Երևան
12 °C
89 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում ամբողջությամբ ընդունվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Նախագծում, մասնավորապես ասվում էր.
Հոդված 1. 1995 թվականի հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության` 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով, 213-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 213. Սահմանադրական դատարանի անդամների (դատավորների) եւ նախագահի պաշտոնավարումը
1. Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված եւ Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տեւողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված եւ պաշտոնավարումը դադարում է:
2. Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամը, ում պաշտոնավարումը չի դադարում սույն հոդվածի 1-ին մասի ուժով, շարունակում է պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր մինչեւ այդ պաշտոնում նրա պաշտոնավարման 12 տարին լրանալը` հաշվի առնելով նաեւ մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը որպես Սահմանադրական դատարանի անդամ պաշտոնավարած ժամկետը:
3. Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը եւ դատավորների ընդհանուր ժողովը: Սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած` Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղերի համար առաջադրումները կատարվում են թափուր տեղն առաջանալուց հետո` մեկամսյա ժամկետում:
4. Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարումը դադարում է: Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո Սահմանադրական դատարանի նախագահն ընտրվում է Սահմանադրության 166-րդ հոդվածով սահմանված կարգով, որն իրականացվում է Սահմանադրական դատարանի դատավորների` սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած թափուր տեղերը համալրելուց հետո:
Հոդված 2. Սույն Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կողմ քվեարկեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները եւ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը: Բարգավաճ Հայաստանն ու Լուսավոր Հայաստանը չմասնակցեցին նախագծի քննարկումներին: «Հեղափոխությունը մտավ Սահմանադրական դատարան». փոփոխությունների ընդունման լուրը ահա այս բովանդակությամբ գրառումներով համացանցում միմյանց հայտնեցին որոշ պատգամավորներ եւ ընդունված փոփոխություններին կողմ քաղաքացիներ:
Այսպիսով, փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ անդամները պաշտոնանկ կարվեն: Հրայր Թովմասյանը հրաժեշտ կտա ՍԴ նախագահի պաշտոնին՝ դառնալով դատարանի անդամ: 12 տարուց ավելի պաշտոնավարած Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի եւ Հրանտ Նազարյանի լիազորությունների դադարեցումից հետո Կառավարությունը, Դատավորների ընդհանուր ժողովը եւ ՀՀ նախագահը երկամսյա ժամկետում նոր թեկնածուներ կառաջադրեն եւ կհամալրեն Սահմանադրական դատարանի կազմը: Այնուհետեւ դատարանն իր կազմից կընտրի ՍԴ նոր նախագահ՝ 6 տարի ժամկետով:
Ահա սրանք են այն փոփոխությունները, որոնք ըստ էության ընկած էին Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամի լուծմանն ուղղված «Իմ քայլի» թվով 3-րդ նախագծի հիմքում:
Իսկ ճգնաժամը, ինչպես ներկայացրեց նախագծի հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը, գործող Սահմանադրության 7-րդ գլխի եւ գործող ՍԴ անհամապատասխանությունն էր: Գործող Սահմանադրությամբ ամրագրված է՝ ՍԴ 7 դատավորները պաշտոնավարում են 12 տարի, նախագահն ու փոխնախագահը՝ 6: Գործող Սահմանադրության հեղինակները, որոնցից մեկն էլ ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանն է, Սահմանադրության անցումային դրույթներով այս ամենը վերապահել էին միայն 2018-ի ապրիլի 9-ից հետո ընտրված դատավորներին: Իսկ մյուսները, այդ թվում Թովմասյանը, պատրաստվում էին պաշտոնավարել մինչեւ թոշակի անցնելը:
Այսօր ավելի վաղ հրապարակվեց ԱԺ-ում քննարկվող փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, որն ընդհանուր առմամբ դրական էր:
Հանձնաժողովը շեշտել էր, որ ճանաչում է Հայաստանի իշխանությունների ցանկության օրինականությունը` ապահովել, որ Սահմանադրական դատարանի կազմը ողջամիտ ժամկետում համապատասխանի ներկայիս Սահմանադրության դրույթներին, որոնք երաշխավորում են դատարանի անկախության բարձր չափանիշներ եւ Սահմանադրական դատարանի դատավորների հավասար կարգավիճակ։
Հպարտ եմ իմ թիմով. վարչապետ
Սահմանադրական դատարանի կազմը գործող՝ 2015 թվականի Սահմանադրության պահանջներին համապատասխանեցնելուն եւ դրանով ՍԴ-ում առկա ճգնաժամը լուծելուն ուղղված ՀՀ իշխանությունների քայլերին արձագանքեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը:
Մարիա Պեյչինովիչ Բուրիչը իր հայտարարությունում մասնավորապես կոչ էր անում Հայաստանի իշխանություններին՝ երկրում սահմանադրական ճգնաժամը հաղթահարելու գործում առաջնորդվել Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններով եւ 2015 թվականի Սահմանադրության համապատասխան հոդվածների մեղմ կիրարկման միջոցով, Եվրոպայի խորհրդի չափանիշներին համապատասխան։
Վենետիկի հանձնաժողովի առաջարկները այսօր քննարկման առարկա դարձան խորհրդարանում: Չնայած որ ընդհանուր առմամբ ողջունվում էր ՍԴ ճգնաժամին ուղղված ՀՀ իշխանությունների քայլերը, միեւնույն ժամանակ, Վենետիկի հանձնաժողովը ափսոսանք էր հայտնել, որ իշխող խմբակցության կողմից ԱԺ ներկայացված նախագծում հաշվի չի առնվել Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, ըստ որի Սահմանադրական դատարանի կազմի նորացման համար պետք է նախատեսել անցումային ժամանակաշրջան, որը թույլ կտա աստիճանաբար փոխել դատարանի կազմը՝ այդ ինստիտուտի անկախությունը վտանգող կտրուկ եւ անհապաղ փոփոխություններից խուսափելու համար:
ԱԺ-ում խոսելով այս մասին՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ հանձնաժողովն առաջարկել է այդ անցումային շրջանը որոշել այդ դատավորների՝ նախորդ Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման ժամկետների հարաբերակցությամբ: Նախարարի խոսքով, սակայն, այդ առաջարկը խնդիր կարող է առաջացնել: Մասնավորապես, կարող է լինել իրավիճակ, որ այն դատավորները, որոնց լիազորությունները ենթակա կլինեն դադարեցման, անցումային շրջան սահմանելու դեպքում ավելի երկար կպաշտոնավարեն, քան այն դատավորները, որոնք սահմանափակված են լինելու 12 տարի ժամկետով:
Խոսելով Վենետիկի հանձնաժողովին իր կողմից ուղղված եւ ստացված պատասխանների մասին՝ նախարարը շարունակեց.
«Դիմել էինք Վենետիկի հանձնաժողով՝ առաջադրելով իրավական երեք հարց, որոնք վերաբերում են՝ 2015 թվականի Սահմանադրական փոփոխություններով նախատեսված, սակայն չիրագործված Սահմանադրական դատարանի նոր մոդելի իրագործմանը, ՍԴ-ի կողմից Սահմանադրության փոփոխությունների նախնական քննության շրջանակի հստակեցմանը եւ այդ քննության ժամկետին, Ազգային ժողովի՝ նախապես հայտարարված հանրաքվեն չեղարկելու հնարավորությանը, որը կասեցվել է համավարակի պատճառով հայտարարված արտակարգ դրության հիմքով։ Այպիսով Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել իրավական երեք հարցի առնչությամբ, շեշտել է առաջարկվող լուծումների լեգիտիմ նպատակը: Նշվել է նաեւ, որ դատավորների անփոփոխելիության սկզբունքը ԵԽ տարածքում չափազանց կարեւոր երաշխիք է եւ խորհուրդ է տալիս ցանկացած փոփոխություն կատարել զգուշավորությամբ»:
Նախարարն ասաց նաեւ, որ ՍԴ նախագահի նշանակման գործընթացի վերաբերյալ հանձնաժողովն ընդունելի է համարել իշխանությունների փաստարկը՝ շեշտելով, որ ՍԴ նախագահն ընտրվել է նախորդ նախագահի պաշտոնավարումից ընդամենը մի քանի օր առաջ: Հանձնաժողովը նաեւ ընդունել է, որ տվյալ համատեքստում փոփոխությունների ընդունման եւ դրանց վերջնական իրականացման միջեւ ընկած ժամանակահատվածը, որը կարող է տեւել մինչեւ 20 տարի, սովորականից չափազանց ավելի երկար է: Ըստ հանձնաժողովի կարծիքի՝ այն հանգեցնում է 2015 թվականի փոփոխությունների իրագործման խափանմանը:
Բադասյանն ասաց, որ Վենետիկի հանձնաժողովի տված կարծիքը եւ քննարկվող նախագիծն ամբողջությամբ համահունչ են:
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հարցին ի պատասխան Բադասյանն անդրադարձավ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի կարծիքին, թե Վենետիկի հանձնաժողովը իրավունքը ակնհայտորեն ծառայեցրել է օրվա իշխանության քաղաքական նպատակներին:
«Վենետիկի հանձնաժողովի նման հեղինակավոր կառույցը չի կարող որեւէ կերպ, որեւէ դեպքում իր հեղինակությունը եւ ընդհանրապես իրավունքի սկզբունքները մի կողմ դնել եւ որեւէ երկրի, որեւէ իշխանության համար հարմար տարբերակ մատուցել»,- արձագանքեց Բադասյանը՝ ցավ հայտնելով Հարությունյանի գնահատականների վերաբերյալ:
Անդրադառնալով Սահմանադրությունում առաջարկվող փոփոխություններին՝ նախագծի հիմնական զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն իր ելույթում ասաց, որ Հայաստանն արժանի է ունենալ հանրության վստահությունը վայելող Սահմանադրական դատարան եւ խորհրդարանի պարտավորությունն է լուծել ՍԴ ճգնաժամը՝ ապահովելով բնականոն զարգացումը: Ընդգծեց՝ այս նախաձեռնությունն արվում է հանուն Հայաստանի Հանրապետության:
Գրեթե նույնական էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի կարծիքը Սահմանադրության փոփոխությունների նախագծի մասին: Ասաց՝ ժողովուրդն ուզում է ունենալ անկախ, արհեստավարժ, վստահություն վայելող, կայուն ՍԴ:
«Ի՞նչ ենք ուզում մենք: Մենք պարտավոր ենք ուզել եւ իրականացնել այն, ինչ ուզում է մեր հասարակությունը: Ի՞նչ է ուզում եւ խորհուրդ տալիս Վենետիկի հանձնաժողովը: Վենետիկի հանձնաժողովն ուզում է, որ ՀՀ-ն ունենա անկախ, արհեստավարժ, ապաքաղաքականացված եւ կայուն ՍԴ: Մեր ներկայացրած նախագիծը հենց այն կոմպրոմիսն է՝ այդ բոլոր ցանկությունների»,- շեշտեց Իգիթյանը:
Նա հույս հայտնեց, որ այս հարցը հաջողությամբ լուծելուց հետո Վենետիկի հանձնաժողովի համար այն կդառնա նախադեպային:
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ կարծիք հայտնեց, որ ներկայացված օրինագիծը ինստիտուցիոնալ է եւ նպատակ ունի ուժեղացնել Հայաստանում սահմանադրական արդարադատությունը:
«Անթույլատրելի է ունենալ Սահմանադրական դատարան, որտեղ կան տարբեր կարգավիճակներ, որտեղ կան արտոնյալներ եւ ոչ արտոնյալներ, որտեղ կան անձինք, ում լիազորություններն ավելի ուշ են սկսվել եւ ավելի շուտ են ավարտվելու, որտեղ կան անձինք, որոնք փորձում են ասել՝ մենք անձեռնմխելիության ավելի մեծ ծավալ ունենք, քան մյուսները: Այս ամենը հանգեցնում է նրան, որ սահմանադրական արդարադատության համակարգը սկսում է խարխլվել: ՀՀ-ում պետք է ՍԴ, անկախ, պրոֆեսիոնալ ՍԴ, եւ որ առավել կարեւորն է՝ ՍԴ, որի հեղինակությունն անբեկանելի է թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կողմից»,- ասաց նա:
Նրա համոզմամբ՝ ՍԴ-ն ու այնտեղ գտնվող դատավորները պետք է օժտված լինեն հետեւյալ չափորոշիչներով. նախ եւ առաջ պրոֆեսիոնալիզմ, չեզոքություն, վստահելիություն, թափանցիկություն եւ անբեկանելի հեղինակություն:
«Ցավում եմ. հատկապես վերջին շրջանում խոսելով ՍԴ մասին, հետեւելով ՍԴ վարքագծին՝ ավելի շատ տեսնում ենք քաղաքական մարմին, քան արդարադատություն իրականացնող: Սա անթույլատրելի է»,- շեշտեց նա:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ նշեց, որ շուրջ 1.5 տարի է՝ իշխող ուժը ՍԴ ճգնաժամից լավագույնս դուրս գալու համար լուծման տարբերակներ է փնտրում: «Այս 1.5 տարվա ընթացքում մենք ունեցել ենք հնարավորություն, նաեւ ՍԴ-ն է ունեցել հնարավորություն՝ ինքնուրույն վերափոխվելու, ինքնաբարեփոխվելու: Եվ այդ առումով ԱԺ ձեւավորումից հետո ունեցել է հանձինս մեզ՝ պատգամավորներիս, գործընկերներ բարեփոխումներ իրականացնելու համար: Ցավոք, ոչ միայն դա տեղի չունեցավ, այլ տեղի ունեցան շատ այլ անընդունելի զարգացումներ: ԱԺ-ն քայլեր կատարեց անկախ ՍԴ ունենալու համար: Ի պատասխան մեր այդ նախաձեռնությունների՝ մեր բոլոր գործողությունները սահմանափակվեցին, ինչից հետո որոշում կայացվեց անցկացնել հանրաքվե:
Մենք մնում ենք այն համոզման, որ, իհարկե, դա կլիներ լավագույն տարբերակը իրավիճակը շտկելու համար, բայց կորոնավիրուսով պայմանավորված՝ մենք չենք կարող իրականացնել սահմանադրական հանրաքվե:
Մենք ՀՀ քաղաքացիների դատին ենք ներկայացնում այն նախագիծը, որն այսօր դրվել է քննարկման: Իհարկե, այս ուծումը, կարծում եմ, միջանկյալ լուծում է, եւ դրա համապարփակ եւ խորքային անդրադարձն ու լուծումը կտրվի խորքային սահմանադրական փոփոխությունների արդյունքում»,- նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Նախագիծը դրվեց քվեարկության եւ ընդունվեց 89 կողմ ձայներով:
Այնուհետեւ ժամանակ տրվեց պատգամավորներին՝ առաջարկությունների համար:
Այս ընթացքում հրավիրվեց Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստ, որի ընթացքում քննարկվեցին եւ հավանության արժանացան մի շարք առաջարկներ:
Մասնավորապես, ինչպես երկրորդ ընթերցմամբ քննարկման սկզբում տեղեկացրեց Վահագն Հովակիմյանը, առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում նախագիծը լրացվեց Սուրեն Գրիգորյանի մի շարք առաջարկներով: Գրիգորյանն առաջարկել էր Սահմանադրական դատարանի անդամի թափուր տեղերի համար առաջադրումները կատարել թափուր տեղն առաջանալուց հետո ոչ թե մեկամսյա, ինչպես նշված էր նախագծի սկզբնական տարբերակում, այլ երկամսյա ժամկետում:
Խոսելով արդեն 2-րդ ընթերցմամբ քննարկվող նախագծի արդյունքում ակնկալվող իրավիճակի մասին հարակից զեկուցող Նազելի Բաղդասարյանը հայտարարեց, որ Սահմանադրական դատարանի երկարամյա ճգնաժամը լուծվում է: «Մեզ ասում են, որ մենք սահմանադրական կարգ ենք տապալում, բայց դա այդպես չէ, մենք վերադարձնում ենք Սահմանադրությանն իր ոգին եւ հավատարիմ ենք մնում մեր որդեգրած սկզբունքներին»,- ասաց պատգամավորը:
Քվեարկությունից առաջ իր վերջնական կարծիքը նախագծի մասին եւս մեկ անգամ հայտնեց նաեւ Արդարադատության նախարարը: Ռուստամ Բադասյանի խոսքով՝ ՀՀ քաղաքացիներն ուզում են անկախ, չկոռումպացված դատական համակարգ, իսկ այս գործընթացին դիմադրում են նախկին կոռումպացված համակարգի շահառուները: «Բայց մենք պետք է ի կատար ածենք ժողովրդի ցանկությունը, քանի որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին»,- ասաց նախարարը:
Մինչ նախագծի երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը, խորհրդարանը քննարկեց եւ 89 դեմ ձայնով մերժեց Սահմանադրական փոփոխության վերաբերյալ ՍԴ դիմելու որոշման նախագիծը: Վահագն Հովակիմյանը, բացատրելով ՍԴ դիմելու ոչ արդյունավետ լինելը, ասաց, որ ՍԴ-ն այս հարցի կողմ է եւ որոշում կայացնելիս չի կարող օբյեկտիվ լինել: Ուստի անիմաստ է այս հարցով ՍԴ դիրքորոշում խնդրել:
Այնուհետեւ ԱԺ պատգամավորները 89 ձայնով երկրորդ ընթերցմամբ ընդունեցին պատգամավորների մեկ քառորդի կողմից առաջարկված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը:
Ապա հրավիրվեց եւս մեկ արտահերթ նիստ, որի ընթացքում փոփոխության ենթարկվեց «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքը:
Գործող օրենքով Սահմանադրական փոփոխությունների նախագիծն ուղարկվում է ստորագրման ՀՀ նախագահին: Որոշվեց հանել այդ կարգավորումը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ կարծիքներ կան, թե սրանով ԱԺ-ն փորձում է լիազորություն վերցնել ՀՀ նախագահից, սակայն, ըստ նրա, դա ապատեղեկատվություն է: «Այս նախաձեռնության այդ հատվածն ինտենսիվորեն քննարկվել է ՀՀ նախագահի աշխատակազմի հետ, եւ ավելին՝ այնտեղից են մեզ գործընկերաբար առաջարկել շտկել բացը, ինչը եւ մենք անում ենք: Ուստի խնդրում եմ զանազան ապատեղեկատվության չտրվել»,- ասաց Միրզոյանը:
Այսպիսով, «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքը ՀՀ նախագահի կողմից ստորագրվելուց հետո ՀՀ ԱԺ նախագահը կհրապարակի Սահմանադրական փոփոխությունների փաթեթը, եւ այդ պահից ՍԴ նախագահը պաշտոնանկ կհամարվի, իսկ ՍԴ երեք դատավորների լիազորությունները կդադարեն:
«Հպարտ եմ մեր քաղաքական թիմով՝ «Իմ քայլը» խմբակցությամբ»,- այսօր անդրադառնալով Սահմանադրության փոփոխություններին՝ ֆեյսբուքի իր էջում գրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հ. Գ. ԱԺ նիստը բոյկոտած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նիստից հետո հայտարարություն տարածեց՝ ընդգծելով, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հակասահմանադրական է:
««Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը, օգտվելով ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի առաջին մասի 2 կետով սահմանված լիազորությունից, նախաձեռնում է ԱԺ պատգամավորների մեկ հինգերորդի ստորագրահավաք՝ այսօր խորհրդարանի կողմից ընդունված որոշման սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար: Դիմում ենք «Լուսավոր Հայաստան» կուսակցության մեր գործընկերներին ՝ միանալ այս նախաձեռնությանը ՝ մեր երկրում իրավական անվտանգությունը պաշտպանելու եւ սահմանադրական կարգի տապալումը կանխելու համար»,- ասվում էր հայտարարությունում:
««Բարգավաճ Հայաստան» խմբակցության գործընկերներս չեն կարող դիմել Սահմանադրական դատարան վիճարկալու այսօր Սահմանադրության 213-րդ հոդվածում Ազգային ժողովի կողմից կատարված փոփոխության սահմանադրականությունը։ Եվ ոչ թե այն պատճառով, որ նրանց 2 ձայն է պակասում, այլ որովհետեւ Սահմանադրությունը թույլ չի տալիս։ Սենց էլ անորոշ վիճակ»,- ֆեյսբուքի իր էջում գրեց «Իմ քայլից» Արուսյակ Ջուլհակյանը՝ տեղեկացնելով, որ պատգամավորները Սահմանադրական դատարան կարող են դիմել Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին, 4-րդ եւ 6-րդ կետերով սահմանված դեպքերում, իսկ այդ դեպքերի թվում Սահմանադրության փոփոխությունների նախագծի համապատասխանության հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավունքը չկա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան
«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան
Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել
Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը
Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել
Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին
Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու
Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ
2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը
Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են
Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում
Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ
Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած
«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի
Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու
Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ
Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը
Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան
Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT