաձայն որի՝ Ցուցակների պատճենները պետք է տրամադրվեին թեկնածուների վստահված անձանց։ Մինչդեռ, բոլոր ընտրական հանձնաժողովներն ընտրությունների արդյունքների բողոքարկման և վերահաշվարկի ընթացքում միաբերան մերժել են կատարել օրենքի այս պահանջը՝ տակավին դեռ չունենալով այս կապակցությամբ ՍԴ դիրքորոշումը։ Նման՝ ընտրական իրավունքի զանգվածային խախտումները կարող էին ուղղակիորեն հիմք ծառայել ՍԴ կողմից ընտրությունների ելքի անվավերության մասին որոշման համար։ Սա ընտրական վարչարարության համար մի չլսված և աննախադեպ վարքագիծ էր, որ դրսևորվել էր ընտրական հանձնաժողովների կողմից, և այդ հակաօրինական ու հակատրամաբանական վարքագիծը կարող էր ունենալ բացառապես մեկ հնարավոր բացատրություն. ընտրական հանձնաժողովներին և ողջ քաղաքական իշխանությանը մինչև ՍԴՈ-412 որոշման կայացումը, դեռևս ընտրական գործընթացի ժամանակ, երբ դեռ գործը նույնիսկ ՍԴ չէր հասել, ԱՐԴԵՆ ԻՍԿ հայտնի է եղել այդ ընտրությունների արդյունքների մասին Ցուցակների մասով ՍԴ դիրքորոշման բովանդակությունը։ Այլապես, այդ ինչ երաշխիքով և համարձակությամբ կարող էին ընտրական հանձնաժողովներն ընտրությունների արդյունքները ՍԴ կողմից անվավեր ճանաչելու վտանգի տակ դնել՝ թույլ տալով նման զանգվածային ընտրախախտում ։ Իսկ սա արդեն ՍԴ կողմից օրվա քաղաքական իշխանության դիրքորոշման սպասարկման հարցում քաղաքական պայմանավորվածության, իսկ դրա հետևանքի իմաստով՝ հակաժողովրդավարական դավադրության բացատրություն պահանջող վկայություն է։

Այսպիսով՝ որևէ հիմնավոր կասկածից վեր է, որ իմ նկարագրած՝ քվեարկությանը չմասնակցած ընտրողների ձայների օրվա իշխանության օգտին հավելագրման հնարավոր սխեման (լցոնումների կամ այլ կերպ քվեների ավելացմանը զուգընթաց), ամենաբարձր հավանականությամբ, մի հրեշավոր մեքենայություն է եղել, որը կարող էր իրականացվել գործադիր և օրենսդիր իշխանությունների ուղղակի հովանավորությամբ և մասնակցությամբ, քրեական և կիսաքրեական խմբավորումների ու կազմավորումների ներգրավմամբ տեղամասային մակարդակում՝ սրան մասնակից դարձնելով ընտրական վարչարարության համակարգի գերակշիռ մասը, այս հանցավոր սխեմայի հովանավոր ունենալով ՍԴ-ն՝ որպես ընտրական վեճի լուծման վերջնական ատյան։

  1. Ամփոփում

Փաստորեն, ՍԴ ձեռամբ 2003թ.-ից մինչև 2016թ.-ի Ընտրական օրենսգրքում Ցուցակների հրապարակայնության մասին դրույթների ընդունումը` դրանց հրապարակայնության արգելքի արդյունքում, ամենաբարձր հավանականությամբ, Հայաստանի ընտրական համակարգում առնվազն հիշյալ ժամանակահատվածում գործած զանգվածային ընտրակեղծարարության նկարագրված հնարավոր սխեմայի իրավական հիմքերի գլխավոր ճարտարապետը հանդիսացել է ՍԴ-ն, որը ոչ միայն հիմնել, այլ նաև՝ մինչև 2016թ.-ը նվիրվածությամբ պաշտպանել է այս ընտրական քաղցկեղը Հայաստանի ընտրական համակարգում։

Ի տարբերություն մինչ 2003թ.-ի ՍԴՈ-412 որոշմամբ Ցուցակների հրապարակայնության արգելքով ընտրական բազմաթիվ և բազմատեսակ խախտումների, ՍԴ կողմից սահմանված Ցուցակների հրապարակայնության արգելքն ընտրակեղծարարությունը բարձրացրել էր ինստիտուցիոնալ հնարավորությունների մակարդակի։ Այս մակարդակում, ընտրողների կամքի նկատմամբ արգելված ներգործության այլ հնարավորությունների հետ մեկտեղ հակաժողովրդավարական հակումներ ունեցող ցանկացած իշխանական վերնախավի ձեռքում է եղել վիճակագրորեն փաստված և տարբեր գնահատականներով մինչև, առնվազն, 438 հազարի հասնող քվեի անվերահսկելիորեն հավելագրման հնարավորություն ընտրությունների և հանրաքվեների ընթացքում։

Միայն Ցուցակների հրապարակայնության արգելքի ընձեռած հնարավորությամբ և, դեռ չքննարկելով ընտրողների կամքի նկատմամբ անօրինական ներգործության այլ հնարավորությունների առկայությունը (որոնց սանձազերծման հարցում ՍԴ դերակատարությունը կքննարկվի հաջորդ մասում), առնվազն 2003թ.-ից մինչև 2016թ.-ը Հայաստանի ընտրական իրավունքի և ժողովրդաիշխանության պատմության ընթացքում, ժողովրդի ազատ կամարտահայտության իրական արդյունքների գրանցման անհնարինության ստեղծմամբ՝ Հայաստանն ընկղմված է եղել ընտրակեղծարարության մի շարունակական և շրջանաձև մղձավանջի մեջ. ՍԴ-ն երաշխավորել էր այդ շրջանի շարունակականության հիմնական միջոցը՝ Ցուցակների գաղտնիությունը, իսկ ՍԴ դատարանակազմական իշխանությունը (Հանրապետության նախագահն ու Ազգային ժողովը) ՍԴ-ն համալրել էր այնպիսի կազմով, որն այս հակաժողովրդավարական ընթացքի նկատմամբ ունենար բացարձակ լոյալություն, հանդուրժողականություն և պահպաներ դրա կապակցությամբ մեռյալ լռություն։

Ի հավաստում սրա պետք է նկատել, որ Ցուցակների հրապարակայնության արգելքն առաջին անգամ սահմանվել էր 2003թ.-ի թիվ ՍԴՈ-412 որոշմամբ, իսկ այս արգելքի նկատմամբ հանդուրժողականության դրսևորմամբ ՍԴ որոշումները շարունակաբար կայացվել են մինչև 2013թ.-ի ՍԴՈ-1077 որոշումը (երբ Ցուցակների հրապարակայնության արգելքի հետևանք խախտումների մասին շարունակում էին բարձրաձայնել ընտրությունների մասնակից ՍԴ դիմողները)։ Այսինքն, չնայած ՍԴ անդամների կազմի շարունակական փոփոխություններին 2003թ.-ից մինչև 2013թ.-ը, Ցուցակների հրապարակայնության արգելքի հակաժողովրդավարական և Հայաստանի ժողովրդավարության համար ծայրահեղ վտանգավոր դիրքորոշումը շարունակաբար պահպանվել է այդ ողջ ընթացքում քննարկված գործերում նույնիսկ փոփոխված անդամների մասնակցությամբ՝ որպես մի սահուն ժառանգականություն։ Եվ մինչ այսօր, Ցուցակների հրապարակայնության արգելքի ռեակցիոն այդ որոշման և դրա հետևանքների նկատմամբ պաշտպանական դիրքորոշման մասնակից անդամները կազմում են ՍԴ գործող անդամների գերակշիռ մեծամասնությունը՝ 5 անդամ (Ա․Գյուլումյան, Հ․Նազարյան, Ա․Խաչատրյան, Ա․Պետրոսյան և Ֆ․Թոխյան)։

Ցուցակների հրապարակայնության արգելքը, բացի ընտրությունների և հանրաքվեների արդյունքների վրա ունեցած իր հնարավոր ազդեցությամբ ընտրական իրավունքի ձևախեղման վիճակագրական դրսևորումներից, ունեցել է նաև Հայաստանի ներքին կենսագործունեության տարբեր հիմնարար հարթություններում մի քանի այլ և առավել խիստ բացասական ազդեցություններ։ Մասնավորապես․

(1) Քաղաքական առումով Ցուցակների հրապարակայնության արգելքի ընձեռած հնարավորությունը, որն ունակ էր ընտրական ողջ միջավայրը ձևափոխելու, քաղաքական դաշտը քաղաքական ուժերի միջև ընտրողի քվեի համար տարվող մրցակցային միջավայրից վերածել կլիենտալիստական տրամաբանությամբ գործող համագործակցության, որի այն անդամները, որոնք կհրաժարվեին իշխանական վերնախավի հետ հետնախորշային պայմանավորվածությունների գալ, հյուծվում էին մինչև չգոյություն՝ քաղաքական դաշտից աստիճանաբար վանվելով ֆինանսապես և այլ առումներով: Կամ շատ թե քիչ ազդեցիկ ժողովրդական աջակցության պայմաններում ի վիճակի էին լինում ընդամենը նոմինալ գոյություն պահպանել։ Սա ոչ միայն ամլացնում էր քաղաքական դաշտը և ոչնչացնում գաղափարների ու ծրագրերի մրցակցությունը, այլ նաև նեխեցնում էր ողջ կարողունակ հրապարակային-քաղաքական միջավայրը, զրկում քաղաքական իշխանությանը նվազագույն կարողականություն ունեցող ազդեցիկ ընդդիմմությունից՝ բացարձակապես կոռումպացնելով նաև ողջ իշխանությունը.

(2) Քաղաքացիական գիտակցության վրա ունեցած ազդեցության իմաստով Ցուցակների հրապարակայնության արգելքի այն «պատճառաբանությունը», թե քվեարկությանը մասնակցությունը նույնպես քաղաքական ընտրություն է և պետք է պաշտպանվի գաղտնիությամբ՝ որպես քվեարկության արդյունք, Հայաստանի համար ունեցել է քաղաքացիական-էթիկական իմաստով այն բացասական ազդեցությունը, որ, փաստացի, ընտրության ժամանակ այս կամ այն թեկնածուին կամ կուսակցությանն ընտրելու քաղաքական պատասխանատվության ստանձնման վարքն ստորադասվել էր որևէ պատասխանատվություն չստանձնելու պասիվ քաղաքացիական հանդուրժողականությանը։ Ընդ որում` ստորադասելով ընդհուպ մինչև այն աստիճան, որ ընտրությանը կամ հանրաքվեին չմասնակցության պաշտպանված միջավայրի ստեղծմամբ, ՍԴ հեղինակմամբ պետությունը գնացել էր ընդհուպ մինչև ընտրություն կատարելու քաղաքական պատասխանատվություն ստանձնող քաղաքականապես ակտիվ քաղաքացիների քվեների հաշվարկի վերջնարդյունքը վտանգի տակ դնելուն։ Վստահաբար, Վենետիկի հանձնաժողովը, հաշվի առնելով եվրոպական որոշ միջավայրերի ընտրական ժառանգության առանձնահատկությունը, ոչ մի կասկածելի հեռանկար չի տեսել Ցուցակների հրապարակայնության արգելքի ընդհանրական դիրքորոշում արտահայտելիս։ Սակայն, ի՞նչ արժեք պետք է ունենա ազգային Սահմանադրական դատարանը, որն ի վիճակի չէ այս կամ այն խորհրդի կամ առաջարկի տեղայնացման հարցում առավելագույն շրջահայացություն դրսևորել՝ կշռելով դրա հետևանքների ազդեցությունն ազգային ժողովրդավարական գործընթացների վրա։ Ես, այդուամենայնիվ, չեմ կարծում, որ Ցուցակների հրապարակայնության արգելքի մասին ՍԴ որոշումը եղել է հայկական ժողովրդավարության նկատմամբ անհաշվենկատ մոտեցման հետևանք, քանի որ դժվար է հավատալ, որ ՍԴ անդամներն այդ որոշման հետևանքները չեն գիտակցել.

(3) Միաժամանակ, ընտրությունների արդյունքներին այսկերպ միջամտելու հնարավորության գայթակղությունն ուղիղ ճանապարհով հանգեցնելու էր իշխանական վերնախավի կողմից  գործադիր իշխանության (հատկապես իրավապահ կառույցների՝ ԱԱԾ, ոստիկանություն, դատախազություն, քննչական մարմիններ, ինչպես նաև այլ կառույցներ՝ տարածքային կառավարման նախարարություն և այլն) և ընտրական վարչարարության մարմիններին այս սխեմայի մեջ ներգրավելուն։ Սա, մի կողմից, պետական մեքենայի կոռումպացման ուղիղ ճանապարհ էր, մյուս կողմից՝ հենց իշխանության բարոյալքման և տարբեր կապանքներով պետական գործերից դուրս՝ այս մեքենայի մեջ ներգրավված և դրա շրջանակներում տարբեր խմբերի ու անհատների անհատական կամ հատվածային կարիքների բավարարման մի անսահման հոգս։ Բնականաբար, այս սխեմայի մասնակիցների հետագա կարիքները բավարարվելու էին պետության մասնագիտական բանկի մերիտոկրատական որակները և առաջնահերթ պետական կարիքները զեղչելու հաշվին․

(4) Եվ վերջապես, էթիկական/բարոյական իմաստով Ցուցակների հրապարակայնության արգելքի միջոցով օրվա քաղաքական վերնախավը հնարավորություն է ստացել ամենադաժան կերպով շահագործելու Հայաստանին պատուհասած և մինչ այսօր արնահոսող ամենախորը վերքը՝ քաղաքացիների շարունակական արտագաղթը Ցուցակների հրապարակման արգելքի պայմաններում բացակա ընտրողների շարունակաբար ավելացող քանակը նեղ խմբային նպատակներին աճողաբար ծառայեցնելու ձևով։ Սա մի հրեշավոր փակ շրջան էր ենթադրում Հայաստանի քաղաքական դաշտի համար. որքան շատ արտագաղթող քաղաքացի, համապատասխանաբար, այնքան շատ հնարավորություն հաջորդ ընտրությանը/հանրաքվեին նրանց ձայների հավելագրմամբ իրենց օգտին ծառայեցնելու համար (սա արդեն վիճակագրական հիմնավորմամբ դատողություն է, տես՝ կից աղյուսակը)։ Իսկ որքան շատ հավելագրում, այլ խոսքով՝ ընտրական արդյունքի խեղաթյուրում, այնքան ավելի բարձր հանրային ապատիայի մակարդակ՝ արտագաղթի համար ամենանպաստավոր պայմաններից մեկը։

Վերը նկարագրված վիճակագրական, իրավական և իրավա-քաղաքական գործոնները, ի վերջո, միայն Ցուցակների հրապարակայնության արգելքի պայմաններում, ի վիճակի են եղել գլխովին ազդելու ընտրությունների և հանրաքվեների ելքի վրա։ Սա ասելով՝ նկատի չունեմ, որ Ցուցակների հրապարակայնությունը կարող էր ընտրական միջավայրի արագընթաց առողջացում ապահովել։ Սակայն, Ցուցակների հրապարակայնության արգելքը երաշխավորված կերպով ձախողման էր դատապարտել Հայաստանում ընտրախախտումների դեմ պայքարը թե՛ ոչ իշխանական քաղաքական կուսակցությունների, թե՛ քաղաքացիական հասարակության, թե՛ առանձին անհատների և թե՛ վերջնարդյունքում՝ ողջ պետության կողմից։

Եվ ամենևին էլ պատահական չէր, որ Ցուցակների հրապարակման պայմանով տեղի ունեցած ընտրություններում (2017թ.-ի ԱԺ ընտրություններ) հատկապես ինտենսիվացել էին, ըստ տեղական և միջազգային դիտորդական խմբերի և ընտրությունների մասնակիցների, այլ՝ ընտրություններին մասնակցության ապահովման նպատակով ընտրախախտումների (վարչական ռեսուրսի ներգրավմամբ ընտրողներին ընտրատեղամասեր հասցնել, ընտրակաշառք, և այլն) վերաբերյալ դիտարկումները։ Սրանց նպատակը, ակնհայտորեն, մինչ Ցուցակների հրապարակայնության արգելքի պահը եղած ցուցանիշն ապահովելն էր։

Եվ այլևս ակնհայտ էր, որ, ի տարբերություն Ցուցակների հրապարակայնության արգելքի պայմանների, երբ ընտրախախտման լատենտությունը հնարավորություն չէր ընձեռում դրա ամբողջական ընդգրկման պատկերն ունենալ, մյուս ընտրախախտումներն անհամեմատ դժվար էր քողարկել հենց այս (2017թ-ի) ընտրություններում։

Սա, իմ կարծիքով, առաջնային նշանակություն ունեցավ այդ ընտրության վիճարկման ընթացքում ՍԴ կայացրած որոշման սնանկությունն ի հայտ գալուց 10 ամիս անց 2018թ․-ի ապրիլյան հեղափոխության հարցում՝ ի ցույց դնելով նաև ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելու գործում ժողովրդի վճռական անվստահությունը, որի առաջնային հասցեատերերից մեկը, ի թիվս գործադիր և օրենսդիր բարձրագույն իշխանությունների, ոչ թե դատական իշխանությունն էր առհասարակ, այլ թիրախային կենտրոնացմամբ հենց ՍԴ-ն՝ ազատ ընտրության և ժողովրդավարական ազատությունների վերջնական պաշտպանը։

Ես պետք է հայցեմ ընթերցողի ներողամտությունը նման մանրամասնությունների բերումով այս տեքստի ծավալի համար։ Հավատացնում եմ, որ անվերջ կրճատումների արդյունքում սրանից ավելին հնարավոր չեմ գտել։ Այս մանրամասները և տարբեր դիտանկյունից հիմնավորումները հատկապես կարևորում եմ նաև հետևյալ նկատառումներով․

Նկատել եմ, որ ՍԴ հարցում հանրային կարծիքի և ՍԴ նկատմամբ հանրության և իշխանության թևերի անվստահության հարցի շուրջ քաղաքական շրջանակների և, հատկապես, որոշ ՍԴ անդամների կողմից արդարացման միտումներով բերվող հակափաստարկներն են, թե (1) ժողովուրդը ծանոթ չէ ՍԴ գործունեությանը, հետևաբար՝ իր վերաբերմունքը ձևավորել է անհիմն կարծիքների և տպավորությունների վրա, (2) ՍԴ դերը գերագնահատված է, քանի որ ՍԴ-ն իրականում չէր կարող ընդհանուր իրավաքաղաքական միջավայրի վրա որոշիչ ազդեցություն ունենալ, (3) ՍԴ-ն նաև բազմաթիվ դրական որոշումներ է կայացրել։

Արդարացման այս փիլիսոփայությունն իր արմատում ունի «ժողովուրդը չի հասկանում», «ժողովուրդը չի կարող ընտրել» և «ժողովուրդը չի կարող որոշել» քարոզչական կոդերը, որոնք կիրառվում են նախորդ մեկուկես տարվա ընթացքում 2018թ.-ից սկսված Հայաստանի ժողովրդավարացման գործընթացների դեմ իրականացվող հակադարձումները։

Սրանք իրավական իմաստով՝ հակասահմանադրական, քաղաքականապես՝ հակաժողովրդավարական և էթիկական-բարոյական հարթության մեջ գոռոզամիտ-քաղքենիական պնդումներ են։ Եվ այս պնդումներն էլ առավել ինտենսիվորեն հնչում և բերվում են այն խմբերի և անհատների կողմից, որոնք ակնհայտորեն ժամանակին ժողովրդին (առարկայորեն՝ հանրությանը) հասանելիք գիտելիքն ու տեղեկատվությունը սահմանափակած, ընտրության հնարավորությունից սառնասիրտ և նենգամիտ հաշվարկներով զրկած շրջանակներն են։ Եվ դժվար է չնկատելը, որ այս շրջանակների և, ցավով պետք է նկատեմ, նաև ՍԴ որոշ անդամների կողմից այս խոսույթի զարգացումը հենց ինքնարդարացման նպատակ հետապնդող անհույս փորձեր են։

Վստահաբար, իմ կողմից նույնիսկ մակերեսորեն նկարագրած իրավական-տեխնիկական, իրավա-քաղաքական և վիճակագրական մանրամասներին ամեն ոք պատրաստ և պարտավոր չէ հաղորդակից լինել։ Այս մանրամասնեցրած իմացության բացին նպաստել են նաև մասնագիտական խոր դետալացված մանրամասների դժվարընկալությունը, Հայաստանում քաղաքական մտքի ինստիտուցիոնալ հիշողության դրվագայնությունը (ֆրագմենտացվածությունը), ավտոկրատական լեգալիզմի ճնշող ներկայությունը հասարակագիտական և հումանիտար դիսցիպլիններում ու խոսույթում, զանգվածային լրատվամիջոցների զգալի մասով զանգվածային քարոզչամիջոցների դերակատարությունը և բազմաթիվ այլ գործոնների բերումով հանրային լայն լսարանի առջև խնդիրների ձևակերպման բացակայության պայմաններում անորոշ տեսլականներից ձևավորված հանրային մտացրիվ պատկերացումները կոնկրետ խնդիրների վերաբերյալ։

Եվ չնայած իմ թվարկած բոլոր խոչընդոտներին, հայաստանյան հանրության կողմից աննկատ չեն մնացել ընտրական վիճակագրության չբացատրված և խիստ կասկածահարույց վայրիվերումները շարունակաբար արտագաղթից տառապող մի պետությունում, որտեղ կայուն կերպով աճում էր ընտրություններին մասնակիցների քանակն ընտրությունից ընտրություն՝ ներառյալ նաև Ցուցակներում կեղծ հավելագրումներ կատարելու վերաբերյալ բազմաթիվ փաստագրված դեպքերը, ինչպես նաև իշխանությունների բացարձակ հանդուրժողականությունն ընտրական կեղծիքների և այլ ընտրական խախտումներ թույլ տված պաշտոնատար անձանց նկատմամբ, հիմնավոր կասկածներ (հաջորդ հրապարակմամբ նկարագրված այլ գործոնների հետ համատեղ) էին հարուցել Հայաստանում քաղաքական և քաղաքացիական շրջանակներում ընտրությունների արդյունքների, հանրաքվեներով ընդունված Սահմանադրական փոփոխությունների վավերության և պետական ինստիտուտների նկատմամբ՝ որպես քայքայող անվստահության հիմնապատճառ։

Եվ ակնհայտ է, որ ոչ միայն ժողովուրդը հասկացել և խորությամբ ընկալել է ՍԴ դերակատարությունը, դրսևորելով ավել խորաթափանցություն էականի և երկրորդականի միջև ընտրություն կատարելիս, այլ նաև վերը նշված գործոնների հավաքական ազդեցության պայմաններում երբևէ չի կորցրել պահանջներում հետևողական լինելու կարողությունը։ Իսկ իր կողմից 2018թ.-ին ձևավորված գործադիր և օրենսդիր իշխանությունների միջոցով ՍԴ հակաժողովրդավարական դերակատարության և իշխանական վերնախավերի հետ հակասահմանադրական համագործակցության հարցում անվստահությունն այն ամենաանմեղ վերաբերմունքն է, որ այս հետագիծն ունեցող յուրաքանչյուր բարձր դատարան կարող էր արժանանալ այս պայմաններում։

Այս հրապարակումը վերաբերում էր միայն Ցուցակների հրապարակայնության արգելքին և դրա համատեքստային վերլուծություններին։ Սակայն, ինչպես վերը նշվեց, ՍԴ դերակատարությունն ազատ ընտրության ձևախեղման և ընտրության ինստիտուտի կատարելապես վարկաբեկման հարցում չի սահմանափակվում միայն այս դերակատարմամբ։ ՍԴ-ն հայտնի է նաև բարձր դատարաններին հատուկ «օժանդակ» լիազորությունների շարունակական բովանդակազրկման միջոցով ընտրական վեճերի ընթացքում բացարձակ անարդյունավետ ատյանի վերածվելու իր հեղինակությամբ։ Եվ սա նույնպես խորապես հիմնավոր գնահատական է թե՛ իրավական, թե՛ իրավա-քաղաքական դիտանկյունից։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8573 դիտում

Վթարային ջրանջատում Գեղարքունիքում. որ գյուղերում ջուր չի լինի նոյեմբերի 26-ին և 27-ին

Մարտական նռնակով զինված տղամարդը սպառնացել է այն պայթեցնել

Ալիևը զանգահարել է Դոնալդ Թրամփին. ինչ հարցեր են քննարկել

Երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում

Ոչ ոք չպետք է լռի բռնության առջև, դա յուրաքանչյուրիս քաղաքացիական պարտքն ու պատասխանատվությունն է. նախարար

24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և ընկել ձորակը․ կա վիրավոր

Մոսկվա-Շարժա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում

Կոռուպցիան ձեր հայրանունն է. Սերբիայի խորհրդարանում պատգամավորներն իրար են ծեծել

Քոչարյանը, գերիների հարցը շահարկելով, փորձում է շեղել հանրությանը. Հակոբյանը մանրամասնել է՝ ինչից (տեսանյութ)

Ինչ իրավիճակ է Լարսում

Գիշերային ակումբում ծեծկռտուք է եղել, կա վիրավոր. կասկածյալները տեղի անվտանգության աշխատակիցներն են

Քննարկվել են սիգի ձվադրման ժամանակահատվածում հսկողության ուժեղացված միջոցառումները

Հպարտ եմ կրթվելու և լուսավորվելու մեր պապերի փորձառությամբ. Աննա Հակոբյանն այցելել է Սուրբ Ղազար (տեսանյութ)

Կոթիում երկհարկ հարակից տներ են այրվել

ՀԱՊԿ-ը չի կատարել Հայաստանի նկատմամբ իր անվտանգային պարտավորությունները, ՀՀ-ն ունի այլընտրանք. Հրայր Մանուկյան

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել

Ակնկալում ենք սերտորեն համագործակցել ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում. Միրզոյանը՝ Բոչորիշվիլիին

Ձյուն և ձնախառն անձրև է տեղում. իրավիճակը հանրապետության ճանապարհներին

Ադրբեջանում ռազմական փորձագետը ձերբակալվել է Հայաստանի հետ սահմանային դիրքերը նկարահանելու և ցուցադրելու համար

Եգիպտոսի ափերի մոտ խորտակված նավի վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն եղել. ԱԳՆ

«Զվարթնոց»-ի «Կարգո» բեռնային համալիրի մոտ մեքենա է այրվել

Գոռ Վարդանյանի ֆիլմի առնչությամբ ԿԳՄՍՆ-ն դիմել է Գլխավոր դատախազությանը

Ինչու է իջեցվել Կառավարության շենքի վրա տեղադրված ՀՀ դրոշը

«Դեմոկրատական այլընտրանք»-ը մասնակցելու է Գյումրու ընտրություններին. Սուրենյանց

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2024-ի 9 ամսվա պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը

Ուժի մեջ են մտել ինքնագլորով և նմանատիպ շարժունակության միջոցներով երթևեկության կանոնները. ինչ չի թույլատրվում

Հովիկ Աղազարյանը հանդիպել է Ալեն Սիմոնյանի հետ

Հովիկ Աղազարյանը հետաձգել է մանդատը վայր դնելու որոշումը

Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է. փակ ավտոճանապարհ կա

Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների, ՊՆ և ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին

Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով քանի դատական ակտ է կայացվել, ինչքան գումար է վերադարձվել

Հաղթահարեցինք քովիդը, պատերազմը, հիմա ամուր ոտքերի վրա ենք․ «Իմ Քայլը» հիմնադրամի շահառուն ընդլայնել է բիզնեսը

Շալվա Պապուաշվիլին ընտրվել է Վրաստանի խորհրդարանի նախագահ

Ինչպես պարապ մնալը աշխատողի, այնպես էլ տարիներով չաշխատողի համար աշխատելը մեծ սթրես է. վարչապետ (տեսանյութ)

Հայաստանը չի մասնակցի Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին

ՌԴ-ում Ռուբեն Թաթուլյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել. ինչի համար է գործարարը մեղադրվում

Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. շրջանների զգալի մասում անձրև, լեռներում նաև ձյուն կտեղա

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 25-ին

Հայտնել է, թե հարբած վիճակում ընկել է, վնասվել. պարզվել է՝ վեճի ժամանակ դանակահարել են