Արմանին ծնված օրից տարել եմ Եռաբլուր, բայց ասել՝ պատերազմը վատ բան է. այս կռվում դերասան Կարեն Մկրտչյանը կորցրեց որդուն

Մկրտչյանների ընտանիքը որդու՝ զինծառայող Արման Մկրտչյանի զոհվելու լուրը ստացել է հոկտեմբերի 3-ին, երբ նա արդեն երեք օր էր՝ զոհված էր: Արմանը ծառայում էր Հադրութի զորամասում և երեք ամիս էր, ինչ զորակոչվել էր ժամկետային զինծառայության:

Դերասան, նկարիչ Կարեն Մկրտչյանը նշում է, որ որդու զոհվելուց հետո ապրելու պատասխանատվությունն էլ ավելի է մեծացել. ամեն բան ավելի թանկ է դարձել՝ օդը, ջուրը, ի վերջո, կյանքը: Նա այժմ ոչ թե ապրում է ուղղակի, այլ այն երազանքների ու նպատակների իրագործման համար, որոնք տղայի համար մնացին անկատար:

Զոհված զինծառայողի հոր, դերասան, նկարիչ Կարեն Մկրտչյանի հետ մեր զրույցը՝ ստորև.

- Կարեն, Արցախյան վերջին պատերազմը բոլորիս համար ծանր հետևանքներ թողեց, սակայն ձեզ համար պատերազմի հարվածն ավելի ծանր էր. այս պատերազմում զոհվեց ձեր միջնեկ որդին՝ Արմանը: Բայց դուք կարողացաք ուժ գտնել և անգամ այսօր զբաղվում եք ձեր աշխատանքով՝ դերասանությամբ: Ինչպե՞ս կարողացաք կարճ ժամանակում գտնել այդ ուժը, որը շատ զոհվածների հարազատներ պարզապես չեն կարողանում:

- Ինձ օգնում են այն երազանքները, որ ունեցել եմ տղայիս հետ կապված: Հիմա ավելի ճիշտ է, որ ես այդ երազանքներով ապրեմ: Նաև այն երազանքներով, որ ուներ տղաս: Ես պիտի կարողանամ իրագործել, թեկուզ՝ առանց նրա: Ինչո՞ւ այդ երեխաները չապրեցին..., չապրեցին, որպեսզի մենք ապրենք: 90-ականներին էլ, երբ մարդիկ անձնվիրաբար գնում էին, ինչո՞ւ էին գնում... որպեսզի իրենց ընտանիքները ապրեն: Ուղղակի այս դժբախտությունն ապրելու պատասխանատվությունն ավելի է մեծացրել: Համենայնդեպս այսպես եմ ես հասկանում. որ հիմա պարզապես էլ չես ապրում ուղղակի, ամեն բան ավելի թանկ է դարձել. օդը, ջուրը, ի վերջո, կյանքը: Սա պատասխանատվություն է, որից խուսափելը անբարոյականություն է:

Հարցն այն չէ, որ ես ուժեղ եմ, որ ես կարողանում եմ ապրել..., չէ՛, ես չեմ հասկանում, թե ոնց եմ ապրում: Դրա մասին չէ խոսքը: Ես հասկանում եմ նաև որդի կորցրած մյուս ծնողներին, նրանց խելագարական խոսքերը, գործողությունները: Բայց ավելի ճիշտ է սթափվելը, որ վաղն էլ նույնը չկրկնվի: Մեր պատմությունը միշտ ցույց է տալիս, որ մենք անընդհատ մեռնում ենք, որ ապրենք: Բայց այդպես չպիտի լինի:

- Հիշատակեցիք 90-ական թվականները: Դուք մասնակցել եք Արցախյան առաջին պատերազմին: Արդյոք պատերազմով անցած լինելը նույնպե՞ս նպաստում է, որ սթափ դատեք:

- Պատերազմը իր հետ միշտ բերում է շատ մահեր, ու այդ մահերից մեկը այս անգամ քոնն էր... (Նկատի ունի իրեն -հեղ.): Բայց նաև ես ոչ մի կերպ չեմ հասկանում, որ երեխաս չկա: Կամ գուցե հասկանում եմ, պարզապես հոգեպես չեմ ընկալում դա: 

- Ի՞նչ էիք պատգամել ձեր որդուն, երբ նրան ճանապարհում էիք բանակ:

- Զինկոմիսարիատում ասացի՝ Արման ջան, հիշիր, որ ես քեզ տանը սպասում եմ, ինձ դու ես պետք: Ինչ անես, խելացի կանես, որ անվնաս գաս, հասնես տուն... բայց սենց ստացվեց... Արմանին ծնված օրվանից միշտ տանում էի Եռաբլուր, բայց նրան երբեք չեմ դաստիարակել ագրեսիվ մարդ, չեմ ասել՝ գնալու ենք, վերցնենք, սա էլ է մերը, նա էլ է մերը, չէ՛, ասել եմ հակառակը, որ կռիվը, պատերազմը շատ վատ բան է: Ու որդիս դրա համար էլ շատ հանգիստ մարդ մեծացավ:

- Իսկ ինչո՞ւ չհամաձայնեցիք, որ ձեր որդուն հուղարկավորեն Եռաբլուրում:

- Ինձ համար, մեր ընտանիքի անդամների համար ընտանիքն ամենակարևորն է: Դա վերնագիրն է մեր: Անգամ գերեզմանը ընտանիքով ավելի ընկալելի է մեզ համար. երբ մենք էլ վաղը այդտեղ լինենք, լինենք ամբողջական, մի տեղ հավաքվենք: Կար նաև մեկ այլ հանգամանք. իմ տղան խոհարար էր, ինքը զինվորական լինելու էր այդ երկու տարին, մնացած ամբողջ կյանքում ինքը խոհարար Արմանն էր: Եթե զինվորական լիներ, ես կհամաձայնեի, որ Եռաբլուրում լիներ, բայց ավելի շատ ինքը իմ Արմանն է, քան հերոս Արմանը: Հերոսանալը չէ, որ արժևորեց ինձ համար Արմանին, իր հերոսանալը ինձ համար դարձավ իր ունեցած արժեքներից մեկը՝ բոլոր առավելությունների կողքին գրված մեծատառերով:

- Հանդիպումներ ունենո՞ւմ եք մյուս զոհվածների հարազատների հետ: Արդյոք փորձո՞ւմ եք նրանց նույնպես ոգեշնչել, որ ձեր օրինակով շարունակեն ապրել:

- Ես նման հանդիպումներ չեմ ունենում: Ինձ համար դժվար է, երբ լսում եմ կարծիքներ, խոսքեր, որոնք սրտովս չեն, բայց չես էլ կարող հակադարձել դրանց: Դա այն միջավայրն է, որ դու ոչ մեկին չես կարող ասել ինչ-որ բան: Դու հասկանում ես, որ ինքը սխալ է խոսում, հասկանում ես նաև՝ սխալ է խոսում, բայց ճիշտ է անում, որ սխալ է խոսում: Այդ պահին այդպես է մտածում: Դրա համար խուսափում եմ նման հանդիպումներից, որ հանկարծ չլինի՝ ասեմ մի բան, որ մարդուն վիրավորեմ: Կորուստ ունեցած մարդիկ շատ փխրուն են դառնում: Տղամարդ ծնողների հետ ինչ-որ տեղ հնարավոր է, մենք կարողանում ենք մի փոքր պինդ պահել մեզ, բայց մայրերի հետ...

- Պատերազմից հետո ձեր տված հարցազրույցներից մեկում ասել եք, որ մենք՝ նկատի ունենալով հասարակությանը, այս տարիների ընթացքում, այսպես ասած, ավելի շատ ամպագոռգոռ խոսել ենք, քան գործել: Ըստ ձեզ՝ որո՞նք էին այն հիմնական բացթողումները այս տարիներին, որի հետևանքով եղավ այն, ինչ եղավ:

- Մեր անձնական էգոն, ամեն մեկիս առանձնահատուկ ու յուրովի էգոն: Դա այս տարիների ընթացքում մեզ խանգարեց, որ դառնանք ուժեղ, որովհետև ամեն մեկը մտածեց միայն, որ իր տան մեջ թանկարժեք վերանորոգում անի, բայց ծխախոտի մնացորդը կարող է նետել շքամուտքում: Իր համար մեկ է՝ իր բակում ու շքամուտքում ինչ է կատարվում: Կարևորը իր տան թանկարժեք վերանորոգումն է ու խոհանոցի թանկարժեք մետլախը: Այդ, հենց այդ ժամանակ էլ ամեն ինչ սկսեց փչանալ:

Եթե ինչ-որ մեկը վարում է 60 հազար դոլարանոց մեքենա, մտածում է, որ ինքը լավ մարդ է: Ախր ո՞նց, ի՞նչ կապ ունի՝ դու ինչ մեքենա ես վարում, ինչ կապ ունի՝ ինչ ես հագնում: Բայց դու քնելուց առաջ գիտես, չէ, որ դու ստոր ես, ախր մենք էլ ավանակ չենք, մենք էլ ենք տեսնում, որ դու ստոր ես: Ուղղակի մենք բարոյական ենք, չենք սիրում կռիվ անել: Կամ ինչ ասես այդ մարդուն, եթե շատ դեպքերում արդյունք էլ չի տալու ասածդ. չէ՞ որ նրա ծնողները այդպես են դաստիարակել իրեն, դու դրա դեմը ո՞նց առնես: Մարդ ինքը պիտի հասկանա՝ շատ էլ որ մութ է, մարդ չի տեսնի, բայց ինչո՞ւ հարվածեմ, կոտրեմ աղբի ամանը կամ այրեմ: Եթե ծխում ես, ուրեմն ուղեղդ հասնում է, չէ, ուրեմն ուղեղիդ նաև պետք է հասնի, որ դա պետք է հանգցնել, նոր նետել: Բայց չէ, առանց հանգցնելու կնետի, կայրի, որովհետև իր սեփականը չէ, իր հայրն ասել է, որ սա է քոնը, չի սովորեցրել, որ այդ բոլորը իրենն է: Հայրենիքի զգացողության, կրթության ու այ էս դաստիարակության պակասից է, որ այս օրին հասանք:

- Դուք նաև նկարում եք, և հետաքրքիր է՝ պատերազմից հետո փոխվե՞լ են ձեր կտավների գույները և պատկերելու առարկաները:

- Պատերազմից հետո դեռ ոչ մի նկար չեմ նկարել: Բայց կնկարեմ, բացառվում է, որ չնկարեմ: Ես սիրում եմ նկարել: Տղաս էլ էր հիանում իմ նկարներով: Մտածում եմ՝ պատկերելու առարկաները կմնան նույնը, իսկ գույները հնարավոր է՝ փոխվեն. գուցե լինեն տխուր նկարներ՝ ուրախ գույներով: Վառ երանգները երազանքների հետ եմ կապում. երազանքները գորշ գույների մեջ չեն լինում, չէ: Տղայիս ամենամեծ երազանքներից մեկն էլ ինձ առողջ տեսնելն էր, հիմա ամեն ինչ պիտի անեմ, որ առողջ լինեմ՝ հանուն նրա: Նաև այս երազանքն է, որ պարտավորեցնում է ինձ ապրել:

- Պատերազմից հետո հնչում են կարծիքներ, որ Հայաստանում կորել է վաղվա օրվա հույսը և երկրից գնալն է ելքը: Դուք ինչպե՞ս եք տեսնում և պատկերացնում մեր երկրում վաղվա օրը: Արդյոք գնա՞լն է ելքը, թե՞ մնալը, պայքարելը և այս իրավիճակը հաղթահարելը:

- Մարդու համար ինչ-որ մի բանը արժեք պիտի լինի, որ սիրի դա, ու երբ սիրեց, չի գնա, չի թողնի: Ով է իր սիրած մարդուն, կենդանուն կամ այլ բան թողնում ու գնում հեշտ: Ստիպել, թե մնա, դու պետք ես, այդպես չի լինում: Միևնույն է, էն մարդը, որ չի պայքարելու, խանգարելու է: Խանգարելու է ինձ անգամ մեքենա վարելիս, որովհետև ինքը չի սիրում Երևանը, դրա համար էլ 90 արագությամբ է վարում մեքենան: Այ որ սիրեր, նաև կհասկանար, որ գուցե կողքի շենքում բնակվող մեկը գլխացավով հազիվ կարողացել է քնել: Ավելի լավ է՝ գնան նման մարդիկ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
53058 դիտում

Ժողովուրդը ՔՊ-ին լեգիտիմ մանդատով օժտեց միանձնյա ձևավորել Կառավարություն․ պատերազմի եռագլուխ մաֆիան կկործանվի

Էկոնոմիկայի նախարարությունը կանգնած է գյուղացիների կողքին․ տնտեսվարողների հետ հանդիում Շիրակի մարզպետարանում

Ռուսաստանը չի կարող ռազմական հաղթանակ տանել․ Մերց

Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումները

Անվտանգության հարցերը պետք է որոշվեն` հիմնվելով հրեական պետության շահերի վրա․ Իսրայելը չի ենթարկվում ԱՄՆ-ին

Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները կարևորել են համագործակցության ընդլայնումը

ՌԴ-ն խաբել է Կարապետյանին, հույսեր է տվել, ուղարկել ՀՀ. գուցե վախենում է, որ իրեն կզոհաբերեն. տեսանյութ

Նավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ

Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» ամենամյա զորավարժությունը

Ուզում են թռնել երկրից. գոնե ամոթ ունենան, լռեն. մարդիկ փողը վերցրել, իրենց չեն ընտրել. Ղազարյան. տեսանյութ

Միրզոյանն ու Սլովենիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ

Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ՝ ընդամենը 15 օրում

Հայաստանը և Նիդերլանդները շարունակում են զարգացնել ռազմավարական գործընկերությունը․ տեսանյութ

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի հարցերի շուրջ

ԵՊՀ-ում իրականացվող բարեփոխումները շարունակական են, համակարգային և ռազմավարական․ պարզաբանում

Մայք Թայսոնը ժամանել է Հայաստան․ տեսանյութ

Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ

Հայաստանից Ուկրաինա արտահանված որևէ բեռ չի վերադարձվել․ ՍԱՏՄ-ն հորդորում է չտարածել կեղծ տեղեկատվություն

Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացվել է 7-ամյա ռազմավարության նախագծի նպատակը

«Ուժեղ Հայաստան», «Մեր ձևով», ԲՀԿ․ ընտրական հանցագործությունների 17 քրեական վարույթ է հանձնվել դատարան

Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են երեխայի որոնողական աշխատանքները

«Հայանտառ»-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-22թթ․ չի հաճախել աշխատանքի, ստացել է աշխատավարձ

Փարիզում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայացուցիչների հետ

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը

Eurosatory 2026-ը Հայաստանի համար աննախադեպ հնարավորություն է․ ԲՏԱ նախարար

Վնասազերծվել է համակարգչային հափշտակությունների մեջ մասնագիտացված հերթական հանցավոր խմբավորումը

Կալուգացի մարդամեկը մինչ օրս չի հրաժարվել օտարերկրյա անձնագրերից, պահում է Հայաստանից փախնելու համար․ Չախոյան

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 56 հարց

Փամբակ գետը մոտ 15 տարեկան երեխա է ընկել․ իրականացվում են որոնողական աշխատանքներ

Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը

Լեռնային շրջաններում դիտված կարկուտը որոշ չափով վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Ընտրություններում հաղթանակը լավ ուղերձ է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման ուղղությամբ. Կոսը՝ Միրզոյանին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ

Նախատեսվում է իրականացնել Սիսիան, Գորիս, Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի վերականգնում ու արդիականացում

Գեղամ Մանուկյանը՝ կրկին ծիծաղելի իրավիճակում. ՀԺ-ն Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութի սկզբնաղբյուրը չէ

Աննա Հակոբյանն ազդարարել է «Կրթվելը նորաձև է» շարժման երկրորդ փուլի մեկնարկի մասին. տեսանյութ

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում

Երևանը սխալ կգործի, եթե հույսը դնի միայն «Արևմտյան օգնության» վրա. Նարիշկին

Մենք ֆինանսական օգնություն կտրամադրենք և կօգնենք հեշտացնել Հայաստանի առևտուրը հարևանների և Եվրոպայի հետ. Կոս