Երևան
12 °C
3 օր է՝ Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի սահմանների, ինչպես նաեւ բնակավայրերի ուղղությամբ: Այսօր արդեն ընդլայնվեց ռազմական գործողությունների աշխարհագրությունը եւ մարտեր սկսվեցին նաեւ Հայաստանի հետ սահմանին: Եվ ահա կրկին ակտուալ են դարձել ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտության, ինչպես նաեւ Հայաստանի կողմից Արցախը ճանաչելու, այն մայր հայրենիքին միացնելու կոչերն ու պահանջները: Քննարկվո՞ւմ են արդյոք այս հարցերը, ո՞ր դեպքում Հայաստանը կդիմի նման քայլերի. այս հարցերի շուրջ զրուցել ենք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Միքայել Զոլյանի հետ:
- Պարոն Զոլյան, նախ խնդրում եմ ասել, թե ինչպե՞ս է բնորոշվում այն, ինչ տեղի է ունենում Արցախի ու Հայաստանի սահմանների նկատմամբ՝ պատերա՞զմ, էսկալացիա՞… Ինչո՞ւ սկսեց Ադրբեջանը:
-Սա ամենալուրջ էսկալացիան է՝ 1994 թվականից ի վեր, որովհետեւ ըստ էության ամբողջ ռազմաճակատով մարտեր են ընթանում: Ես կարծում եմ, որ այս ամենը այսքան սուր է տեղի ունենում՝ պայմանավորված երկու գործոնով. առաջին՝ սա Ալիեւի վարչակարգի վերջին փորձն է՝ փրկելու իր դեմքը եւ հենց վարչակարգը: Վերջին տարիներին մենք տեսնում ենք, թե ինչքան խնդիրներ են կուտակվել Ադրբեջանում: Հուլիսյան մարտերը ցույց տվեցին, որ եթե Ադրբեջանում առկա դժգոհությունը չուղղվի հայերի դեմ, ապա կարող է պայթեցնել իրավիճակը ներսից: Եվ Ալիեւի վարչակարգը դիմել է ցանկացած բռնապետի ամենասիրված մեթոդին՝ փորձում է ռազմական արկածախնդրության միջոցով ժողովրդին համախմբել իր շուրջը: Երկրորդ գործոնը, որով պայմանավորված է իրավիճակի սրումը Թուրքիայի կամ ավելի ճիշտ Էրդողանի գործոնն է: Էրդողանի քաղաքականությունը վերջին տարիներին շատ ագրեսիվ է, կայսերապաշտական: Ըստ էության, Օսմանյան կայսրության վերականգնման տեսլական ունի եւ նրա ակտիվացումը Արցախի հարցում նաեւ կապված է դրա հետ: Ահա այս երկու բռնապետերի համատեղ ծրագրերի ու գործողությունների արդյունքում է, որ տեղի ունեցավ այս էսկալացիան:
- Այս համատեքստում որքանո՞վ եք բավարար համարում միջազգային արձագանքը: Մինչ այժմ եղած հայտարարությունները կարծեք թե բավարար չեն հետագա լարվածությունը թուլացնելու համար:
-Ես կարծում եմ, որ մենք որպես հասարակություն, որպես երկիր, որպես ժողովուրդ պետք է հասկանանք, որ ցանկացած գործողություն առաջին հերթին Հայաստանի եւ Արցախի ժողովրդի, մեր բանակի գործողությունն է լինելու: Որեւէ մեկը մեր փոխարեն մեր հարցը չի լուծելու: Իհարկե միջազգային արձագանքը շատ կարեւոր է, դիվանագիտությունը շատ կարեւոր է, բայց ի վերջո այսօր Արցախի ճակատագիրը վճռվում է ռազմի դաշտում: Այնպես որ ամենակարեւորը հայկական բանակի հաջողություններն են, որոնք ես կասկած չունեմ, որ մենք արդեն ունենք եւ կունենանք էլ ավելի մեծ հաջողություններ: Ինչ վերաբերում է միջազգային արձագանքին, ապա այս պահին դիվանագիտությունը, նաեւ տեղեկատվական քարոզչությունը օժանդակ դեր ունեն ռազմաճակատի համար: Այսինքն այդ դիվանագիտությամբ մենք պետք է ապահովենք այնպիսի պայմաններ, որոնցում մեր բանակի համար դրված խնդիրները ավելի հեշտ լինեն իրականացնել: Այս տեսակետից աշխատանք տարվում է ԵԱՀԿ-ի հետ, Մինսկի խմբի համանախագահների եւ մյուս պետությունների հետ, կան դատապարտումներ, կա միջազգային մամուլի արձագանքը:
- Հնարավոր համարո՞ւմ եք առաջիկայում ՀԱՊԿ-ին դիմելու հնարավորությունը, չէ՞ որ արդեն Հայաստանի սահմանների նկատմամբ կան ոտնձգություններ, ինչը նշանակում է, որ սկսել է գործել ՀԱՊԿ պայմանագիրը:
- Մենք շատ ուղիղ կապի մեջ ենք ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ ՀԱՊԿ-ի մեր գործընկերների հետ, եւ հարկ եղած դեպքում ցանկացած միջոցներ կարող են կիրառվել, ցանկացած դիվանագիտական քայլ կարող է արվել:
- Իսկ նորմա՞լ է, որ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը, կամ ՀԱՊԿ-ն սպասում են նման մի դիմումի, երբ 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանի, 160 հազար բնակիչ ունեցող Արցախի դեմ դուրս են եկել 8 միլիոն բնակչություն ունեցող Ադրբեջանն ու 80-ից ավելի միլիոն բնակիչ ունեցող Թուրքիան:
- Պատմության մեջ բազմաթիվ են դեպքերը, երբ ավելի փոքր չափերի երկիրը կամ ավելի փոքրաթիվ ժողովուրդը հաջողության է հասել ավելի մեծաթիվ հակառակորդի հանդեպ եւ էդ օրինակաները բազմաթիվ են: Որովհետեւ միայն մարդկանց թիվն ու զենքի քանակը կարեւոր չեն, պետք է այդ ամենը կարողանալ վերածել ռազմական հաջողության: Սա միշտ չի, որ ստացվում է, ավելի հաճախ չի ստացվում հենց այն կողմի մոտ, որը սկսել է պատերազմը: Հիմա, ինչ վերաբերում է Ռուսաստանին եւ մնացած հարցերին. տեսեք, մենք ունենք Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ երկկողմանի դաշինք, մենք ՀԱՊԿ անդամ ենք, Հայաստանում կա ռուսական ռազմաբազա եւ այս ամենը ինչը ազդում է իրավիճակի վրա այն իմաստով, որ նույն Թուրքիայի գործողությունները սահմանափակ են: Մենք տեսնում ենք, այո՛, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին, սիրական գրոհայինները կռվում են Ադրբեջանի կողմից, բայց մենք չենք տեսնում եւ կարծում եմ չենք էլ տեսնի Թուրքիայի կողմից ուղղակի հարձակում Հայաստանի տարածքի վրա: Կարծում եմ՝ եթե Թուրքիայի ղեկավարները իրենց հոգեկան առողջությունը չեն կորցրել, ապա նման բան բացառված է: Իհարկե մենք չենք կարող մտնել Էրդողանի գլուխը եւ տեսնել այնտեղ ինչ է կատարվում, բայց այնուամենայնիվ կան որոշ սահմանափակումներ, որոնք ամենաարմատական եւ ամենաագրեսիվ գործիչների համար գործում են: Մենք մինչեւ հիմա որեւէ պատճառ չունենք դժգոհելու հայ-ռուսական համագործակցությունից: Վերջին 2 տարիներին այդ համագործակցությունը բավական ակնառու է եղել հայկական բանակի մոդեռնիզացման առումով: Բայց կրկնում եմ՝ ամեն ինչ վճռվում է հայկական բանակի կողմից:
- Պարոն Զոլյան, շատերը կարծում են, որ պետք է խնդրել Ռուսաստանին՝ միջամտել այս կոնֆլիկտը հարթելու հարցում: Հաշվի առնելով, որ Թուրքիան եւս անթաքույց մասնակցություն է ցուցաբերում վերջին օրերի գործողություններին, այստեղ չկա՞ վտանգ, որ Ռուսաստանի միջամտության պարագայում Հայաստանը կարող է ռուս-թուրքական հակամարտության թատերաբեմ դառնալ:
-Իհարկե, մենք պետք է անենք ամեն ինչ, որ Հայաստանը կամ Արցախը չդառնան մեծ տերությունների պայքարի թատերաբեմ, ինչքան էլ որեւէ մեկը փորձի իր օրակարգը մեզ փաթաթել, մենք շատ հստակ ունենք մեր շահերը եւ թույլ չենք տալու, որ մեզ շեղեն այդ շահերից եւ մենք դառնանք ինչ-որ ուրիշ տերությունների պայքարում մանրադրամ: Դա բացառված է:
- Այս պահին բանակցություններին վերադառնալու որեւէ փոքր հույս տեսնո՞ւմ եք:
- Դե գիտեք, միշտ էլ պատերազմին հետեւում է խաղաղությունը, պատերազմական գործողություններին հետեւում են բանակցությունները, այսինքն վաղ թե ուշ դա տեղի է ունենալու, բայց այս պահին հակամարտության ճակատագիրը վճռվում է այլ տեղ եւ այս պահին առաջնային է ռազմաճակատը:
- Դուք այսօր քննարկումներից մեկի ժամանակ ասացիք, որ սեղանին կան Արցախի ճանաչման կամ Հայաստանի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելու եւ այլ տարբերակներ: Կարո՞ղ եք ասել, ում սեղանին են այդ տարբերակները, ինչ մակարդակով են քննարկվում, երբ է հավանական, որ Ազգային ժողովի օրակարգ կմտնի նման հարց:
- Նախ, այդ տարբերակները միշտ էլ եղել են մեր սեղանին, ես նկատի ունեմ ընդհանրապես Հայաստանը որպես պետություն, քաղաքական շրջանակները, փորձագիտական շրջանակները: Միշտ էլ այդ հարցը քննարկվել է, եւ այնպես չի, որ այս իրադարձությունների ազդեցության տակ մենք նորից պետք է զրոյից փորձենք հասկանալ, թե ինչ օգուտներ եւ վնասներ դա կարող է տալ: Տարբերությունն այն է, որ այս իրավիճակը բացառիկ է: Այսինքն այն իրավիճակը որ կա հիմա, տարբեր է այն իրավիճակից, որ կար մեկ ամիս առաջ եւ մենք պետք է բոլոր գործոնները գնահատելով որոշումներ ընդունենք այսօրվա համար, մեկ շաբաթ հետոյի համար, այդ որոշումները շատ կոնկրետ են եւ ընդունվում են՝ բոլոր գործոնները հաշվի առնելով: Ես կարող եմ ասել, որ մենք որեւէ սահմանափակում չունենք, մենք որեւէ բանից չենք վախենում, բայց միեւնույն ժամանակ չպետք է թույլ տանք, որ էմոցիոնալությունից ելնելով կամ կարճաժամկետ նկատառումներից ելնելով լուրջ քայլեր արվեն: Ցանկացած քայլ պետք է գնահատվի, թե ինչ կտա դա այսօր, ինչ արդյունքներ կամ հետեւանքներ կարող է ունենալ վաղը կամ մեկ տարի հետո: Այդ բոլոր գործողությունները հաշվի առնելով՝ չկա տարբերակ, որ բացառում ենք, բայց մենք չունենք որեւէ տարբերակ, որին ավելի շատ հակված ենք:
- Պարոն Զոլյան, Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն այսօր ուղիղ հայտարարել է, որ իրենք մարտի դաշտում եւ բանակցային սեղանի շուրջ Ադրբեջանի կողքին են, պետք է ազատագրվեն Ադրբեջանի տարածքները եւ այլն: Թուրքիայի այս վճռականությունը նշանակո՞ւմ է, որ պատերազմը դեռ ավարտվելու ոչ միայն շանս չունի, այլեւ կարող է երկար տեւել:
- Ես կարծում եմ, որ պետք չէ շատ ուշադրություն դարձնել, թե ինչ են ասում էրդողանի ենթակաները, մենք պետք է պատրաստ լինենք բոլոր տարբերակներին: Ակնհայտ է, որ Ալիեւի եւ Էրդողանի մտածած բլից-կրիգը կամ կայծակնային պատերազմը տապալվել է, էն ինչ ծրագրել էին, իրենց մոտ չի ստացվել: Թե հետագայում ինչ զարգացումներ կլինեն՝ դա կախված է եւ ռազմի դաշտում եղած վիճակից եւ միջազգային իրավիճակից եւ դիվանագիտության գործողություններից: Ես հույս ունեմ, որ այս ամենը շուտով կավարտվի, բայց մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած տարբերակի, եւ եթե պետք է՝ նաեւ երկարատեւ պայքարի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Աջափնյակի մետրոյի կայարանը մեր ամենամեծ առաջնահերթությունն է, քաղաքապետարանի ամենակարևոր ծրագիրը. Ավինյան
Ծանրամարտի ԵԱ. ապրիլի 20-ին Հայաստանը 2 մասնակից ունի
Մասիսում մեքենա է այրվել
Խոստացել էի հեղափոխության իմ փորձառությունն ամփոփել գրքի տեսքով. աշխատանքն ավարտված է. Արմեն Գրիգորյան
Ծանրամարտի ԵԱ. Իզաբելլա Յայլյանի և Տանզելա Գրիգորյանի արդյունքները
Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում. Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության
Ներկայացնում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը․ վարչապետ
Հայտնի են առաջիկա ընտրություններում «Հանուն Հանրապետության» կուսակցության թեկնածուների անունները
«Վարչաբենդ»-ը ելույթ կունենա Քաղաքացու օրը համաշխարհային աստղերի մասնակցությամբ Երևանում կայանալիք համերգին
Այսօրվա ավտոերթը օդից․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Անկարայում հույս ունեն, որ մոտ ժամանակում կստորագրվի խաղաղության պայմանագիր Բաքվի և Երևանի միջև. Ֆիդան
ՀՀ ԱԳ փոխնախարարը թուրքական լրատվամիջոցներին հարցազրույցներ է տվել, անդրադարձել տարածաշրջանային զարգացումներին
Վարչապետը Գյումրիում շփվում, լուսանկարվում է քաղաքացիների հետ. տեսանյութ
Ոստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցաջակցության ծրագրերից
Իմ ներկայացուցիչները մեկնել են Իսլամաբադ. եթե Իրանը չանի գործարք, կհարվածենք էլեկտրակայաններին ու կամուրջներին
Գյումրիում «Վարչաբենդ»-ը փորձեր է անում մեծ համերգից առաջ. փորձին հետևում է Աննա Հակոբյանը . տեսանյութ
Թրամփը որևէ հիմք չունի Իրանին զրկելու միջուկային զենքի մշակման իրավունքից. Փեզեշքիան
Լոնդոնում երկու սինագոգ է հարձակման ենթարկվել
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է․ կա 1 զnh, 2 վիրավnր
Սպասվում են անձրև, ամպրոպ և թաց ձյուն. որոշ շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ
Վահան Կոստանյանը և Կատարի ԱԳՆ պետնախարարը քննարկել են Մերձավոր Արևելքի անվտանգային իրավիճակը
Եկեք հրապարակում վառենք քրեական օրենսգիրքը, մեծ ու ժանգոտ կողպեք դնենք նորմերի վրա, բա «հայը հային կդատի՞»
Ջերմ ընդունելություն ու ժպիտներ. վարչապետը նոր կադրեր է հրապարակել ավտոերթից
Վարչապետը ներկա է գտնվել Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակից դեպի Գյումրի հատվածի բացմանը. լուսանկարներ
Երևան-Գյումրի ավտոերթ. ՀՀ վարչապետը լուսանկարներ է հրապարակել
Բելառուսում կան շատ խելացի մարդիկ, որոնք ապագայում կարող են գլխավորել պետությունը. Լուկաշենկո
Ամոյանը ճանաչվել է 2025 թվականի՝ Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ, Բաբալարյանը՝ լավագույն մարզիչ
Չինաստանում մարդանման ռոբոտը գերազանցել է մարդու համաշխարհային ռեկորդը կիսամարաթոնում. տեսանյութ
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են 3 մեքենա. կան տուժածներ
Հայաստանը 16 ծանրորդով կմասնակցի Եվրոպայի 2026 թվականի առաջնությանը. մեկնարկն այսօր է
Մայիսի 3-5-ը Երևանում մի շարք ճանապարհահատվածներ փակ կլինեն
Թագավոր ախպեր ջան, ո՞նց ես. ավտոերթի մասնակիցները ողջունում են Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է. վարչապետին ուղեկցում է Աննա Հակոբյանը. տեսանյութ
Արման Ծառուկյանը Յուրայ Ֆայբերի հետ մենшմարտnւմ հաղթել է 13։1 հաշվով. տեսանյութ
Հո չե՞ք թրջվել. Ուջանի բնակիչները կանգնեցրել են ավտոերթը՝ ողջունելու վարչապետին. տեսանյութ
Հասնում ենք Գյումրի. վարչապետի նոր տեսանյութը
Կադրեր Երևան-Գյումրի ավտոերթից
Վաշինգտոնում տեղի ունեցածը շրջադարձային կդառնա ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար
Բարի երթ բոլորին. Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել
Առաջնորդում են «Խաղաղության» մեքենաները. ինչպիսին է դեպի Գյումրի ավտոերթը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT