Երևան
12 °C
Մի քանի օր առաջ Մեղրիի զորամասը լքելու համար մոտ 2 տասնյակ զինծառայող տեղափոխվել է Արցախի զորամասեր, որպես «պատիժ»: Պատժվել է նաեւ հրամանատարական կազմը, մի քանի սպաներ պաշտոնանկ են արվել: Մեղրիում տեղի ունեցածի մասին 3 օր առաջ epress.am կայքում բարձրաձայնել էր զինվորներից մեկի մայրը: Տիկնոջ հայտարարությանն արձագանքեց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հայտարարելով, որ տեղեկությունը միակողմանի է ներկայացվում, ՀՀ ԶՈւ-երում կարգազանցությունները և անհնազանդությունները անթույլատրելի են և պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: Ինչ է իրականում տեղի ունեցել Մեղրիի զորամասում: «Հայկական ժամանակ»-ը գնացել է սույն տեղեկության հետքերով:
Զորամասի հրամանատարի մարտական պատրաստության գծով արդեն նախկին տեղակալ, փոխգնդապետ Արմեն Գասպարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ իրականում բուն պատճառները չեն ասվում, թե ինչ է եղել. «Մի շարք զինծառայողներ բավականին լկտի են իրենց պահել: Բազմիցս հրամանատարության կողմից տույժերի են ենթարկվել»,- ասաց Գասպարյանը:
Նրա խոսքով՝ բուն պատճառն առաջացել է մեկ զինծառայողի՝ շարքային Կ. Մուսայելյանի պատճառով: «Այդ զինծառայողը մեր դժվար դաստիարակվողների ցուցակի մեջ է, բազմիցս կալանքների է ենթարկվել: Սրանից մի ամիս առաջ էլ քրեական գործ է հարուցվել նրա դեմ՝ թմրանյութ պահելու համար: Գալիս է մեր բանակային կորպուսի հրամանատար գեներալ Վալերի Քոչարյանը, զրուցում է նրանց հետ, բացատրում է, որ նորմալ ծառայեք՝ հասեք ձեր ընտանիքներին, բայց այս զինծառայողների վրա չի ազդում: Շարք չեն կանգնում, այլ համազգեստով են լինում՝ սպաների համար թույլատրված, սափրված չեն լինում, այլ սապոգներ են հագնում»,- ասաց Գասպարյանը:
Մեր հարցին՝ ի սկզբանե նրանք այդպե՞ս են ծառայել, Գասպարյանը պատասխանեց. «Ոչ, այդպիսի բան չի եղել: Այդ զինծառայողին մնում էր 3 ամիս, որ զորացրվեր: Մինչեւ զինվորական երդում ընդունելը այդ զինծառայողը գլուխ էր պահում, թե չէր կարողանում քայլել, զանգել եմ ծնողին, բացատրել եմ, որ ձեր տղան չի կարողանում քայլել: Ուղարկել ենք հոսպիտալ, ամեն ինչ նորմալ է եղել: Երդման արարողության օրը պարզվեց, որ նորմալ էլ քայլում է: Հետո նրա բջջային հեռախոսի մեջ հայտնաբերեցինք, որ նա մի զինվորի գլխին էր խփում, կոպիտ ասած՝ կայֆավատ էր լինում վրան: Դրանից հետո կալանք ենք ուղարկել: Բանակային կորպուսի հրամանատարը խոսելուց հետո հասկանում է, որ նա չի ուղղվում եւ որոշում է Մուսայելյանին տեղափոխել այլ զորամաս: Նա էլ իմանալով, որ իրեն տեղափոխում են ուրիշ զորամաս, մարտի 17-ին գալիս մտնում է մեր զորամասի հրամանատարի մոտ եւ ասում է. «Էդ լսել եմ ինձ տեղափոխում ե՞ք», հրամանատարը ասել է՝ այո, նա էլ, թե՝ դե դուք ձեր ասածն արեք, ես էլ իմ ասածն անեմ: Մուսայելյանը անձնակազմին շարում է, ստորաբաժանումներում իր ընկերների հետ է խոսում՝ 20 հոգուց ավելի, որ հիմա կալանքի տակ են, պայմանավորվում են, որ զորքը հանեն, տանեն քաղաք, որ Մուսայելյանին չտեղափոխեն: Ու իրենք այդպես անհնազանդություն են դրսեւորում, զորքը ճաշարան չի մտնում՝ մինչեւ Մուսայելյանը չի ասում: Զինվորներն էլ ուզած-չուզած նրան լսում են, որ հետո իրար մեջ խոսակցություն չունենան:
Գնում են քաղաք մոտ 200-250 զինծառայող: Գնում եմ, իրենց մոտ խոսում եմ, ոստիկանություն, ոստիկանության պետ, հրամանատարական կազմ, բոլորը այնտեղ են լինում: Զինծառայողները ինձ տեսնում են, ասում են՝ պարոն փոխգնդապետ, չենք թողնում մոտիկանաք Կարոյին: Հետո քաշում եմ մի կողմ, Կարոյին ասում եմ՝ այս ի՞նչ ես անում, նա էլ՝ թե բա պարոն փոխգնդապետ, հորս արեւ, էս ձեր թեման չի, դուք գնացեք, գործ չունեք: Զինվորներն էլ չեն թողնում նրան: Ու այդ ամբողջ անձնակազմը հարբած են լինում: Հետո հրամանատարն էլ է գալիս, խոսում ենք, նրանց բերում ենք զորամաս: Երեկոյան չեն քնում, ասում են՝ մենք ուզում ենք հրամանատարը երաշխիք տա, որ Կարոն չի տեղափոխվելու զորամասից: Հրամանտարն ասում է՝ բարձրացեք վերեւ, ես կորպուսի հրամանատարի հետ կխոսեմ: Նրանք էլի չեն քնում, սկսում են բարձր ձայներ հանել, գոռալ»,- պատմեց զորամասի հրամանատարի տեղակալը:
Գասպարյանի խոսքով՝ զորամաս է այցելել նաեւ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը եւ բացատրել է, որ սիրուն բան չեն անում: «Նրանք էլ ասում են՝ մեզ երաշխիք է պետք, որ Մուսայելյանը չի տեղափոխվելու զորամասից: Հաջորդ օրը բանակային կորպուսի հրամանատարը գալիս է նրանց հետ խոսելու: Զորամասի հրամանատարը Մուսայելյանենց գումարտակին հրաման է տալիս, որ բարձրանան վերեւ՝ խոսելու համար: Հրաման է տալիս, չեն կատարում զորամասի հրամանատարի հրամանը: Ասում է՝ չե՞ք լսում, որ ասում եմ՝ քայլով մարշ, դարձյալ ռեակցիա չեն տալիս: Մուսայելյանն ասում է՝ քայլեք, նրանք քայլում են դեպի դուրս, այլ ոչ վերեւ՝ խոսելու: Հետո հաջողվում է նրանց բերել՝ խոսելու: Կորպուսի հրամանատարն ասում է՝ չենք տեղափոխելու մի որոշ ժամանակ, մինչեւ տեսնենք՝ այս վիճակն ինչ է լինելու:
Մուսայելյանն ասում է՝ դե լավ տղերք, գնացինք: Մինչեւ այդ էլ Մուսայելյանը զինվորներին ասում է՝ տղերք չմտածեք, ես գիտեմ՝ ինձ դատելու են, բայց ես ձեզ բերդերում էլ եմ պահելու, ես սաղ տեղերն էլ ապրած ունեմ: Դրանից հետո նրանց տեղեկացնում ենք, որ պիտի պատժվեն, մարդիկ կալանք պետք է ստանան նման արարքի համար եւ հարցնում են՝ ովքե՞ր են կազմակերպիչները, թող դուրս գան շարքից: Մուսայելյանի ընկերները դուրս են գալիս շարքից, ասում են՝ բա մենք ենք կազմակերպել, Մուսայելյանը կապ չունի: Ու այդ մարդկանց ռազմական ոստիկանությունը մեքենաներով տանում է Կապանի ոստիկանություն:
Ասում են՝ Գասպարյանը շորեր է ճղել, չեմ ժխտում՝ եղել է այդպիսի դեպք: Բազմիցս անձնակազմին զգուշացվել է՝ այդ համազգեստները, որ ձեզ ուղարկել են, չի թույլատրվում, հանեք, մեր տրամադրածները հագեք: Ասում են՝ պարոն փոխգնդապետ, լվացել ենք: Ժամանակ ենք տալիս, հինգշաբթի ասում ենք՝ լվացեք, շաբաթ օրը ստուգելու ենք: Հիմա ասում ենք՝ տղա ջան, քո ծնողը կարողանում է ուղարկել, մյուսի ծնողը չի կարողանում, չի էլ թույլատրվում, ինչո՞ւ ես հագնում այդ համազգեստը: Գալիս են զորամասը ստուգելու, տեսնում են՝ բոլորը խայտաբղետ գույներով համազգեստներ են հագել: Մարտի 16-ին նայում ենք, ինչքան այդպիսի համազգեստներ կան, վնասում ենք, որպեսզի գնան փոխեն: Գնում փոխում են, հետո թե այս մատերիալը մեզ դուր չի գալիս, մաշված է: Այդ 20-ից ավելի զինվորները բազմիցս անձնակազմի մեջ խռովություններ են գցել: Ես ծառայության մեջ էլ չլինեմ, թույլ չեմ տա, որ գյուղից եկած համեստ երեխային ինչ-որ տականք նեղացնի: Գյուղում մեծացածը մեղք չունի, որ գյուղում անասուն է պահել, իսկ այս մեկն էլ Երեւանից է եկել, ճարտար բառեր գիտի»,- ասաց հրամանատարի տեղակալը:
Գասպարյանը նշեց, որ բողոքողներից մեկն էլ զինծառայող Ն. Գրիգորյանի մայրն է: «Նա էլ այդ վատ ծառայողներից մեկն է: Տեղափոխել էինք մեր ստորաբաժանումներից մեկը, այդ ստորաբաժանման հրամատարն ասաց՝ ես չեմ կարողանում այս զինվորի հետ ծառայել, տեղափոխեք: Քանի որ հրաման չէր կատարում, պառկած տեղից վեր չէր կենում: Այդ զինվորին տեղափոխում են Արմավիրի ուսումնական զորամաս՝ սերժանտական դասերի, սակայն այնտեղից էլ հետ են ուղարկում, ասում են՝ այս զինծառայողը չի կարող սերժանտ լինել, վատ վարք ունի եւ հրամաններ չի կատարում: Ինչ-որ տեղեր գրում են, թե ես Երանոսյանի բարեկամն եմ, բայց ոչ մի բարեկամական կապ չունեմ նրա հետ: Պաշտոնանկ են արվել հրամանատարի 4 տեղակալներ՝ նաեւ ես, գումարտակի հրամանատար, մի շարք այլ սպաներ: Մոտ 20 սպա կամ պաշտոնանկ է արվել կամ այլ զորամաս է տեղափոխվել: Արցախը սարքել են պատժավայր, ես էլ եմ Արցախում ծառայել: Այդ 20-ից ավելի զինծառայողները ուղղակի տեղափոխվել են Հայաստանի եւ Արցախի տարբեր սահմանային զորամասեր»,- ասաց Գասպարյանը:
ՀԺ-ն զրուցեց նաեւ զինծառայողներից մեկի ծնողի՝ տիկին Հայկուհու հետ. վերջերս կայքերից մեկին պատմել էր այս դեպքի մասին. «Խնդիրը ընթացք չի ստացել: Մեր երեխաների սխալն է առաջնահերթ, չպետք է լքեին զորամասը: Հիմա ես չեմ ուզում իմ տղայի համար խնդրին ընթացք տալ, որովհետեւ նրա հետ խոսել եմ, ասել է, որ այնտեղ էլ է նորմալ, մեկ է՝ հետ չեն բերելու: Ես համոզվեցի, որ զինվորը Հայաստանում տեղ չունի, զինվորը հարգանք չունի Հայաստանում: Բոլոր տեղափոխվածներն էլ Արցախի առաջնագիծ են տեղափոխվել: Իմ երեխան ուղղակի տուժվել է, որովհետեւ մասնակից է եղել եւ ամբողջ զինվորների հետ լքել է զորամասը: Չգիտեմ՝ ինչու է դուրս գալիս, որ իմ երեխան անկարգապահ ծառայող է եղել: Եթե Արծրուն Հովհաննիսյանի ասելով՝ անկարգապահ է, մի անգամ կարելի էր ծնողին կանչել եւ ասել՝ ձեր երեխան անկարգապահ է»:
Մեր դիտարկմանը՝ ի՞նչ տարբերություն Հայաստանի, թե Արցախի զորամասում, Հայկուհին պատասխանեց. «Ուղղակի ես չեմ կարողանա Արցախ գնալ՝ իմ երեխային տեսնելու: Ինչո՞ւ պիտի իմ միակ արու զավակին տանեն Արցախ»:
Հայկուհին պնդում էր, թե սուտ է, որ իր որդին վատ է ծառայել:
Մեր հարցին՝ իր որդին տարբերվող համազգեստ հագե՞լ է, զինվորի ծնողն ասաց, որ մեկ անգամ եղել է նման բան. «Երեխան համազգեստ էր ուզել, չիմանալով՝ սխալ համազգեստ եմ գնել: Հետո երեխան ասաց, որ սխալ եմ ուղարկել»:
Զինծառայողի մայրը նշեց, որ ծնողներ կան, որոնք դժգոհ են, քանի որ իրենց որդիները տեղափոխության արդյունքում ընկել են՝ Մարտակերտ, Թալիշ:
Զինծառայող Կ. Մուսայելյանի մայրը՝ տիկին Գայանեն, ՀԺ-ի հետ զրույցում առայժմ ոչինչ չցանկացավ մեկնաբանել. «Եթե պետք լինի, ես ձեզ մանրակրկիտ կներկայացնեմ: Սպասում եմ, տեսնեմ՝ հետագան ինչ կլինի»: Մուսայելյանի մայրը նշեց, որ եթե միայն տեղափոխությամբ ամեն ինչ ավարտվի, նա ոչինչ չի ասի:
Մեր հարցին՝ իր որդու մոտ թմրանյութ եղե՞լ է, Մուսայելյանի մայրն արձագանքեց. «Ես ինչքան գիտեմ՝ ոչ: Չեմ մեկնաբանում այլ բաներ, ես սպասում եմ, տեսնեմ՝ ինչ է լինում»:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեր զրույցում նշեց, որ 10-ից ավելի սպա է պաշտոնանկ արվել: Նա նշեց, որ սպաների մասով գործեր չկան հարուցված, իսկ զինծառայողներից 9 հոգի հնարավոր է՝ անցնեն քրեական գործերով:
Նշենք, որ այսօր ՊՆ-ում փակ հանդիպում է տեղի ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ: ՀԺ-ն Հովհաննիսյանից հետաքրքվեց՝ փակ հանդիպումն այս դեպքի հետ կապ ունի՞, թե նախապես է պլանավորված եղել, ի պատասխան Հովհաննիսյանն ասաց. «Օպերատիվ հավաք է, ամեն տարի անցկացվում է»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ արգելվել է հավաքվել, տոնել, բողոքել, նկարահանել. կան ձերբակալվածներ
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
Ինքնասպանություն Գյումրիում. տղամարդը վերջ է տվել կյանքին՝ ձեռքում նռնակը պայթեցնելով
Օգոստոսի 1-ից «ՀՀ սպորտի վարպետ» և «ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ» կոչումների համար նոր չափանիշներ կլինեն
Երևանի հանրակացարաններից մեկում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմին. կա սպանության վարկած
Վարչապետը Մալաթիա-Սեբաստիայի Սուրբ երրորդություն եկեղեցում մասնակցել է սուրբ պատարագի. տեսանյութ
Պարզվել է Փամբակ գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղած տղամարդկանց ինքնությունը
Պատմական շոգ Եվրոպայում․ Գերմանիան, Չեխիան և Դանիան նոր եղանակային ռեկորդներ են սահմանել
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով
Արուսյակ Ջուլհակյանն ու Արման Եղոյանն առաջադրվել են որպես ԱԺ փոխնախագահի թեկնածուներ
Վարդենիկ գյուղում իր դռներն է բացել «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի կանանց 5-րդ ակումբը. տեսանյութ
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ՝ հավասարվելով 13 տարի առաջ գրանցված ցուցանիշին
Բագրատաշենի մաքսային կետում մաքսային ձևակերպումներ չիրականացնելու մասին պնդումները սուտ են. ՊԵԿ
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումները
Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը
«Փաստաբանություն» Մեդվեդևի կողմից. ՌԴ ԱԽ քարտուղարը հանդես է եկել Ծառուկյանի պաշտպանությամբ
Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի քաղաքացիների համար. Մեդվեդև
Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում
Վրաերթ Երևանում. տուժածը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռն է
Էապես աճել են կենսաթոշակները, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներով
Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան է տեղափոխվել 770 տոննա ցորեն
Երևանի քաղաքապետարանը պարգևատրել է 2026 թ. աշխարհի գավաթների առաջնություններում մեդալակիրներին ու մարզիչներին
Հրազդանում «Օպել»-ը բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր
Ուկրաինան հարվածել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին
Խոշոր ավտովթար Գեղամավանի մոտակայքում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը թևակոխել է նոր՝ շինարարության փուլ. ինչ է նախատեսվում
Փամբակ գետում վերսկսվել են մեքենայով ջուրն ընկած քաղաքացիներից մեկի որոնողական աշխատանքները
Հրդեհ՝ Թաիրով բնակավայրում կառուցվող շինության շինհրապարակում
Հայաստանը միացել է ՄԱԿ-ի կանոնադրության 81-ամյակի խորհրդանշական ստորագրմանը
Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն
ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը
Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը
Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է
Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար
Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ
Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ
Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո
Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT