Երևան
12 °C
Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը երեկ ավարտեց աշխատանքները:
Ստեղծվելով 2019-ի մարտի 31-ին՝ առաջին նիստը հրավիրվեց հունիսի 4-ին: Հանձնաժողովը գործեց ուղիղ 1 տարի՝ նպատակ ունենալով բացահայտել 2016-ին տեղի ունեցած Ապրիլյան քառօրյա պատերազմի որոշ անհասկանալի դրվագներ, հանրության համար անհասկանալի մնացած հարցեր: Դրանցից էին օրինակ այն, թե արդյոք զինված ուժերը իմացել են հակառակորդի հարձակման մասին, ինչպե՞ս է աշխատել հետախուզությունը, արդյոք զինվորները տեխնիկայի, վառելիքի, ուտելիքի խնդիր ունեցե՞լ են դիրքերում եւ այլն:
Երեկ արդեն, հանձնաժողովի աշխատանքի վերջին օրը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը ՀԺ-ին հայտնեց. «Ունեցել ենք 30 նիստ, 19 հրավիրյալ, 3025 հատ փաստաթուղթ գրություն ենք ստացել, 14 գրաֆիկական քարտեզ, կուտակել ենք 80 ժամ լսումների ձայնագրություն»:
Հանձնաժողովի առաջին հյուրերը դարձան ապրիլյան պատերազմի մասնակիցները, զինվորներ, նրանց հարազատներ: Ապա սկսեցին հրավերներ ուղարկվել նախկին ու ներկա պաշտոնյաներին: Հանձնաժողովի հարցերին 2 անգամ պատասխանեց միայն Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզական վարչության նախկին պետ, վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանը: Հյուրընկալվեցին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության նախկին պետ, այժմ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը, հեռավար կերպով նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Ամենաերկարը հանձնաժողովում մնաց Սերժ Սարգսյանը՝ շուրջ 5 ժամ:
Հանձնաժողովի վերջին հյուրը դարձավ Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը: Քրիստինե Պողոսյանը տեղեկացրեց, որ Բակո Սահակյանին հարցեր ուղղել են երեկ՝ հեռավար կարգով:
Միակ անձը, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի հրավերը չընդունեց՝ ՀՀ Զինված ուժերի ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովն էր: «Մենք մինչեւ վերջ հորդորեցինք, որ նա գա հանձնաժողով, որ բոլոր հարցերը եւ բոլոր սլաքները ուղղվում են դեպի իրեն, բայց նա այդպես էլ լսեց այլ մարդկանց հորդորներ եւ չներկայացավ հանձնաժողով»,- մեր զրույցում ասաց Քրիստինե Պողոսյանը:
Այսօրվանից հանձնաժողովն աշխատում է զեկույցի պատրաստման ուղղությամբ, որը լավագույն դեպքում պատրաստ կլինի մինչ Ազգային ժողովի արձակուրդ գնալը, վատագույն դեպքում՝ սեպտեմբերին: Կլինե՞ն արդյոք զեկույցում հանրության համար սենսացիոն բացահայտումներ. մեր այս հարցին ի պատասխան Պողոսյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ այո»:
զեկույցի կառուցվածքը
Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ սպասվող զեկույցի մի հատվածը հնարավոր է գաղտնիք լինի եւ հանրության դատին չհանձնվի, սակայն կլինի նաեւ հանրության համար նախատեսված հատված:
Խոսելով հանձնաժողովի աշխատանքների արդյունքների մասին՝ Քոչարյանն ասաց, թե այն հաջողված եւ արդյունավետ է եղել: Ընդգծեց՝ ամեն ինչ արել են, որ ոչինչ չքաղաքականացնեն, բայց հասկանան իրողություններն ամբողջությամբ՝ մարտական գործողություններից մինչեւ բանակցությունների շղթային առնչվող հարցեր:
Արդյոք պարզվե՞լ է ի վերջո՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ բանակը սպառազինության, վառելիքի խնդիր ունեցե՞լ է, թե՞ ոչ. այս մասին Քոչարյանն ասաց, որ պետք է սպասել վերջնական եզրահանգումներին.
«Նույնիսկ ժամանակից շուտ այդ թեմայով մենք ասել ենք, որ դիրքերում սպառազինության խնդիր պաշտպանության բանակը չի ունեցել, ոչ էլ վառելիքի ու սննդի: Վստահաբար կարող եմ ասել, դա արձանագրենք, մյուս խնդիրները թույլատրելիի սահմաններում կներկայացնենք հասարակությանը»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը իր պաշտոնավարման ժամանակ ԱԺ-ում կասկած էր հայտնել, թե վառելիքի որակի հետ կապված խնդիր է եղել, որի պատճառով էլ տեխնիկան չի աշխատել:
Խոսելով զեկույցի շրջանակներում բացահայտվող հարցերի շրջանակի մասին՝ Քոչարյանը ակնարկեց, թե դա երեւալու է զեկույցի կառուցվածքից:
«Մենք արդեն ամբողջացնելու լիարժեք բոլոր հնարավորությունները ստեղծել ենք, ունենք մեզ հետաքրքրող հարցերի պատասխանների մի հսկա խմբաքանակ եւ ապագա եզրակացության կառուցվածքը: Կասեմ կառուցվածքի որոշ էլեմենտներ. Ապրիլյան ավանտյուրան ինչո՞ւ սկսվեց, ի՞նչ նպատակ ուներ, սկսվելուց առաջ մենք ինչքա՞ն էինք պատրաստ նման ավանտյուրաների որպես անվտանգության համակարգ, բուն պրոցեսը՝ ապրիլի 2-ից 5-ը եւ բանակցությունների բուն պրոցեսը, այդ շղթայի մեջ մենք ի՞նչ իրողությունների ենք առնչվել»,- գաղտնազերծեց Քոչարյանը:
Այլ հարցերի եւս անդրադարձ լինելու է: Մասնավորապես հանձնաժողովը փորձել է պարզել, թե պետություն-բանակ-զինվոր շղթան ինչքանով է կանոնակարգված: «ժողովրդի մեջ այն կասկածն էր, որ մեր զինվորը մենակ գնաց, կռվեց, կրակեց: Ես բան չունեմ ասելու, որպեսզի ապրես՝ պետք է կրակես հակառակորդի վրա: Բայց դա հերոսապատումների մի ամբողջ շղթա էր»,- նկատեց նա՝ ըստ էության ակնարկելով, որ այդ հերոսապատումները որոշ դեպքերում չափազանցված են եղել:
Քոչարյանը շատ կարեւոր է համարում սպասվող զեկույցի եւ կատարված աշխատանքի հետագա ազդեցությունը նման իրավիճակներում ավելի ճիշտ գործելու առումով:
«Ես ուրախ եմ, որ վերջերս ադրբեջանական կողմը Արցախի նախագահի ինաուգուրացիայի օրը փորձեց ինչ-որ փոքր բաներ, բայց Պաշտպանության բանակը լրիվ այլ պատրաստակամություն ցույց տվեց: Հակառակորդը պետք է հասկանա, որ մեր զինված ուժերը ունեն ձեռքբերումներ թե՛ սպառազինության որակի, թե՛ կառավարելիության առումով, եւ դա արդյունք է այն բոլոր փոփոխությունների, որ իրականացվում է Հայաստանում անվտանգային համակարգի ուժեղացման առումով: Ինչքան էլ քննադատեն հին զենք է, զենքի մեջ չէ խնդիրը, կառավարելության մեջ է խնդիրը»,- նկատեց նա:
Լրագրողները հարց հնչեցրին, թե ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի հանձնաժողով չներկայանալով հանձնաժողովի զեկույցը կարո՞ղ է ոչ ամբողջական լինել:
Քոչարյանն ասաց, որ հանձնաժողով գալն առաջին հերթին ձեռնտու էր հենց Խաչատուրովին:
«Յուրի Խաչատուրովն անձամբ պիտի շահագրգռված լիներ այս աշխատանքներում ներգրավվելու հարցում: Նույնիսկ երեկ պատրաստ էինք գիշերը հավաքվել, եթե ինքը գար։ Իր չգալով՝ ինքը երեկ շատ կասկածներ հաստատեց հանձնաժողովի մոտ»։
Քոչարյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի եզրակացության մեջ առաջարկ են անելու ԱԺ նախագահին, որ կանոնակարգ օրենքում փոփոխություններ լինեն եւ հրավիրյալները հնարավորություն չունենան մերժելու նմանատիպ հանձնաժողովների հրավերները, իսկ մերժելու դեպքում դա ունենա հետեւանք:
Յուրի Խաչատուրովի հանձնաժողով չգալու հանգամանքին մեր զրույցում անդրադարձավ նաեւ հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը:
Չնայած որ բոլոր սլաքները ուղղվում էին Ապրիլյան պատերազմի ժամանակ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովի կողմը, սակայն նա լսեց որոշ մարդկանց հորդորները եւ չներկայացավ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով: Մեզ հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Քրիստինե Պողոսյանը: Մեր զրույցի մյուս մասը՝ ստորեւ.
-Տիկին Պողոսյան, ո՞ւմ հորդորները նկատի ունեք:
-Դե մեզ ընդամենը խոսակցություններ են հասել, ես չեմ կարող պնդել, բայց որ հորդորներ է լսել, դա զգացվեց:
- Ապրիլյան պատերազմի ժամանակ գլխավոր հրամանատարը Սերժ Սարգսյանն էր, իսկ նա Ազգային ժողովում ասել էր, որ խորհուրդ է տալու Խաչատուրովին՝ մասնակցել հանձնաժողովի նիստին:
- Դե Սերժ Սարգսյանը հրապարակային շատ ուրիշ բաներ էլ ասեց, որ չի համապատասխանել իրականությանը:
- Ի դեպ, տիկին Պողոսյան, Սերժ Սարգսյանը Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող նիստից հետո լրագրողների հետ զրույցում պնդեց, որ 2016-ին հայկական կողմն ունեցել է ոչ թե 800 հեկտար տարածքի կորուստ, այլ 400: Նույնը ասաց նաեւ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը: Հանձնաժողովը պարզե՞ց, թե իրականում որքան է եղել կորուստը:
- Հանձնաժողովում, այո, Սերժ Սարգսյանը պնդել է 400 թիվը, բայց այդ թվի հետ կապված մեր պարզած տվյալներին կանդրադառնանք մեր եզրափակիչ զեկույցում:
- Հանձնաժողովի եզրափակիչ զեկույցում բացահայտումներ կլինե՞ն:
- Նայած դուք ինչ նկատի ունեք բացահայտումներ ասելով: Մենք մանրամասն ուսումնասիրել ենք ամեն ինչ, ինչ իմացել ենք՝ հանրությանն ասելու ենք:
- Նկատի ունեմ հանրության համար որեւէ սենսացիոն տեղեկություն, որի մասին մինչ այս չգիտեր:
- Կարծում եմ՝ այո:
ՀԺ-ն 400 հեկտարի մասին Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Մնացականյանի հայտարարություններից հետո հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ պարզելու, թե ի վերջո Ապրիլյան պատերազմի ժամանակ որքան է եղել հայկական կողմի տարածքային կորուստը:
ՊՆ-ից մեր հարցմանն ի պատասխան հայտնել էին. «Հաշվի առնելով, որ ՀՀ Ազգային ժողովում գործում է 2016-ի ապրիլին տեղի ունեցած ռազմականմարտական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, որի գործունեության ժամկետն ավարտվում է ս.թ. հունիս ամսին, եւ քննիչ հանձնաժողովը իր գործունեության արդյունքներով պետք է ներկայացնի զեկույց, առաջարկում եմ հարցապնդվող տեղեկատվությունը ստանալ ներկայացվող զեկույցի շրջանակներում»:
արխիվ
Ստորեւ հիշեցնենք, թե որոշ առանցքային հրավիրյալների հյուրընկալելուց հետո ինչ հետաքրքիր մանրամասներ էին հայտնի դարձել նրանց բացահայտումներից:
Հանձնաժողովի աշխատանքի առաջին փուլում, ինչպես հայտնի է, հյուրընկալվում էին Ապրիլյան պատերազմին մասնակցած զինվորներ, հրամանատարներ, նույնիսկ 3-րդ պաշտպանական շրջանում հերթապահություն իրականացրած բժիշկ հրավիրվեց հանձնաժողով՝ նրա իսկ նախաձեռնությամբ. Բժիշկն ասել էր, որ մտահոգիչ տեղեկություններ ունի հայտնելու:
Պատերազմական օրերին Լելե Թեփեի հատվածում մարտական գործողություններին մասնակցած ավագ սերժանտին հյուրընկալելուց հետո Քոչարյանը տեղեկացրեց, որ նա մանրամասներ է հայտնել, թե ինչպես է հակառակորդը գրավել այդ բարձունքը։ Քոչարյանն ասաց, թե հանձնաժողովականները ցավալի իրողությունների մասին տեղեկացան։
Հանձնաժողովում հյուրընկալվեց նաեւ ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի եւ հրետանու վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Ալբերտ Մարդոյանը: Վերջինս պաշտոնից ազատվել էր 2017 թվականին։ Նրա մասնակցությամբ նիստից ոչինչ չբացահայտվեց:
Ապրիլյան պատերազմի ժամանակ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ, ներկայումս վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանին հյուրընկալելիս հանձնաժողովը փորձեց փարատել հետախուզության հետ կապված հարցերը: Մանրամասներ, սակայն չհրապարակվեցին:
Կարապետյանն ինքն ասաց. «Իմ բոլոր տեղեկություները գաղտնիության խնդիր ունեն, որովհետեւ Ադրբեջանի համար կարեւոր է իմանալ՝ հետախուզությունն իմացե՞լ է, թե՞ չէ: Երկու պատասխանն էլ շատ կարեւոր է: Եթե չենք իմացել, դա էլ է կարեւոր իրենց համար, եթե իմացել ենք, դա էլ է կարեւոր: Ոչ թե ես չեմ ուզում խոսել, ոչ թե չեմ ուզում պաշտպանվել կամ չգիտեմ՝ ինչ անել, հարցը այստեղ դա չէ, հարցն այն է, որ մենք չենք կարող այդ մասին իրենց ասել: Սա շատ վտանգավոր է»,- պատասխանեց նա:
Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի մասնակցությամբ նիստից հետո Քոչարյանի ամենակարեւոր բացահայտումը հետեւյալն էր. «Այս պահին կարող եմ վստահաբար ասել, որ ՊԲ սպայակազմը իր ձեռքի տակ եղած հնարավորությունները փորձել է օգտագործել մաքսիմալ, ինչքանով կարողացել է»:
«Իմ մասով էլ կա բացթողում. նոր հրամանատարը հաշվի է առել այդ ամենը». քննիչ հանձնաժողովի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց 2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Լեւոն Մնացականյանը եւ հավելեց. «Միանշանակ Պաշտպանության բանակը կատարել է իր առջեւ դրված խնդիրը, հաղթանակել է: Եվ այն թերությունները, որ եղել են…ցանկացած տեղ էլ անելիքներ կան, ինչքան շատ անենք, անելիքներն այնքան շատ են: Պաշտպանության բանակը աշխատում է այդ ուղղությամբ»:
Սերժ Սարգսյանը հանձնաժողով եկավ իր 1 նախապայմանի ընդունումից հետո. նախապայմանը հետեւյալն էր՝ իրեն տրամադրել իր մասնակցությամբ նիստի ձայնագրությունը: Նիստից հետո նրա միակ բովանդակային բացահայտումը հետեւյալն էր. «Իմ նպատակը շատ պարզ է՝ հասցնել մեր հանրությանը իրական, հավաստի տեղեկություններ ռազմական գործողությունների մասին, որի ընթացքում մենք՝ ես նկատի ունեմ զինված ուժերը, քաղաքացիական հասարակությունը, ընդհանրապես մեր հանրությունը հաղթել է, հաղթել է ոչ միայն մարտի դաշտում, այլ նաեւ դիվանագիտական ասպարեզում»:
Իր մասնակցությամբ նիստից որոշակի բացահայտումներ արեց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Նա պնդեց ավելի վաղ իր արած հայտարարությունը, թե բանակը ոչ միայն իր առջեւ դրված խնդիրն է կատարել, այլ ավելին՝ բանակի հրամանատարական կազմի, զինծառայողների, նրանց ենթակաների հերոսությունների շնորհիվ կարողացել ենք հասնել մարտական գործողությունները կանգնեցնելուն։
«Ասացեք, տեսնեմ, մի աշխատող մարդու, որը սխալներ թույլ չի տալիս։ ՊՆ-ում իմ երկարատեւ աշխատանքի ընթացքում ես ասել եմ՝ սխալ ունենալը եւ դրանք վերացնելը մեծ թերություն չէ, սխալ ունենալը, բայց չվերացնելն արդեն նման է մարտի դաշտում զորքը անտեր թողնելուն»։ Նախկին նախարարն ընդգծեց՝ ճակատագրական սխալներ չեն եղել։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT