Մենք բոլորս էլ գոհ չենք այն իրավիճակով, որը մեզ մոտ ձևավորվել է, բայց պետք է հասկանալ, թե ինչ այլընտրանք կա. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան «ТАСС» լրատվական գործակալությանը՝ խոսելով հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածության, այժմյան եւ հետագա անելիքների, Ղարաբաղի կարգավիճակի, ներքաղաքական եւ այլ հարցերի մասին:

Հարցազրույցի թարգմանությունը ներկայացրել է ՀՀ Կառավարության լրատվական ծառայությունը: Այն ներկայացնում ենք ստորեւ.

ТАСС - Պարոն վարչապետ, նախևառաջ կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ՝ այս բավական բարդ ժամանակահատվածում ռուսաստանյան «ТАСС» գործակալությանը հարցազրույց տալու համար ժամանակ հատկացնելու կապակցությամբ: Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով, Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է ռուսաստանյան խաղաղապահ զորախումբը, որի մնալու ժամկետը սահմանվել է 5 տարի՝ հերթական 5-ական տարի ժամկետով ավտոմատ երկարաձգման հնարավորությամբ: Ինչի՞ց ելնելով է սահմանվել 5 տարի ժամանակաշրջան, և ի՞նչ պետք է արվի այդ ընթացքում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Դա քաղաքական համաձայնության հարց է: Նման համաձայնություն է ձեռք բերվել: Եվ 5-ամյա ժամանակահատվածում, իհարկե, պետք է հասցնել տարածաշրջանում անվտանգության և կայունության երաշխիքներ ձևավորել: Բայց քանի որ ղարաբաղյան հակամարտությունը տևական հակամարտություն է, չեմ կարծում, որ ռուսաստանյան խաղաղապահների մնալու ժամկետը կսահմանափակվի 5 տարի ժամկետով: Այսինքն՝ 5-ամյա ժամկետը գործընթացի սկիզբն է, և, ինչպես Դուք արդեն ասացիք, այնտեղ նախատեսված է ավտոմատ երկարաձգման հնարավորություն: Գիտեք, կարծում եմ, որ այս պահին գլխավոր խնդիրը Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում կայունության ապահովումն է և Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների անվտանգության ապահովումը: Եվ ես կարծում եմ և հուսով եմ, որ ռուսաստանյան խաղաղապահները հաջողությամբ կգործեն և իրապես կկարողանան կյանքի կոչել այդ առաքելությունը:

ТАСС - Եռակողմ հայտարարության մեջ ոչինչ ասված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին: Ընդ որում, ավելի վաղ Դուք պարզաբանել էիք, որ փաստաթուղթը չի ենթադրում Լեռնային Ղարաբաղի հարցի բովանդակային լուծում: Այսպիսով, կարգավիճակը մնում է անորոշ: Ինչպիսի՞ն են Ձեր մոտեցումները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ներկայիս փոփոխված պայմաններում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, փաստացի կա կոնսենսուս, համենայն դեպս, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանում, և Հայաստանը համաձայն է այդ տեսակետի հետ՝ որ բանակցային գործընթացը պետք է շարունակվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Եվ այն հարցերը, որոնք լուծված չեն համատեղ հայտարարությամբ, պետք է բանակցությունների առարկա դառնան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Դուք գիտեք Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, և մեր դիրքորոշումը, իհարկե, չի փոխվել:

ТАСС - ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ կապված: Ձեր կողմից ներկայացված ճանապարհային քարտեզի առաջին կետում նշված է, որ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի վերականգնումը, խաղաղ կարգավորումը պետք է շարունակվի հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Ձեր կարծիքով՝ այժմ ինչպե՞ս պետք է ընթանա կարգավորման գործընթացը այդ ձևաչափով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես գործնականում պատասխանեցի այդ հարցին՝ ամբողջությամբ պետք է վերականգնի բանակցային գործընթացը: Բայց տվյալ պահին կան ավելի օպերատիվ հարցեր, որոնք պետք է լուծվեն: Ես նկատի ունեմ գերիների և կալանավորված անձանց ամբողջական փոխանակումը: Կա նաև անհետ կորածների հարցը, զոհվածների մարմինների փոխանակման հարցը: Ես կարծում եմ, որ այս պահին մենք պետք է կենտրոնանանք հենց այս հարցերի վրա:

Իհարկե, զուգահեռաբար որոշակի հաղորդակցություն է ընթանում: Մենք հաղորդակցվում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ես մշտական կապի մեջ եմ Ռուսաստանի նախագահի հետ: Վերջերս հեռախոսազրույց ունեցա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Գիտեք, որ Միացյալ Նահանգներում ընտրական գործընթաց է: Եվ ես հույս ունեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ աշխատանքային լիարժեք գործընթացը շատ շուտով կվերականգնվի:

ТАСС - Ձեր կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունը Հայաստանում բուռն արձագանքի արժանացավ, նույնիսկ Ձեր հրաժարականի կոչեր են հնչում: Ինչպե՞ս եք Դուք գնահատում հանրապետությունում ներքաղաքական իրավիճակը, և արդյոք այն կարո՞ղ է ձեռք բերված պայմանավորվածությունների խափանման սպառնալիք լինել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, մեզ մոտ, իհարկե, կա ներքաղաքական լարվածություն: Բայց ճշմարտությունն այն է, որ ընդդիմության կողմից հնչեցված կոչերը լայն տարածում չգտան հայ հանրության շրջանում: Եվ ես կարծում եմ, որ ժողովրդի կողմից ձևավորված իշխանության հարցը կարող է լուծվել միայն ժողովրդի կամարտահայտությամբ: Ներկայում փաստն այն է, որ ընդդիմության կողմից հնչող կոչերը հայ հանրության աջակցությունը չեն ստանում: Եվ դա պետք է արձանագրել:

ТАСС - Ժողովրդի կամարտահայտության հետ կապված: Դրա ամենաժողովրդավարական ձևը ընտրություններն են: Հնչում են նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների կոչեր: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան, ինչպե՞ս եք գնահատում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, հիմա կառավարության և, կարծում եմ, ոչ միայն կառավարության, այլև Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքական ուժերի կարևորագույն և առաջնահերթ խնդիրը պետք է դառնա Հայաստանի Հանրապետության լիակատար կայունության և անվտանգության վերականգնումը: Նկատի ունեմ ոչ միայն ներքին, այլև արտաքին անվտանգությունը: Ես հրապարակել եմ ճանապարհային քարտեզ 6-ամսյա ժամանակահատվածի համար, և առաջիկա 6 ամսվա ընթացքում մենք պետք է աշխատենք իրավիճակի կայունացման ուղղությամբ: Ես նկատի ունեմ քաղաքական իրավիճակը, անվտանգության ոլորտում իրավիճակը, տնտեսական կայունությունը: Եվ դրանից հետո մենք կխորհրդակցենք մեր հանրության, ժողովրդի, քաղաքական ուժերի հետ և որոշում կկայացնենք հետագա իրադարձությունների ու հետագա քայլերի կապակցությամբ, թե ինչ պետք է անենք հետագայում:

ТАСС - Ինչպես նշեցիք, բողոքական տրամադրությունները հանրության մեծամասնության աջակցությանը չեն արժանանում: Ելնելով դրանից...

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Դա չի նշանակում, որ բոլորը գոհ են ներկայիս ստեղծված իրավիճակից՝ և՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում, և՛ Լեռնային Ղարաբաղում իրավիճակով և այլն: Անկեղծ ասած, ես ինքս էլ այնքան գոհ չեմ: Մենք բոլորս էլ գոհ չենք այն իրավիճակով, որը մեզ մոտ ձևավորվել է: Բայց պետք է հասկանալ, թե մենք ինչ այլընտրանքներ ունենք: Մենք պետք է աշխատենք, որպեսզի իրավիճակն ավելի չվատթարացնենք, որպեսզի կայունացնենք և բարելավենք այն: Եվ ինչպես ես արդեն ասացի, նկատի ունեմ ոչ միայն ներքին անվտանգությունն ու կայունությունը, այլև արտաքին կայունությունն ու անվտանգությունը և տնտեսական անվտանգությունն ու կայունությունը: Մենք պետք է աշխատենք և կենտրոնանանք այս հարցերի վրա:

Սա չի նշանակում, որ կառավարությունը համարում է, թե ամեն ինչ լավ է, ամեն ինչ կարգին է: Հակառակը, մենք համարում ենք, որ առաջին հերթին չպետք է սրել իրավիճակը, ավելի չվատթարացնել այն: Հիմա մեր առջև շատ հարցեր կան՝ կապված Արցախի, Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների իրենց տներ վերադարձի հետ: Պետք է սոցիալական որոշակի երաշխիքներ ապահովել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների համար և այն մարդկանց համար, ովքեր իրենց տունն են կորցրել: Պետք է կայունացնել սոցիալ-տնտեսական իրավիճակը Հայաստանում:

Ցավոք, ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, կորոնավիրուսի համավարակը շարունակվում է: Այսինքն՝ առաջին հերթին մեր ընդհանուր նպատակը պետք է դառնա իրավիճակի կայունացումը, և դրանից հետո պետք է որոշում ընդունենք՝ ինչ անել:

ТАСС - Կցանկանայի Ձեզ հարցնել տնտեսական և հումանիտար խնդիրների մասին: Կա՞ն արդյոք գնահատականներ, թե ինչպիսի տնտեսական վնաս է հասցվել հանրապետությանը: Եվ կա՞ արդյոք քանակական գնահատական զոհվածների, անհետ կորածների, փախստականների, տուժողների առումով՝ որքան մարդ է զոհվել, տուժել, անտուն մնացել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, մենք պարբերաբար հրապարակում ենք զոհվածների թիվը: Դժբախտաբար կամ բարեբախտաբար, եղել են դեպքեր, երբ պաշտոնապես հայտարարված է եղել, որ կոնկրետ անձը զոհվել է, բայց պարզվել է, որ նա ողջ է: Եվ հիմա շատ կարևոր է ճշգրիտ լինել այս հարցում: Մենք, իհարկե, չենք պատրաստվում ոչինչ թաքցնել, և մեր հասարակությունը, մեր քաղաքացիները կունենան լիարժեք տեղեկատվություն:

Ինչ վերաբերում է անհետ կորածներին: Մենք ունեցել ենք դեպքեր, երբ մարդիկ համարվել են անհետ կորած, բայց հետո նրանց գտնվելու վայրը հայտնաբերվել է, նրանք վերադարձել են, և պարզվել է, որ որոշ հանգամանքների բերումով նրանք ուղղակի չեն կարողացել կապվել հարազատների, ընկերների կամ պաշտոնական կառույցների հետ: Այսինքն՝ հիմա ընթանում է այս բոլոր հարցերի հստակեցման գործընթաց: Իհարկե, շատ աշխատանք է կատարվում բոլոր անհետ կորածների հնարավոր գտնվելու վայրը հայտնաբերելու համար: Այժմ շատ կարևոր է, ինչպես արդեն ասացի, գերիների և կալանավորված անձանց փոխանակումը: Այս հարցերի շուրջ մենք սերտորեն համագործակցում ենք Ռուսաստանի կառավարության հետ, ես սերտ շփման մեջ եմ Ռուսաստանի նախագահի հետ, և Լեռնային Ղարաբաղում գտնվող խաղաղապահները նույնպես շատ ակտիվ մասնակցում են այս գործընթացին:

Ցանկանում եմ նշել, որ այս պահին ճիշտ չէ թվեր հրապարակելը, քանի որ դրանք 100 տոկոսանոց ճշգրիտ չեն լինի: Այսինքն՝ մեր քաղաքականությունը հետևյալն է. մենք հրապարակելու ենք թվերը, բայց նախևառաջ պետք է վստահ լինենք, որ այն անձինք, ովքեր համարվում են անհետ կորած, հետո չեն վերադառնա և իրենց մասին տեղյակ պահեն: Այսպիսի կազուսներից խուսափելու համար պետք է տեղեկատվությունը ստուգել, վերստուգել և այլն, քանի որ մենք գործ ունենք մարդկային ճակատագրերի, զգացմունքների հետ, և պետք է շատ զգույշ լինել:

ТАСС - Իսկ ինչպիսի՞ տնտեսական վնաս է հասցվել հանրապետությանը: Գնահատականներ կա՞ն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, իհարկե, պարզ է, որ տնտեսական իրավիճակը մեզ մոտ՝ այնպես, ինչպես ողջ աշխարհում, բարդ է: Այն բարդացել էր դեռ մինչև պատերազմը, և դա կապված էր կորոնավիրուսի համավարակի հետ: Եվ հիմա մենք պետք է գնահատենք, թե ինչպիսի ազդեցություն է պատերազմն ունեցել տնտեսության վրա: Բայց հիմա մենք պետք է ոչ միայն հաշվենք վնասները, այլև կոնկրետ քայլեր անենք՝ տնտեսական կայունությունը վերականգնելու համար: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Իմ հրապարակած ճանապարհային քարտեզում կան կոնկրետ քայլեր, որոնք ուղղված են տնտեսական կայունության վերականգնմանը: Մենք աշխատում ենք և աշխատելու ենք այդ ուղղությամբ, և ես վստահ եմ, որ կոնկրետ քայլերը կբերեն կոնկրետ արդյունքներ:

ТАСС - Ձեր հրապարակած ճանապարհային քարտեզի համաձայն՝ փախստականների վերադարձը համարվում է առաջնահերթ խնդիրներից մեկը: Ասացեք, խնդրեմ՝ ի՞նչ կոնկրետ քայլեր է մտադիր ձեռնարկել կառավարությունը, որպեսզի ձմռան շրջանում ապրելու պայմաններ ապահովվեն մարդկանց համար, ովքեր առանց տուն և աշխատանք են մնացել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մենք արդեն կոնկրետ որոշումներ ենք ընդունել, որոնք վերաբերում են այն մարդկանց ֆինանսական օժանդակությանը, ովքեր դրա կարիքն ունեն: Արդեն 2 ծրագիր է ընդունվել, և մոտակա օրերին ևս 5 սոցիալական ծրագիր կընդունվի: Եվ մենք ամեն օր աշխատում ենք այդ հարցի ուղղությամբ: Ես վստահ եմ, որ մեզ կհաջողվի կայունացնել իրավիճակը: Շատ ուրախ եմ, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչների վերադարձի բավական լավ հոսք է նկատվում: Լեռնային Ղարաբաղի նախագահը դեռ 2 օր առաջ տեղեկացրեց, որ Լեռնային Ղարաբաղի 25.000 բնակիչ արդեն վերադարձել է, և մենք վստահ ենք, որ մինչև տարեվերջ Լեռնային Ղարաբաղի բնակիչների մեծամասնությունը կվերադառնա: Մենք պատրաստվում ենք ստեղծել դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանները:

Շատ կարևոր է նշել, որ Ռուսաստանի Դաշնությունը նույնպես մտադիր է քայլեր ձեռնարկել՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների վերադարձն իրենց տներ ապահովելու համար: Իհարկե, կան շատ տներ, որոնք ավերվել են, և պետք է սկսել վերականգնողական աշխատանքներ: Բայց մեր նպատակը նախևառաջ ֆինանսական օպերատիվ օժանդակությամբ այդ մարդկանց ապահովելն է, ովքեր այդ միջոցների օգնությամբ կկարողանան կազմակերպել իրենց առաջնահերթ կարիքները՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու համար: Կարող եմ ասել՝ այժմ արդեն տեսանելի է, որ այդ գործընթացը ռեալ տեղի է ունենում: Եվ դա իսկապես լավ նորություն է:

ТАСС - Դուք ակնկալում եք նաև փախստականների վերադարձ իրենց տներ, որոնք գտնվում են ադրբեջանական կողմի վերահսկողության տակ անցած գյուղերում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այո: Դա վերաբերում է Լեռնային Ղարաբաղի շրջաններին, և մեր համատեղ հայտարարության մեջ նախատեսված է այդ մարդկանց վերադարձ իրենց տներ: Հենց այդ կետի մասով պետք է ստեղծել կոնկրետ մեխանիզմներ, անվտանգության կոնկրետ երաշխիքներ: Պետք է ապահովել և կազմակերպել այս ամբողջ գործընթացը: Եվ այդ գործընթացը պետք է դառնա բանակցային գործընթացի առաջնահերթությունը:

ТАСС - Ձեր թույլտվությամբ կցանկանայի վերադառնալ ներքաղաքական հարցերին: Բողոքական տրամադրությունները, որ մենք հիշատակեցինք, արդյոք կարո՞ղ են նոյեմբերի 10-ին ձեռք բերված պայմանավորվածությունների խափանման սպառնալիք լինել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Չեմ կարծում: Որովհետև, իմ կարծիքով, հայ հասարակությունը համաձայն է նրա հետ, որ այն իրավիճակում, որում ստորագրվել է այդ փաստաթուղթը, ուրիշ իրական այլընտրանք չի եղել, որն ավելի լավը կլիներ մեզ համար: Այսինքն, իմ կարծիքով և համոզմամբ՝ հայ հասարակության մեջ ստորագրված փաստաթղթի ըմբռնումը հենց այսպիսին է: Այլ հարց է, որ մենք դեռ պետք է ամեն ինչ վերլուծենք, հասկանանք և պատասխանենք այն հարցերին, թե ինչու հենց այսպես տեղի ունեցավ, և ինչու մենք հասանք այս իրավիճակին: Բայց այդ պահին՝ նոյեմբերի 9-ի դրությամբ, այլընտրանք ուղղակի չկար, և կարծում եմ, որ հայ հասարակության մեջ առկա է իրավիճակի այդպիսի ընկալում:

ТАСС - Համատեղ հայտարարության մեջ խնդիր է դրված ապաշրջափակել տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում: Կարելի՞ է արդյոք սա դիտարկել որպես ելակետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջպետական հարաբերությունների աստիճանական կարգավորման համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, դա շատ կարևոր պահ է, և ես կարծում եմ, որ մոտ ապագայում մենք պետք է կենտրոնանանք դրա վրա: Որովհետև երբ խոսում ենք տնտեսական իրավիճակի կայունացման մասին ոչ միայն Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում, պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկենք: Ահա մենք խոսում ենք տնտեսական իրավիճակի մասին, որն ստեղծվել է Հայաստանում: Բայց պետք է արձանագրել, որ տնտեսական իրավիճակն այնքան էլ լավ չէ տարածաշրջանի բոլոր երկրներում և ողջ աշխարհում: Դա կապված է կորոնավիրուսի համավարակի հետ, այսինքն՝ դա գլոբալ խնդիր է, տարածաշրջանային խնդիր է:

Իհարկե, այն քաղաքական պայմանավորվածությունը, որ կա տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման առումով, կարող է ելակետ դառնալ մեր տարածաշրջանում ոչ միայն տնտեսական իրավիճակի, այլև տնտեսական զարգացման ողջ տրամաբանության փոփոխության համար: Եվ հուսով եմ՝ մեզ կհաջողվի կյանքի կոչել այն քաղաքական պայմանավորվածությունները, որոնք արձանագրված են համատեղ հայտարարության մեջ: Մասնավորապես՝ նկատի ունեմ տնտեսական ենթակառուցվածքների, երկաթգծերի, ճանապարհների ապաշրջափակումը:

ТАСС - Շնորհակալ եմ, պարոն վարչապետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես եմ շնորհակալ:

Տպել
1241 դիտում

Ապարանի տարածաշրջանում բուք է, դժվարանցանելի են Վայոց ձորի ավտոճանապարհները. կան փակ ճանապարհներ

ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում դեմոկրատները մեծամասնություն ստացան

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և 4 մարզերի մի շարք հասցեներում

Շվեյցարիայում ՀՀ դեսպանն Անդրեաս Աեբիի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդիրները

Պաշտպանության նախարարը եղել է հատուկ նշանակության զորամասերից մեկում (լուսանկարներ)

Բայդենը խոստանում է վերականգնել ԱՄՆ-ի միասնականությունը, լինել նախագահ՝ բոլորի համար (տեսանյութ)

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Ապարանի տարածաշրջանում բուք է

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի և կողաշրջվել երթևեկելի հատվածում

Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ-ն կաշխատի ԼՂ հարցում երկարատև քաղաքական լուծում գտնելու ուղղությամբ. Լին Թրեյսի

Մոսկվայում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Ավետ Ադոնցի և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալների համանախագահությամբ

Զրնգուն ձայներ ու ոգևորություն. Ստեփանակերտի հրապարակում երեխաները ձնագնդի են խաղում (տեսանյութ)

Բայդենի երդմնակալությանն ԱՄՆ-ի հիմնը կատարեց աշխարհահռչակ երգչուհի Լեդի Գագան (տեսանյութ, լուսանկարներ)

Մշակույթի բնագավառում նշանակալի նվաճում ունեցող մի շարք երիտասարդների տարկետում կտրվի․ ովքեր են երաշխավորել

Կարևորագույն խնդիրը երեխաների աղքատությունն է․ Մեսրոպ Առաքելյանը քննարկում է ունեցել ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչի հետ

Վստրեչի Ապերն առարկեց գործն արագացված կարգով քննելու դեմ. դատարանի որոշմամբ այն կքննվի դռնփակ

Ղարաբաղի հետագա կարգավիճակի ճշգրտումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ ՄԽ շրջանակում․ Փաշինյան

Երկարաձգվել է արցախցիներին տրամադրվող աջակցության ծրագրին դիմելու ժամկետը

Ստամբուլի հայկական որբանոցը, որտեղ մեծացել է լրագրող Հրանտ Դինքը, կդառնա հայկական երիտասարդական կենտրոն

ԱԱՏՄ-ն ստուգայց է իրականացրել Վանաձորի համայնքապետարանում, ՔԿԱԳ գործակալությունում, նոտարական գրասենյակում

Ջոզեֆ Բայդենը պաշտոնապես երդվեց՝ ստանձնելով ԱՄՆ-ի նոր նախագահի պաշտոնը (լուսանկարներ, տեսանյութ)

Ռուս խաղաղապահների ներկայությունը Արցախում միանշանակ դրական է․ Փաշինյան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար․ ռուսական կողմում կուտակված 820 բեռնատար կա

Քեմալա Հարրիսը երդվեց. նա պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ-ի 46-րդ փոխնախագահի պաշտոնը

Շիրակը վաղվանից նոր մարզպետ կունենա

Արարատի մարզի ողջ տարածքում ձայնածածկումն ապահովելու համար անհրաժեշտ է 142 էլեկտրաշչակ, որից 87-ն է առկա․ ԱԻՆ

Դեղատներում, բանկերում, դպրոցներում դիմակներ չեն կրել. ԱԱՏՄ-ն ստուգայց է իրականացրել Արտաշատում և Մասիսում

Էժան միավոր հավաքելու ձեր փորձով վտանգի տակ եք դնում գերիների կյանքը. Փաշինյանը՝ պատգամավորին (տեսանյութ)

Հյուրերը դիմավորեցին ԱՄՆ-ի նոր փոխնախագահ Քեմալլա Հարրիսին՝ ամուսնու հետ (լուսանկարներ)

Քոլեջներում և ուսումնարաններում դասախոսի ընտրությունը կլինի մրցույթով․ նախկինում դա արվում էր տնօրենների հայեցողությամբ

Հինգերորդ զորամիավորումում ստուգումներ են անցկացվել (լուսանկարներ)

Տարին ծանր էր, հագեցած ու լարված. ՇՄ փրկարարական վարչությունն ամփոփեց 2020 թվականը

Կապիտոլիումում դիմավորեցին Բարաք եւ Միշել Օբամաներին

Զոհերի թիվը 4000-ը չի անցնի. այս պահի դրությամբ մենք ունենք դուրս բերված 3439 մարմին. Ավինյան

Երբ տրամաբանությունը բացակայում է. հայկական ֆուտբոլային ակումբները՝ ձմեռային դադարի ընթացքում

Մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Ստեփանակերտի Նաբերեժնայա փողոցում․ Արցախի ԱԻՊԾ

Ջոզեֆ Բայդենի եւ Քեմալլա Հարրիսի երդմնակալությունը ( լուսանկարներ). ՈՒՂԻՂ. ԹԱՐՄԱՑՎԱԾ

Ձեր կուսակցության ստեղծած կամավորական ջոկատն ի վերջո տեղ հասա՞վ․ վարչապետը՝ ԲՀԿ-ական պատգամավորին

Ֆրանսիան կաջակցի Հայաստանին առողջապահության, շրջակա միջավայրի և ենթակառուցվածքների ոլորտներում

ԱԻՆ-ը հորդորում է լինել զգոն. արգելափակումից դուրս է բերվել 117 մեքենա

Ջոզեֆ Բայդենն իր կյանքի կարեւորագույն օրերից մեկը սկսել է կաթոլիկ տաճար այցելությամբ (լուսանկարներ)