20 հազար զինծառայող փաստացի զոհվելու կամ գերի մնալու վտանգի տակ էր. վարչապետը՝ համաձայնագրի ստորագրման մասին (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ժողովրդին ուղղված ուղերձով՝ խոսելով համաձայնագրի ստորագրման պատճառների եւ առկա իրավիճակի մասին:

Ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ. 

Սիրելի՛ ժողովուրդ, քույրեր եւ եղբայրներ, Հայաստանն ու հայ ժողովուրդն ապրում են չափազանց դժվար օրեր: Մեր բոլորի սրտի մեջ կսկիծ կա, աչքերի մեջ՝ արցունք, հոգու մեջ՝ ցավ:

Սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմի ավարտը այնպիսի մի փաստաթղթի ստորագրմամբ, ինչպիսին էր ՀՀ վարչապետի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագների՝ նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությունը, ըստ էության, հուսահատության ալիք է բարձրացրել եւ այնպիսի հարցեր, որոնց պատասխաններն ակնկալվում են առաջին հերթին ինձանից:

Ինչո՞ւ ստորագրվեց Հայաստանի համար նման ոչ շահեկան փաստաթուղթ.

Դա տեղի է ունեցել այնպիսի պայմաններում, երբ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը զեկուցում էր, որ ամեն րոպեն շատ կարեւոր է եւ ամեն րոպե հարկավոր է կանգնեցնել պատերազմը, իսկ Արցախի նախագահն ահազանգում էր, որ օրերի, որոշ սցենարների համաձայն՝ անգամ ժամերի ընթացքում կարող էինք կորցնել Ստեփանակերտը: Որոշ մարդիկ կարող են ասել, որ եթե արդեն կորցրել էինք Հադրութը, Շուշին, կարող էինք կորցնել նաեւ Ստեփանակերտը, եւ դրանից այլ բան չէր փոխվի: Իրականությունը, սակայն, մի փոքր այլ է: Եթե մենք կորցնեինք Ստեփանակերտը, ինչպես արդեն հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, այդ պահին, ըստ էության, անպաշտպան էր, եւ հետո կորսվելու էին Ասկերանը, Մարտակերտը, ընդ որում, կանխատեսելիորեն, որովհետեւ այս քաղաքները պատերազմի թիկունք էին, առաջնագծից բավական հեռու եւ պաշտպանական կառույցներ եւ ամրություններ չունեին: Նաեւ չկային պաշտպանական այնքան ուժեր, որոնք կարող էին իրականացնել այս քաղաքների պաշտպանությունը:

Իսկ ի՞նչ տեղի կունենար այս քաղաքների անկումից հետո.

Պաշտպանության բանակի առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ պաշտպանական շրջանները կհայտնվեին հակառակորդի շրջափակման մեջ, ինչը նշանակում է, որ մեր ավելի քան 20 հազար զինվորներ ու սպաներ կհայտնվեին հակառակորդի կողմից օղակված վիճակում՝ անխուսափելիորեն հայտնվելով զոհվելու կամ գերեվարվելու հեռանկարի առջեւ:

Այս պայմաններում անխուսափելի կլիներ նաեւ Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջանների անկումը՝ հանգեցնելով ամբողջական աղետի:

Շատերը ժամանակի տրամաբանության բերումով հնարավոր է հարց հնչեցնեն, իսկ ինչո՞ւ էի ես փաստաթուղթը ստորագրելու պահին այդքան մտահոգ մեր զինվորների անվտանգությամբ եւ ինչո՞ւ նույնքան մտահոգ չէի դրանից առաջ:

Խնդիրը հետևյալն է, որ, ըստ էության, հրամանատարի ամենակարեւոր գործառույթը զինվորի առաջ խնդիրներ դնելն է, որոնք ունեն կոնկրետ մարտավարական կամ ռազմավարական նպատակ, եւ հրամանատարը այդ խնդիրներն առաջադրում է՝ հասկանալով, որ դրանց կատարումը կարող է հանգեցնել զինվորի զոհվելուն, հանուն հայրենիքի զինվորի զոհվելուն:  

Փաստացի լինելով գերագույն հրամանատարի դերում՝ պատերազմի մեկնարկի առաջին օրից հենց այդպիսի խնդիրներ եմ դրել բանակի, զինված ուժերի առջեւ, բայց երբ ստեղծվում է իրավիճակ, երբ զինվորը որեւէ կերպ չի կարող ազդել իրադարձությունների հետագա ընթացքի վրա, արդեն ոչ թե զինվորը պետք է զոհվի հանուն հայրենիքի, այլ հայրենիքը պետք է զոհաբերությունների գնա՝ հանուն զինվորի: Հրամանատարը ոչ թե զոհվելու հրաման պետք է տա զինվորին, այլ ինքը պետք է զոհվի հանուն զինվորի:

Այս գիտակցությամբ եմ ստորագրել բոլորիդ հայտնի՝ տխրահռչակ փաստաթուղթը եւ այդ փաստաթուղթը ստորագրելիս հասկացել եմ, որ անձամբ իմ զոհվելու հավանականությունը չափազանց մեծ է՝ ոչ միայն քաղաքական, այլև ֆիզիկական իմաստով, բայց 25 հազար զինվորի կյանքը ավելի կարեւոր էր: Կարծում եմ՝ նաեւ ձեզ համար:  

Սպառնալիքի տակ էր հայրենիքին անմնացորդ ծառայություն մատուցած զինվորների կյանքը, ընդ որում, այդ զինվորները թիկունքում ստեղծվող այդ իրադրության վրա ազդելու ոչ մի հնարավորություն չունեին: Թիկունքում այլեւս չկային մարտունակ այնպիսի ուժեր, որոնք իրատեսորեն կարող էին ազդել իրավիճակի վրա, եւ ուրեմն եկել էր հրամանատարի ժամանակը՝ հանուն այդ զինվորների վտանգելու սեփական կյանքը՝ թե՛ ֆիզիկական, թե՛ քաղաքական առումով: Եկել էր հայրենիքի ժամանակը՝ հանուն հայրենիքի ոչինչ չխնայած այդ զինվորների համար գնալ զոհողությունների, եւ ես այդ թուղթը ստորագրել եմ հենց այս գիտակցությամբ:

Ընդ որում, այս իրավիճակում եւ պայմաններում հարցը արդեն ոչ թե օրերի եւ շաբաթների տիրույթ էր մտել, որտեղ կարելի էր խուսանավել, խորամանկել, այլ որոշում պետք է կայացվեր ժամերի ընթացքում, հակառակ դեպքում կարող էր սկսվել մի պրոցես, որը կավարտվեր մեր 10 հազար, 20 հազար, 25 հազար զինվորների զոհվելով կամ գերեվարությամբ:

Շատերը հիմա նաեւ այսպիսի հարց են շրջանառում. իսկ ինչո՞ւ հրաժարական չտվեցի՝ այդ թուղթը չստորագրելու համար.

Որովհետեւ դա կնշանակեր դասալքություն, դա կնշանակեր հանուն զինվորի դժոխային առաքելություն կատարելու պարտավորությունը թողնել մեկ ուրիշի ուսերին՝ այն հույսով, որ հետո կասեին, թե վարչապետ Փաշինյանը էնքան հայրենասեր էր, որ էդ ստորացուցիչ թուղթը չստորագրեց, իսկ էս մյուսը թուլամորթ ու դավաճան գտնվեց եւ գնաց նման ամոթալի քայլի: Նաեւ այն պատճառով, որ, ինչպես ասացի, որոշումները պետք է կայացվեին ժամերի ընթացքում, հակառակ դեպքում թափանիվը կարող էր պտտվել, որն այլեւս որեւէ ձեւով հնարավոր չէր լինի կանգնեցնել:

Հաջորդ հարցը, որը պարբերաբար հնչում է, հետեւյալն է. իսկ այդ փաստաթղթի ստորագրումից առաջ ինչո՞ւ չխորհրդակցեցի ժողովրդի հետ: Շատ պարզ պատճառով. ժողովրդի հետ խոսելու ժամանակ պետք է հրապարակային անկեղծորեն ներկայացնեի օբյեկտիվ իրավիճակը, իսկ դա նշանակում է՝ իրադրության մասին մանրամասն տեղեկություններ հաղորդել նաեւ հակառակորդին, դեռ ավելին՝ մեր 25 հազար զինվորների ժամերի ընթացքում շրջափակելու մանրամասն ծրագիր ներկայացնել նրան՝ սրանից բխող բոլոր հետեւանքներով: Եվ հետո, ես խոստացել եմ ժողովրդի հետ քննարկել Ղարաբաղի հարցի կարգավորման տարբերակները, իսկ այս փաստաթղթով ոչ թե հարցի բովանդակային լուծում նախատեսված չէ, այլ՝ ընդամենը ռազմական գործողությունների դադար: Ղարաբաղի հարցը ինչպես լուծված չէր, այնպես էլ լուծված չէ, եւ այս առումով անելիքները դեռ առջեւում են:

Հասկանալի եւ բնականորեն առաջացող հաջորդ հարցը հետեւյալն է. իսկ ինչո՞ւ թեկուզ այսպիսի պայմաններով զինադադարի հնարավոր չէր հասնել պատերազմի առաջին օրերին կամ գուցե մի փոքր ավելի ուշ: Սրա համար երկու պատճառ կար. նախ, դրա համար պետք է առանց մարտի հանձնեինք յոթ շրջան, ներառյալ՝ Շուշին, եւ երկրորդը ռազմական իրադրությունն այնպիսին էր՝ մենք հույս ունեինք, որ նոր ռեսուրսների ներգրավմամբ, գերմարդկային ճիգերով կկարողանանք բեկել իրավիճակը: Այդ էր պատճառը, որ ես, Արցախի նախագահը անընդհատ հանդես էինք գալիս հայրենիքի պաշտպանությանը զինվորագրվելու կոչերով, բայց նաեւ դա փորձում էինք անել այնպես, որ մեր ուղերձը հանկարծ չկոտրի, հուսահատ չանի առաջնագծում կռիվ տվող զինվորին եւ մեր ունեցած պրոբլեմների մասին հավելյալ տեղեկատվություն չտա հակառակորդին: Մենք՝ ավելի կոնկրետ Արցախի նախագահը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, պաշտպանության բանակի հրամանատարը, ես ինքս, ՀՀ Կառավարությունը, մեր քաղաքական թիմի ներկայացուցիչները եւ, բնականաբար, առաջին հերթին կռիվ տվող մեր զինվորները, կամավորները, սպաները, գեներալները ամեն ինչ արել ենք՝ ամեն սանտիմետրը ատամներով պահելու համար: Ու մեր զորքը կռվել է հերոսաբար: Կռվել է ոչ թե հանձնելու, այլ պահելու համար, կռվել է ոչ թե պարտվելու, այլ հաղթելու համար: Ու կռվել է գործնականում երեք բանակների դեմ, բայց, ցավոք, ինչպես Արցախի նախագահը երեկ նշեց իր ուղերձում, մենք բավարար չափով բանակի կողքին չկարողացանք կանգնել: Կամավորական եւ զորահավաքային շարժումը, իհարկե, բազմաթիվ հերոսական դրսեւորումներով այնքան ամուր չգտնվեց, որ հնարավոր լիներ առաջադրած խնդիրը լուծել, ու մենք կանգնեցինք մի իրողության առաջ, որից այլ ելք պարզապես չկար:   

Ինչ վերաբերում է բուն փաստաթղթի բովանդակությանը, այն իսկապես վատն է մեզ համար, բայց պետք չէ այն ավելի վատացնել, քան կա իրականում: Մասնավորապես՝ լուրեր են տարածում Մեղրին հանձնելու մասին, ինչը բացարձակ անհեթեթություն է: Ընդամենը խոսքը տարածաշրջանի տրանսպորտային ուղիները ապաշրջափակելու մասին է, այդ թվում՝ Ադրբեջանից դեպի Նախիջեւան, բայց սա նշանակում է, որ պետք է ապաշրջափակվեն նաեւ Երեւանից Նախիջեւանով Սյունիք տանող տրանսպորտային ուղիները, այդ թվում՝ Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ, ինչը էական նշանակություն կարող է ունենալ մեր երկրի տնտեսության հետագա զարգացման գործում:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, կամ ավելի ճիշտ այն հատվածին, որը գտնվում է Արցախի իշխանությունների վերահսկողության ներքո, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների տեղակայմամբ Լաչինի միջանցքը Գորիսից մինչեւ Ստեփանակերտ անխափան գործելու է, ընդ որում, նաեւ Շուշիի հատվածում: Ռուս խաղաղապահները ապահովելու են նույնպիսի անվտանգություն, եւ Ստեփանակերտ-Երեւան կապը պետք է լինի հուսալի: Խաղաղապահները ապահովելու են նաեւ Արցախի այդ հատվածի սահմանների անվտանգությունը, այնպես որ խաղաղապահների տեղակայման պարագծից ներս գտնվող բնակավայրերի բնակիչները պետք է հնարավորինս շուտ վերադառնան իրենց բնակավայրեր, եւ Հայաստանի ու Արցախի կառավարությունները ամեն ինչ կանեն՝ հնարավորինս արագ ավերածությունները վերացնելու, խաղաղ եւ բնականոն կյանքի համար անհրաժեշտ բոլոր պայմանները ստեղծելու համար:

Սկզբունքային կարեւորություն ունի Ղարաբաղի հարցի վերջնական լուծման եւ Արցախի կարգավիճակի հարցը.

Այս մասով մեր անելիքները չեն փոխվում, եւ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը դառնում է բացարձակ առաջնահերթություն, եւ, ըստ էության, Արցախի միջազգային ճանաչման համար հիմա կան ավելի ծանրակշիռ փաստարկներ:  

Ուզում եմ անդրադառնալ Հայաստանի Հանրապետությունում մեր հետագա անելիքներին. մեր առաջնային խնդիրը երկրում կայունության եւ անվտանգության մթնոլորտի վերականգնումն է, որը ժողովրդի իշխանության ապահովման միակ երաշխիքն է: Այս պահին մենք պետք է սա ապահովենք առաջին հերթին, որ ժողովուրդը լիարժեք տիրապետի իշխանություն ձեւավորելու, իշխանություն ունենալու իր անսակարկելի իրավունքին: Կառավարությունը տուրք չի տալու նախկին իշխանությունների կողմից հովանավորվող ջարդարարների խմբերի սադրանքներին: Տեղի ունեցած անկարգությունների կազմակերպիչներն ու ակտիվ մասնակիցներից շատերը ձերբակալված են, շատերը թաքնվում են, բայց անպայման կհայտնաբերվեն եւ պատասխանատվության կենթարկվեն:

Մեր բոլոր հայրենակիցներին կոչ եմ անում չտրվել սադրանքներին եւ համախմբվել կառավարության շուրջ, որը վճռական է երկիրը այս իրավիճակից դուրս բերելու իր պատասխանատվությունը անմնացորդ կրելու գործում՝ միեւնույն ժամանակ երաշխավորելով, որ ժողովրդին պատկանող իշխանությունը որեւէ մեկը չի խլելու՝ երկիրը թալանի, կոռուպցիայի հորձանուտ վերադարձնելու իր նպատակները իրագործելու համար: Հենց այդ թալանի ու կոռուպցիայի դառը պտուղներն ենք քաղում այսօր, երբ տասնյակ տարիներ երկրի ունեցվածքն ու եկամուտները հոսել են ձեզ հայտնի անձանց գրպաններ եւ ոչ թե բանակի զարգացման գործին:

Սիրելի՛ ժողովուրդ,

Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,

Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,

Սփյուռքի հպարտ հայություն.

Մեր երկիրը ունի ապագա, եւ մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր այս դաժան փորձությունը դառնա այդ ապագայի կարեւոր անկյունաքար, եւ մենք դասեր կքաղենք ազգովի մեր գործած սխալներից:

Շատերը կհարցնեն, թե արդյոք այս դաժան պատերազմից հետո կարելի՞ է խոսել լավ ապագայի մասին.

Այո՛, որովհետեւ այսօր աշխարհում կան նույնիսկ այնպիսի պետություններ, որոնք 20-րդ դարի ամենադաժան կապիտուլյացիաներին են ենթարկվել, բայց այսօր դասվում են աշխարհի ամենահզոր երկրների շարքին: Նրանք դա արել են դաժան պարտությունից հետո՝ կրթության, գիտության, արդյունաբերության ու ժողովրդավարության զարգացման վրա շեշտ դնելով, եւ սա պետք է լինի մեր առաջիկա անելիքը: Եվ ես բոլորիս կոչ եմ անում կենտրոնանալ այս անելիքի վրա՝ հանուն մեր երկիրը հզորացնելու: Հենց սա կլինի մեր լավագույն ծառայությունը մեր նահատակների հիշատակին, մեր վիրավոր եւ հաշմանդամություն ստացած զինծառայողներին, նրանց հարազատներին, ընտանիքներին, մայրերին, հայրերին, կանանց, զավակներին:

Նրանք, իհարկե, մեզ մի հարց պիտի տան՝ զոհվածների հարազատները, թե ի վերջո ինչի՞ համար զոհվեցին իրենց հարազատները: Այս հարցի պատասխանը մեկն է՝ առաջին հերթին Արցախի ժողովրդին ցեղասպանությունից փրկելու համար, հայ ժողովրդի ապրելու իրավունքը պաշտպանելու համար: Մենք պարտավոր ենք մեր հայրենիքը ապրեցնելով ու զարգացնելով տեր կանգնել նրանց արյանը, նրանց զավակների ապագային, նրանց անմնացորդ նվիրումին:   

Մեր խոնարհումը նրանց առջեւ ամենօրյա ստեղծարար աշխատանքն է, կրթությունը, որը պիտի շենացնի մեր երկիրը:  

Եվ ուրեմն՝

Կեցցե Ազատությունը,

Կեցցե Հայաստանի Հանրապետությունը

Կեցցե Արցախի Հանրապետությունը

Եվ կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում:

Խոնարհում մեր նահատակների առաջ»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3529 դիտում

ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չէ, որ երբ ուզես՝ գաս, երբ ուզես՝ միջխորհրդարանական համաժողով գնաս. Սիմոնյան

Պուտինն արգելել է ռուս երեխաների որդեգրումն այն երկրների քաղաքացիների կողմից, որտեղ թուլատրելի է փոխել սեռը

Նոյեմբերի 25-ից եղանակը կտրուկ կփոխվի. սպասվում են ձյան տեղումներ, ցուրտ, քամու ուժգնացում

Կուրսկի շրջանում խոցվել է ուկրաինական երկու հրթիռ և 27 անօդաչու թռչող սարք

Ռումինիայում նախագահական ընտրություններ են. պայքարի մեջ է 14 թեկնածու

Բախվել են Ֆրանսիայի դեսպանատան մեքենան, «Լեքսուս-ն ու «ԳԱԶել»-ը. վիրավորը դեսպանատան աշխատակից է

Ջրարբի գյուղում այրվել է բնակելի վագոն-տնակ

Երևանում BMW մակնիշի ավտոմեքենայի դուռը փակվել է, 1 տարեկան երեխան՝ մնացել ներսում

ՀՀ ՊՆ-ն հորդորով դիմել է լրատվամիջոցներին

Պարզվում է՝ 3 սոցիալական էջով 1 ամսում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ. Աննա Հակոբյանն առաջարկ է արել

Կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին

COP29-ում կողմերը համաձայնել են աղքատ երկրներին 300 մլրդ դոլար հատկացնել. ըստ Հնդկաստանի՝ դա չնչին գումար է

Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնալուծության մասին

Աշխատասենյակում հայտնաբերվել է ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի պահպանության բաժնի պետերից մեկի մարմինը

Ձևավորվել է ՔՊ կուսակցության Արմավիրի տարածքային կազմակերպության խորհուրդը, ընտրվել է վերահսկող

Հանրապետությունում կա փակ ավտոճանապարհ

Հրդեհ ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակնիշի մեքենա

Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում

Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարը

Այսօր էլ Իջեւանում շրջեցինք հեծանվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին

Ադրբեջանը ՀՀ-ի հետ մի դեպքում կգնա խաղաղ համագոյակցություն ձևավորելուն միտված ռազմավարական գործարքի. Մարգարյան

ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին. տեսանյութ

Թեհրանը բողոք է հայտնել Մոսկվային Կազանի համալսարանում իրանցի ուսանողների «բռնի» ձերբակալության առնչությամբ

Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին

ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցությանը

Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական օդանավակայաններին. ՌԴ ՊՆ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թրամփի հետ քննարկել է անվտանգության գլոբալ մարտահրավերները

2 ամսում՝ 12 հազարից ավելի այցելու. Անահիտ աստվածուհու արձանը մեծացրել է Պատմության թանգարանի հոսքը. տեսանյութ

Զելենսկին Մոսկվային մեղադրել է խաղաղության հեռանկարը խաթարելու համար

Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցելի մեր երկիր. Ժոլի

Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը. կան զոհեր

Երկրաշարժ` Ադրբեջանում. ցնցումները Հայաստանի տարածքում ևս զգացվել են

Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների մրցույթ

Ռուսաստանում զորահավաքի մասին խոսք անգամ չկա. Պեսկով

Երևանում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը. վերջինը կողաշրջվել է. կա տուժած

Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը. կան տուժածներ

Այսօր էլ՝ Նորք-Մարաշով եկա աշխատանքի, բայց կրկին հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Առկա խնդիրները վկայում են, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության ապահովագրության անցնելուն. Փաշինյան