Ցածր քաղաքական մշակույթ, վերացական փաստեր. ՍԴ-ն չապացուցված է համարել 4 ուժերի պնդումները

«Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողները չեն հաղթահարել իրենց պահանջների համար հիմք ծառայող հանգամանքների ապացուցման համար անհրաժեշտ նվազագույն ապացուցողական շեմը»:

Սա «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների կողմից ՍԴ ներկայացված դիմումի մերժման հիմնավորումներից մեկն է, որ տեղ է գտել երեկ Բարձր դատարանի կողմից հրապարակված 87 էջանոց փաստաթղթում:

Ինչպես տեղեկացրել ենք, դատարանը մերժել է ներկայացված դիմումները, որոնցով պահանջվում էր անվավեր ճանաչել 2021 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ ընտրությունների արդյունքները: Ներկայացված դիմումի մերժման վերաբերյալ իր որոշման մեջ մանրամասնորեն անդրադարձ է կատարվել  ներկայացված փաստարկներին, հիմնավորվել, թե ինչով է պատճառաբանվում դրանց մերժումը:

Բարձր դատարանը նաեւ գնահատական է տվել քարոզարշավի ընթացքում տեղ գտած ատելության խոսքի դրսեւորումներին, մասնավորապես վարչապետի պաշտոնակատարի ելույթներում տեղ գտած որոշ բառերի եւ, ընդհանուր առմամբ, բոլոր ուժերի քաղաքական խոսքի մշակույթին:

Վարչապետի պաշտոնակատարի մասով

Անդրադառնալով ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու լիազորության իրացման համար անհրաժեշտ պայմաններին՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ պետք է առկա լինի 2 պայմանի միաժամանակյա առկայություն՝ «ընտրախախտումներն ունեցել են կազմակերպված, զանգվածային, կրկնվող կամ պարբերական բնույթ» եւ «դրանց համադրումը վկայում է վերջիններիս միջեւ համակարգային այնպիսի փոխկապակցվածության մասին, որի պայմաններում խախտվում են Սահմանադրության 7-րդ հոդվածում ամրագրված ընտրական իրավունքի սկզբունքները (Ազգային ժողովի և համայնքների ավագանիների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ-խմբ.)»:

Այս համատեքստում ՍԴ-ն առաջին հերթին անդրադարձել է դիմողների կողմից ներկայացված այն հարցին, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարականից հետո վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակում կարող էր պաշտոնավարել:

Մի շարք իրավանորմերի մեջբերումից հետո դատարանը եզրակացնում է. «Հաշվի առնելով վարչապետի նշանակմամբ գործադիր իշխանության բարձրագույն մարմնին՝ Կառավարությանը ժողովրդավարական լեգիտիմությամբ ապահովելու գործող սահմանադրական ընթացակարգերը՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ Կառավարության հրաժարականից հետո մինչև նորանշանակ վարչապետի պաշտոնի ստանձնումը Կառավարության անդամների պաշտոնավարման շարունակականության սահմանադրական պահանջը վերաբերում է ոչ թե վարչապետից բացի Կառավարության մյուս անդամներին, այլ Կառավարության բոլոր անդամներին, ներառյալ՝ վարչապետի պաշտոնում նշանակված անձի պաշտոնավարմանը»:

«Հետեւաբար՝ սույն գործով դիմողների, երրորդ անձի («Քաղաքացիական պայմանագիր»-խմբ.) ներկայացրած փաստակազմի շրջանակում 2021 թվականի ապրիլի 25-ին վարչապետ Ն. Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնից հրաժարականից հետո վարչապետի պաշտոնում պաշտոնավարումը համահունչ է սահմանադրական կարգավորումներին»,- ընդգծում է դատարանը։

Վարչական ռեսուրսի կիրառում

Հաջորդիվ Բարձր դատարանն անդրադարձել է ընտրությունների և դրան նախորդող ժամանակահատվածում վարչական ռեսուրսի ոչ իրավաչափ օգտագործման հարցին:

Դիմողների պնդմամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և, մասնավորապես, վարչապետի պաշտոնակատարի կողմից նախընտրական քարոզչության մեկնարկից առաջ և ընթացքում, ինչպես նաև ընտրության օրը կիրառվել է վարչական ռեսուրս՝ այդպիսով ակնհայտ առավելություն ձեռք բերելով մյուս կուսակցությունների և դաշինքների նկատմամբ:

Դատարանն ընդգծել է, որ «Ընտրական գործընթացների ընթացքում վարչական ռեսուրսների չարաշահումը կանխելու և դրան արձագանքելու վերաբերյալ» Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ՝ 2016 թվականին ընդունված համատեղ ուղեցույցը չի բացառում պաշտոնատար անձ թեկնածուների կողմից ընտրություններին մասնակցելու եւ քարոզչություն իրականացնելու հնարավորությունն աշխատանքային ժամերից դուրս եւ առանց վարչական ռեսուրսների չարաշահման։

ՍԴ-ն այս կապակցությամբ հիշատակել է վարչական դատարանի որոշումները, որոնցից մեկով, օրինակ, նշվում է՝ չի հաստատվել որևէ փաստ այն մասին, որ ոստիկանության ծառայողները ներգրավվել են «Քաղաքացիական պայմանագրի» օգտին քվե ստանալու նպատակով: Ավելին, վարչական դատարանը փաստել է, որ հիմք չունի պնդելու, որ ՔՊ-ն պետական պահպանության մարմնի միջոցներն օգտագործել է ի շահ իր քաղաքական նպատակների, իսկ քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձին վերաբերող դրվագով հնարավոր չէ հաստատել, որ նա ներգրավված է նախընտրական քարոզչությանը՝ այդ պահին հանդես գալով ի պաշտոնե և իր դիրքն օգտագործելով ի շահ երրորդ անձի (ՔՊ-ի):

«Նման պայմաններում Սահմանադրական դատարանը գտնում է, որ թեև սույն գործով ներկայացված առանձին փաստարկներ ըստ էության վկայում են վարչական ռեսուրսի ոչ իրավաչափ օգտագործման մասին, սակայն, որպես այդպիսին, դրանք կրում են դրվագային բնույթ: Ավելին, սույն գործով չի հիմնավորվում, որ վարչական ռեսուրսը Ազգային ժողովում քաղաքական մեծամասնություն ունեցող ուժի կողմից օգտագործվել է կազմակերպված եղանակով և ունեցել զանգվածային բնույթ, ուստի՝ դրա օգտագործման համադրումը չի փաստում, որ այն որևէ կերպ ազդել է ընտրությունների արդյունքների վրա»,- ասվում է հրապարակված որոշման մեջ:

Ատելության խոսքն անդառնալի ազդեցություն չի ունեցել

Դիմողները նշել էին նաեւ նախընտրական քարոզչության ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից բռնության կոչերի, սպառնալիքների և որպես հետևանք ատելության մթնոլորտ ձևավորելու մասին, ինչն ըստ իրենց՝ բացասական և անդառնալի ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքների վրա:

ՍԴ-ն ընդգծում է՝ ինչպես ազատ ընտրությունների իրավունքը, այնպես նաև արտահայտվելու ազատությունը երաշխավորվում են միջազգային փաստաթղթերով։

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողների կողմից ներկայացված՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Ն. Փաշինյանի կողմից ենթադրյալ բռնության կոչերի և սպառնալիքների՝ ընտրությունների արդյունքի վրա ազդեցության մասին փաստարկները վերացական են, զուրկ են որոշակիությունից:

Ընդգծվում է, որ չնայած դրանց անընդունելի կոպտությանը և ցնցող ազդեցությանը, վկայակոչված արտահայտությունների համատեքստի վերլուծությունից բխում է, որ դրանք ուղղված են եղել քաղաքական մրցակիցներին և ընտրողների կողմից ողջամտորեն որպես իրենց ուղղված սպառնալիք կամ ատելության խոսք չէին կարող դիտարկվել. «Հետևաբար՝ չէին կարող ազդեցություն ունենալ ընտրողի քաղաքական կամքի ձևավորման վրա այն աստիճան, որ կանխորոշեին կամ էականորեն ազդեին նրա ընտրության կամ քվեարկությանը չմասնակցելու որոշման վրա»։

Հետաքրքիր է, որ դատարանը հանդես է եկել Հայաստանում քաղաքական խոսքի ընդհանուր վիճակի վերաբերյալ նաեւ այսպիսի գնահատականով. «Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ 2021 թվականի հունիսի 20-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին նախորդած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության ընտրողների բարձր իրավագիտակցության, քաղաքական հասունության և քաղաքական իրադարձությունների մասնակցության հարուստ կենսափորձին հանդիման քաղաքական գործիչների քաղաքական խոսքում օգտագործված անթույլատրելիորեն ցածր մշակութային և հանրային՝ բարոյական տեսանկյունից դատապարտելի արտահայտությունների գործելաոճը չի կարող վերագրվել միայն մեկ քաղաքական ուժի և դրա ներկայացուցչի: Այն առկա է եղել մրցակցող մի շարք քաղաքական ուժերի և դրանց ներկայացուցիչների հրապարակային խոսքում՝ ցավալիորեն դառնալով Հայաստանում քաղաքական խոսքի մշտական բաղադրիչ»։

Այլ հարցեր

Անդրադառնալով դիմումներում նշված մյուս հանգամանքների և վերջիններիս առնչությամբ ներկայացված փաստարկներին՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ դրանց մի մասն ունեցել է դրվագային կամ եզակի դրսևորումներ:

«Օրինակ՝ անձը հաստատող փաստաթղթերի միջոցով Հայաստանի Հանրապետությունում չգտնվող անձանց փոխարեն քվեարկության մասին պնդումները հիմնված են սոսկ ենթադրությունների և փաստական որևէ հենք չունեցող կասկածների վրա»,- պնդում է ՍԴ-ն:

Հայաստանում չգտնվող մեկ անձի անվան դիմաց ստորագրությանն անդրադառնալով Սահմանադրական դատարանը նշել է, որ ՀՀ ԿԸՀ-ն եւ դատախազությունը ներկայացրել են բացատրություն այն մասին, որ այդ ստորագրությունը սխալմամբ կատարվել է մեկ այլ ընտրողի կողմից, որը մասնակցել է քվեարկությանը, սակայն վերջինիս անվան դիմաց ստորագրություն առկա չէ։

«Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքը փաստարկներ են ներկայացրել նախընտրական քարոզարշավի ընթացքում իրենց հետ առնչություն ունեցող անձանց ՀՀ ոստիկանություն պարբերաբար բերման ենթարկելու և այսպես կոչված «ստուգողական գործողություններ» կատարելու մասին: Այդ առնչությամբ դատարանն արձանագրում է, որ սույն գործի քննությանը նախորդող ժամանակահատվածում առանձին դեպքերով կամ անձանց առնչությամբ ՀՀ ոստիկանության կամ այլ իրավապահ մարմինների գործողությունները քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված և օրենսդրության շրջանակներում գնահատման ենթակա գործողություններ են, որոնց իրավաչափության գնահատումը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասությունից:

Ինչ վերաբերում է «Հայաստան» դաշինքի այն դիրքորոշմանը, որ Ազգային ժողովի քաղաքական փոքրամասնությանը, ընդդիմությանը պատշաճ դեր ապահովելու համար անհրաժեշտ էր, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մանդատները բաշխեր այնպես, որ դրա արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստանար ոչ ավելի, քան 63 մանդատ, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ մասն օրենսդիրից պահանջում է Ընտրական օրենսգրքով երաշխավորել կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը։

Հիշեցնենք, ԿԸՀ որոշման համաձայն «Քաղաքացիական պայմանագիրը» ստանում է 71 մանդատ, «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները համապատասխանաբար 29 եւ 7 մանդատ:

Վերջում Սահմանադրական դատարանն արձանագրում է. դիմում ներկայացրած կուսակցությունների եւ դաշինքների կողմից հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների ընթացքում օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում չեն արձանագրվել ու բողոքարկման առարկա դարձել իրավախախտումների վերաբերյալ ապացուցողական նշանակություն ունեցող այնպիսի փաստեր, որոնք հիմք ընդունելով՝ Սահմանադրական դատարանն ընտրությունների արդյունքներն անվավեր կճանաչեր:

Ողջունելի է

Փաստաբան Գեւորգ Գյոզալյանը մեր զրույցում ասաց, որ իր կարծիքով հրապարակված պատճառաբանական մասում ՍԴ-ն դիմումատուներին տվել է անհրաժեշտ հիմնավորումներ, թե ինչու է մերժվել նրանց դիմումը:

«Իհարկե, կան կտորներ, որ ինձ համար այդքան էլ համոզիչ չեն, կան  կտորներ, որ համոզիչ են, բայց ընդհանուր առմամբ, եթե  մեկ գնահատական տամ՝ այո՛ կարող ենք ասել, որ ՍԴ-ն յուրաքանչյուր կետի անդրադարձ կատարել է»,- ասաց նա:

Հարցին, թե օրինակ, ո՞ր հատվածն է որպես հիմնավորում առավել թույլ համարում, փաստաբանը նկատեց. «Օրինակ, հրաժարականից հետո վարչապետի պաշտոնավարման մասը ինձ համար այդքան էլ համոզիչ չէր: Եթե կտրվենք վարչական ռեսուրսից (այդ մասով բացարձակ խնդիր չտեսա), ինձ համար ավելի համոզիչ էր դիմողների մեկնաբանությունը, թե ինչու հրաժարականից հետո վարչապետը չէր կարող պաշտոնավարել, քան ՍԴ այն հիմնավորումները, թե ինչու պետք է պաշտոնավարեր: Այս մասը ինձ համար մի փոքր թույլ էր»:

Գյոզալյանը ողջունելի համարեց ՍԴ ընդհանրական գնահատականը՝ քարոզարշավի ընթացքում քաղաքական խոսքի մշակույթի ցածր լինելու մասին:

«Ինձ համար  ողջունելի էր եւ լավ է, որ դատարանը չէր անդրադարձել միայն մեկ ուժի հռետորաբանությանը, այլ դա նայել էր ընդհանուրի մեջ: Շատ կարեւոր էր, որ այդ հավասարության նշանը դրվեր, որովհետեւ եթե դիմողները խնդիր էին տեսել մեկ ուժի հռետորաբանության մեջ, ապա նրանք պարտավոր էին նաեւ  տեսնել իրենց հռետորաբանությունը, որը ծավալվում էր Բաղրամյան պողոտայում՝ մահապատժի տեսարաններով բեմականացված, հայհոյախոսություններով եւ այլն»,- եզրափակեց փաստաբանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4531 դիտում

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ