Երևան
12 °C
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առցանց ձևաչափով մասնակցել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկմանը:
ՀՀ Կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.
«Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Մեծարգո փոխնախագահներ,
Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հարգելի նախագահ,
Մշտական հանձնաժողովների նախագահներ,
Ազգային ժողովի պատգամավորներ,
Կառավարության հարգելի անդամներ,
սկսում ենք 2019 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման հաշվետվության խորհրդարանական քննարկումները:
Ես ուզում եմ արձանագրել, որ 2019 թվականը բյուջետային առումով պատմական տարի էր Հայաստանի Հանրապետության համար, որովհետև Հայաստանի Հանրապետության կառավարությանը հաջողվեց ի սկզբանե նախատեսվածից 104 մլրդ դրամ ավելի հարկային եկամուտներ գեներացնել: Ընդ որում՝ այդ գումարներից 62 մլրդ դրամը դարձան պետական բյուջեի եկամուտներ, իսկ մոտավորապես 42 մլրդ դրամի չափով վերադարձվեց ավելացված արժեքի հարկի պարտքը՝ դեբետը, որը ձևավորվել էր մինչև 2017 թվականի հունվարի 1-ը, և սա, կարծում եմ, պատմական իրադարձություն էր: Արդեն հայտնի է, որ 2019 թվականին արձանագրվել է վերջին առնվազն 12 տարվա համար աննախադեպ՝ 7.6 տոկոս տնտեսական աճ, ունեցել ենք հարկեր-ՀՆԱ 22.35 տոկոս ցուցանիշ, որը 1.6 տոկոսային կետով գերազանցում է կանխատեսված և 1.4 տոկոսային կետով՝ 2018 թվականի համապատասխան ցուցանիշը: Եվ քանի որ այնպես ստացվեց, որ այս բյուջեի կատարողականը քննարկում ենք Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի հրաժարականի պայմաններում, և քանի որ պարոն Անանյանը լքելու է այդ պաշտոնը, ես ուզում եմ, օգտվելով առիթից, շնորհակալություն հայտնել նրան այս ընթացքում կատարված աշխատանքների համար՝ արձանագրելով նաև, որ, կարծում եմ, Պետական եկամուտների կոմիտեում և ընդհանրապես համակարգում նոր փոփոխություններ կլինեն առաջիկայում, և հույս ունենք, որ բովանդակային այդ փոփոխությունները, որոնք սկսել են պարոն Անանյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում, ավելի կխորանան և ընդգրկուն կդառնան:
Հարգելի գործընկերներ,
ես խոսեցի բյուջետային պատմական տարվա մասին և երեկ, երբ պատրաստվում էի այսօրվա ելույթին, արձանագրեցի, որ մեր կառավարությունն առայժմ ոչ պատմական տարի ունենալու բախտ չի ունեցել կամ, ավելի ճիշտ, կարող ենք արձանագրել, որ մեր կառավարությունը բախտ է ունեցել կամ վայելում է պատմական տարիներում գործելու կամ պատմական տարիներ իրագործելու հնարավորությունը.
2018 թվականը պատմական էր Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության և, որ կարևոր է, Հայաստանի պատմության մեջ իր ժողովրդավարության մակարդակով աննախադեպ խորհրդարանական ընտրություններով: 2019 թվականը պատմական էր տնտեսական ակտիվության ցուցանիշներով և տնտեսության զարգացման գործում քաղաքացու և անհատի դերի մասնակցությամբ: 2020 թվականն առնվազն պատմական է կորոնավիրուսի համաճարակի բերումով: Պարզ է, որ այս տարի մենք տնտեսական որոշակի խնդիրներ ունենալու ենք, պարզ է, որ այս տարի ունենալու ենք խնդիրներ համաճարակային առումով և ունենք, բայց ես խորհուրդ կտայի, որ մենք չշտապենք հետևություններ անել այս առումով, թե ինչպիսին կլինի 2020 թվականը, որովհետև, կարծում եմ, որ կորոնավիրուսի այս ժամանակաշրջանը նոր է սկսել, դեռ անհայտ է, թե այն ինչքան կտևի և արդյունքները և նույնիսկ կորուստներն ամփոփելու համար վաղ է:
Բայց ես ուզում եմ բյուջեի կատարողականի քննարկման համատեքստում վերադառնալ ի սկզբանե մեր որդեգրած կոնցեպցիային, որը մենք անվանում ենք ճգնաժամը որպես հնարավորություն: Որովհետև ես կարծում եմ, որ հիմա՝ հենց այս օրերին, Հայաստանի Հանրապետությունում խորը վերագնահատման պրոցես է տեղի ունենում, և այդ խորը վերագնահատման պրոցեսը կապված է պետական կարգի և անհատի փոխհարաբերությունների հետ: Այսօր մենք առերեսվում ենք, տեսնում ենք, հետազոտում ենք անհատի և պետական կարգի, մեզնից յուրաքանչյուրի և պետական կարգի հարաբերությունները, և, ըստ էության, գալիս-հետևյալ հարցի առաջ ենք կանգնում. ինչպե՞ս ենք մենք ընկալում մեր պետությունը և մեր պետականությունը: Արդյոք մենք մեր պետությունը և պետականությունն ընկալո՞ւմ ենք պատմության դասագրքերում ձևակերպված՝ պետությունը որպես բռնության գործիք բանաձևով, թե՞, այնուամենայնիվ, մենք մեր ազգային պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը դիտարկում և ընկալում ենք որպես պետություն ունենալու մեր կամքի արտահայտություն:
Սա շատ կարևոր և հայեցակարգային հարց է, և կարծում եմ, որ հիմա՝ այս կորոնավիրուսի համաճարակի հետևանքով, բայց նաև արդյունքում մենք պետք է վերագնահատենք պետական կարգի և անհատի հարաբերությունները, որովհետև, հին ընկալմամբ, օրենքները գրում են իշխողները, որպեսզի մեզ՝ քաղաքացիներիս, պահեն իրենց հսկողության տակ: Նոր ընկալմամբ պետք է լինի, որ օրենքներն ստեղծում ենք մենք բոլորս՝ որպես համակեցության կանոնների ամբողջություն, որպես պայմանավորվածություն, թե ինչպես ենք մենք ապրելու և հարաբերվելու իրար հետ: Եվ պարզ է, երբ ասում եմ՝ օրենքներն ստեղծում ենք մենք բոլորս, նկատի ունեմ այն ինստիտուցիոնալ աստիճանների միջոցով, որոնք ձևավորվում են մեր ազատ կամարտահայտության միջոցով: Ժողովուրդն ազատ կամքով ընտրում է խորհրդարան, խորհրդարանը ձևավորում է օրենքներ, կառավարությունը կյանքի է կոչում այդ օրենքները: Եվ ես ուզում եմ հավատալ, որ հիմա Հայաստանում կրկին հեղափոխական ժամանակներ են, որովհետև 2018 թվականի հեղափոխության ժամանակ մենք վերագնահատեցինք, վերափոխեցինք մեր հարաբերությունները մեր ազատությունների և իրավունքների նկատմամբ: Կորոնավիրուսային ժամանակաշրջանում մենք պետք է վերագնահատենք մեր վերաբերմունքը կարգապահության և ընդհանրապես մեր քաղաքացիական պարտականությունների նկատմամբ: Այս առումով պետական բյուջեն ունի առանձնահատուկ նշանակություն, և պետական բյուջեի քաղաքական և քաղաքացիական ընկալումն ունի առանձնահատուկ նշանակություն:
Ես այսօր չեմ ուզում բյուջեի թվային տրամաբանության և ցուցանիշների վրա շատ կենտրոնանալ, որովհետև բազմիցս արդեն, այդ թվում՝ խորհրդարանի ամբիոնից առիթներ ունեցել եմ այդ մասին խոսել, և մանավանդ մեր կառավարության անդամները, գերատեսչությունների ղեկավարներն այդ ցուցանիշները կներկայացնեն: Ես ուզում եմ խոսել բյուջեի քաղաքական և քաղաքացիական կոնտեքստի մասին, ուզում եմ հավատալ, որ մենք ունեինք բյուջեի հին ընկալում և հիմա պետք է ձևավորենք բյուջեի նոր ընկալում: Մարդկանց՝ բյուջեի հին ընկալումը հետևյալն է. բյուջեն ընդունում են իշխողները, որպեսզի մեր աշխատած փողի մի մասը տանեն, որպեսզի մեզ թալանեն, որպեսզի մեր ձեռքից վերցնեն: Բյուջեի նոր ընկալումը պետք է լինի հետևյալը, որ պետական բյուջեն մեր ընդհանուր դրամապանակն է, որը մենք ձևավորում ենք միասին՝ մեր ընդհանուր կարիքները հոգալու համար: Եվ, իմ կարծիքով, բյուջեի հին և նոր ընկալումների բանաձևը հստակ այն սահմանն է, որը բաժանում է պետական ժողովրդին ոչ պետական ժողովրդից կամ պետականություն ունեցող, պետականության կամք ունեցող ժողովրդին պետականություն չունեցող և պետականության կամք չունեցող ժողովրդից, և ես համոզված եմ, որ մենք, իհարկե, գնում ենք այս ճանապարհով:
Այս համատեքստում ուզում եմ ասել, որ ինչքան էլ 2019 թվականը ես գնահատեմ բյուջեի առումով պատմական՝ կոնկրետ թվային ցուցանիշների վրա հիմնված, մենք բոլորս պետք է նաև արձանագրենք, որ, այնուամենայնիվ, 2019 թվականին մենք չենք հավաքագրել այն ամբողջ պոտենցիալը կամ բյուջե չենք մուտքագրել այն ամբողջ պոտենցիալը, որը տեսականորեն և իրականում գոյություն ունի: Ամենատարբեր հաշվարկներով՝ Հայաստանում հսկայական ստվերային տնտեսություն գոյություն ունի, և նույնիսկ որոշ գնահատականներ կան, որ բյուջեի հավաքագրման պոտենցիալը կարող էր ավելի լինել՝ մինչև, օրինակ, 400 մլրդ դրամի: Ըստ էության՝ ես կարծում եմ, որ այստեղ հենց մտածողության փոփոխությունն է ամենակարևորը: Վարչարարությունը, իհարկե, շատ կարևոր է, կարգապահությունը նույնպես շատ կարևոր է, բայց ես ուզում եմ ընդգծել մեր գաղափարախոսությունը, իմ անձնական ընկալումը, որ կարգապահությունը պետք է լինի ոչ թե ուժային գործադրման և հարկադրանքի արդյունքում, չնայած ակնհայտ է, որ որոշ դեպքերում և որոշ հատվածով այս հարկադրման գործիքն անխուսափելի է, բայց հոգեբանական և փիլիսոփայական առումով՝ պետական ժողովրդի համար կարգապահությունը, այդ թվում՝ բյուջետային կարգապահությունը պետք է լինի քաղաքացու՝ պետություն ունենալու կամքի արտահայտություն:
Որովհետև էլի եմ ասում՝ ի՞նչ է պետական բյուջեն: Պետական բյուջեն անվտանգություն է: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները չեն կարող յուրաքանչյուրն իր համար, իր ընտանիքի համար, առանձին վերցրած անվտանգություն կառուցել: Դրա համար մենք վճարում ենք կատարում պետական բյուջե, որպեսզի մենք իրար հետ այդ գումարներով և ծախսերով ապահովենք մեր համընդհանուր, մեր հավաքական անվտանգությունը: Համաձայնե՛ք, անտրամաբանական կլիներ, եթե մենք ակնկալեինք, որ ամեն ընտանիք վերցնում է մեր պետական սահմանի մի հատված և ընտանիքի անդամներով հերթապահելով պաշտպանում են այդ սահմանները: Դրա համար մենք հարկերի ձևով վճարումներ ենք կատարում, որպեսզի կառավարությունն իրականացնի մեր այդ ընդհանուր կարիքը: Ընդ որում, ուզում եմ ընդգծել. այդ կարիքն ընդհանուր է՝ անկախ սոցիալական վիճակից, կուսակցական պատկանելությունից, մասնագիտությունից, տարիքից, առողջական վիճակից: Նույն տրամաբանությամբ, եթե որևէ մեկն ուզում է Հայաստանի Հանրապետությունում Ա կետից տեղաշարժվել Բ կետը՝ պայմանականորեն ենթադրենք Սևանից գալ Երևան, անտրամաբանական կլիներ, եթե յուրաքանչյուր տեղափոխվող կամ յուրաքանչյուր ընտանիք ինքն իր համար իր սեփական ճանապարհը կառուցեր: Նախ հնարավոր չէ, երկրորդն էլ՝ դա կլիներ խիստ անարդյունավետ: Դրա համար մենք միասին կատարում ենք վճարումներ, որպեսզի մենք միասին մեր ընդհանուր դրամապանակից, որը մեր պետական բյուջեն է, կառուցենք մեր ընդհանուր ճանապարհը: Նույնկերպ՝ մեր կրթական համակարգը, իրավակարգը և այդպես շարունակ:
Շատ կարևոր է, որ բյուջեի և պետական կարգի նկատմամբ վերաբերմունքը փոխվի: Հույս ունեմ, որ 2019 թվականին այդ պրոցեսն սկսել է, չնայած գիտեմ, որ տասնյակ և նույնիսկ հարյուր հազարավոր մարդիկ 2019 թվականին, ի հեճուկս իրենց իսկ կատարած հեղափոխության և ի հեճուկս կառավարության կոչերին, շարունակել են չթողարկել և չպահանջել հսկիչ դրամարկղային կտրոններ, շարունակել են դուրս չգրել ուղեկցող փաստաթղթեր և այլն, և այսպես շարունակ: Բայց ես ուզում եմ, որ մենք բյուջետային քննարկումները, այդ թվում՝ խորհրդարանական քննարկումները ոչ միայն հաշվապահական կատարման մուտքերի և ծախսերի տրամաբանության մեջ նայենք, այլև դիտարկենք շատ կարևոր քաղաքական կոնտեքստում, որովհետև բյուջեն և բյուջեի նկատմամբ վերաբերմունքն ինձ համար հետևյալ հարցի պատասխանն է. հայ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունե՞ն արդյոք կամք՝ պետականություն ունենալու, որովհետև պետական բյուջեն Հայաստանի Հանրապետության պետականության ողնաշարն է, մի կողմից, և բյուջեի նկատմամբ պարտավորությունների կատարումը Հայաստանի Հանրապետության քաղաքացու արտահայտած կամ չարտահայտած կամքն է պետականություն ունենալու վերաբերյալ:
Ես այս առումով ուզում եմ ասել, որ վերջին մեկուկես տարվա քննարկումների համատեքստում պետք է էական փոփոխություն տեղի ունենա նաև պետական պաշտոնյաների աշխատավարձերի և նրանց կատարվող վճարումների վերաբերմունքի համատեքստում: Որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է ուզենա, որ Հայաստանի Հանրապետության պաշտոնյան - այն պայմանով և պայմանավորվածությամբ, որ մենք բացառում ենք Հայաստանում կրկին կոռուպցիոն բուրգի առկայությունը - Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է ուզենա, պետք է պահանջի, պետք է ցանկանա, պետք է պատրաստակամ լինի, որ պետական պաշտոնյաները պետք է ստանան բարձր աշխատավարձ, որովհետև դա նույնպես պետականություն ունենալու կամքի արտահայտությունն է: Ես այդ օրինակը մեկ անգամ էլ եմ բերել, շատ կարևոր է արձանագրել. մեր ընտանիքի կարիքները հոգալիս մենք ի՞նչ ենք ուզում՝ ուզում ենք, որ դրանով զբաղվի լա՞վ բժիշկ, թե՞ ուզում ենք, որ դրանով զբաղվի վատ բժիշկ, մեր ընտանիքի տեղափոխման հարցերը լուծելիս ուզում ենք մեզ տեղափոխի լա՞վ վարորդ, թե՞ ուզում ենք տեղափոխի վատ վարորդ, մեր ընտանիքի շինարարական կարիքները հոգալիս ուզում ենք դա անի լա՞վ արհեստավոր, թե՞ ուզում ենք դա անի վատ արհեստավոր: Եվ մենք բազմիցս՝ մեր տներում, սեփական փորձից համոզված եմ և ականատես եմ եղել, երբ մեր տանը ամենափոքր կենցաղային կարիքը լուծելու խնդիր կա, և երբ մենք աշխատաշուկայից վարձում ենք հնարավոր ամենաէժան տարբերակով աշխատուժը և աշխատողին, այդ նույն վերանորոգման կարիքների վրա, ի վերջո, մեկ տարվա կտրվածքով մենք ավելին ենք վճարում, քան եթե միանգամից որոշեինք՝ դրա համար ձեռք բերել որակյալ ապրանք, որակյալ ծառայություն և, ի վերջո, որակյալ վերահսկողություն իրականացնեինք դրա նկատմամբ:
Ես էլի ուզում եմ ընդգծել, որ շատ կարևոր է՝ սա պետականություն ունենալու կամքի արտահայտություն է, որովհետև սա ուղերձ է պարունակում իր մեջ: Որովհետև ենթադրենք, օրինակ, այն 1 մլրդ դրամը, որով պետք է ֆինանսավորվի պետական բարձրաստիճան պաշտոնյաների, դատավորների աշխատավարձը, դատավորներին առանձնահատուկ նշում եմ, որպես գումար Հայաստանի Հանրապետության 3 մլն քաղաքացիների կյանքում ոչինչ փոխել չի կարող, բայց այդ գումարով որակյալ պաշտոնյաների, որակյալ ծառայողների վարձելը և ներգրավելը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքում շատ, շատ, շատ էական բաներ կարող է փոխել: Սա է մեր գործողությունների տրամաբանությունը, և ուզում եմ էլի ասել, որ ճգնաժամը հնարավորություն է: Այսօր իմ համոզմունքն այն է, որ հիմա բարեփոխումների ամենալավ շրջանն է, որովհետև մենք տնտեսական և մյուս առումներով այլևս կորցնելու որևէ բան չունենք: 2019 թվականին մենք շատ զգույշ էինք, մենք կենտրոնացած էինք տնտեսական աճ, ակտիվություն, եկամուտներ ցույց տալու և ունենալու վրա: Բայց հիմա մենք մի վիճակում ենք, որ կորցնելու բան չունենք, ավելի ճիշտ՝ մեր այսօրը կորսված է, և մենք պետք է մտածենք վաղվա մասին:
Այս առումով մեր՝ պետականության ունենալու կամքի արտահայտությունը պետք է դառնա այն բարեփոխումների նկատմամբ վերաբերմունքը, որ կառավարությունն այսօր ձեռնարկում է: Խոսքը, մասնավորապես, գույքահարկի համակարգի փոփոխության մասին է, համատարած եկամտահարկի փոփոխության մասին է, խոսքն առաջիկայում կլինի կանխիկի կրճատման փոփոխության մասին, որովհետև գույքահարկի հետ կապված կա շատ կարևոր մի փիլիսոփայական փոփոխություն: Գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունում կար կարգավորում, որ 3 մլն դրամից պակաս արժեք ունեցող գույքը չի հարկվում գույքահարկով: Մենք առաջարկում ենք փոխել այս համակարգը, որովհետև ասում ենք, որ պետության և քաղաքացու հարաբերությունները շատ կարևոր են այս առումով՝ այն քաղաքացին, ով նույնիսկ 3 մլն դրամից պակաս արժեքով գույք ունի, միևնույն է՝ ինքն էլ պետք է արտահայտի պետություն ունենալու իր կամքը: Թող դրա համար ինքը վճարի տարեկան 100 դրամ և գործնականում էլ այդպես է լինելու, թող վճարի տարեկան՝ ոչ թե ամսական, ոչ թե օրական, այլ տարեկան 200 կամ 300 դրամ: Այդ 300 դրամը, որ ինքը պահեց իրեն, որից մենք իրեն 30 տարի ազատել ենք, այդ մարդու կյանքում որևէ բան փոխե՞լ է՝ չի փոխել, բայց պետության կյանքում այդ 300 դրամը շատ բան է փոխում: Պետություն ունենալու քաղաքացիների կամքն արտահայտելու առումով շատ կարևոր բան է փոխում, և հիմա ես շրջադարձային եմ համարում այս հարկային համակարգերի փոփոխությունների հետ կապված քննարկումները հենց այս առումով:
Ես կառավարությունում քննարկման ժամանակ ասել եմ հետևյալը և ուզում եմ հիմա հրապարակային էլ ասել՝ այս փոփոխությունների կոնտեքստում մենք չենք լուծում ուղղակի ինչքան հարկային եկամուտ հավաքենք կամ չհավաքենք հարցը, մենք լուծում ենք մի հարց. արդյոք 20 տարի հետո Հայաստանի Հանրապետությունը գոյությո՞ւն է ունենալու որպես ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն: Իմ ասածը թող չափազանցություն չհնչի, բայց գույքահարկի, եկամուտների համատարած համընդհանուր հայտարարագրման և հարկային մի շարք այլ փոփոխություններով մենք ֆիսկալ կամ ոչ ֆիսկալ հարց չենք լուծում: Մենք լուծում ենք քաղաքական և փիլիսոփայական հարց, մենք լուծում ենք մի հարց՝ 20 տարի հետո Հայաստանի Հանրապետությունը՝ որպես պետություն, գոյություն ունենալո՞ւ է, թե՞ ոչ, որովհետև տարեկան այն 300 դրամը, որը պետք է վճարի այն քաղաքացին, որն ունի 3 մլն դրամից պակաս արժեքով անշարժ գույք, անգամներով ուժեղացնելու է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը՝ անգամներով է ուժեղացնելու ոչ միայն ֆիզիկական առումով, այլև հոգեբանական, պետականության կառուցվածքի, պետականության ուժեղության առումով: Եվ ես ուզում եմ, որ մեր բյուջետային քննարկումներում այս սեգմենտը, այս կոմպոնենտը սրանից հետո մշտապես ներկա լինի, ներկա լինի նաև հարկային համակարգի փոփոխությունների քննարկումներում:
Այսքանն էի ուզում ասել, հարգելի գործընկերներ, և, շնորհակալություն հայտնելով այս հնարավորության համար՝ ուզում եմ նաև ձեզ հաջողություն մաղթել, մաղթել արդյունավետ քննարկումներ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում, և կառավարության ներկայացուցիչները, վարչապետին ենթակա մարմինների ղեկավարները, գերատեսչությունների ղեկավարները կներկայանան հանձնաժողովներ, ինչպես կարգն է, և կպատասխանեն ձեր բոլոր հարցերին:
Շնորհակալ եմ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՑնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան
«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան
Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել
Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը
Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել
Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին
Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու
Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ
2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը
Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են
Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում
Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ
Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած
«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի
Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու
Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ
Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը
Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան
Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT