Երևան
12 °C
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան N 153 հիմնական դպրոցի բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և այլք:
Դիմելով ներկաներին՝ վարչապետն իր խոսքում նշել է.
«Հարգելի գործընկերներ,
Սիրելի ծնողներ,
Սիրելի աշակերտներ,
Շատ սիրելի առաջին դասարանցիներ,
Այսօր առավոտից մտածում եմ, թե ինչ ասեմ այս ամբիոնից, որն իսկապես իմաստալից լինի և օգնի ձեզ ձեր ամենօրյա կյանքում: Եվ ես մտածեցի մի այսպիսի նախադասություն, որ 21-րդ դարում առանց կրթության ոչինչ անել հնարավոր չէ: Եվ մտածեցի, որ հիմա մեր երեխաները շատ քննադատաբար են վերաբերվում ամեն ինչին, և նա, ով քննադատաբար է վերաբերվում, համոզված եմ՝ շատերը, այս նախադասությունն իր մեջ վերլուծելով, կարող է արձագանքել այսպես. օրինակ, առանց կրթության հնարավոր է «Մերսեդես G» կարգի, կամ ինչպես ժողովրդի մեջ են ասում, կներեք այս բառի համար, «յաշիկ» Մերսեդես ձեռք բերել: Ճի՞շտ է: Այո՛, կարող է այս նախադասությունը գոյություն ունենալ: Բայց եթե հնարավոր է առանց կրթության ձեռք բերել «G» կարգի «Մերսեդես», ապա առանց կրթության հնարավոր չէ ստեղծել «G» կարգի «Մերսեդես»:

Ինչպիսի՞ ապագա ենք ուզում Հայաստանի Հանրապետության համար: Մենք ուզում ենք պայմանականորեն «G» կարգի «Մերսեդեսի» վարողնե՞ր լինել միայն, թե՞ մենք ուզում ենք լինել դրա ստեղծողը, դրա արտադրողը: Մենք ուզում ենք լինել սպառո՞ղ, թե՝ ստեղծող: Առանց կրթության, այո՛, հնարավոր է ինչ-որ աստիճանի նյութական բարեկեցություն ստեղծել, բայց առանց կրթության հնարավոր չէ տիեզերք թռչել: Ես ուզում եմ, որ սա լինի մեր ընտրությունը: Մենք ի՞նչ ենք ուզում, ինչպիսի՞ ապագա ենք ուզում տեսնել ձեզ համար. որ դուք առավոտյան արթնանաք, մոտենաք ձեր խոհանոցին, բացեք ձեր սառնարանը և այնտեղ տեսնեք տարատեսակ սննդամթերք, ուտելիքներ՝ երշիկներ, պանիրներ, մուրաբաներ, թե՞ մենք ուզում ենք, որ դուք առավոտյան արթնանաք, ունենաք շատ քաղաքակիրթ, առողջ նախաճաշ և շատ արագ գնաք զբաղվելու տիեզերքը նվաճելու ձեր ամենօրյա գործով:

Ես ուզում եմ, որ մենք բոլորս և հատկապես՝ դուք սիրելի աշակերտներ, սիրելի երեխաներ, ընկալեք, որ ամեն րոպեն, ամեն ժամը, որ դուք անցկացնում եք այս պատերի ներսում՝ կարևոր է: Այն, թե ձեր կրթական օրակարգի մեջ ամեն րոպեն ինչպես եք անցկացնում, դրանով է որոշվում, թե ինչպես եք ապրելու դուք, թե ինչպիսի երկրում եք ապրելու դուք, ինչպես են ապրելու ձեր երեխաները, ինչպես են ապրելու ձեր ընտանիքները: Եվ ես ուզում եմ, որ դուք ձեր առաջ ոչ թե նպատակ դնեք ունենալ ամենատարբեր փայլուն, ճոխ, թանկ, պսպղան առարկաներ, այլ ես ուզում եմ, որ դուք ձեր առաջ նպատակ դնեք երջանիկ լինելու ձեր ամենօրյա աշխատանքի մեջ: Եվ այս պարագայում ես հավաստիացնում եմ՝ մնացած բոլոր նյութականը կստեղծվի այնպես, որ դուք ինքներդ անգամ չեք նկատի դա»:

Նիկոլ Փաշինյանը հավելել է՝ իր ցանկությունն է, որպեսզի երջանկությունը լինի աշակերտների ամենակարևոր նպատակը և ոչ թե ոսկին: «Ես ուզում եմ, որ ուրիշներին երջանկություն պարգևելը լինի ձեր ամենակարևոր առաքելությունը, որովհետև ուրիշներին երջանկացնելու մեջ է ամենակարևոր երջանկությունը: Եվ ես հավատում եմ, գիտեմ, որ դուք հենց այդպիսին եք: Ես գիտեմ, որ ձեր ծնողների երազանքները հենց այդպիսին են»,- ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ գործադիրի մեծագույն նպատակն է, խնդիրն է, որ Հայաստանում կրթությունը, սովորելը լինի ազգային ապրելակերպ, ազգային կենսակերպ: Վարչապետն ընդգծել է՝ միայն սովորելով է, միայն գիտելիքով է, միայն կրթությամբ է, որ մենք կարող ենք ճանաչել մեր խնդիրները և դրանց լուծումը գտնել, սկսած՝ առողջականից, վերջացրած՝ սոցիալականով ու տնտեսականով:

«Եվ ես ուզում եմ, որ դուք պատրաստ լինեք վաղվա այն պատասխանատվությանը, որն անխուսափելիորեն ծանրանալու է ձեր ուսերին: Այսօր դուք դպրոցում ձեր կրթության ընթացքում մարզվում եք և պիտի մարզվեք, բառիս բուն և փոխաբերական իմաստով, ունենաք ուժեղ մարմին, ունենաք ուժեղ միտք, ուժեղ նպատակներ, որպեսզի վաղը, երբ պատասխանատվությունը ծանրանա ձեր ուսերին՝ այն կրեք հաճույքով, այն կրելու արդյունքում դուք ձեզ զգաք երջանիկ, առաջին հերթին, ամենօրյա աշխատանքով վայելեք ձեր աշխատանքի ստեղծագործական երջանկությունը:
Մեր ճակատագիրը դասավորվեց այնպես, որ այսօր արդեն ձեր փոքրիկ ուսերին ծանրացել է որոշակի պատասխանատվություն: Դուք այսօր դպրոց եք մտնում դիմակներով: Մենք բոլորս հասկանում ենք, թե ինչպիսի մեծ անհարմարություն է դիմակով ապրելը, դիմակով իրար հետ հարաբերվելը: Չնայած վերջերս ես նկատեցի՝ իմ ամենամեծ մտավախությունը դիմակներից այն է, որ այն ծածկում է մեր ժպիտները: Ճի՞շտ է:

Բայց նաև նկատեցի, որ աչքերն ավելի ուժեղ են արտահայտում մեր ժպիտը, ավելի ճիշտ՝ մեր աչքերն օգնում են, որ դրանք ավելի արտահայտիչ լինեն: Այնպես որ, այսօրվանից այդ պատասխանատվությունն ընկել է ձեզ վրա. սա մի կողմից վատ է, որովհետև ճգնաժամի և համավարակի բերումով է, բայց մյուս կողմից էլ լավ է, որ այսօրվանից դուք կարող եք ինքներդ դաստիարակել ձեզ՝ պատասխանատու լինելու ինքներդ ձեր նկատմամբ, ձեր տատիկների, պապիկների, ծնողների, ընկերների նկատմամբ: Եվ դիմակ կրելու պատասխանատվությունը, սոցիալական հեռավորությունը պահելու պատասխանատվությունը ճգնաժամի և համավարակի դեմ պայքարելու ձեր բաժին փոքրիկ պատասխանատվությունը ձեզ համար շատ կարևոր կրթական նշանակություն կունենա»,- նկատել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է աշակերտներին ուսումնական տարվա մեկնարկի և վերակառուցված դպրոց ունենալու կապակցությամբ: Վարչապետը հույս է հայտնել, որ նոր դպրոցը կլցվի նոր բովանդակությամբ, և այդ բովանդակությունը կլինի պարուրված, պարփակված այս երեք կարգախոսի մեջ՝ «ուժեղ և երջանիկ անհատ», «ուժեղ և երջանիկ ժողովուրդ», «ուժեղ և երջանիկ պետություն՝ Հայաստանի Հանրապետություն»:

«Եվ դուք՝ որպես Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, քայլեք հպարտ գիտելիքի, կրթության, ուսման ճանապարհով և դրեք ձեր առաջ բարձր նշաձողեր՝ փոխելու ձեր քաղաքը, փոխելու ձեր երկիրը և փոխելու աշխարհը: Դուք պիտի հավատաք աշխարհը փոխելու ձեր ուժին և պիտի անպայման փոխեք աշխարհը»,- նշել է վարչապետը:
Այնուհետև կառավարության ղեկավարը շրջել է դպրոցով՝ ծանոթացել իրականացված աշխատանքներին և աշակերտների համար ստեղծված պայմաններին:
700 աշակերտ ունեցող դպրոցը վերակառուցվել է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև իրականացվող դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում: Արդյունքում այսօր դպրոցը կարող է ընդունել մինչև 950 աշակերտ:
Վերակառուցման աշխատանքների ընդհանուր բյուջեն կազմել է 1,4 մլրդ դրամ։

Նոր, լուսավոր ու հարմարավետ պայմաններ են ստեղծվել դասասենյակներում, մարզադահլիճում ու հանդիսությունների դահլիճում, գրադարանում: Եռահարկ դպրոցն այսօր հարմարեցված է նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար. կառուցվել են թեքահարթակներ, տեղադրվել է վերելակ, հարմարեցվել են նաև պետքարանները:
Հիմնանորոգման աշխատանքների ընթացքում տանիքին տեղադրվել է արևային էներեգիայի համակարգ, որն ապահովելու է դպրոցի տաք ջուրը: Դպրոցի բակում էլ կառուցվել է նոր խաղադաշտ: Դպրոցն իրականացնում է 9-ամյա կրթություն:


RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT