Երևան
12 °C
Հայաստանի Հանրապետությունում դատարաններն ամենօրյա հրետանու տակ են. ուղիղ նշանառությամբ կրակում են դատավորների վրա տեղին կամ անտեղին, պատեհ կամ ոչ պատեհ, արժան կամ անարժան մարդիկ:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը: Նրա հետ զրուցել ենք դատաիրավական համակարգում առկա իրավիճակի եւ խնդիրների մասին:
- Պարո՛ն Վարդազարյան, դատարաններն ու դատաիրավական համակարգն այսօր ավելի քան երբեւէ գտնվում են հանրության ուշադրության կենտրոնում։ Սա ինչի՞ մասին է խոսում։
- Վերջին մեկ, մեկուկես տարում շատ-շատ հարցեր լուծվում են դատարաններում եւ դատարանների միջոցով: Կարծում եմ՝ դա է պատճառը, որ դատարանները հանրային ուշադրության կենտրոնում են, դրան նպաստում են երեւի նաեւ այն խնդիրները, որ այսօր առկա են դատական համակարգում:
- Որո՞նք են այդ խնդիրները:
- Նախեւառաջ՝ դատարանների ծանրաբեռնվածությունը: Ես մի վիճակագրություն ասեմ. 2015-2018 թվականների ընթացքում նախորդ Բարձրագույն դատական խորհրդի կողմից ուսումնասիրվել է մոտ 2 միլիոն գործ: Ամեն դատավորի վարույթում կա 2500-3000 գործ. սա սոսկալի ծանրաբեռնվածություն է: Դատավորների ծանրաբեռնվածության համաշխարհային ստանդարտների համաձայն՝ յուրաքանչյուր 100.000 բնակչի համար պետությունները նախատեսում են 21, որոշ երկրներում՝ 30-33 դատավոր: Մեզ մոտ 7 է, այսինքն՝ երեք անգամ պակաս: Հետեւաբար՝ ունենք արդարադատության երեք անգամ պակաս որակ, երեք անգամ ավելի ծանրաբեռնվածություն, երեք անգամ ավելի դժգոհություն, երեք անգամ քիչ թեկնածու, ովքեր ուզում են դառնալ դատավոր: Ամեն ինչ կախված է այս ծանրաբեռնվածությունից: Դատավորների`գիտականորեն հիմնավորված տարեկան ծանրաբեռնվածությունը 20-30 դատական ակտն է, մեզ մոտ այդ թիվը հասնում է 1000-1200-ի: Հետեւաբար՝ այդ ավել մասի չափով ընկնում է որակը, նաեւ՝ վստահությունը:
- Այդ վստահությունն այսօր հանրության կողմից ըստ Ձեզ բավարա՞ր է:
- Գտնում եմ, որ բավարար չէ, եւ դեռ շատ աշխատանք պետք է արվի, որպեսզի ունենանք այն վստահությունը, որ բոլորս ուզում ենք: Բայց դրա համար միայն դատավորները չէ, որ ունեն անելիք: Հավասար համամասնությամբ անելիք ունեն ե՛ւ իշխանության մյուս ճյուղերը՝ Կառավարությունը, Ազգային ժողովը, ե՛ւ լրագրողները: Դատական համակարգում աշխատելը պետք է լինի գրավիչ, մինչդեռ մասնավոր կառույցներում կամ պետական այլ կառույցներում աշխատելն այսօր ավելի գրավիչ է. նախ, աշխատավարձն է ավելի բարձր, եւ հետո, ամենօրյա հրետանու տակ չեն հայտնվում: ... Բոլորի մոտ այնպիսի տպավորություն է, թե դատավորը սեւ պատմուճան հագած մի մարդ է, որը ջղային դեմքով ընդմիջումներին քյաբաբ է ուտում, իսկ նրա շաբաթ-կիրակի օրերը անհասկանալի է՝ ինչպես են անցնում: Բայց ես վստահեցնում եմ, որ մեր բոլոր դատավորները կենսուրախ են եւ նորմալ աշխատում են: Իհարկե, ունենք նաեւ վատ դատավորներ, ունենք խնդիրներ, որոնք լուծման փուլում են կամ խնդիրներ, որոնք ընդհանրապես հնարավոր չէ լուծել առկա բյուջեի պայմաններում: Բայց մեր դատավորների հիմնական մասը պայծառ, նվիրյալ մարդիկ են, որոնք առավոտից երեկո աշխատում են:
- Անվստահության մասին հաճախ խոսվում է նաեւ իրավաբանական համայնքի կողմից, եւ կասկածի տակ է դրվում գործերի մակագրման գործընթացը, երբ, օրինակ, մինչդատական վարույթում որեւէ որոշման դեմ բերված բողոքը մակագրվում է այդ որոշումը կայացրած դատավորին: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:
- Բազմաթիվ առիթներով ես ինքս էլ լսել եմ խոսակցություններ, որ համակարգին միջամտում են, որ միջամտողները կարողանում են համակարգի միջոցով այնպես անել, որ գործը մակագրվի այս կամ այն դատավորին: Հազար անգամ փորձել եմ ճշտել՝ դա հնարավոր է, թե ոչ, եւ բացասական պատասխան եմ ստացել: Երբ լսեցի, թե իբր գումարի դիմաց են միջամտում, ես ինքս փորձեցի քողարկված եղանակով դա առաջարկել, ինձ ասացին՝ այո, խոսք տվեցին, փորձեցին, բայց էլի չստացվեց: Հնարավոր չէ միջամտել էլեկտրոնային մակագրման համակարգին ոչ տեսականորեն, ոչ ֆիզիկապես: Ավելին ասեմ, մի քանի ամիս առաջ մի հանրահայտ գործով փաստաբանը բողոք էր բերել այն մասին, որ միջամտություն է տեղի ունեցել: Նշանակվել էր դատատեխնիկական համակարգչային փորձաքննություն, եւ արդյունքը եղել էր բացասական: Այդտեղ աշխատում է պատահականության սկզբունքը: Ներդրման պահից մինչ օրս ես որեւէ անգամ չեմ լսել, որ որեւէ մեկը կարողանում է միջամտել էլեկտրոնային մակագրման համակարգին: Դա հերյուրանք է, բամբասանք է, սուտ:
- Իսկ մակագրման այդ գործընթացն առավել թափանցիկ ու բաց դարձնելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք:
- Այո, շատ կուզեմ, բայց թող ասեն, թե ոնց, ես մեխանիզմը չեմ պատկերացնում: Ունենք սերվեր, որը տեղակայված է Վճռաբեկ դատարանի շենքում: Ունենք ծրագիր, որը ներբեռնված է այդ սերվերում: Գրասենյակի աշխատողը գործը մուտք է անում համակարգիչ, հիմա սերվերի աշխատանքը ո՞նց դարձնենք առավել թափանցիկ: Այսինքն՝ ո՞նց կարելի է ծրագրի աշխատանքը դարձնել առավել թափանցիկ: Իմ նշած օրինակով փորձաքննություն է արվել, փորձագետները եզրահանգել են, որ համակարգին չեն միջամտել եւ հնարավոր էլ չէ միջամտել: Դրանից ավելի թափանցիկություն ես չեմ պատկերացնում:
- Պարո՛ն Վարդազարյան, այսօր շատ է խոսվում դատավորների նկատմամբ ճնշումների մասին, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործի շրջանակում։ Ձեր գնահատմամբ` այդպիսիք կա՞ն, թե՞ ոչ։
- Երբ անցյալ տարի ամռանը դատարանը որոշեց կալանավորել Ռոբերտ Քոչարյանին, հնչեց տեսակետ, թե դատարաններին իշխանությունները ճնշել են, թե ոչինչ չի փոխվել, թե հեռախոսային արդարադատություն է իրականացվում եւ այլն, եւ այլն: Անցավ երկու ամիս, եւ դատավոր Ազարյանը անձեռնմխելիության հիմքով Քոչարյանին ազատ արձակեց: Եվ ահա, հակառակ կողմը սկսեց ասել, թե նախկինները դատարանների վրա ճնշում են գործադրում, թե դատավորները նախկին իշխանության տակ են աշխատում: Անցավ որոշ ժամանակ, եւ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը ապօրինի որակեց Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի՝ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը, եւ որոշեց նրան նորից կալանավորել: Էլի սկսեցին քննադատությունները, թե ՀՀ-ում դատական համակարգ գոյություն չունի, թե իշխանությունները ճնշում են, եւ այդպես շարունակ: Իսկ հնարավոր չէ՞ մի պահ պատկերացնել, որ ոչ այն կողմն է ճնշում, ոչ՝ այս: Ամեն դատավոր օրենքի շրջանակներում անում է այն, ինչը պատկերացնում է իր իրավագիտակցությամբ:
- Այսինքն՝ որեւէ դատավորի կողմից որեւէ ճնշման ահազանգ երբեւէ չե՞ք ստացել:
- Ստացել ենք, օրինակ, դատավոր Դավիթ Գրիգորյանից, երբ նա դիմեց մեզ՝ ասելով, որ իր նկատմամբ քրեական գործ հարուցելը դիտում է որպես ճնշում: Այդ ժամանակ ԲԴԽ-ն ուսումնասիրեց նրա դիմումը եւ իր դիրքորոշումը հայտնեց Հատուկ քննչական ծառայությանը այն մասին, որ վերջինս արել է որոշակի գործողություններ, որոնք չէին բխում օրենքից: Կհիշեք՝ վերջերս դատավոր Դանիբեկյանին էին գիշերով երկու երիտասարդ այնքան մոտեցել, որ դատավորի անձեռնմխելիությունը փոքր-ինչ խախտվել էր: Ես ինքս գնացել եմ Շենգավիթի դատարան, խոսել եմ իրավապահ մարմինների հետ, եւ առաջին իսկ պահից նրան տրամադրվել է թիկնապահ, որ որեւէ մեկը չկարողանա դատավորին ֆիզիկապես մոտենալ այնքան, որ դա դատավորի նկատմամբ վտանգ ներկայացնի: Չկա ՀՀ-ում մի դատավոր, որի նկատմամբ ճնշում գործադրվի, եւ ԲԴԽ-ն դրան չարձագանքի:
- Դատավոր Դավիթ Բալայանի դեպքում այդ ֆիզիկական միջամտությունը չկա՞ր:
- Չգիտեմ՝ դուք նայել եք տեսանյութը թե ոչ, համենայն դեպս, իհարկե, Դավիթ Բալայանին փորձեցին պատուհանից ներս չթողնել, բայց անձրեւ էր, եւ Դավիթ Բալայանի ոտքը սայթաքեց: Թեեւ միեւնույն է, եթե մի պահ ընդունենք, որ Դավիթ Բալայանը միշտ է պատուհանից մուտք գործում, ոչ ոք իրավունք չունի նրան խանգարել, ֆիզիկական միջամտություն չպիտի լինի: Այնքան իրավունք չունեն դատարանին մոտենալ, որ դատարանը վտանգ չզգա, ուր մնաց՝ ֆիզիկական միջամտություն լինի:
- Վերջերս Վերաքննիչ դատարանի դատավոր Մհեր Արղամանյանը վարույթ ընդունեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքներից մեկը, եւ պաշտպանները խնդրահարույց համարեցին դատավորի ինքնաբացարկ չհայտնելը՝ պայմանավորված հատկապես նրանով, որ դատավորի որդին մասնակցել էր Քոչարյանի դեմ դատարանի բակում կազմակերպված ակցիաներին: Դատավորի այդ քայլը Դուք խնդրահարույց համարու՞մ եք:
- Ես մամուլից եմ ծանոթացել ձեր ասածին, եւ ձեռնպահ կմնամ որեւէ կարծիք հայտնելուց, որովհետեւ եթե կարգապահական վարույթ հարուցվի (պաշտպանական կողմն այդ հարցով դիմել էր Արդարադատության նախարարություն-խմբ.), հնարավոր է՝ այդ հարցը գա ԲԴԽ, եւ ԲԴԽ-ն հանդես գա որպես դատարան, դրա համար էլ երբ ես դրա մասին որեւէ լուր եմ տեսնում, չեմ ընթերցում եւ որեւէ կանխակալ կարծիք չեմ ուզում ասել:
- Իսկ առհասարակ, դատավորները պիտի՞ կաշկանդված լինեն իրենց մերձավոր ազգականների գործողություններով կամ քաղաքական հայացքներով՝ հաշվի առնելով Քրեական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածը:
- Ես կողմնակից եմ դատավորի ընտանիքի անդամների քաղաքական զսպվածություն դրսեւորելուն, մենք ունենք ընտանիքներ, որտեղ մեկից ավել դատավորներ են՝ հայր եւ որդի կամ մայր եւ որդի: Գտնում եմ, որ շատ նորմալ երեւույթ է, երբ դատավորը օրենքով ապաքաղաքականացված է, եւ ընտանիքի անդամներն էլ պիտի քաղաքական զսպվածություն դրսեւորեն: Բայց դա իմ անձնական կարծիքն է: Դրա համար երեւի պետք է համաշխարհային փորձն ուսումնասիրել, որպեսզի կարողանանք միասնական մոտեցում դրսեւորել:
- Պարո՛ն Վարդազարյան, միջազգային կառույցների խորհրդատվական կարծիքները ՀՀ-ի համար ի՞նչ չափով կարեւորություն ունեն. դրանց կարելի՞ է վերաբերվել զուտ որպես խորհրդատվական կարծիքի թե՞ որոշումների կայացման հարցում անպայման պիտի հաշվի առնվեն:
- Եթե այդ խորհրդատվական կարծիքը իրոք մասնագիտական է եւ ապաքաղաքական, ապա այն պետք է հաշվի առնել, իսկ եթե դա քաղաքականացվում է, ապա իշխանությունը կամ խորհրդարանական մեծամասնությունը թող որոշում կայացնի՝ հաշվի առնել, թե ոչ: Համենայն դեպս, իմ կարծիքով՝ եթե ակնհայտ քաղաքականացված չէ, ապա հաշվի առնելը անհրաժեշտ է:
- Խոսենք նաեւ Սահմանադրական դատարանի մասին. ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը վերջերս հրապարակած իր նամակում նշել էր, որ պետք է իրավաքաղաքական գնահատական տրվի ՍԴ-ի նախորդ տարիների գործունեությանը: Դուք դրա անհրաժեշտությունը տեսնո՞ւմ եք:
- Ես չեմ կարող ասել, թե նա ինչ նկատի ունի: Ինչպես ցանկացած մարմնի, այնպես էլ Սահմանադրական դատարանի գործունեությանն ամեն օր էլ տրվում է իրավաքաղաքական գնահատական, ոչ մի նոր բան նա չի ասել: Սրանից ավելի ո՞նց տրվի, փաստաթղթի տեսքո՞վ: Վահե Գրիգորյանը, նրա համախոհները ամեն օր քննադատում են ՍԴ նախորդ տարիների գործունեությունը, մյուս թեւը՝ հակառակը: Իրավաքաղաքական օբյեկտիվ գնահատական տալու համար ինչ-որ մի երրորդ կողմ է պետք, թե ով կարող է դա լինել, ես չեմ կարող ասել, եւ անկեղծ ասած, անհրաժեշտությունն էլ չեմ տեսնում. բոլորս էլ գիտենք՝ իրականում ինչ է տեղի ունեցել:
- Ձեր գնահատմամբ՝ ՍԴ-ում այսօր ճգնաժամ կա՞ թե՞ ոչ:
- Ես արդեն ասել եմ, որ այո, գտնում եմ, որ ՍԴ-ում կա ճգնաժամ: Թեպետ իմ գործընկերները՝ ԲԴԽ-ից դուրս, քննադատեցին՝ ասելով, որ դա ԲԴԽ նախագահի ասելիքը չէ, բայց ես կարծում եմ, որ առնվազն ազնիվ է պետք լինել: Եթե ես տեսնում եմ ճգնաժամ, ինչու՞ չասեմ. ԲԴԽ-ն այսպես թե այնպես առնչություն չունի ՍԴ-ի գործունեության հետ: Ես որպես քաղաքացի եմ դա տեսնում: Ամեն օր հեռուստացույցը միացնում ես, եւ կեսը ՍԴ-ն քննադատում են, կեսը՝ պաշտպանում. դա արդեն նորմալ երեւույթ չէ: ՍԴ-ն այնքան հարթ ու հանդարտ պիտի աշխատի, որ նրա ձայնն անգամ չլսվի:
- Այս պարագայում ի՞նչ ելք եք տեսնում:
- Այ դա չեմ կարող ասել, հիմա ինչ-որ «դեղահաբ» չկա, որ ասեմ՝ այ սա ամենալավ ելքն է: Բայց վստահ եմ, որ ելքը ցավոտ է լինելու: ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը հարիր չէ Հայաստանի Հանրապետությանը, բայց հարցն ի վերջո հանգուցալուծվելու է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բարոյական չէ պատերազմի զոհերի թիվը ավելի քան 2000-ով ավելացնելը և դա քաղաքական շահարկման առարկա սարքելը
Մահացել է CNN-ի հիմնադիր Թեդ Թըրները
Սահմանների բացման հարցում կալուգացին վերջապես անկեղծացավ․ պլանների մեջ չի մտնում Հայաստանի զարգացումը
Անդրադարձ է արվել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շրջանակում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարմանը
Վեդիում մանկապղծության համար մեղադրվող 2 տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
COP17-ին UNCTAD-ի հնարավոր ներգրավվածությանն առնչվող հարցեր են քննարկվել
Բուսաբանական այգու մոտ ազգությամբ ռուս կնոջ դի է հայտնաբերվել՝ կախված վիճակում
Սուրեն Պապիկյանը Վարշավայում այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր
Աննա Ամրոյանը՝ Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն
Վայնասուն են բարձրացնում, թե սա Փաշինյանի համար է արվում. իրականում դարակազմիկ իրադարձություն է. տեսանյութ
ՀՀ և Լեհաստանի պաշտպանության նախարարները հանդես են եկել համատեղ հայտարարություններով
Առաջ ԱԱԾ մի քանի աշխատող էր ՀՀ-ում հսկում ադրբեջանցի փորձագետներին, հիմա ազատ են, վախերը նվազում են. տեսանյութ
Արարատ Միրզոյանը և Լատվիայի ԱԳ նախարարը համագործակցության հարցեր են քննարկել
Ովքեր ունեն Էլեկտրոնային եղանակով քվեարկության իրավունք․ երբ կմեկնարկի այն
ԱՄԷ ԱԳ նախարարի տեղակալին է ներկայացվել ԲՏԱ ոլորտում ՀՀ-ի կողմից իրականացվող քաղաքականությունը
Մարգարիտա Սիմոնյանի ողբը Ռուսաստանի ողբն է. ցավացրել ենք, դրա համար վայնասուն է. Արշակյան. տեսանյութ
Առաջիկայում Վարշավայում ՀՀ դեսպանությունում պաշտպանության հարցերով կցորդի գրասենյակ կբացվի
Արմեն Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ վերլուծության, պլանավորման և ռազմավարության կենտրոնի տնօրենին
Պատգամավորի երկու թեկնածու ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ
Մեկնարկել է Սուրեն Պապիկյանի և Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարի առանձնազրույցը
Երևանում շղթայական ավտովթարի պատճառ դարձած 19-ամյա տղային կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Իվանա Ժիվկովիչը ողջունել է ԿԸՀ հանձնառությունը՝ կազմակերպել արդար, թափանցիկ և հաշվետվողական ընտրություններ
Փաշինյանը հրապարակել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մայիսի 8-ի և 9-ի քարոզարշավի ժամանակացույցը
Լեհաստանում տեղի է ունեցել Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողություն․ տեսանյութ
Խոշոր ավտովթարի մեղավոր դարձած 19-ամյա տղան ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին․ տեսանյութ
Առաջարկվում է վերացնել պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն 65 տարեկանի սահմանափակումը
Կարևորվել են զարգացող հարաբերությունները․ Խանդանյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի պատվիրակության հետ
Մոսկվայում մայիսի 9-ի շքերթին հրավիրված է նաև Հայաստանի վարչապետը. Կոպիրկին
Ինչպես է Թրամփը սովորեցնում երիտասարդներին պարել իր ավանդական պարը․ տեսանյութ
Ոչնչացվել է «Nestle»-ի «NAN» ապրանքանիշի մանկական սննդի՝ Հայաստան ներմուծված որոշ խմբաքանակ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ սպասվում է անձրև, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն
Եղեգիսի կիրճը զբոսաշրջային կարևոր վայր է դառնալու․ Կառավարությունը կներդնի շուրջ 10 մլն դոլար․ Պապոյան
24 ժամ ջուր չի լինի Լոռիում․ հասցեներ
Օրենսդրական հստակեցումներ․ քննարկվել է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի փոփոխությունը
Արմեն Գրիգորյանն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահին
Համայնքների խոշորացման նոր ծրագիր Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում․ ինչ է նախատեսվում
Ինձ համար պատիվ էր ներկայացնել Կանադան Երևանում. Մարկ Քարնի
Հասարակության կողմից Վեդիում մանկապղծության համար մեղադրվող տղամարդկանցից մեկը թույն է խմել
Խոշոր ավտովթարի մեղավոր դարձած 19-ամյա «օյինբազ» վարորդին մեղադրանք է առաջադրվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT