Երևան
12 °C
Շուրջ 45 տարի ծափեր ու ծաղիկներ, ամենատարբեր բեմեր և հեռուստատեսություն. դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանի անցած արտիստական ուղին սկսվում է 1975 թվականից և հասնում մինչև մեր օրեր: ՀՀ վաստակավոր արտիստուհին այսօր էլ շարունակում է բեմերից և էկրաններից հանդես գալ ամենատարբեր կերպարներում և իր խաղով սիրելի մնալ ոչ միայն ավագ սերնդի, այլ նաև սիրելի դառնալ ներկա սերնդի համար: Անցած արտիստական ճանապարհի, բեմից ու էկրանից այն կողմ՝ կյանքի, թատերական աշխարհի խնդիրների և այլ հարցերի շուրջ մեր զրույցը դերասանուհու հետ՝ ստորև.
- Տիկին Ջուլիետա, 45 տարի է՝ Դուք բեմում եք: 45 տարի առաջ, երբ նոր-նոր Ձեր քայլերն էիք կատարում դեպի թատրոն, դեպի բեմ, հավատո՞ւմ էիք Ձեր հաջողություններին և որ դառնալու եք ճանաչված դերասանուհի։
- Ես ծնվել և մեծացել եմ դերասանների ընտանիքում: Հայրս և մայրս եղել են ինքնագործ խմբակի դերասաններ, և դերասանական տաղանդն ինձ փոխանցվել է հենց նրանցից: Քույրերիցս մեկը ևս եղել է դերասանուհի, որը վաղ տարիքում հիվանդության հետևանքով մահացել է: Ես այդ ժամանակ ինը ամսական էի: Դրանից հետո մայրս միշտ ասում էր, որ Ջուլիաս Ջեմմայիս փոխարեն է ծնվել: Նաև դրանով դրվեց դերասանուհի դառնալուս կնիքը: Թեպետ ես կարծում եմ նաև, որ սա Աստծո տված շնորհք է և իմ առաքելությունը կյանքում: Անկեղծ պիտի ասեմ՝ ճանաչված դերասանուհի դառնալու մասին խոսք անգամ լինել չէր կարող, մտքովս անգամ նման բան չէր անցնում, թեպետ ի սկզբանե հանդիսատեսն ինձ սիրել է: Հանդիսատեսից զատ, իմ խաղը նաև հավանում էին ռեժիսորներ Ռաֆայել Ջրբաշյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Արմեն Էլբակյանը և այլք, բայց անգամ այդ ժամանակ էլ չէի մտածում, որ դառնալու եմ ճանաչված դերասանուհի: Այդ տարիներին անգամ, երբ քաղաքով քայլում էի, մարդիկ ինձ արդեն ճանաչում էին, ողջունում, բայց ես մի տեսակ կարմրում էի, ամաչում՝ չգիտես ինչու:
- Այժմ սովորակա՞ն է դարձել:
- Ո՛չ, հավատացեք: Ես մինչև այսօր էլ անհարմար եմ զգում, որ մարդիկ ինձ արտասովոր աչքով են նայում: Իհարկե, հաճելի է, երբ սիրված ես, գնահատված, պարուրված ջերմությամբ, բայց չեմ ուզում առանձնանալ: Դերասանությունն իմ մասնագիտությունն է, իմ աշխատանքը, ես էլ մարդ եմ՝ կազմված մսից ու արյունից, ինչպես բոլորը:
- Տիկին Ջուլիետա, մենք գիտենք, որ արտիստների կյանքն անցնում է խիստ զբաղվածության պայմաններում. ներկայացումներ, շրջագայություններ, հյուրախաղեր: Անընդհատ ընտանիքից հեռու գտնվելով՝ ինչպե՞ս եք հասցրել նաև լինել կին, մայր, այժմ՝ տատիկ, և արդյոք դա չի՞ հարուցել Ձեր սիրելիների դժգոհությունները:
- Գիտեք՝ ինձ մոտ շատ հետաքրքրիր է այդ դերաբաշխումը եղել: Իսկապես երիտասարդ տարիքում կյանքս անցնում էր այն աստիճան ծանրաբեռնված, որ երբեմն ինքս ինձ մտածում էի՝ կգա՞ մի օր, որ հանգիստ լինեմ: Առհասարակ, իմ կյանքում պետք է ամեն բան հավաք և դասավորված լինի, և եթե վրիպում եմ, ինձ չեմ ներում: Սովորաբար ասում են, թե դերասանուհիները քիչ են տնային գործերով զբաղվում, բայց ես թե՛ որպես կին, թե՛ որպես մայր և թե՛ որպես տատիկ փորձել եմ և փորձում եմ այնպես անել, որ մյուս կանանցից հետ չմնամ, և դա ինձ հաջողվում է: Դրա համար էլ դժգոհելու առիթներ չեմ տվել: Այդ տարիներին անգամ հասցնում էի պահածոներ փակել ոչ միայն ընտանիքիս, այլև հարևաններիս համար էլ: Ճիշտ է, շատ մեծ ռիսկերի էլ եմ դիմել, երեխաներիս շատ ժամանակ ես ու ամուսինս (դերասան՝ Սամվել Բաղինյանը-խմբ.) մենակ թողել ենք տանը և գնացել ներկայացումների: Բայց ասեմ նաև, որ երբ բարձրանում էի բեմ, այլևս ոչ մի բանի մասին չէի մտածում. ես էի և թատրոնը: Ի դեպ, այդպես է մինչև հիմա:


Ջուլիետա Ստեփանյանը ամուսնու՝ Սամվել Բաղինյանի հետ
- Այսպիսի մի տարածված կարծրատիպ կա, որ բեմից, էկրաններից երևացող մարդիկ ապրում են ապահովված և բարվոք կյանքով, այնինչ հաճախ հենց արտիստներն են դժգոհում, որ քիչ են վարձատրվում: Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս են ձևավորվում այս կարծրատիպերը: Արդյոք եթերից մշտապես խնամված երևա՞լն է պատճառը:
- Նախ պիտի ասեմ, որ շատ լավ հարց եք տալիս: Շատ հաճախ մարդիկ դերասանին ընդունում են հենց այնպես, ինչպես նա որևէ կերպար մարմնավորում է: Դրա պատճառով շատ անգամ դերասանները հայտնվում են անհարմար դրության մեջ: Մի օրինակ կուզեմ պատմել իմ կյանքից: Երբ ես «Նռան հատիկ» հեռուստասերիալում հարուստ կնոջ կերպար էի մարմնավորում, ինձ սերիալը դիտողներից նամակներ էին գրել, ժամանակ չէի գտնում՝ դրանք կարդալու, բայց մի օր կարդացի: Պարզվեց՝ մեկն ինձնից 6000 դոլար էր ուզում՝ աղջկա վիրահատության համար, մյուսը՝ 3000՝ սրտի վիրահատության համար, մեկ ուրիշն էլ ամուսնու գերեզմանաքարի համար էր գումար ուզում: Այդ մարդիկ նամակում գրել էին նաև, որ հավատում են ինձ, ու եթե ես նրանց չօգնեմ, կհիասթափվեն մարդկությունից: Կան մարդիկ, որ կերպարն ու իրականը չեն զանազանում: Ցավոք, այսօր դերասաններից շատերը ապրում են միջինից էլ ցածր կյանքով, հասկանում եք՝ դա ինչ է նշանակում: Եթե այսօր սերիալները գոյություն չունենան, թատրոնի դերասանները սովից կմահանան: Թատրոնի տված աշխատավարձը բավական է միայն ճանապարհածախսի համար: Մի ուրիշ բան էլ ասեմ. եթե, օրինակ, սերիալում ինչ-որ մեկը քո ամուսնու կերպարն է մարմնավորում, ասում են՝ իրականում էլ է իր ամուսինը կամ ինչ-որ մի բան կա նրանց մեջ: Բարոյական կնոջ կերպար ես մարմնավորում՝ ասում են՝ վայ, էնքան սիրում ենք Ձեզ, էնքան լավն եք Դուք, խաղում ես անբարոյականի կերպար՝ ասում են՝ իրականում էլ է այդպես: Զավեշտ է:
- Ասում են՝ եթե դերասանին հաջողվում է հանդիսատեսի վրա այնպիսի տպավորություն գործել, որ նա կերպարը նույնացնի դերասանի հետ, ուրեմն նա լավ է խաղացել իր դերը: Այդպես չէ՞:
- Այդպես է, անշուշտ, բայց թող ասեն՝ լավ ես մարմնավորում: Վատն է կամ լավը քո դերը, բայց լավ ես խաղում: Չի կարելի այդքան ցածր մակարդակ ունենալ և կերպարը ասոցացնել իրականի հետ: Այդպիսի մարդիկ գոնե չխոսեն, լռեն, դրանով ավելի լավ տպավորություն են թողնում:
- Սերիալներից խոսեցիք. կարծում եմ՝ տեղյակ եք, որ հանրությունը ոչ միանշանակ վերաբերմունք ունի դրանց նկատմամբ: Շատերը դժգոհություններ են արտահայտում, բողոքում մարմնավորվող կերպարների վարքագծի, փողոցային խոսակցական լեզուն եթեր բերելու և դաստիարակչական առումով բացասական ազդեցություն ունենալու հետ կապված: Արդարացվա՞ծ են այդ դժգոհությունները:
- Մի բան կա. Հայաստանում որքան էլ ուզում ես լավ գործ արա, միշտ քննադատողներ գտնվում են: Գարուն է, անձրև է, քննադատում են, ամառ է, շոգ է, քննադատում են, աշուն է, քամի է, քննադատում են, ձմեռ է, ցուրտ, քննադատում են: Տարվա բոլոր եղանակներին քննադատում են: Մեր ժողովրդի բնավորության գիծն է: Շատ հաճախ ինձ էլ են հարցնում՝ Դուք դիտո՞ւմ եք ռուսական, թուրքական սերիալները: Այո՛, դիտում եմ: Մի լավ խոսք կա՝ քո ոտքը քո վերմակի չափով պիտի մեկնես: Եկեք չմոռանանք, որ այդ երկրները ունեն շատ ավելի մեծ հնարավորություններ և միջոցներ, քան մենք: Ես ինքս էլ հաճախ դժգոհել եմ, բողոքել, որ չի կարելի փողոցից մարդիկ բերել և եթերով ցուցադրել: Այդ մարդկանց հետ աշխատելն էլ է շատ բարդ: Եթե սերիալի դերասանական խումբը ամբողջապես համալրված լինի պրոֆեսիոնալ դերասաններով, բնականաբար, ամեն բան այլ կլինի, բայց քանի որ միջոցները թույլ չեն տալիս, դրա համար ունենք այն, ինչ ունենք: Ինչ վերաբերում է փողոցային ժարգոնը եթեր բերելուն, իհարկե, ինքս էլ կողմ չեմ դրան, բայց այն կերպարները, որոնք պահանջում են խոսել բարբառով, առօրյա-խոսակցական լեզվով, կարծում եմ՝ ավելի ճիշտ է, այդպես բնական է:
- Տիկին Ջուլիետա, ժամանակին թատրոն այցելողները համարվում էին առաջադեմ մարդիկ. ինչ կասեք՝ այժմ երիտասարդները սիրո՞ւմ են թատրոնը, թե՞ ժամանակները փոխվել են, և թատրոնը ևս զիջել է իր նշանակությունը:
- Անկեղծ ասած՝ ես էլ մտավախություն ունեի, որ տեխնոլոգիական այս արագ զարգացումները հնարավոր է՝ նվազեցնեն հոսքը դեպի թատրոն, բայց իմ մտավախություններն անտեղի էին, որովհետև մեր ներկայացումները շարունակում են անցնել լի դահլիճներով, և հիմնական հանդիսատեսը երիտասարդությունն է: Ես գոհ եմ նրանցից: Ճիշտ է, համաճարակային իրավիճակը հիմա մեզ այլ կանոններ է թելադրում, բայց ընդհանուր առմամբ թատրոնը շարունակում է ապրել որպես արժեք և չի կորցրել իր նշանակությունը: Կենդանի արվեստը շարունակում է մնալ պահանջված և կանչող:
- Նշեցիք, որ հանդիսատեսի շրջանում երիտասարդները գերակշռում են: Որպես ավագ սերնդի արտիստուհի՝ ի՞նչ գնահատական կտաք արդի դերասանների խաղին:
- Մենք ունենք հրաշալի երիտասարդություն, և նրանց մեջ բազմաթիվ են տաղանդավոր մարդիկ, օրինակ՝ Սոս Ջանիբեկյանը, Խորեն Լևոնյանը և այլք: Ինձ միշտ հաճելի է նրանց հետ խաղալը: Ես անգամ մեր երիտասարդ դերասաններից սովորելու բան ունեմ և նրանցից շատ բան եմ «գողանում»: Կարծում եմ, որ նրանցից շատերը արդեն իսկ արժանի են բարձրագույն կոչման: Դպրոցականների մեջ էլ եմ ես շատ տաղանդավոր երեխաների նկատում: Միայն ու միայն ուրախ եմ, որ մենք նման սերունդ ունենք, և մեր արժանի փոխարինողներն են:
- Եվ վերջում, կուզեի իմանալ՝ ինչպիսի՞ կարգախոսով եք կյանքում առաջնորդվում:
- Երիտասարդ տարիներից մինչև այսօր ընտանիքիս անդամներին, իմ շրջապատի մարդկանց, իմ գործընկերներին, բոլորին մեկ բան եմ ասում՝ միշտ նայեք առաջ: Նույնիսկ եթե մի քանի րոպե հետ նայեցիր, առջևում է՛լ անելիք չունես: Հիշողություններն իմ կյանքում միշտ ապրում են, բայց ինքս երբեք հետ չեմ շրջվել ու չեմ էլ շրջվի: Հաճախ ինձ հարցնում են, թե ո՞ր տարիքը կուզենաս հետ բերել, պատասխանս միանշանակ է՝ ոչ մի. յուրաքանչյուր տարիք իր գույներն ունի: Որ տարիքում էլ լինեմ, հենց այդ տարիքն եմ սիրելու, սիրելու եմ իմ յուրաքանչյուր բացվող առավոտը... Ես իմ տարիքը չեմ հիշում:
Լուսանկարները՝ Ջուլիետա Ստեփանյանի անձնական արխիվից
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է
Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT