Փաշինյանը լուրջ քաղաքական հոտառություն ունի. ինչու իշխանությունը հրաժարվեց արտահերթ ընտրությունների մտքից

Արտահերթ ընտրություններ չեն լինի

Խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմության ու հասարակական գործիչների մի հատվածի մոտ վրդովմունք է առաջացրել Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցության հայտարարությունը՝ արտահերթ ընտրությունների հանրային պահանջի բացակայության վերաբերյալ:

Հետաքրքիրն այստեղ այն է, որ այդ ուժերը մինչ այժմ որեւէ քայլ չէին անում՝ այդ ընտրությունների կայացման համար:

Դեռ դեկտեմբերին ՀՀ վարչապետը խորհրդարանական եւ հետաքրքրված արտախորհրդարանական քաղաքական ուժերին հրավիրեց քաղաքական խորհրդակցությունների՝ 2021-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:

Խորհրդարանական ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն, սակայն, չհամաձայնեցին հուշագիր ստորագրել, որի համաձայն պարտավորվելու էին վարչապետի հրաժարականի պարագայում այլ թեկնածու չառաջադրել: Ինչպես հայտնի է՝ արտահերթ ընտրություններ գործող օրենսդրությամբ անցկացվելու էին միայն այն պարագայում, երբ ԱԺ-ում 2 անգամ վարչապետի թեկնածու չառաջադրվեր եւ չընտրվեր:

ԼՀԿ-ն հայտարարում էր, որ դեմ է իշխող ուժի պայմաններին եւ չէր թաքցնում, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո Էդմոն Մարուքյանն առաջադրվելու է վարչապետի թեկնածու:

ԲՀԿ-ն էլ միացել էր 17 ուժերի ֆորմատին, եւ ըստ էության ընդունել այդ ուժերի առաջադրած խաղի կանոնները, այն է՝ Փաշինյանի հրաժարական, վարչապետի պաշտոնի հանձնում Վազգեն Մանուկյանին, ժամանակավոր Կառավարության ձեւավորում, 1 տարի անց արտահերթ ընտրություններ:

Ինքը՝ Վազգեն Մանուկյանն ու նրան վարչապետի թեկնածու համարող ուժերը բացառում էին արտահերթին մասնակցությունը:

Եվ ահա այսպիսի պայմաններում, կիրակի օրը Աղվերանում ամբողջ օրվա քննարկումներից հետո «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարեց.

«Փետրվարի 7-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, «Իմ քայլը» խմբակցությունը շարունակում է աջակցել վարչապետին եւ կառավարությանը նոյեմբերի 18-ին ներկայացված ճանապարհային քարտեզի իրականացման գործում»։

Հիշեցնենք՝ 15 կետանոց այդ ճանապարհային քարտեզը 6 ամսվա իրագործման համար էր: Քարտեզի կետերից են՝ Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով, իրենց հայրենի օջախներ արցախցիների վերադարձի ապահովումը, Արցախի բնականոն կյանքի ամբողջությամբ վերականգնումը եւ զոհված զինծառայողների ու քաղաքացիների ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովումը…

Իշխանությունը արտահերթ ընտրությունների անցկացումից հրաժարվում է 3 պատճառով: Երեկ ֆեյսբուքյան իր էջում նման տեսակետ հայտնեց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Ըստ նրա, առաջին՝ իշխանությունները հասկացել են, որ վերարտադրվելու շանս չունեն, երկրորդ՝ հասկացել են, որ ԱԺ գործող պատգամավորները ընտրվելու շանս չունեն, երրորդ՝ մտածում են, որ փողոցային շարժումը մարել է:

Բայց հենց այստեղ էլ, ըստ նրա, իշխանությունները չարաչար սխալվում են: «Այժմ այն քաղաքացիները, որոնք մտածում էին ընտրությունների միջոցով ազատվել այս չարիքի իշխանությունից, արդեն դուրս կգան փողոց: Հենց այդ ժամանակ էլ «հպարտ դուխովները» իրենց մաշկի վրա կզգան հասարակական պահանջը», - գրել է Սաղաթելյանը՝ տեղեկացնելով, որ առաջիկա հանրահավաքը տեղի է ունենալու փետրվարի 20-ին Ազատության հրապարակում:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է, որ սահմանադրական գործընթացները (տվյալ պարագայում ընտրությունները) տապալելով իշխանությունը հանրությանը մղում է հակասահմանադրական գործընթացների։ «Կոնկրետ Վահան Բադասյանի հետ կապված. մարդը պոռթկում է ունեցել, հայտարարությունը, բնականաբար, չի ողջունվում որեւէ պարագայում: Բայց ի՞նչ անենք, շատանա՞ն այդ հայտարարությունները, թե՞ չլինեն նման հայտարարություններ: Եթե պրոցեսները չգնան սահմանադրական ճանապարհով, կարող են շատանալ այդ հայտարարությունները: Դա օգո՞ւտ է մեր երկրին, բնավ՝ ոչ, օգո՞ւտ է որեւէ ձևով երկիրը ցնցումների, բախումների տանելը, բնավ՝ ոչ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով արտահերթ ընտրությունների պահանջ չլինելու վերաբերյալ իշխող խմբակցության հայտարարությանը՝ ասաց նա:

Անդրադառնալով իշխանության կողմից հնչող տեսակետներին, որ ընդդիմությունն է հրաժարվել արտահերթ ընտրություններից, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը հայտարարեց. «Փորձ է արվում գնդակը նետել ընդդիմության դաշտ: Իրականում գնդակը իրենց դաշտում է, նոյեմբերի 10-ից սկսած՝ կա հրաժարականի հանրային պահանջ: Այդ պահանջը մնում է ուժի մեջ: Մնացած բոլոր օրակարգերը կեղծ են»:

Ըստ պատգամավորի՝ իշխանությունը ի սկզբանե արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակ չի ունեցել: «Ընտրություններն անկտրել ձմերուկի պես բան են, չգիտես՝ ինչ արդյունք կլինի, կարծում եմ՝ իշխանություններն ի սկզբանե նպատակ չեն ունեցել ընտրություններ անելու: Հարց է դրել շրջանառության մեջ, հիմա հանում է, հետո կարող է բերել»,- ասաց Մարուքյանը: Նա վստահություն հայտնեց՝ արտահերթ ընտրություններ լինելու են:

Արտահերթ ընտրությունների պահանջին հնարավոր է նորից անդրադառնան, սակայն վարչապետի հրապարակած ճանապարհային քարտեզի ամփոփումից հետո՝ հունիսին: Երեկ ԱԺ-ում ի պատասխան լրագրողների հարցի՝ այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է որոշվել հասարակության լայն շերտերի մոտ արտահերթ ընտրությունների պահանջի բացակայությունը, որեւէ հարցում անցկացվե՞լ է, Մակունցն ասաց, որ եթե ընդդիմությունը չի գալիս իշխանության հետ արտահերթ ընտրության թեմայով քննարկման, ուրեմն հանրությունից նման ազդակ չի ստանում:

«Եթե ընդդիմությունը չի տեսնում հանրային պահանջ, որպեսզի հիմա գա եւ քննարկում ունենա արտահերթ ընտրություններ անցկացնելու շուրջ, դա նշանակում է, որ նրանք առնվազն այդ ազդակը չեն ստանում»,- ընդգծեց նա:

Սա համարելով այդպիսի պահանջի բացակայության առաջին ցուցիչը, Մակունցը հիշեցրեց նաեւ, որ ընդդիմության կազմակերպած հանրահավաքներին մասնակցում է մի քանի հազար քաղաքացի:

«Ես ոչինչ չունեմ ասելու, որ ցանկացած քաղաքական ուժի շփման շրջանակները, այդ թվում՝ քաղաքացիների հետ որոշակի ձեւով սահմանափակված է, բայց նաեւ մեր շփումները քաղաքացիների հետ չեն հաղորդում մեզ այդպիսի ազդակներ»,- հայտարարեց խմբակցության ղեկավարը:

Հնարավո՞ր է՝ «Իմ քայլը» խմբակցությունը հրաժարվել է արտահերթ ընտրությունների գաղափարից, որովհետեւ «վախեցել է» Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունից, թե մասնակցելու է ընտրություններին: Այս մեկնաբանությունների կապակցությամբ Մակունցն ասաց, որ իրենց որոշումները որեւէ կերպ չեն կարող որեւէ մեկից վախենալու կոնտեքստում լինել:

«Մեր կողմից է հնչել արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկը, հետեւաբար եթե կան քաղաքական ուժեր, որոնք ընկրկում են ընտրություններից, ապա իրենց պետք է ուղղել այդ հարցը»,- շարունակեց նա:

Ինչ վերաբերում է գնահատականներին, թե իշխանությունը իր վարկանիշի անկման պատճառով է վախեցել ընտրություններ անցկացնել, այս կապակցությամբ էլ իշխող խմբակցության ղեկավարը բացասական պատասխան տվեց՝ ընդգծելով, որ ունեն որոշակի սոցիոլոգիական հարցումներ իրենց քաղաքական ուժի վարկանիշի հետ կապված, սակայն իրավասու չեն դրանք տրամադրել:

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էլ անդրադարձավ ընդդիմության վարկանիշին. Նրա համոզմամբ՝ ընդդիմությունը չի ուզում ընտրություններ, որովհետեւ լավագույն դեպքում նույն պատկերն է լինելու: «Իսկ վատագույն դեպքում ես չեմ բացառում, որ այդ կուսակցություններից առնվազն կարող է հաջորդ խորհրդարանական ընտրություններին նաեւ պառլամենտում չհայտնվեն: Իրենք էլ են դա շատ լավ գիտակցում: Հիմա մենք ընկնենք դռնեդուռ, ընդդիմադիր գործիչներին համոզենք, խնդրենք, որ իրենք ընտրություններին համաձայնվե՞ն: Չի լինում այդպիսի բան: Ընդդիմությունն է միշտ ընտրություն ուզում»,- ասաց Սիմոնյանը եւ անդրադառնալով համացանցում առկա բացասական արձագանքներին եւ ընտրությունների պահանջին՝ հավելեց. «Քաղաքացիների հետ մեր հանդիպման ժամանակ պահանջը շատ կտրուկ տարբերվում է այն պահանջից, որը կարելի է մտնել համացանց եւ «խելացի» վարձկան էջերի մոտ կարդալ»:

Ըստ ԱԺ փոխնախագահի՝ քաղաքացիները ներկայիս իշխանություններից պահանջում են «թավիշը» վերացնել:

Թավիշը՝ թավիշ, բայց ընտրություններից հրաժարումը կարող է բերել ընդդիմության այլ տիպի կոնսոլիդացիայի. մեզ հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը՝ հավելելով, որ դա տանում է քաղաքական պայքարի սրման:

Քեռյանը ի սկզբանե սխալ եւ ձախողված է համարում ընդդիմության տակտիկան.

«Ընդդիմությունը մի կետի վրա էր կանգնել, որը անիրատեսական էր. ասում էին՝ փոխեք վարչապետին, նոր գնանք ընտրությունների: Սա մի առաջարկ էր, որի իրականացման քաղաքական մեխանիզմը չէին կարողանում ներկայացնել: Արդյունքում 1-2 մսվա ընթացքում մաշվեց այդ սցենարի շուրջ հետաքրքրությունը եւ ցույց տվեց, որ դա չի կարող այնպիսի բողոքական զանգվածի կրիտիկական մասսա ապահովել, որի արդյունքում իշխանությունը գնա: Սրանվ փորձում էին կրկնօրինակել 2018-ի իրավիճակը, երբ ներքեւից եկող ճնշման ներքո ՀՀԿ-ն ստիպված ընտրեց Փաշինյանին վարչապետ եւ անցկացվեց ընտրություններ: Պատմության մեջ ամեն ինչ չի, որ կարող է հեշտությամբ կրկնվել»,- ասաց քաղաքագետը:

Ըստ նրա՝ Փաշինյանը լուրջ մանեւրելու կարողություն եւ քաղաքական հոտառություն ունի, ուստի ընտրությունների գաղափարից հրաժարվել է՝ մի քանի գործոններից ելնելով:

Առաջին պատճառը, Քեռյանի համոզմամբ, հետեւյալն է. հավանաբար ինչ-որ հարցումներ կամ սոցիոլոգիական հետազոտություններ են անցկացրել, ստուգել իրենց վերընտրվելու հավանականությունը եւ գտել, որ այն այնքան էլ մեծ չէ:

Քաղաքագետը չի բացառում, որ իշխանությունը նման որոշման եկած լինի նաեւ ընդդիմության քաղաքական լծակների եւ ռեսուրսների հաշվարկի արդյունքում:

«Բայց կարող են լինել նաեւ անդրկուլիսյան համաձայնություններ խորհրդարանական մյուս ուժերի հետ՝ հետագա քաղաքական զարգացումների վերաբերյալ»,- ասաց Քեռյանը՝ ընդգծելով, որ ընտրություններից հրաժարվելու պատճառ կարող էր լինել նաեւ ընդդիմադիր դաշտում առկա տարաձայնությունը, պառակտումը:

«Քոչարյանի հայտարարությունն էլ կարող է լինել արտահերթի գաղափարից հրաժարվելու գործոն: Հնարավոր է՝ այս որոշումը կանխում է Քոչարյանի քաղաքական դաշտ մտնելը եւ նոր քաղաքական ուժի ձեւավորումը»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանն օրեր առաջ հայտարարեց՝ ինքը մասնակցելու է արտահերթին եւ «կրելու է»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5025 դիտում

ՀՀ ընտրություններին կարող են մասնակցել բացառապես հայկական անձնագիր ունեցող քաղաքացիները․ Փաշինյանը՝ Պուտինին

ՔՊԿ գրասենյակում հյուրընկալվել են Եվրոպական խորհրդարանի անդամները, ծանոթացել ՀՀ ներքաղաքական զարգացումներին

Ճանաչել ենք Ղարաբաղն Ադրբեջանի կազմում այն բանից հետո, երբ ՌԴ ղեկավարությունը 2 անգամ այդ մասին հայտարարել է

Սա հակապետականության գագաթնակետն է․ ՌԴ որոշ հայրենակիցներ եկեղեցու սպասավորների հետ մնացել են միջնադարում

Փնտրում ենք Հայաստանի Հանրապետության համար ամենաշահավետ առաջարկը, չենք թաքցնում հարցը մեր ռուս գործընկերներից

ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները երբեք չեն եղել և չեն լինի կասկածի տակ, կապերը խորն են, քննարկման ենթակա չեն

Հուսամ՝ ինչպես էլ ավարտվեն ընտրությունները Հայաստանում, մեր հարաբերությունների ամրապնդումը կշարունակվի․ Պուտին

Երթևեկության սահմանափակում՝ Իսակովի պողոտայում

Մեզ բավարարում է այն ամենը, ինչ բխում է հայ ժողովրդի շահերից, Դուք միշտ դա կարող եք ի նկատի ունենալ․ Պուտին

Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները վերջին տարիներին անցել են բազմաթիվ փորձությունների միջով․ վարչապետ

Ձեռք է բարձրացվել ոչ թե վարչապետի, այլ Հայաստանի վրա. ոչ ոք չի կարող որոշել՝ ով եկեղեցի գնա, ով չգնա

Թրամփը հայտարարել է՝ Իրանը հրադադար է խնդրել, Թեհրանը հերքել է տեղեկությունը

Կարգադրիչը գլխի շրջանում վնասվածք ունի․ մանրամասներ՝ Չարենցավանի դատական նիստի ծեծկռտուքից

Անբարոյական են. ռուսական կողմի սատարած ուժերը իրենց պահում են սանձարձակ. Սաֆարյան. տեսանյութ

Մեր բանտերում քաղբանտարկյալներ չկան, ընտրություններին մասնակցելու են բացառապես ՀՀ քաղաքացիություն ունեցողները

ՀՀԿ-ն չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին

Հայաստան-Ադրբեջան խաղաղություն է հաստատվել․ կրկին հայտարարում եմ՝ Ղարաբաղյան շարժումը չի շարունակվի․ Փաշինյան

Մենք չենք միջամտի, բայց կան ռուսամետ ուժեր ՀՀ-ում, որոնք կցանկանայինք, որ մասնակցեին ընտրություններին․ Պուտին

Դեռ միասին պիտի ճաշենք․ Պուտին-Փաշինյան երկխոսություն Կրեմլում․ տեսանյութ

Մոսկվան հանգիստ է վերաբերվում ԵՄ-Երևան հարաբերությունների զարգացմանը․ Պուտինը՝ Փաշինյանին

Ռուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանին հիրբրիդային հարձակումների դեմ պայքարում․ Զախարովա

31 անձ է ձերբակալվել, կանխվել է միջադեպը․ ՆԳՆ-ն՝ Չարենցավանի դատարանի նիստի ծեծկռտուքի մասին

Կրեմլում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Ծեծկռտուք Չարենցավանի դատարանում․ կոտրվել է գույքը, կարգադրիչները վնասվածքներ են ստացել

Դատախազությունը ԳՇ պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանից բռնագանձման պահանջ է ներկայացրել

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԺ նախկին պատգամավոր Արայիկ Հայրապետյանի և ևս մեկ անձի նկատմամբ

«Ուժեղ Հայաստանը» մեր անկախ ու ինքնիշխան պետության գլխին ցանկանում է պատուհաս դառնալ. Հարությունյան․ տեսանյութ

Ձեզ սրբի տեղ չդնեք․ ճիշտ կանեք՝ ներողություն խնդրեք այդ տղայի հարազատներից ու լռեք․ Թունյան

2025-ին դատարաններում քննվել և ավարտվել է 9,7%-ով ավելի քրեական գործ, քան 2024 թվականին. դատախազություն

ՔԿ-ն 30 նոր քննիչ ունի․ Արթուր Պողոսյանը նրանց հորդորել է քաղաքացիների հետ լինել հարգալից և համբերատար

Կրեմլում տեղի կունենա Փաշինյան-Պուտին հանդիպում․ վարչապետի այցը Մոսկվա․ լուսանկարներ

Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը

Աշխատանքային այցով ժամանեցի ՌԴ. վարչապետ

Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը Մոսկվայի Կիևյան մայրուղում. տեսանյութ

Համբարձում Մաթևոսյանը դիվանագետներին է ներկայացրել COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Նախաքննության ժամկետների նվազման՝ վերջին տարիներին արձանագրված միտումը պահպանվել է. դատախազության հաղորդում

Ես պետականամետ եմ. Փանիկում պետության աջակցությամբ կկառուցենք մեծ մարզակրթական կենտրոն․ Ավդալյան

Քրեական ոստիկանները հայտնաբերել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողին. տեսանյութ

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով

Երդվյալ քոչարյանականները տեղավորվում են «Մեր ձևով»-ում. անուններ. բացառիկ