Երևան
12 °C
Սյունիքի մարզում գտնվող Շաքիի ջրվեժը Հայաստանի ամենաբարձր ջրվեժն է: Այն զբոսաշրջիկների ամենաշատ այցելվող վայրերից մեկն է Հայաստանում: Բնության այս հրաշքը, որ նաեւ ամրագրված է որպես բնության հուշարձան, ամեն օր տեսնելու են գալիս հազարավոր զբոսաշրջիկներ:
Նոր կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակում, Շաքին այս տարի միայն հայ զբոսաշրջիկներ է ընդունում: Քիչ չեն եղել դեպքերը, երբ զբոսաշրջիկները, կտրելով հարյուրավոր կիլոմետրեր, հասել են ջրվեժ ու տեսել Շաքին ցամաքած վիճակում: Պատճառը՝ տարածքում գործող ՀԷԿ-ն է, որն իր հերթին ջրվեժի ջրի 90 տոկոսից ավելին վերցնում է խողովակների մեջ: Մեր այցի ժամանակ՝ առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում, ջրվեժը գրեթե ամբողջությամբ ցամաքած էր: Տարածքում առեւտրով զբաղվողներն ասացին՝ «Մի ժամից ջրերը կտան»: Սպասելու փոխարեն որոշեցինք այցելել Գորիս: Ճանապարհին հանդիպած մի քանի քաղաքացիներ խորհուրդ տվեցին դիմել ՀԷԿ-ին. «Ջրվեժի ջուրը շուտ միացնելու համար 5000 դրամ տուր, կմիացնեն, կտեսնեք»: Մի կողմից զարմանք, մյուս կողմից՝ զայրույթ: Հայաստանի հյուսիսից հարավ հասնել ու բնության այս հրաշքը չտեսնելը, տեսնելու համար էլ գումար վճարելը աբսուրդ էր: Այս իրավիճակում շատերն էին հայտնվել, էլի կային քաղաքացիներ, ովքեր առավոտյան որոշել էիին առաջինը վայելել Շաքին, հետո արդեն սյունյաց աշխարհի մյուս հրաշքները:
Պարզվում է՝ ջրվեժը կառավարվում է «պուլտով», միացնում-անջատում են կոնկրետ ժամերի, ասել է թե՝ ջրվեժն «աշխատում է» գրաֆիկով: Ժամանակից շուտ ես հասել, պետք է լավագույն դեպքում խնդրել ՀԷԿ-ին, վատագուն դեպքում՝ վճարել: Սա քաղաքացիների խորհուրդ-առաջարկն էր մեզ:
ՀԺ-ն գնաց խնդրի հետքերով, պարզելու՝ ում է պատկանում ՀԷԿ-ը, ով եւ երբ է թույլատրել ամբողջությամբ վերցնել ջրվեժի ջուրը, ում ձեռքում է ջրվեժը «միացնել-անջատելու» վահանակը, որ ժամերին է ջրվեժը աշխատում, որ ժամերին են «ջրերը» կտրում, ով եւ ինչու է գումար վերցնում: Արդյոք պահպանվում է ջրօգտագործման թույլտվությունն ու ինչպես է այն վերահսկվում:
«Շաքի» փոքր ՀԷԿ-ը պատկանում է «Հակոբջանյանի եւ Գալստյանի ՀԷԿ» ՍՊԸ-ին: Համասեփականատերերն են Աղասի Գալստյանն ու Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը, ով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի աներն է: Աղասի Հակոբջանյանը վերջերս է մահացել:
Տնօրենը Արսեն Գալստյանն է: ՀԺ-ի հետ զրույցում ասաց՝ այն գնվել է պետությունից 1996թ-ին, այնուհետ ինքն էլ է դարձել համասեփականատեր: Ջրօգտագործման թույլտվությունը սկզբում եղել է վայրկյանում 2 խմ, որը քննարկումների արդյունքում իջեցվել է. «Զբոսաշրջային պետական կոմիտեի, զբոսաշրջային ընկերությունների, բնապահպանության նախարարության եւ մեր համատեղ քննարկումների արդյունքում եկանք համաձայնության, որ պետք է ժամային գրաֆիկ սահմանվի: Այսինքն՝ զբոսաշրջային սեզոնին՝ մարտի 15-ից մինչեւ նոյեմբերի 15-ը սահմանվում է որոշակի գրաֆիկ: Ըստ այդմ՝ մարտի 15-ից ապրիլի 30-ը ժամը 11:00-ից 17:00, մայիսի 1-ից սեպտեմբերի 30-ը՝ 11:00-ից 17:00-ն, սեպտեմբերի 1-ից մինչեւ նոյեմբերի 15-ը՝ 11:00-ից մինչեւ 17:00-ն: Բայց դա չի նշանակում, որ այս ժամային գրաֆիկից շուտ կամ ուշ ջուրը չենք միացնում, ինչքան մարդ եկել է, զանգել ինձ տեղեկացրել են՝ միացրել ենք»,-ասաց տնօրենը: Թե որտեղից պետք է Շաքի այցելող քաղաքացիներն իմանան տնօրենի համարը, երբ որեւէ տեղ այն գրված չէ, ասաց. «Բոլոր զբոսաշրջային կառույցներն ունեն, ժամերն էլ գիտեն, հարմարեցրել ենք իրենց հետ, բայց եթե շուտ են գալիս, շուտ ենք միացնում, իսկ սահմանված ժամկետում անհնար է, որ ջրվեժում ջուր չլինի»:
Դիտարկմանը, որ ըստ քաղաքացիների ու զբոսաշրջային ընկերություններից մեկի աշխատակցի՝ շատ հաճախ 5000 դրամ են տալիս՝ ջրվեժը շուտ միացնելու համար, ասաց. «Անհնար է նման բան: Տարածքը սիրուն սարքել ենք, ներդրումներ ենք արել, ու պայմանական, եթե ընդունենք, որ 5000 դրամ են վերցնում, ապա դա ես չեմ վերցնում, բացառվում է, որ որեւէ մեր աշխատակից որեւէ մեկից փող վերցնի: Նախկինում նման բան արել են, պատժվել են, բոլոր աշխատողները փոխվել են»,-տեղեկությունները կտրականապես հերքեց տնօրենը, առաջարկելով կոնկրետ անուններ տալ. «Նման վերջին դեպքը մի 7-10 տարի առաջ է եղել: Փող պահանջողի գլուխը տեղում կթռցնենք, չի կարա նման բան լինի: Շուտ եկած քաղաքացիները մոտենում են ՀԷԿ, ՀԷԿ-ից զանգում են ինձ, միացնում ենք»:
Արդեն նշեցինք, որ մյուս սեփականատերը Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանն է՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի աները: ՀԺ-ի հետ զրույցում Կարեն Համբարձումյանը չհերքեց՝ իր աներոջ ընտանիքին է պատկանում. «96թ-ից աճուրդի միջոցով ձեռք են բերել պետությունից, բարեխիղճ հարկատու են, ես սա ասում եմ որպես տնտեսական հանձնաժողովի անդամ, հարկերը օրենքի սահմանում մինչեւ հիմա վճարում են, ես խնդիր չեմ տեսնում»: Մեր հարցին՝ արդյոք ժամային գրաֆիկով աշխատող ջրվեժը չի խոչընդոտում զբոսաշրջությանը, պատգամավորը նախ զարմացավ, որ ջրվեժը ժամով է աշխատում, ապա հորդորեց ՀԷԿ-ի հետ կապված բոլոր հարցերով դիմել տնօրենին: Ինչ վերաբերվում է քաղաքացիների նշած՝ գումարի դիմաց ջրվեժի ջուրը միացնելուն, ասաց. «Եթե որեւէ մեկը գումար է պահանջում՝ ջուրը միացնելու համար, ես խնդրում եւ հորդորում եմ՝ դիմեն ոստիկանություն, դա անթույլատրելի է եւ վստահ կարող եմ ասել, որ չի եղել սեփականատերերի կողմից երբեւէ նման որոշում: Եթե նման առաջարկ անող կլինի՝ թող դիմեն ոստիկանություն, ինչ վերաբերվում է ձեր նշած գրաֆիկին, որից ես տեղյակ չեմ, եթե խախտում են գրաֆիկը՝ թող տնօրինությունը պատասխան տա, բայց ամենայն ազնվությամբ նման ահազանգ ես թե որպես սիսիանցի, թե որպես պատգամավոր, թե որպես Հակոբջանյանի փեսա, երբեք չեմ լսել, չեմ լսել նաեւ, որ երբեք իրենք օրենք խախտած լինեն: Չի կարող մեկը օրենքը շրջանցի ու մնա անպատիժ, ով ուզում է լինի»:

Շաքիի ջրվեժը՝ մինչ միացնելը
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանն ասաց՝ Շաքիի ջրվեժի մասով կա կոնկրետ ժամանակացույց, թե ինչ գրաֆիկով է այն գործելու, որն ամրագրված է ջրօգտագործման թույլտվության մեջ. «Կան ժամեր, երբ ջուրը բաց է թողնվում, կան ժամեր, երբ կտրում են ջուրը: Շաքիի ջրվեժը համարվում է բնության հուշարձան, բայց սրան զուգահեռ թույլատրվել է ջրօգտագործման թույլտվության սահմաններում աշխատել ՀԷԿ-ին՝ ժամանակացույցին համապատասխան»,- ասաց պարոն Գրրիգորյանը, առաջարկելով մյուս բոլոր հարցերը ուղղել գրավոր:
Ինչ վերաբերվում է ժամանային գրաֆիկի խախտմանը, ապա ըստ Դավիթ Գրիգորյանի՝ քաղաքացիները պետք է դիմեն բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին, քանի որ վերահսկող մարմինն իրենք են: Արդյոք նախարարությունը առաջիկայում կվերանայի Շաքիի ջրվեժի օգտագործամ թույլտվությունը, պատասխանելով այս հարցին ասաց. «Այս պահին շրջակա միջավայրի նախարարությունում վերանայվում են ոչ միայն ջրօգտագործման թույլտվությունները, այլ նաեւ անտառային տարածքների վարձակալության պայմանները»: Ինչ վերաբերում է տարածված այն լուրերին, թե Շաքիի ջրվեժը սեփականաշնորհվել է տարիներ առաջ, Դավիթ Գրիգորյանն ասաց. «Ջրվեժը չի կարող սեփականություն համարվել, ինքը բնության հուշարձան է, որեւէ մարդ, ով կասի, որ Շաքիի ջրվեժը իր սեփականն է, ինքը առնվազն պետք է պետության կողմից տրված փաստաթուղթ ներկայացնի, ինչը, ես վստահ եմ, որ չկա»:

Ջրվեժը՝ միացնելուց հետո
ՀԺ-ն կապ հաստատեց նաեւ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի մարզային բաժնի պետ Արտակ Սահակյանի հետ, պարզելու՝ կան արդյոք արձանագրված խախտումներ ՀԷԿ-ի գործունեության ու ջրվեժի ջրօգտագործման մեջ: Պարզվեց՝ 2018թ-ից մինչ օրս որեւէ ստուգում չի արվել:
«Կատարվող ստուգումներն ընթանում են ստուգումների մասին օրենքի համաձայն, տեսչական մարմինը ստուգում կատարում է կամ տարեկան պլանային ստուգումների ցանկով՝ կառավարության որոշմամբ, բայց «Շաքի» ՓՀԷԿ-ը որպես բնապահպանական վերահսկվող օբյեկտ ներառված չի եղել 2018-2020 թթ ստուգման ծրագրում, չի եղել քաղաքացիների բողոք-դիմումներ, որոնք հիմք կտային ստուգումներ անելու, մենք հաճախ ենք կատարել այցեր ու ուսումնասիրություններ, ուսումնասիրությունների արդյունքում այսքան ժամանակ խախտումներ չեն արձանագրվել, եղել են բողոքներ զբոսաշրջիկների կողմից առ այն, որ եղել են ջրվեժում, սակայն ջուր չի եղել, սակայն ամբողջ հարցը նրանում է, որ Շաքիի ջրվեժն ունի անձնագիր, որտեղ հստակ նշված է ջրօգտագործման թույլտվության պայմանները: Բոլոր այն ժամանակահատվածները, երբ նշված գրաֆիկից դուրս են լինում, խախտում է, բայց երբ զբոսաշրջիկը գնում ու տեսնում է, որ ջուր չկա, բայց գրաֆիկով դա թույլատրված է, այդտեղ խախտում չկա: Տվյալ պարագայում տնտեսվարողին մենք չենք կարող մեղադրել, թե ինքը ջուր չի թողել, քանի որ այդ թույլտվությունը պետությունն է տվել՝ տալով նաեւ ժամային գրաֆիկը», - ասաց տեսչական մարմնի ղեկավարը, հավելելով, որ մինչ օրս որեւէ լուրջ խախտում չի արձանագրվել:
Դիտարկմանը՝ արձանագրվել են արդյոք դեպքեր, երբ պետք է ջրվեժը ըստ գրաֆիկի գործեր, սակայն չի գործել, մարզային բաժնի պատասխանատուն բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ եթե լիներ՝ վարչական վարույթ կսկսեին. «Իմ հիշելով 2018-2019թ-ից առ այսօր 2 անգամ նման դեպք է եղել, համապատասխան ընթացք է տրվել, վարույթ է իրականացվել, բայց ես 2019թ- հոկտեմբերից եմ աշխատում, դա մինչեւ ինձ է եղել, իմ օրոք նման դեպք չի եղել»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT