ՄԱԿ-ը նշաններ է ցույց տալիս Արցախ մտնելու համար, պետք է բացել այդ դուռը. հարցազրույց Արման Բաբաջանյանի հետ

Քաղաքական գործիչ, «Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանի կարծիքով՝ Արցախում տեղի ունեցող իրադարձությունը Լաչինի միջանցքի շուրջ կարող է զարգանալ և վերածվել իրական պատերազմի։ Բացի դա, Ադրբեջանը փորձում է հասնել իրավիճակի, երբ կհաջողվի միջազգայնորեն ամրագրել Լաչինի միջանցքի և իր, այսպես ասած, «զանգեզուրյան միջանցք» կոչվածի կենսագործունեության ռեժիմների նույնականացման:

Նրա հետ «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցը՝ ստորև.

- Պարոն Բաբաջանյան, մեկ շաբաթից ավելի է՝ Ադրբեջանը բնապահպանական կեղծ շեշտադրումներով փակել է Արցախը Հայաստանին կապող միակ կենսական ճանապարհը: Անխոս, սա երկար շարունակվելու դեպքում աղետաբեր հետևանքներ է ունենալու Արցախի բնակչության համար: Ինչպե՞ս եք տեսնում հարցի լուծումը:

- Այն, ինչ տեղի է ունենում Լաչինի միջանցքի շուրջ, ըստ էության, իր բնույթով պատերազմ է, պարզապես ոչ մարտական գործողություններով: Դա պատերազմական գործողություն է, որը փաստացի տեղի է ունենում գործնականում համատարած ռազմաքաղաքական լռության պայմաններում: Խոշոր հաշվով, ինչպես 44-օրյա պատերազմը, կամ ինչպես 2013-14 թվականներից ի վեր սողացող պատերազմը: Ալիևը հազիվ թե արկածախնդիր է և թերևս գործել ու գործում է որոշակի հաշվարկով, քանի որ խոսքն ամենևին պարզապես սադրանքի մասին չէ, այլ արցախահայության համար կենսական վտանգ պարունակող սադրանքի, ինչը բավականին ծանրակշիռ արարք է՝ լոկ անպատասխանատու կամ անհաշվենկատ լինելու համար: Իհարկե, բարեբախտություն է, որ խոսքը ոչ բուն իմաստով պատերազմի մասին է, բայց այստեղ կա խնդրի մյուս կողմը: Այն իրավիճակը, որ առաջացել է, գործնականում կարող է «զարգանալ» հենց ավելի մեծ ու իրական պատերազմի վտանգով: Գործողությունները, որին գնում է Ադրբեջանը, ըստ էության, նշանակում են որոշակի «վերջնագրային բնույթի» քաղաքական պահանջների առաջադրում:

- Նախօրեին Հայաստանի առաջարկով տեղի ունեցավ ՄԱԿ ԱԽ նիստը, որտեղ բավական հետաքրքիր իրողություններ ի հայտ եկան։ Ինչպե՞ս եք գնահատում այդ քննարկումն առհասարակ։

- Արցախի կամ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության ցանկացած բռնկման դեպքում Հայաստանում «բռնկվում» է ՄԱԿ ԱԽ դիմելու մասին խոսակցություն կամ քննարկում: Սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ՄԱԿ ԱԽ նիստն ու քննարկումները գործնականում ցույց տվեցին, թե ինչպիսին է այդ հնարավորության հեռանկարը, ինչ կարելի է ակնկալել այդ գործիքից: Սա, իհարկե, չի խոսում ՄԱԿ ԱԽ «անպետքության» մասին: Երբ հարկ է լինում, այն կարող է և աշխատել, կարող է նաև ինչ-որ արդյունք տալ, բայց գործնականում պետք է հանրայնորեն, ըստ էության, համահայկական մասշտաբով արձանագրել, որ այսօր գործնականում չկա աշխատող որևէ միջազգային ատյան, լինի՝ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, թե որևէ այլ կառույց: Հետևաբար, «արդարադատության» ատյան փնտրելու «դիսկուրսը» բացարձակ անպտուղ է և անիմաստ:

Ստեղծվել է իրավիճակ, երբ, անկասկած, շարունակելով աշխատանքը արտաքին բոլոր ուղղություններով՝ Հայաստանը, Արցախն ու հայկական սփյուռքի շատ թե քիչ կենսունակ, պրագմատիկ, ռացիոնալ որևէ ռեսուրսային շերտ առանցքային «որոնումը» պետք է կատարեն սեփական շրջանակում՝ նախ իրավիճակը հնարավորինս խորքային գնահատելու, առկա մեծ ու փոքր մոտիվներն ու շահերը արձանագրելու, այսպես ասած, «հավաստանշելու» և այդ ուղղությամբ կամ ավելի շուտ ուղղություններով շատ կոնկրետ աշխատանքային քայլեր մշակելու համար՝ այդ ամենի հիմքում տեսնելով միմիայն ներքին ինքնաբավության աստիճանի աճը, որը թույլ կտա արտաքին հարցերում ևս հասնել շատ, թե քիչ ինքնուրույնության և ինքնաբավության:

Սրա համար է նաև, որ պարբերաբար չափազանց կարևոր ու անհրաժեշտ է համարում արտաքին դերակատարների հետ Հայաստանի հարաբերության օրակարգում հայ-ադրբեջանական հակամարտության առաջնայնությունը հմտորեն, սահուն կերպով տնտեսական փոխշահավետության օրակարգով փոխարինելու հրամայականը: Ոչ թե այն պատճառով, որ արցախյան հարցը կամ կոնֆլիկտն ու դրանից բխող անվտանգության հարցերը առաջնային չեն, այլ որովհետև դրանք չեն կարող լինել երկկողմ հարաբերությունների արդյունավետ, կայուն ու խորքային հիմք: Եվ ավելին՝ այդ հարցերում Հայաստանի ու Արցախի համար արդյունավետ լուծումների կամ գործընթացների հավանականությունը կախված է լինելու հենց այն հանգամանքից, թե երկկողմ հարաբերությունների՝ տնտեսական փոխշահավետությամբ լեցուն ինչ օրակարգ կա այս կամ այն խոշոր կամ ռեգիոնալ խաղացողի հետ:

Սա լրջագույն հարց է, որը հայկական օրակարգում ունի գրեթե անտեսանելի ներկայություն, իսկ արտաքին օրակարգում՝ գրեթե զրոյական առկայություն, հատկապես մյուս խնդիրների համեմատությամբ: Քանի դեռ հայկական պետականությունն ու դրան զորավիգ լինելու մասին խոսող հայկական հավաքականությունը գործնականում ձեռնամուխ չլինեն այդ ամուր և ռազմավարական հեռանկար պարունակող հիմքերի առարկայական ձևավորմանը, Հայաստանն ու Արցախը գտնվելու են պարբերական «հրդեհաշիջման» ռեժիմում, ընդ որում, որպես կանոն՝ «ջրի անբավարար» պաշարներով: Իսկ ջրի խնդիրը այսօր համաշխարհային խնդիր է, ընդ որում, բառի բուն և պատկերավոր իմաստով, որովհետև համաշխարհային պատերազմի ռեժիմում, որում գտնվում է այսօր մոլորակը, միշտ գերակշռում է կրակը:

- Ինչպե՞ս եք գնահատում այս համատեքստում աշխարհի արձագանքը, մասնավորապես՝ ԱՄՆ, Ֆրանսիա, ՌԴ:

- ՄԱԿ-ի ԱԽ-ում ԱՄՆ-ի ելույթը չափազանց հասցեական էր, Ալիևին ուղղված ուրվագծվող վերջնագիր-նախազգուշացումով՝ հիմքում ճշգրտորեն հաշվարկված խաղով։

Ֆրանսիան շարունակում է մնալ Հայաստանի բացառիկ բարեկամը՝ ձեռքի տակ բոլոր գործիքները ի շահ Հայաստանի օգտագործելու պատրաստակամությամբ։ ԱՄՆ-ը և Ֆրանսիան միջազգային տարբեր հարթակներում տանդեմով են գործում։ ՄԱԿ ԱԽ-ում այդպիսի տպավորություն էր ստեղծվում ևս։ Տպավորիչ էր Իռլանդիայի և Նորվեգիայի հասցեական դիրքորոշումը։ Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Հնդկաստանը և մի քանի այլ երկրներ աչքի չընկան ասիմետրիկ հայտարարություններով։ ՄԱԿ ԱԽ-ում նախագահող Հնդկաստանն այս լսումներն արագ կազմակերպելու իր պատրաստակամությամբ իրեն դրսևորեց որպես Հայաստանի իսկական դաշնակից:

Ռուսաստանի ներկայացուցիչը ՄԱԿ-ում բացահայտեց մեկնարկած չափազանց վտանգավոր գործընթացի մասին՝ կողմերի հետ քննարկում է ընթանում ադրբեջանցի «էկոակտիվիստներին» հանքեր մուտք գործելու մեխանիզմի հարցը։ Սա դեպքերի զարգացման ամենավտանգավոր սցենարն է, որին Ստեփանակերտը որևէ պարագայում չպետք է համաձայնի։ Հենց այս քննարկման ժամանակ այսպիսի վեճերի հաղթահարման առնվազն երկու լուծման մեխանիզմի մասին հնչեց հայտարարություն՝ ՄԱԿ միջազգային անկախ հետաքննություն, միջազգային առաքելություն։ Սա պետք է դառնա Ստեփանակերտի պատասխանը Բաքվի և Մոսկվայի առաջարկին։ Ոչ մի ինսպեկցիա, ոչ մի մոնիթորինգ, ոչ մի մինի մաքսակետ։ ՄԱԿ-ն արդեն ինքն է նշաններ ցույց տալիս հումանիտար խողովակով Արցախ մտնելու համար։ Պետք է բացել այդ դուռը։

Ադրբեջանը, Արցախի կյանքի ճանապարհը փակելով, մի մեծ ծառայություն մատուցեց հայկական կողմերին:

- Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ ՌԴ-ն համարժեք քայլեր չի ձեռնարկում միջանցքը բացելու ուղղությամբ: Եվ արդյոք համամի՞տ եք այն պնդումների հետ, որ միջանցքի փակումը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի կյանքի կոչման նախերգանքն է:

- Թե ինչ է անում Ադրբեջանը, ինչ նպատակ ու շարժառիթ կա նրա քայլերի տակ, թերևս զգալիորեն պարզ է վաղուց: Բաքուն փորձում է ամեն կերպ, ամեն հնարավորություն օգտագործելով՝ թելադրել սեփական օրակարգը և ձևավորել Արցախի հարցում «ներքին գործի» իրավունք, որի բաղադրիչ կլինի նաև ապագա՝ «նոր պատերազմի իրավունքը»՝ ըստ անհրաժեշտության ու հնարավորության: Բացի դա, Ադրբեջանը փորձում է հասնել իրավիճակի, երբ կհաջողվի միջազգայնորեն ամրագրել Լաչինի միջանցքի և իր, այսպես ասած, «զանգեզուրյան միջանցք» կոչվածի կենսագործունեության ռեժիմների նույնականացման: Ներկայումս Բաքուն չունի դրա հնարավորությունը, քանի որ կա նոյեմբերի 9-ի փաստաթուղթը՝ նաև Ալիևի ստորագրությամբ, որին հղում է անում Երևանը և նշում, որ դրանում կա մեկ միջանցք, և դա Լաչինի միջանցքն է:

Նոյեմբերի 9-ի փաստաթղթի մյուս պատասխանատուն Ռուսաստանն է, որի նախագահի ստորագրությունն էլ կա դրա տակ: Սակայն Ռուսաստանն այսօր Ուկրաինայի պատերազմում ունի այնպիսի խնդիրներ, որոնք էապես նվազեցնում են Կովկասում որևէ լիարժեք պատասխանատվության հնարավորություն ու զգալիորեն բարձրացնում նաև Ադրբեջանի ու Թուրքիայի նշանակությունը Ռուսաստանի համար: Սա էլ իր հերթին բարձրացնում է նրանց հետ պայմանավորվելու՝ առանց այդ էլ գոյություն ունեցած հակումը, ինչն էլ փորձում է օգտագործել Ադրբեջանը, հնարավոր է՝ նաև Թուրքիայի անմիջական խրախուսմամբ: Սակայն ամենից կարևոր հանգամանքներից մեկը գուցե այն է, որ Բաքուն «խրախուսվում» է նաև այլ միջնորդական նախաձեռնությունների հանգամանքով, որոնցում գոնե առայժմ բացակայում է խաղաղության ու կայունության համար պատասխանատվության փաստաթղթավորված հիմքը:

Այդ մյուս նախաձեռնությունները կարծես թե չեն խոսում նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին, որից ուզում է ազատվել Բաքուն, որն ուզում է հանել քաղաքական օրակարգի հիմքից, ու Ադրբեջանը օգտվում է այն հանգամանքից, որ այդ զուգահեռ կամ այլընտրանքային նախաձեռնությունները, չխոսելով նոյեմբերի 9-ի թղթի մասին, նաև գործնականում չեն ներկայացնում պատասխանատվության սեփական մեխանիզմը կամ մոդելը: Այս հանգամանքը ստեղծում է որոշակի վակուում կամ վակուումի մեծ ռիսկ: Երևանի խնդիրն այն թույլ չտալն է, ըստ այդմ, Հայաստանն իր բոլոր ռեսուրսները պետք է գործի դնի Լաչինի միջանցքի հարցում միջազգային պատասխանատվություն ձևավորելու համար՝ այդ պատասխանատվության հարցում բացառելով Լաչինի կապակցվածությունը որևէ այլ «միջանցքի»: Այդ անելիքը ոչ միայն պաշտոնական, այլ գործնականում համահայաստանյան և համահայկական նշանակության հարց է, որտեղ, իհարկե, աներկբա է Երևանի ու Ստեփանակերտի պաշտոնական քաղաքական պատասխանատվությունը:

- Հայաստանի Հանրապետության քայլերն ինչպե՞ս եք գնահատում այս ընթացքում: Կան մեղադրանքներ, որ ՀՀ-ն համարժեք քայլեր չի ձեռնարկում եւ, այսպես ասած, «ձեռքերը լվացել է» Արցախից: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս կարծիքները:

- Ադրբեջանին կոչ են անում բացել Լաչինի միջանցքը, քանի որ դա կհանգեցնի հումանիտար աղետի: Սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայից հետո հնչեցին գնահատականներ, որ Ադրբեջանը պետք է հետ քաշվի Հայաստանի տարածքից: Անցել է ավելի քան երկու ամիս, Ադրբեջանը դեռ ՀՀ տարածքում է և, ավելին, ամրապնդվում է, կատարում ինժեներական աշխատանքներ և նույնիսկ փորձել է խանգարել հայկական դիրքերում ինժեներական աշխատանքների կատարմանը, ինչի հետևանքով հայկական կողմը նույնիսկ ունեցավ զոհ: Ի՞նչ արժեն Ադրբեջանին ուղղված կոչերը, այս դեպքում՝ Լաչինի միջանցքը բացելու կապակցությամբ: Ասել, որ դրանք չունեն նշանակություն ընդհանրապես, իհարկե, կլինի սխալ: Բայց բանն այն է, որ այդ կոչերը կարող են ունենալ, այսպես ասած, բազմանկյուն իմաստ, բազմաշերտ, բազմակողմ նպատակ: Դրանք կարող են լինել նույն Ադրբեջանի հետ սակարկության կամ առևտրի միջոց, Բաքվի քայլերը կառավարելու հնարավորություն։

Շատ կարևոր է, որ հնչում են Լաչինի միջանցքը բացելու կոչեր, սակայն ամբողջ հարցն այն է, որ Ադրբեջանը կարծես թե առանձնապես չի էլ ազդվում դրանցից: Իսկ պատճառն էլ այն է, որ այդ կոչերը Բաքվի համար ոչինչ են, քանի դեռ չեն ենթադրում միարժեք գին: Իսկ դրա մասին առայժմ չկա խոսք: Ու քանի դեռ կա այդ խոսքը, Լաչինի միջանցքը բացելու կոչերը պարզապես «արարողակարգ» են, որի ներքո իրական վիճակը կարող է ունենալ այդ կոչերին լիովին հակառակ բնույթ: Ըստ այդմ, հայկական հնարավոր ամբողջ ռեսուրսը թերևս պետք է ուղղվի այլևս ոչ թե կոչեր, այլ Ադրբեջանի համար սադրանքի գին ձևավորելուն, լինի խոսքը ռազմական սադրանքի, թե որևէ այլ «ոլորտային» պատրվակով սադրանքի մասին:

Կոչերը, որպես քաղաքական իրադրության վրա ներգործության միջոց, իրենց սպառել են դեռևս այն ժամանակից, երբ Բաքուն սկսեց Արցախի դեմ սողացող պատերազմն ու տասնամյակ անց հասցրեց այն հսկայածավալ ագրեսիայի: Հայաստանի պետական, հանրային, քաղաքական, ինչպես նաև հայկական սփյուռքի ռեսուրսները պետք է աշխատեն Բաքվի համար որևէ սադրանքի միջազգային քաղաքական գին ձևավորելուն: Սա, իհարկե, ակնթարթային աշխատանք չէ, բայց սա է այն ռազմավարական խնդիրը, որի ուղղությամբ պետք է լինի համակարգված աշխատանք՝ անկախ քաղաքական հայացքներից և անգամ անձնական հարաբերություններից:

- Արցախի որոշ պաշտոնյաներ ՀՀ-ում են՝ հայտնի պատճառներով: Նրանք, մասնավորապես՝ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, ՄԻՊ-ը, արդեն մի քանի օր է՝ նստացույց են սկսել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց: Ինչպե՞ս եք գնահատում այս գործողությունները:

- Նույնիսկ եթե այսօր Լաչինի միջանցքը մի հրաշքով բացվի, դա ամենևին չի նշանակում խնդրի խորքային լուծում, և սա թերևս պարզ է բոլորին: Որևէ կերպ բացառված չէ, որ ադրբեջանցիները վաղը որևէ այլ պատրվակով չեն դիմի այլ սադրանքի թե՛ ճանապարհի, թե՛ այլ ուղղությամբ: Սա, անշուշտ, կախված է լինում նախ և առաջ քաղաքական իրողությունների տրամաբանությունից, իսկ դրանք անկանխատեսելի են: Հետևաբար, եթե խոսենք պայմանական առումով, ապա թե՛ Արցախը, թե՛ Հայաստանը պետք է գործեն այնպես, կարծես այդ ճանապարհը փակ է կամ փակվելու է ամեն հաջորդ րոպեին: Հայաստանի և Արցախի քաղաքական ղեկավարությունների համար պետք է աշխատանքային այդ տրամաբանությունն ու ռեժիմը դառնա մշտական, և թե՛ օպերատիվ-մարտավարական մակարդակում կազմակերպվող աշխատանքը, թե՛ ռազմավարական քաղաքականությունը պետք է առաջնորդվեն այդ տրամաբանությամբ:

Դրա շնորհիվ Հայաստանն ու Արցախը ամեն հաջորդ օր մի կողմից պետք է ավելի պատրաստ լինեն որևէ այլ սադրանքի, մյուս կողմից պետք է պատրաստ լինեն նաև կանխարգելել որևէ նոր սադրանք: Այսինքն՝ սադրանքների կանխարգելման քաղաքականության արդյունավետությունը, Հայաստանի ու Արցախի կանխարգելիչ կարողությունն էապես կախված է նաև այն բաղադրիչից, թե որքանով են Երևանն ու Ստեփանակերտը թե՛ իշխանությունների, թե՛ հասարակական-քաղաքական մնացյալ շերտերի մակարդակում ավելի ու ավելի պատրաստ ֆորս-մաժորային նոր իրավիճակներին: Սա հրամայական էր երեկ, սա կենսական անելիք է այսօր՝ անկախ այն հանգամանքից՝ կբացվի՞ ճանապարհը, թե՞ ոչ:

- Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործունեությունը ինչպե՞ս եք գնահատում: Տպավորություն չի՞ ստեղծվում, որ Արցախի ամբողջական կառավարումը հանձնվել է նրան, եւ Արայիկ Հարությունյանը կարծես մնացել է ստվերում կամ ուզում է մնալ:

- Այս պահին չեմ ուզում որեւէ կերպ գնահատել Արցախի պետնախարարի վարքագիծը, քայլերը։ Նրա ուսերին ահռելի պատասխանատվություն եւ բեռ է դրված։ Հույս ունեմ, որ նա հասկանում է Երևանի հետ համակարգված աշխատանքի կարևորությունը, հասկանում է այդպիսի աշխատանքի ոչ միայն կարիքը, այլեւ դրա այլընտրանքի բացակայությունը։ Այս պահին ձեռնպահ կմնամ Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ որեւէ գնահատական հնչեցնելուց, քանի որ Արցախը, արցախցիները գտնվում են օրհասական կացության առաջ։ Այսպիսի իրավիճակներում մենք բոլորս՝ Հայաստանի, Արցախի, սփյուռքի բոլոր շրջանակները՝ քաղաքական, քաղաքացիական, կրոնական, ավելի շատ մեր ժողովրդին միավորող գործոնների վրա պետք է առավելապես կենտրոնանանք, ոչ թե բաժանող։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1583 դիտում

Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան

Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը

Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան

Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին