Մոլորակի վրա արդեն գտել եմ այն աշխարհը, որ հաստատ իմն է, որտեղ ապրում է սիրո, երջանկության ու երազանքի Կապույտ թռչունը

Ավտովթարի հետեւանքով օրերս մահացած 33-ամյա Արիանա Կաոիլին կովկասյան տարածաշրջանում առաջին անվճար թերթի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրն էր: Թերթը կոչվում է «Ճամփորդ»: Երկու տարի երեւանյան տրանսպորտներում «Ճամփորդի» ամենօրյա համարները անվճար էին տեղադրվում։

«Ճամփորդը» երկու տարի տպագրվեց (2016-2018թթ), սակայն Արիանան այնտեղ բազմաթիվ հոդվածներ ունի: «Հայկական ժամանակն առանձնացրել է «Ճամփորդ»-ում տպագրված նրա հոդվածներից մի քանիսը:

Թերթի առաջին համարի առողջնորդող հոդվածը վերնագրված է «Ապակու երկու կողմերը»: «Ուզում եմ մի փոքրիկ գաղտնիք բացել. Ես առանձնահատուկ վերաբերմունք ունեմ…պատուհանների հանդեպ: Կապ չունի՝ ես այդ պատուհանի ապակով սահմանափակված տարածության ներսում եմ, թե դրսում: Պատուհանը միշտ ուրիշ աշխարհ է բացում ինձ համար, և ես ուզում եմ հայտնվել ապակու մյուս կողմում», ․․․ «Ես միշտ շատ եմ ճամփորդել․ անցնում եմ աշխարհից աշխարհ, որ իրարից բաժանված են օդանավերի կլոր պատուհաններով, գնացքների ուղղանկյուն ապակիներով, մեքենաների մթնեցված «շուշեքով», բայց մոլորակի վրա արդեն գտել եմ այն աշխարհը, որ հաստատ՝ իմն է, որտեղ ապրում է սիրո, երջանկության ու երազանքի իմ Կապույտ թռչունը: Եվ զարմանալի ոչինչ չկա, որ դա Հայաստանն է: Հիմա ես աշխարհներ եմ հայտնաբերում Հայաստանի ներսում: Ես սիրում եմ Երևանի փողոցները, այդ փողոցներով քայլող երբեմն տխուր, երբեմն ուրախ, երբեմն մտահոգ կամ շատ թեթև, ծիծաղող կամ խոճոռ, լավ ու վատ հագնված մարդկանց. ինքս էլ չգիտեմ թե ինչու՝ նրանք հարազատ են ինձ»:

Գրում է, որ սիրում է նայել մետրոյի վագոնների կամ ավտոբուսների ապակիներից ներս։ «Աշխատավոր մարդիկ, ընտանիքների մայրեր, ուսանող երիտասարդներ. ձեր հայացքներում առանձնահատուկ բովանդակություն կա, որովհետև իրական Հայաստանը հենց դուք եք: Ես ուզում եմ անցնել այդ ապակիների, ձեր բնակարանների ապակիների մյուս կողմը և նստել ձեր կողքին, լսել ձեր զրույցն ու ձեր լռությունը: Հետո ուզում եմ ձեզ հետ միասին դուրս գալ այդ ապակիներով սահմանափակված ձեր տարածքներից՝ գտնելու մեր բոլորի սիրո, երջանկության ու երազանքի Կապույտ թռչուններին: Եվ ինձ թվում է՝ ձեւը գտել եմ: Ամեն շաբաթ, ընկերներիս հետ միասին, ձեզ համար կպատրաստեմ այս անվճար թերթը՝ «Ճամփորդը» և կլինեմ ձեր կողքին՝ ավտոբուսում կամ մետրոյում, այս թերթի հետ հյուր կգամ ձեր բնակարանները, և հետո մենք բոլորով նորից դուրս կգանք փողոց, գուցե մի քիչ ուրիշ, գուցե մի քիչ փոխված… Ուզում եմ մի ուրիշ փոքրիկ գաղտնիք էլ բացել. վերջերս հասկացել եմ, որ ապակիները հեչ էլ աշխարհներն իրարից բաժանող միջնորմներ չեն: Դրանք մուտքեր են՝ ԼՈՒՍԱ – ՄՈՒՏՆԵՐ, որոնք նախատեսված են Սիրո, Երջանկության ու Երազանքների Լույսը միմյանց փոխանցելու համար»,-գրում է նա:

«Հայուհիների  ֆենոմենը» հոդվածում Արիանան կիսվել է իր խոհերով, պատմել, որ երբ նոր էր Հայաստան եկել,  իրեն ամենաշատ հուզող հարցերից մեկը կանանց է վերաբերել. «Մտածում էի, թե ինչպիսին են հայուհիները, կկարողանա՞մ արդյոք  ինտեգրվել նրանց միջավայրում: Որովհետև երկրին  ինտեգրվելու գործի կեսը հենց այդտեղից է սկսվում: Ինչպես ասում են՝ եկա, տեսա, սիրեցի: Տարիներ հետո, հրապարակային խոստովանության պես, ներկայացնեմ դիտարկումներս»:  

Նա գրում է, որ հայուհիների պես աշխարհում ոչ ոք չի կարողանում մեկ գավաթ սուրճը տոնի ու արարողակարգի վերածել: «Անգամ բաժակ նայելու փոքրիկ խորամանկությանն եմ ծանոթ, որ ավելի մտերմիկ է դարձնում կանացի հավաքույթները»,- հավելում է Արիանան:

2018 թվականին Արիանան գրել է «Իմ առաջին զատիկը Հայաստանում» հոդվածը, որտեղ իր հիացմունքն ու հարգանքն է հայտնել հայ կնոջ հնարամտության եւ առահասարակ այդ տունի յուրահատկության մասին. «Առաջին Սուրբ Զատիկն է, որ նշում եմ՝ արդեն Հայաստանի լիիրավ բնակչի կարգավիճակով: Ես շարունակում եմ հիանալ մեր համերկրացիների կողմից դրսևորվող հնարամտությամբ: Առաջին անգամ ես այստեղ եմ սովորել, որ  հավկիթը կարելի է ներկել սոխի կլեպով: Մեր հնարամիտ կանայք այդ գործի համար օգտագործում են տանն ունեցած հին զուգագուլպաները՝ դրանք նախապես հարմարեցնելով ու նախապատրաստելով «պրոցեսին»։ Նա գրում է, որ այս տոնը չէր լինի այսքան տպավորիչ ու վառ, եթե հավատքը դրա մեջ տեղ չունենար։ 

Իր «Երկու պետություն, մեկ ժողովուրդ ու մի պատմություն» հոդվածում Արիանան խոսելով Մոնթե Մլքոնյանի մասին ասել է. «Ես խորին պատկառանք ունեմ Հայաստանի եւ Արցախի  հերոս Մոնթեի նկատմամբ, որ կյանքն է զոհել Արցախյան պատերազմում: Մոնթեն ոչ միայն փայլուն զորահրամանատար էր, մեծ հայրենասեր, այլեւ  լայնախոհ մտավորական, գաղափարի մարդ: Նա բազմաթիվ լեզուներ գիտեր, լավ կրթություն էր ստացել, շատ  ճամփորդել, ունեցել այլազգի շատ ընկերներ: Մինչ Հայաստան  գալը,  արդարության  հետքերով  նա եղել է աշխարհի շատ թեժ կետերում: Մոնթեն ինձ համար  միասնականության համար պայքարող մարտիկի օրինակ է, որի հիշատակի առջեւ գլուխ եմ խոնարհում»: Արիանան ցանկանում էր արու զավակ ունենալ եւ անունը դնել Մոնթե:

«Իմ դասերը» հոդվածում պատմում է, որ Հայաստան գալուց առաջ գաղափար անգամ չի ունեցել Մարտի 8-ի կամ կանանց «միամսյակի» մասին․ «Ավստրալիայում երբեւէ նմանատիպ ոչինչ չի նշվում: Եվ հիմա, կանանց տոնի առիթն օգտագործելով, ես ուզում եմ խոսել մի շարք շատ կարեւոր բաների մասին, որոնք սովորել եմ հայ կանանցից: Նախ ասեմ, որ գրեթե բոլոր այդ դասերը տարօրինակ ձեւով «երկհարկանի» են: Երկու շերտ կա ամեն դասի մեջ, երկու բովանդակություն, որոնք երբեմն հակասական կարող են թվալ, բայց իրականում փոխկապակցված են ներքին հզոր կապով: Առաջինը, ըստ Արիանանյի՝ ԱՆՎԵՐԱՊԱՀ սերն է: Հայ կնոջ սերը մանավանդ՝ մայրերինը, երկկողմանի փողոց չէ՝ «ես սիրում եմ քեզ, որովհետև դու էլ ինձ ես սիրում», կամ «պարտավոր ես սիրել ինձ, քնի որ ես  էլ սիրում եմ քեզ»: Հայ կնոջ սերը ձեւակերպվում է՝ «ես սիրում եմ քեզ, որովհետև սիրում եմ, եւ մնացած ոչինչը կարեւոր չէ»:

Նա նաեւ գրում է, որ մինչեւ Հայաստան գալը համոզված է եղել, որ այդպես սիրելու ընդունակ միակ մարդն աշխարհում իր մայրն է. «Համենայն դեպս՝ ուրիշ որեւէ մեկի մոտ չէի տեսել դա: Հայաստանում այդ տեսակ սիրո հանդիպում ես ամեն քայլափոխիդ»: 

Արիանա Կաոիլին անցած տարի հեծանվարշավի օգնությամբ դրամահավաք էր կազմակերպել՝ անցնելով  1900 կիլոմետր ճանապարհ՝ հավաքելով 6․000 ԱՄՆ դոլար։ Հեծանվարշավի շնորհիվ Արիանան դրամահավաք էր իրականացրել Հայաստանի մանուկներ հիմնադրամի՝ Տավուշի մարզի շահառու սահմանամերձ գյուղերի համար։ Ավելի ուշ Արիանան «Ճամփորդին» պատմել էր որոշման, ճանապարհի դժվարության ու նպատակի կարեւորության մասին։

Ըստ Արիանայի՝ աշխարհում լավագույն զգացումը քո առջեւ դրված նպատակակետին հասնելն է, որը լինում է գլխավորապես մտքի եւ կամքի ուժի շնորհիվ. «Դրանից հետո դու հաստատուն ինքնավստահություն ես ձեռք բերում: Դա ուրիշ որակի ինքնավստահություն է, եւ դու չես կարող այն ձեռք բերել, եթե խարդախություն անես եւ ինքդ քեզ խաբես»:

«Ես միշտ խենթ որոշումներ եմ կայացնում եւ սիրում եմ էքստրեմալ սպորտաձեւերը,  հիացած եմ հայոց պատմությամբ: Դեռ անցած տարի էի պլանավորում հեծանիվով անցնել պատմական Հայաստանի տարածքով: Երկու պահանջ էի դրել իմ առաջ: Նախ, նախաձեռնությունը պետք է մարտահրավեր նետեր իմ ֆիզիկական պատրաստվածությանը եւ երկրորդ՝ այն պետք է կարեւոր որեւէ արժեք կրեր իր մեջ: Անցած տարի ես ամուսանցա եւ չկարողացա մտահղացումս իրականացնել եւ որոշեցի, որ հենց այս տարի պետք է փորձեմ անել դա: Ես սիրում եմ ժայռամագլցումը եւ Կովկասյան տարածաշրջանի ու Իրանի բազմաթիվ գագաթներ եմ բարձրացել: Հիմա որոշ դժվարություններ ունեմ բարձրության հետ եւ այդ պատճառով այս անգամ որոշեցի մնալ գետնի վրա եւ հեծանվարշավ անել»,- գրել է նա:

Արիանան իր վերջին հոդվածներից մեկում «Այլակարծությունը հաջողության բանալին է» խոսում է հանդուրժողականությունն ու այլակարծության մասին, նկատելով՝ առողջ հասարակություն ստեղծելու համար սրանք կարեւոր պայման են։ Կարևոր են, որովհետև միայն քննարկումների արդյունքում կարող են ծնվել հնարավորինս պիտանի գաղափարներ ու որոշումներ, իսկ քննարկում ունենալու համար պահանջվում է հենց այլակարծություն, այլապես այն ուղղակի անիմաստ կդառնա․ ո՞ւմ է պետք նույն միտքն ու գաղափարն անընդհատ քննարկել՝ առանց տարբեր լուծումներ առաջարկելու։

«Հեղափոխությունից հետո զգացմունքները շարունակում են լարված մնալ՝ չնայած շուտով կլրանա արդեն մեկ ամիսը։ Հեղափոխության կողմնակիցները ծայրահեղ վատ են արձագանքում ցանկացած հակառակ կարծիքի, եւ եթե անգամ կարծիք չէ, այլ ուղղակի՝ համակարծիք լինելով հանդերձ ինչ-որ դիտարկում, մեկ է՝ այն ընդունվում է սվիններով։ Հիմա մեզնից շատերը դեռ զգացմունքներով են առաջնորդվում, դա բնական է, բայց մենք պետք է հասկանանք, որ էյֆորիան պետք է ճնշել ու հասցնել մինիմալի, արդեն ժամանակն է։ Ժամանակն է ոչ թե երազելու, այլ՝ աշխատելու, այլապես եթե մարդիկ ուզում են ավելի լավ Հայաստան կառուցել՝ այդպես էլ չեն կառուցի, քանի որ այդ ցանկությունը կմնա զգայական մակարդակում ու չի դառնա որոշումների, հետո նաև՝ գործողությունների շարք»-գրում է նա։ 

Տպել
4178 դիտում

Վանաձորում մեքենան բախվել է շինության պատին. վարորդը տեղում մահացել է (լուսանկարներ)

ՍԱՏՄ-ն գյուղատնտեսական մի քանի շուկաներում խախտումներ է արձանագրել. տվյալները կներկայացվեն պարետատուն

Տեսչական մարմնի աշխատակիցները կրկնակի այց և մշտադիտարկում են իրականացրել Երևան երկաթուղային կայարանում

Ոստիկանությունն արգելափակել է Ղալթաղչիի Սուրբ Հովհաննես մատուռ տանող ճանապարհները

Վրաստանը մեզ համար եղբայրական երկիր է, և շատ ջերմացնում է մեզ նման պատրաստակամությունը. վարչապետ

Ռեվանշիստները հիմա էլ ուրի՞շ «պլացդարմ» են փնտրում

Նախատեսված է 100.000 հայկական թեստի արտադրություն. ՄԿԻ-ն ավարտել է լաբորատոր փորձարկումները

358 պացիենտ գտնվում է ծանր, 58-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Առաջին դասարանցիների առցանց գրանցումը կսկսվի հունիսի 1-ից

Ունենք քաղաքական կամք՝ ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրում ներդնելու համար. վարչապետ

Ոստիկանները պարզել են Իջևանում կրակոցներ արձակած անձի ինքնությունը. ոստիկանություն է ներկայացել 42-ամյա տղամարդ

Արմավիրի նախկին քաղաքապետն ապօրինաբար 75 տարով տարածք է հատկացրել ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահին (տեսանյութ)

Պարետի որոշմամբ 24 ժամով արգելվել է 24, և 48 ժամով՝ 2 տնտեսվարողի պատկանող մասնաճյուղերի գործունեությունը

Արցախի նախագահը 2020 թվականի ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել

ՊԲ-ում այսօր սանիտարական օր է. ախտահանվել են զորանոցները, բուժկետերը, կենցաղային նշանակության շինությունները(տեսանյութ)

Դելի-Երևան հատուկ չվերթով Հայաստան է ժամանել ՀՀ 23 քաղաքացի, Հնդկաստան է վերադարձել 130 հնդիկ ուսանող

Համավարակը սահման և ազգություն չի ճանաչում. այն ազդեցություն է թողել յուրաքանչյուրիս վրա. Մհեր Գրիգորյանն ուղերձ է հղել

Հասարակության «լրջության կորագիծը»

Մոսկվա-Երևան չարտերային հերթական թռիչքը կկայան վաղը՝ մայիսի 31-ին՝ «Դոմոդեդովո» օդանավակայանից

Սեպտեմբերին մենք կարող ենք դասերը լիարժեք սկսել, սակայն պետք է խստագույնս հետևենք ցուցումներին. ԿԳՄՍ նախարար (տեսանյութ)