Թաքցնելու բան չունենք Հայաստանից՝ անգամ ԼՂ հարցում. Ղազախստանի դեսպան

Ղազախստանում սպասվող նախագահական ընտրությունների, հայ-ղազախական հարաբերությունների, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստան-Ղազախստան համագործակցության հարցերի մասին ՀԺ-ի հետ հարցազրույցում իր մոտեցումները ներկայացրեց ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևը: 

- Պարոն դեսպան, վերջին օրերին Ղազախստանում էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Ղազխաստանում կայացած մեդիա-ֆորումին մասնակցեց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, իսկ արդեն մայիսի 29-ին սպասվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Նուր-Սուլթան: Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ու Ղազախստանի երկկողմ հարաբերությունները: 

- Առաջին հերթին, կուզենայի շնորհակալություն հայտնել «Հայկական ժամանակ»-ին եւ ձեր լսարանին՝ մեր պետությունում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար: Մայիսը բավականին ակտիվ է հայ-ղազախական հարաբերությունների տեսանկյունից: Վերջին օրերին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցեց Աստանայի տնտեսական ֆորումին, հանդես եկավ բավականին հետաքրքիր զեկույցով առ այն, ինչպես ժամանակակից գլոբալ տնտեսությունը կարող է ծառայել համընդհանուր առաջընթացին: Իսկ արդեն երեկ Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը եւ նրա տիկին Նունե Սարգսյանը մասնակցեցին Ալմա Աթիում կայացած Եվրասիական մեդիա ֆորումին: Ի դեպ, պարոն Սարգսյանը մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի այդ մեդիա ֆորումն ունենա գլոբալ նշանակություն: Հայաստանից երկու կանանց մասնակցությունը խոսում է այն մասին, որ ֆորումը համընդգրկուն է նաեւ գենդերային տեսանկյունից: Իսկ արդեն մայիսի 29-ին մենք սպասում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Նուր-Սուլթան՝ ԵԱՏՄ-ի գագաթաժողովին մասնակցելու համար: Սա հոբելյանական գագաթաժողով է, քանի որ լրանում է ԵԱՏՄ համաձայնագրի կնքման 5 տարին: Այդքան ժամանակ է՝ գործում է ԵԱՏՄ-ն, որը ցուցադրել է իր արդյունավետությունը: Բացի բազմակողմանի ձեւաչափից ԵԱՏՄ-ն նաեւ կարեւոր է նույն հայ-ղազախական երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Սա փոխադարձ պայմանավորվածությունների կատարմանը որոշակի կարգապահություն է հաղորդում: Ուստի, հայ-ղազախական հարաբերությունները ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ-ի շրջանակներում բավականին դրական դինամիկա ունեն: Մասնավորապես, մեր պետությունեների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունները զարգանում են, երկկողմ առեւտուրն աճում է, իսկ քաղաքական վստահության աստիճանը մնում է շատ բարձր: ՀՀ առաջնորդ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հաստատել է, որ հայկական կողմը հավատարիմ է եվրասիական ինտեգրացիային եւ այդ շրջանակում իր վրա վերցրած պարտավորություններին: Դա մեզ համար «լակմուսի թղթի» նման մի բան է՝ գործընկերների հետ փոխգործակցության տեսանկյունից, քանի որ մեր ազգի առաջնորդ, առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ոչ միայն մեծ ջանքեր է գործադրել միության ձեւավորման համար, այլեւ, երբ 25 տարի առաջ նա առաջ քաշեց եվրասիական ինտեգրման գաղափարը, հասկանում էր, թե ինչ մարտահրավերներ կարող են լինել գլոբալացվող տնտեսությունում: Առաջին հերթին, դա գործընկերային կապերն են եւ ծրագրերի համատեղ իրականացումը, որոնք անհրաժեշտ են ոչ միայն տվյալ ռեգիոնալ միության, այլեւ ողջ եվրասիական աշխարհամասի համար: Նաեւ ԵԱՏՄ-ի ձեւավորումը կարեւոր էր տարածաշրջանի տնտեսությունների զարգացման համար: Ի վերջո պետք է գիտակցենք, թե որ տարածաշրջանում ու ինչպիսի պետություններով ենք շրջապատված, որոնց հետ ունեցել ենք սերտ համագործակցություն տեւական ժամանակ: Պետք էր հասկանալ, որ մենք չենք կարող մեր տնտեսությունները կապել գերզարգացած պետությունների տնտեսություններին եւ նրանց հետ մրցակցել: Բոլոր պետություններն էլ ուզում են արագ զարգանալ, ձգտում են գլոբալ տնտեսական կենտրոններին, բայց պետք է հասկանալ, թե որ տարածաշրջանում ես գտնվում եւ ինչ իրողություններում: Դրանք անպայման իրենց զգացնել կտան: 

- Ապրիլի 9-ին Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը հայտարարեց այս տարվա հունիսի 9-ին արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման մասին: Ինչո՞ւ նշանակվեց այդ օրը, ինչո՞վ էր դա պայմանավորված: 

- Պատճառները մի քանիսն են: Նախ, խնդիրն այն է, որ պետք է փնտրել պետական կառավարման առավել առաջադեմ եղանակներ՝ սահմանադրական, հանրային իրավունքին համահունչ: Երկրորդ, մեր ազգային առաջնորդը գիտակցում է իշխանության փոփոխման ու ավելի երիտասարդ սերնդի համար, որը գուցե մի փոքր այլ կատեգորիաներով է մտածում, ճանապարհ բացելու կարեւորությունը: Երրորդ, որը կապված է առաջինի ու երկրորդի հետ, Ղազախստանը բազմազգ պետություն է, որը կողմնակից է կայուն ու կառուցողական միջազգային համագործակցության: Սա հայտնի իրողություն է: Ուստի, հաշվի առնելով այս գործոնը՝ նախագահ Նուսուլթան Նազարբաեւն առաջարկեց մեր մյուս խոշոր պետական գործիչ Քասիմ Ժոմարտ Տոկաևին որպես նախագահի թեկնածու: Նա եղել է Սենատի նախագահ, վարչապետ, ԱԳ նախարար: Շատ հայտնի դիվանագետ է, լավ հասկանում է արտաքին ու ներքին իրողությունների կապն ու միմյանց վրա ազդելու հնարավորությունները: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնում նրա աշխատանքի փորձը մեծ նեցուկ է: Նա շատ հավասարակշռված անձնավորություն է: Իսկ թե ինչու հենց հունիսի 9-ին նշանակվեցին ընտրությունները, ապա դա արվել է սահմանադրությանը համահունչ: Երբ հրաժարական է տալիս նախագահը, ապա արտահերթ ընտրություններն անցկացվում են նրա հրաժարականից որոշակի ժամանակ հետո, որը սահմանված է սահմանադրությամբ եւ օրենքներով: Մյուս կողմից քաղաքական օրացույցի խնդիր էլ կա: Հուլիս-օգոստոսն արդեն արձակուրդային ամիսներ են, երբ ընտրություններ չեն անցկացվում: Իսկ հետո աշուն է, սկսվում է նոր քաղաքական սեզոնը: Այնուհետեւ ավարտվում է տարին, եւ ընտրություններ անցկացնելու համար ուշ կլինի: Մյուս կարեւոր հանգամանքը, միջազգային գործոնն է: Հարեւան տարածաշրջաններում իրավիճակը կայուն չէ, ռազմական բախումներ են: Մյուս կողմից գլուխ է բարձրացրել սանկցիոն հակամարտությունը, որի բոլոր կողմերում մեր գործընկերներն են՝ Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան: ՌԴ-ն մեր ռազմավարական դաշնակիցն է, առեւտրատնտեսական գլխավոր գործընկերը, Չինաստանը՝ երկրորդն է, իսկ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն՝ գլխավոր ներդրողներն են: Ուստի, Ղազախստանը պետք է ցույց տա Մոսկվային, Պեկինին ու Վաշինգտոնին, որ շարունակում է մնալ որպես վստահելի, կանխատեսելի ու հավասարակշռված գործընկեր՝ վարելով բազմավեկտոր քաղաքականություն եւ հավատարիմ մնալով միջազգային գործընկերության հիմնարար սկզբունքներին: 

- Եկեք խոսենք սպասվող ընտրությունների մասին: Ինչո՞վ են դրանք տարբերվելու նախորդ ընտրություններից: 

- Առաջին տարբերությունն այն է, որ թեկնածուների ցանկում չկա մեր ազգային առաջնորդ Նուրսուլթան Նազարբաեւը: Երկրորդ տարբերոթյունն այն է, որ առաջին անգամ այդքան շատ՝ նախագահի յոթ թեկնածուներ են առաջադրվել ընտրություններում: Առաջին անգամ կին է առաջադրվել որպես նախագահի թեկնածու: Խոսքը տիկին Դանիա Եսպաեւայի մասին է, որը խորհրդարանի մաժիլիսի (ստորին պալատ) «Ակ ժոլ» («Լուսավոր ուղի») կուսակցության պատգամավոր է: Նա տեւական ժամանակ աշխատել է բանկային համակարգում: Մյուս կարեւոր տարբերությունն այն է, որ թեկնածուների շարքում կա ոչ համակարգային ընդդիմության ներկայացուցիչ Ամիրժան Կոսանովը: Նա միշտ եղել է շատ խիստ ընդդիմադիր, այդ թվում պետության ղեկավարի նկատմամբ՝ Ղազախստանի զարգացման ռազմավարության տեսանկյունից: Հետաքրիր է, որ նա չի ներկայացնում որեւէ կուսակցություն կամ քաղաքական թեւ, որը գուցե լավ է, քանի որ հանրության իրավունքն է՝ ունենալ այլընտրանք ու այլընտրանքային կարծիք: Բայց շատ կարեւոր է այն, որ նոր ընտրված նախագահն այս կերպ էականորեն բարձրացնում է իր լեգիտիմությունը: Նա ընտրվելու է համապետական ընտրության միջոցով՝ բաց ու թափանցիկ գործընթացի արդյունքում: Ընտրությունների բաց, արդար ու թափանցիկ լինելուն հետեւելու են մեծ թվով դիտորդներ՝ հայտնի բոլոր միջազգային դիտորդական կազմակերպություններից: Երկարատեւ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններն արդեն իսկ ուղարկել են իրենց դիտորդներին: 

- Հայտնի իրողություն է, որ ընտրությունների ժամանակ դեսպանատներում բացվում են ընտրատեղամասեր, որպեսզի այնտեղ ընտրեն արտասահմանում գտնվող իրենց քաղաքացիները: Կազմակերպվելո՞ւ է արդյոք քվեարկություն ՀՀ-ում Ղազախստանի դեսպանատանը: Ղազախստանի որքա՞ն քաղաքացիներ են ապրում Հայաստանում: 

- Իհարկե, ցանկանում եմ ձեր ընթերցողին հայտնել, որ Երեւանում Ղազախստանի դեսպանատանը բացվելու է ընտրատեղամաս: Քվեարկությունն անցնելու է հենց դեսպանատանը: Ընտրատեղամասը գործելու է հունիսի 9-ի առավոտյան ժամը 7:00-ից մինչեւ երեկոյան 20:00-ը: Մեր դռները բաց են ՀՀ-ում ապրող Ղազախստանի բոլոր քաղաքացիների համար: Հյուպատոսական հաշվառման են կանգնած շուրջ 100 մարդ՝ Ղազախստանի քաղաքացիներ: Կան մարդիկ, որ մշտապես բնակվում են այստեղ, կան, որ գտնվում են ՀՀ-ում կրթության ու ժամանակավոր աշխատանքի նպատակով: Իսկ մշտական հաշվառման են կանգնած խառն ամուսնության արդյունքում ձեւավորված ընտանիքների անդամները, որ Ղազախստանի քաղաքացի են: Մենք բոլորին սպասում են քվեարկության օրը:

- Յուրաքանչյուր ընտրություններից հետո, երբ տեղի է ունենում իշխանության կամ երկրի առաջին դեմքի փոփոխություն, հարց է առաջանում՝ արդյոք փոխվելու է տվյալ պետության արտաքին քաղաքականությունը: Ինչպիսի՞ն է լինելու Ղազախստանի արտաքին քաղաքական կուրսը: Փոփոխություն կկրի՞ արդյոք Հայաստան-Ղազախստան հարաբերությունների բնույթը: 

- Չեմ կարծում, որ էական փոփոխություններ կլինեն: Հենց դրա պատճառով էլ երկու նախագահները հայտարարեցին, որ իշխանության ուղենիշի ժառանգականությունը կպահպանվի: Սա արվում է ոչ միայն միջազգային գործընկերների հետ հարաբերությունների կայունության պահպանման, այլեւ նոր պայմաններին սահուն անցնելու համար: Անգամ կադրային խնդիրների լուծման հարցում այս սկզբունքը կպահպանվի: Ինչ վերաբերում է Հայաստանի հետ հարաբերություններին, չեմ կարծում, որ որեւէ փոփոխություն լինի: Այն պարզ պատճառով, որ մեր հարաբերությունները բավականին կայուն են: Իհարկե, Ղազախստանն ու Հայաստանն ունեն տարածաշրջանային շահեր, բայց դրանք փոխադարձ հասկանալի ու ընկալելի են: Այդ դիրքորոշումները բաց են ու անձի ցանկությունների արդյունքում չեն ձեւավորված, այլ պայմանավորված են ազգային շահերով: Մենք թաքցնելու ոչինչ չունենք՝ անգամ այն հարցերում, որ հայկական կողմի համար բավականին զգայուն են: Լինի ղարաբաղյան կարգավորումը, կամ ԵԱՏՄ ու ՀԱՊԿ-ի գործունեությանը վերաբերող հարցեր: Ղազախստանն ունի այս հարցերում հստակ դիրքորոշումներ, դրանք չեն փոխվելու, քանի որ ձեւավորվել են տարիների ընթացքում եւ թելադրված են ազգային շահերով: Հայկական կողմը դրա մասին տեղյակ է: Մենք բարձր ենք գնահատում երկկողմ կառուցողական հարաբերությունները, որոնք զուրկ են հիմնականում էմոցիոնալ կոմպոնենտից: Էմոցիաներ, իհարկե, մեկ-մեկ լինում են, բայց կառուցողական, պրագմատիկ դիրքորոշումները գերակայում են: 

- Հայաստանն ու Ղազախստանը միասին մասնակցում են միանգամից մի քանի ինտեգրացիոն ձեւաչափերում: Դրանք են՝ ԵԱՏՄ-ն, ԱՊՀ-ն, ինչպես նաեւ մենք դաշնակիցներ ենք ՀԱՊԿ-ի ռազմաքաղաքական բլոկի ձեւաչափում: Որքանո՞վ արդյունավետ են կողմերն օգտագործում այս ձեւաչափերի հնարավորությունները երկկողմ հարաբերությունների զարգացման համար: 

- Սկսենք ԱՊՀ-ից, այն, կարելի է ասել, խորհրդային անցյալից մնացած դրական ու հարուստ ժառանգության պահպանման հարթակ է: Մենք պետք է հաշվի առնենք անցյալի դրական փորձը, դասեր քաղենք՝ հասկանալով հանդերձ, թե ինչ բացասական դրվագներ են եղել: Իհարկե, ԱՊՀ-ի շրջանակում կա ազատ առեւտրի ընդհանուր գոտի, միասնական ՀՕՊ եւ հակահրթիռային համակարգեր, գործում են մշակութային հումանիտար կապերը: Իսկ ԵԱՏՄ-ն ինտեգրման առավել բարձր աստիճան է, որն առավել մեծ պատասխանատվություն է ենթադրում պետական մակարդակում որոշումներ կայացնելիս: Սա համագործակցության զուտ տնտեսական ձեւաչափ է: Մենք մշտապես դա ընդգծում ենք: Իհարկե, առանց քաղաքականության հնարավոր չէ, սակայն քաղաքականությունը պետք է լինի ԵԱՏՄ-ում որպես խնդիրների լուծման գործիք, բայց ոչ դոմինանտ գործոն: ԵԱՏՄ-ի գործունեության արդյունքները զգալի են բոլոր մասնակիցների համար: 2018 թ-ի տվյալներով՝ երրորդ երկրների հետ ԵԱՏՄ բոլոր անդամների առեւտրաշրջանառությունն էականորեն աճել է: Հայաստանում՝ ավելի քան 20%-ով, Ղազախստանի պարագայում՝ 27% եւ այլն: 2017 թ-ին եւս աճ էր գրանցվել: Դինամիկան ակնհայտ է: Եթե չնայած պատժամիջոցների ու վարկային միջոցների սահմանապակումներին, ԵԱՏՄ-ն դրական դինամիկա է արձանագրում, ապա կարող ենք հույս ունենալ, որ կոնֆրոնտացիոն միջավայրի թուլացման պարագայում, այն առավել ակնառու ու բարձր կլինի: Հայաստանը միայն շահել է ԵԱՏՄ-ին անդամակցելուց՝ ինչպես երրորդ պետությունների, այնպես էլ անդամ պետությունների հետ առեւտրում: Հայաստանն առավել մեծ աճն է գրանցել: Սա հնարավորություն է նաեւ անդամ պետությունների առեւտրային բալանսի կարգավորման ու արտահանման դիվերսիֆիկացման համար: 

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա այստեղ եւս համագործակցությունը շատ սերտ է, որի նպատակն է՝ հակազդել արտաքին աշխարհից եկող մարտահրավերներին ու սպառնալիքներին, որոնք են վերազգային հանցագործությունները, թմրամիջոցների շրջանառությունը, ահաբեկչությունը եւ այլն: Դուք այդ կառույցին նայում եք հայկական պրիզմայից, մենք՝ Կենտրոնական Ասիայի: Այդ սպառնալիքներին հակազդելու համար ՀԱՊԿ-ում մշակվում են տակտիկական միջոցներ: Միայն պետք է ասեմ, որ Ղազախստանը դիտարկում է ՀԱՊԿ-ն որպես ռազմա-քաղաքական համագործակցության կազմակերպություն, ոչ թե որպես բլոկ: Բլոկ բառը նշանակում է ինչ-որ մեկի հետ ինչ-որ մեկի դեմ միավորվել: Մենք ագրեսիվ հարձակողական բնույթի կազմակերպություն չենք: ՀԱՊԿ-ն ստեղծված է որպես արտաքին սպառնալիքներին հակազդող կազմակերպություն: Նպատակն ինքնապաշտպանությունն է: 

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի շրջանակում երկկողմ համագործակցությանը, ապա այն այս պահին արդյունավետ է: Որքան կարող ենք, այդքան էլ աշխատում ենք՝ միմյանց հասկանալու եւ արդյունավետ համագործակցելու համար: Հույս ունենք, որ տարիների ընթացում այդ արդյունավետությունը կաճի: Համաշխարհային գործընթացների բարդության աստիճանը բարձրանում է: Նոր սպառնալիքներ են առաջ գալիս, որոնց արձագանքելու համար նոր պատասխաններ պետք է մշակել: Մենք նաեւ պետք է ձգտենք առավել թափանցիկ աշխատանքի ԵԱՏՄ-ի շրջանակում, ինչպես կազմակերպության ներսում, այնպես էլ երրորդ պետությունների հետ: Այս նպատակի համար մշակվում է ապրանքների հետագծին հետեւելու միասնական համակարգ: Սա կարեւոր է, որպեսզի տեսնենք, գնահատենք ու հասկանանք՝ որքան ապրանք է մտնում ԵԱՏՄ երրորդ պետություններից եւ ուր է այն տեղափոխվում: Սա մեզ ավելի կարգապահ կդարձնի առեւտրային կապերի թափանցիկության ապահովման հարցում: ԵԱՏՄ-ն ընդհանուր «կաթսա» է, որտեղ կատարված բոլոր մաքսատուրքերն ու ԱԱՀ մուծումները համամասնաբար բաշխվում են անդամ պետությունների մեջ: Եթե որեւէ անդամ թաքցնում է դա, ապա սա արդեն իսկ շեղում է բաց շուկայի սկզբունքից ու մյուս պետությունները չեն ստանում իրենց հասանելիք եկամուտը: Հայ-ղազախական հարաբերություններում, փառք Աստծո, նման խնդիր չկա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3169 դիտում

Անի Երանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել

Էրդողանը կմեկնի Սիրիա, երբ նպաստավոր պայմաններ լինեն. Քյորօղլու

ԵՄ-ն թույլ չի տա Ռուսաստանին կամ հանցավոր կազմակերպություններին խաթարել մեր անվտանգությունը. Իտալիայի վարչապետ

Կտեսնենք՝ ժամկետի ավարտից հետո բանտում կլինի, թե՝ այլ տեղ. Վրաստանի վարչապետը սպառնացել է նախագահին

Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում. ՄՔԾ-ն ամփոփել է տարին

ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, Մոսկվան երբեք չի կորցրել այդ ցանկությունը. Պուտին

Գևորգ Պապոյանն ընդունել է քաղաքացիներին. ինչ հարցեր են քննարկվել

Առանձին շրջաններում և Երևանում թույլ ձյուն է սպասվում

2024-ին Արաբկիր վարչական շրջանում բնակիչներին է վերադարձվել շուրջ 40 հազար քմ տարածք. մանրամասներ

Թուրքիայում հիվանդին տեղափոխող ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ. կան զոհեր. տեսանյութ

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած

Հովիկ Աղազարյանի նամակագրության գաղտնիությունը խախտելու հոդվածով քրեական վարույթ չի հարուցվել

Հանրային վայրում չծխելու կանոնը հաճախ չի պահվում. նոր միջոցներ կգործադրվեն. մանրամասնում է փոխնախարարը

Նման բարձր խոսքերը հիշեցնում են պատերի տակի տատերի «թաղեմ ազիզդ»-ն ու «հողեմ գլուխդ»-ը. Սաֆարյանը՝ Զոհրաբյանին

Զիրոյանի մասնակցությամբ առաջիկա ներկայացումները չեն կայանա, դրանք չեղարկվել են

Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան

Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը

Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին, կա տուժած

Դուք շարունակում եք ապահովել կայուն և անվտանգ էներգամատակարարում. ՀԾԿՀ նախագահի ուղերձը

Քասախի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

ԱՄՆ-ը Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում

Սննդային թունավորում Վանաձորում. 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն

Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ

Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել

Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան

Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր