Հայ զինծառայողների խոշտանգման, անդամահատման վայրագությունները պետք է դատապարտվեն ու հասցեագրվեն. վարչապետը՝ Բեռլինում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում այցելել է Արտաքին քաղաքականության գերմանական խորհուրդ, որտեղ հանդիպում է ունեցել քաղաքական, հասարակական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ, մասնակցել «Անվտանգությունը և կայունությունը Հարավային Կովկասում. Հայաստանի հեռանկարը» թեմայով քննարկմանը:

Վարչապետը նախ հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես, նշել է.

«Տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ այսօր այստեղ լինելու և այս հարգարժան լսարանին դիմելու հնարավորության համար: Նախևառաջ ուզում եմ իմ երախտագիտությունն ու գնահատանքը հայտնել Խորհրդի փոխնախագահ պարոն Ռալֆ Նիկելին, տնօրեն Գունտրամ Վոլֆին և նրա թիմին այս միջոցառումը կազմակերպելու համար։

622.jpg (397 KB)

Այսօր մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ամբողջ աշխարհում տեղի են ունենում ոչ միայն բնական, այլև աշխարհաքաղաքական տեկտոնական տեղաշարժեր։ Խորացող աշխարհաքաղաքական անկայունությունը, աճող լարվածությունն ու անկանխատեսելիությունը թուլացնում են աշխարհակարգն ու միջազգային անվտանգային համակարգը՝ էլ ավելի մեծ մարտահրավերներ ստեղծելով հատկապես Հայաստանի համար՝ բարդ տարածաշրջանում ժողովրդավարություն հանդիսացող երկիր, մեզ ավելի խոցելի դարձնելով։

Հարգելի ներկաներ,

Մենք ականատես եղանք այսօրվա մարտահրավերների առաջին ծիլերին և մեր տարածաշրջանում եվրոպական անվտանգային ճարտարապետության փլուզմանը դեռևս 2020 թվականին, երբ Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ։

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանը ոչ միայն չհրաժարվեց իր ռազմատենչ և սպառնալիքների քաղաքականությունից, այլև նոր ագրեսիա իրականացրեց՝ այս անգամ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների դեմ 2021 թվականի մայիսին, 2021 թվականի նոյեմբերին և 2022 թվականի սեպտեմբերին։

623.jpg (473 KB)

Վերջին ագրեսիայի ժամանակ՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ը, Ադրբեջանը ձեռնարկեց լայնածավալ ռազմական հարձակում՝ թիրախավորելով Հայաստանի ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքները՝ օգտագործելով ծանր հրետանի, հրթիռային համակարգեր և անօդաչու սարքեր։ Դրա հետևանքով` հայկական կողմն ունեցել է 225 զոհ, այդ թվում՝ 3 խաղաղ բնակիչ, օկուպացվել է Հայաստանի ինքնիշխան տարածքների ավելի քան 150 քառակուսի կիլոմետրը։

Այսօր ես չէի ցանկանա խորանալ 2020, 2021, 2022 թվականների ագրեսիաների մանրամասների մեջ, սակայն անհնար է անտեսել գերի ընկած կամ արդեն մահացած հայ զինծառայողների (այդ թվում՝ կին զինծառայողների) խոշտանգումների բազմաթիվ դեպքերը, անդամահատման փաստերը և ադրբեջանական զինուժի այլ վայրագությունները։ Տարածված սարսափելի տեսանյութերը, որտեղ Ադրբեջանցի զինվորականները «ԻՊ-ի ոճով» ռազմական հանցագործություններ են գործում՝ մահապատժի ենթարկելով հայ ռազմագերիներին, պետք է ճանաչվեն և հասցեագրվեն միջազգային հանրության կողմից։ Մեկ այլ խնդիր է Ադրբեջանի կողմից Սիրիայից վարձկանների ներգրավումը։

2022 թ.-ի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ, երբ Հայաստանի արտաքին անվտանգային համակարգը չգործեց, մենք խնդրեցինք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել, որը տեղի ունեցավ 2022 թվականի սեպտեմբերի 15-ին: Նիստի ընթացքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրները նշեցին, որ ուժի կիրառումը բացարձակապես անընդունելի է, բացահայտորեն մատնանշեցին ագրեսորին՝ Ադրբեջանին, ընդգծեցին միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանման կարևորությունը՝ ընդգծելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման փաստը Հայաստանի տարածքում։

Իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ կարևոր քայլ էր նախագահ Մակրոնի, նախագահ Միշելի, նախագահ Ալիևի և իմ քառակողմ հանդիպումը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, որտեղ համաձայնություն ձեռք բերվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով ԵՄ-ի կարճաժամկետ մոնիտորինգային առաքելության տեղակայման վերաբերյալ:

624.jpg (439 KB)

Երբ այս առաքելության մանդատն ավարտվեց 2022 թվականի դեկտեմբերի 19-ին, Հայաստանի խնդրանքով ԵՄ խորհուրդը որոշում կայացրեց Հայաստանի Հանրապետության տարածքում երկու տարի ժամկետով նոր, լիարժեք քաղաքացիական առաքելություն (EUMA) տեղակայել։

Հայաստանի կառավարության անունից ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել ԵՄ-ին և նրա անդամ երկրներին, մասնավորապես՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությանը՝ մեր խնդրանքին աջակցելու համար։ Առաքելությունը մեկնարկել է փետրվարի 20-ին, և ես արդեն հանդիպել եմ առաքելության ղեկավար, միջազգային տեղակայման ոլորտում մեծ փորձ ունեցող ձեր հայրենակից պարոն Մարկուս Ռիտերի հետ Երևանում:

Առաքելությունը վճռորոշ դեր կխաղա տեղում անվտանգության և տարածաշրջանում կայունության ապահովման գործում, ինչպես նաև ներկա իրավիճակի մասին ԵՄ-ում մեր գործընկերներին և նրա անդամ երկրներին ժամանակին և հուսալի զեկուցելու գործում։

Հարգելի գործընկերներ,

Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ապօրինի կերպով արգելափակած է պահում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը։

625.jpg (387 KB)

Շրջափակումը հանգեցրել է հումանիտար աղետի։ Լեռնային Ղարաբաղի 120 000 հայերը զրկված են բնական գազի, էլէկտրաներգիայի, սննդի, բժշկական և այլ կենսական մատակարարումներից։

Սնունդի և այլ կարևոր ապրանքատեսակների խիստ սակավության պատճառով Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ստիպված եղան հուսահատ միջոցներ ձեռնարկել՝ պարենային կտրոններ թողարկել, որոշակի սննդատեսակներ բաժանել ըստ օրաբաժնի։ Բնակչությանը հասանելի է միայն անկանոն էլեկտրամատակարարում տեղական էլեկտրաէներգիա արտադրողներից։ Փակվել են համալսարանները, դպրոցներն ու մանկապարտեզները, ինչի պատճառով ավելի քան 30 հազար ուսանող և երեխաներ զրկվել է կրթության իրավունքից։

2022 թվականի դեկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության խնդրանքով տեղի ունեցավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ՝ Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների ճնշող մեծամասնությունը հստակ պահանջներ է ներկայացրել՝ դադարեցնել Ադրբեջանի կողմից միջանցքի շրջափակումը և ապահովել միջազգային կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Տասնյակ երկրներ և կազմակերպություններ հասցեական դատապարտեցին Լաչինի միջանցքի շրջափակումը և կոչ արեցին Ադրբեջանին դադարեցնել այն։ Հայաստանի Հանրապետությունը ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի և ԵԱՀԿ փաստահավաք առաքելություն ուղարկելու համար։

626.jpg (248 KB)

Հայաստանի Հանրապետությունը նաև հայց է ներկայացրել Միավորված ազգերի կազմակերպության Արդարադատության միջազգային դատարան՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման նպատակով միջանկյալ միջոցներ կիրառելու համար՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի (CERD) համաձայն։ 2023 թվականի փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանից պահանջեց ձեռնարկել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար։

Ցավոք, Ադրբեջանը մինչ այժմ չի կատաչել ԱՄԴ-ի որոշումը, և Լաչինի միջանցքով երթևեկությունը շարունակում է մնալ խաթարված։ Թեև բնական գազի մատակարարումը վերականգնվել է, Էլեկտրաէներգիայի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ, որը դադարեցվել էր 2023 թվականի հունվարի 9-ին, դեռևս չի վերականգնվել։ Սննդի մատակարարումները դեռևս իրականացվում են կտրոններով, իսկ մարդիկ զրկված են հրատապ բժշկական օգնության հնարավորությունից։ Միայն Կարմիր խաչը և ռուս խաղաղապահները հնարավորություն ունեն սահմանափակ քանակությամբ սնունդ և կենսական նշանակության ապրանքներ հասցնել Լեռնային Ղարաբաղ, իսկ բժշկական շտապ միջամտության կարիք ունեցող մարդկանց տեղափոխել Հայաստանի հիվանդանոցներ։

Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի աճող ագրեսիվությունը հստակեցնում է Ադրբեջանի մտադրությունները՝ իրականացնել հայերի էթնիկ զտումներ։ Վերջերս Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարեց, որ Լաչինի միջանցքը բաց է այն հայերի համար, ովքեր ցանկանում են լքել Ղարաբաղը։ Դա նշանակում է, որ Լաչինի միջանցքը փակ է այն հայերի համար, ովքեր ապրում են Լեռնային Ղարաբաղում։

Հարգելի ներկաներ,

Չնայած վերը նշվածին, Հայաստանի կառավարությունը դրսևորել է քաղաքական կամք և վճռական քայլեր է ձեռնարկում Հարավային Կովկասում խաղաղության և կայունության նոր դարաշրջան բացելու ուղղությամբ և կառուցողականորեն ներգրավված է Հայաստան-Ադրբեջան բանակցություններում։

627.jpg (407 KB)

Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացն ընթանում է հետևյալ երեք հիմնական ուղղություններով. համաձայնագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակում և սահմանագծում և անվտանգություն:

Հայաստանը համաձայնել է տարանջատել ԼՂ հիմնախնդրի կարգավորումը հայ-ադրբեջանական գործընթացից՝ այն տրամաբանությամբ, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև կձևավորվի քննարկումների միջազգային մեխանիզմ։ Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների խնդիրների լուծմանն ուղղված երաշխիքային մեխանիզմի ստեղծումը, որը կունենա միջազգային տեսանելիություն և ներգրավվածություն:

Չխորանալով մանրամասների մեջ՝ կցանկանայի նշել, որ հումանիտար բնույթի հիմնախնդիրները, ինչպիսիք են` բոլոր հայ ռազմագերիների վերադարձը և միջազգային կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ, շարունակում են մնալ չլուծված և մեզ համար հանդիսանում առաջնային մտահոգության հարցեր։ Մենք խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից ռազմագերիների մասին Ժնևի կոնվենցիայի շարունակական խախտումները, քանի որ առնվազն 33 հայ ռազմագերի դատապարտվել են տարբեր ժամկետներով ազատազրկման՝ միանգամայն մտացածին մեղադրանքներով։ Այն, որ Ադրբեջանը մերժում է հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնել, Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի հերթական խախտումն է։

Տիկնայք և պարոնայք,

Տարածաշրջանային խաղաղության մեր տեսլականի մեկ այլ ասպեկտը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն է։ Մենք պատրաստ ենք լիովին կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, հաստատել դիվանագիտական հարաբերություններ։ Մենք հույս ունենք ամբողջությամբ բացել մեր ընդհանուր սահմանը, որը միակողմանիորեն փակվել էր 90-ականների սկզբին Թուրքիայի կողմից։

628.jpg (311 KB)

Մենք ունենք առաջ շարժվելու մի քանի փոքր, բայց հուսադրող նշաններ: Մեր երկրների հատուկ ներկայացուցիչները 2022 թվականի հուլիսին պայմանավորվել են օդային բեռնափոխադրումներ հաստատելու շուրջ և երրորդ երկրների քաղաքացիների համար միջպետական սահմանները բացել։

Հունվարին վերացվել է Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը, և մենք հուսով ենք, որ շուտով կբացվի սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար։

Նաև ես հանդիպել եմ նախագահ Էրդողանի հետ 2022 թվականին Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, որտեղ մենք քննարկեցինք հարաբերությունների կարգավորման հեռանկարները։

Վերջին ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանն արագ արձագանքեց։ Ես զանգահարեցի նախագահ Էրդողանին ցավակցություն հայտնելու համար և առաջարկեցի մեր աջակցությունը։ Դրանից հետո տուժած շրջաններ ուղարկեցինք մարդասիրական օգնություն և փրկարարական խումբ։ Շատ կարևոր է փաստել, որ մարդասիրական օգնության երկու շարասյուն Թուրքիա է մտել սահմանային կամրջով, որը 30 տարի շարունակ փակ է եղել։ Մեր փրկարար ջոկատը Հայաստան է վերադարձել այդ նույն կամրջով։

Հայաստանի արտգործնախարարն այցելեց Թուրքիա, հանդիպեց իր գործընկերոջը և վերահաստատեց հարաբերություններն ամբողջությամբ կարգավորելու մեր պատրաստակամությունը։ Թեև վերջին շփումները, իհարկե, զուտ մարդասիրական բնույթի էին, մենք, այնուամենայնիվ, ուրախ կլինենք տեսնել նաև քաղաքական արդյունքներ։

629.jpg (510 KB)

Սիրելի բարեկամներ,

Ես կցանկանայի ընդգծել, որ ԵՄ-ն մեր հիմնական գործընկերներից մեկն է ժողովրդավարական բարեփոխումների մեր ճանապարհին: Այս համատեքստում հարկ է նշել, որ Գերմանիան Հայաստանի համար քաղաքական և տնտեսական առաջատար գործընկերն է, որը տրամադրում է զարգացմանը և մեր ներքին բարեփոխումներին միտված աջակցություն։

Շարունակելով ԵՄ-ի հետ համագործակցության թեման՝ ցանկանում եմ ձեզ տեղեկացնել Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգի նոր կարևոր ձևաչափի մասին՝ Քաղաքական և անվտանգության երկխոսությունը, որի անդրանիկ հանդիպումը տեղի ունեցավ անցյալ հունվարին Երևանում։ Հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ ընդհանուր տարածաշրջանային իրավիճակի և որոշակի ոլորտներում մեր համագործակցության խորացման հեռանկարների շուրջ քննարկումը ոչ միայն ժամանակին էր, այլև զգալիորեն հարստացրեց ԵՄ-ի հետ մեր տարաբնույթ գործընկերության օրակարգը:

Այս համատեքստում ուզում եմ ընդգծել, որ ԵՄ-ի հետ մեր համագործակցության հիմքը ժողովրդավարությունն է։ Իսկ վերջին «Արևելյան գործընկերության անդամ երկրների ընդհանուր գնահատման ինդեքս»-ի համաձայն, Հայաստանը գլխավորել է «Ժողովրդավարություն և լավ կառավարում» վարկանիշային աղյուսակը ԱլԳ անդամ երկրների շարքում և առաջատար է հետևյալ 5 ոլորտներում` պայքար կոռուպցիայի դեմ, անկախ դատական համակարգ, կարծիքի և խոսքի ազատություն, հավաքների և միավորման ազատություն, անկախ լրատվամիջոցներ և ժողովրդավարական իրավունքներ, ընտրություններ և քաղաքական բազմակարծություն:

Չնայած բոլոր մարտահրավերներին, մենք հավատում ենք, որ մեր անվտանգային ճարտարապետությունը չի կարող լինել համապարփակ առանց մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի, օրենքի գերակայության և ժողովրդավարության: Ժողովրդավարությունը մեզ համար ռազմավարություն է։ Մենք շարունակելու ենք բարեփոխումները, որոնք ուղղված են օրենքի գերակայության ամրապնդմանը, արդյունավետ կառավարմանը և կոռուպցիայի դեմ պայքարին՝ նպատակ ունենալով ապահովել մեր ժողովրդի բարեկեցությունը։

630.jpg (393 KB)

2018 թվականի խաղաղ, ժողովրդավարական հեղափոխությունը, որին հետևեցին 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունները` ապացուցեցին, որ Հայաստանի ժողովրդավարական զարգացման ուղին անշրջելի է։ Այս առումով, 2021 թվականի խորհրդարանական ընտրությունները բացառիկ էին. սա առաջին դեպքն էր, երբ ընտրությունները Հայաստանում ծառայեցին որպես քաղաքական ճգնաժամից դուրս գալու գործիք։ Նկատի ունեմ ներքաղաքական ճգնաժամը, որը մենք ունեցանք 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո: Սովորաբար ընտրությունները մեր երկրում քաղաքական ճգնաժամ էին առաջացնում, դա այդպես էր 1994-ից մինչև 2018 թվականը:

Բայց 2018-ի ժողովրդավարական հեղափոխությունից հետո այս էջը փակված է, իսկ Հայաստանը հիմա միջազգայնորեն ճանաչված ժողովրդավարական երկիր է։ Այնուամենայնիվ, անվտանգային վերջին մարտահրավերները լուրջ հարցադրումներ են առաջացնում՝ արդյոք ժողովրդավարությունը կարող է անվտանգություն ապահովել:

Արդյո՞ք հայկական ժողովրդավարությունն ունակ է ապահովել անվտանգություն, սա հարց է, որն իրավացիորեն հուզում է այսօր հայ հասարակությանը և խնդիր, որը պետք է հասցեագրվի մեր կառավարության կողմից։ Շնորհակալություն ուշադրության համար»։

Այնուհետև վարչապետը պատասխանել է ներկաների հարցերին: Անդրադառնալով տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ հարցին` Նիկոլ Փաշինյանը նշել է. «Գիտեք, շատ կարևոր է նշել, որ մեկ-մեկ նույն բառերը կարող են տարբեր իմաստներ ունենալ տարբեր տարածաշրջաններում։ Այսպես, սովորաբար երբ Եվրոպայում մենք ասում ենք միջանցք, նկատի ունենք կապ, փոխադրումներ և այլն։ Բայց մեր պարագայում իրականությունն այլ է։ Ինչո՞ւ։ Դա պայմանավորված է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որովհետև այդ եռակողմ հայտարարության մեջ մենք ունենք միայն մեկ նշում միջանցքի վերաբերյալ, և դա Լաչինի միջանցքն է, որը, համաձայն եռակողմ հայտարարության, պետք է լինի Ադրբեջանի վերահսկողությունից դուրս և դուրս է։

631.jpg (329 KB)

Եվ սա Ադրբեջանի համաձայնությամբ է, և Ադրբեջանի նախագահն ստորագրել է եռակողմ հայտարարությունը։ Նույն հայտարարությունում մենք ունենք կետ կապի մասին, որը տարածաշրջանային հաղորդակցության, տրանսպորտային երթուղիների և այլնի մասին է։ Եվ չկա որևէ այլ կետ Հայաստանի տարածքի միջով միջանցքի մասին։ Մի շատ կարևոր հանգամանք կա` երբ Ադրբեջանի նախագահը հանրայնորեն ասաց, որ, այսպես կոչված, ձեր նշած միջանցքի մասին կետ գոյություն չունի, և Ադրբեջանն ինքն է հորինել այս տերմինը եռակողմ հայտարարությունը ստորագրելուց հետո, համաձայն հայտարարության, և դա Ադրբեջանի նախագահի համաձայնությամբ է, Լաչինի միջանցքը գտնվում է Ադրբեջանի վերահսկողությունից դուրս։

Մյուս կողմից, մենք ընդունել ենք, որ երկկողմանիորեն ոչ միայն Հայաստանը, այլև Ադրբեջանը, պետք է բացենք բոլոր տնտեսական և հաղորդակցության երթուղիները։ Եվ չկա որևէ կետ, ըստ որի` այս երթուղիները պետք է լինեն Հայաստանի վերահսկողությունից դուրս։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ դա մեզ համար կարմիր գիծ է։ Մյուս կողմից, մենք հայտարարել ենք, և այստեղ չկա ոչ մի չափազանցություն` Հայաստանը պատրաստ է նույնիսկ վաղը, նույնիսկ այս երեկո բացել բոլոր հաղորդակցությունները։ Ի դեպ, Բրյուսելում մենք եռակողմ հանդիպում ունեցանք 2021թ. դեկտեմբերի 14-ին, որտեղ հասանք կոնկրետ համաձայնության՝ վերանորոգել երկաթգիծը, որն անցնում է Հայաստանի հարավով, Ադրբեջանով կարող է հասնել Թուրքիա, Իրան, Ռուսաստան։ Մենք հասել էինք համաձայնության, այն հրապարակվել էր։ Այնտեղ շատ կարևոր նրբություն կար։ Ըստ այդ համաձայնության, երկաթուղին պետք է գործեր այն երկրների օրենսդրության ներքո, որոնց միջով անցնում է։

Դժբախտաբար, դրանից մեկ շաբաթ անց Ադրբեջանը մերժեց ստորագրել այն, ինչն արդեն համաձայնեցվել էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ներկայությամբ։ Այսպիսիով, ինչո՞ւմն է կայանում նրբությունը։ Ասել «Զանգեզուրի միջանցք»` նշանակում է աջակցել Հայաստանի հանդեպ Ադրբեջանի տարածքային նկրտումներին։ Եվ ուզում եմ ձեզ խնդրել, որպեսզի հաշվի առնեք, որ նույն բառը կարող է տարբեր նշանակություններ ունենալ տարբեր տարածաշրջաններում, տարբեր քաղաքական հանգամանքներում։ Սա է իմ պատասխանը»։

Անդրադառնալով Հայաստանում ժողովրդավարության վերաբերյալ հարցին` վարչապետն ասել է. «Ուզում եմ շեշտել, որ Հայաստանում չկա որևէ ներքին սպառնալիք ուղղված ժողովրդավարությանը։ Կարծում եմ, որ 2021-ի ընտրությունները դա ապացուցեցին։ Բայց, մյուս կողմից, մենք ունենք արտաքին սպառնալիքներ` ուղղված մեր ժողովրդավարությանը։ Եվ Ադրբեջանի կողմից շարունակական էսկալացիաները, ագրեսիվ հռետորաբանությունը, ատելության խոսքը մեծ սպառնալիք է հայկական ժողովրդավարության համար։ Իմիջիայլոց, մի շատ կարևոր փաստի մասին եմ ուզում նշել․ 2020թ. պատերազմից հետո առաջին անգամ Ադրբեջանը ներխուժեց Հայաստանի սուվերեն տարածք 2021թ. մայիսի 12-ին։ Եվ դա տեղի ունեցավ ընդամենը երկու օր անց այն բանից հետո, երբ ես հրաժարական տվեցի վարչապետի պաշտոնից, և առջևում էին արտահերթ ընտրությունները։ Դա սահմանադրական գործընթաց է. վարչապետի հրաժարականից հետո եթե նոր վարչապետ չի ընտրվում, դա նշանակում է որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ պետք է տեղի ունենան։ Եվ երբ մենք հայտարարեցինք, որ պատրաստվում ենք անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, դրանից երկու օր անց Ադրբեջանը ներխուժեց հայկական տարածքներ։

Դա փորձ էր ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, ոչնչացնել Հայաստանի Հանրապետության բոլոր ժողովրդավարական ձեռքբերումները, ստեղծել հակառակ իրավիճակը, թույլ չտալ, որպեսզի տեղի ունենան ընտրություններ, իջեցնել Հայաստանի կառավարության օրինականությունը։ Բայց նույնիսկ այս հանգամանքների ներքո մենք մնացինք նվիրված ժողովրդավարությանը։ Եվ մեզ հաջողվեց անցկացնել ազատ և ժողովրդավար ընտրություններ, ու սա մեր գնահատականը չէ, սա միջազգային հանրության և միջազգային դիտորդների գնահատականն է»։

Անդրադառնալով տարածաշրջանում իրավիճակի մասին հարցին` վարչապետ Փաշինյանն ասել է. «Գիտեք, մեր տարածաշրջանում իրավիճակը գնալով դառնում է ավելի ու ավելի բարդ, որովհետև Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի, զարգացումների պատճառով ամբողջ միջազգային ուշադրությունը սևեռված է Ուկրաինայի վրա։ Այդ պատճառով, Ուկրաինայում ճգնաժամի ընթացքում մեզ մոտ ծավալվում է շատ վտանգավոր ճգնաժամ, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին և Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Նախ, 2021թ. մայիսին Ադրբեջանը ներխուժեց Լեռնային Ղարաբաղի տարածք, ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի, և դրանից հետո մենք մեծ ճգնաժամ ունեցանք 2022թ. սեպտեմբերին, երբ Ադրբեջանը սկսեց լայնամասշտաբ ռազմական ագրեսիա Հայաստանի հանդեպ։ Այս զարգացումների համար կան բազմաթիվ գործոններ, բայց ամենակարևոր գործոնն այն է, որ միջազգային հանրության ամբողջ ուշադրությունը սևեռված էր կամ սևեռված է Ուկրաինայի վրա։ Եվ դա մեր տարածաշրջանում անկայունության համար էլ ավելի մեծ հնարավորություններ է ստեղծում»։

Խոսելով Հայաստան ժամանած ռուսաստանցիների մասին` վարչապետը նշել է, որ շատ մարդիկ, մասնավորապես ՏՏ ոլորտից, տեղափոխվել են Հայաստան։ «Կարծում եմ` դա տեղի է ունեցել որոշակի տեխնիկական հարցերի պատճառով, որովհետև սովորաբար նրանք վարձատրվում են արևմտյան կազմակերպությունների կողմից, և պատժամիջոցներից հետո հավանաբար նրանք չէին կարողանում ստանալ աշխատավարձ և որոշեցին տեղափոխվել Հայաստան: Գուցե նրանք սիրեցին մեր երկիրը։ Եվ, անկեղծ ասած, մենք ուրախ ենք նրանց ներկայության համար, քանի որ դա ստեղծում է հավելյալ տնտեսական ակտիվություն մեր երկրում։ Ի դեպ, մենք 2022-ին գրանցել ենք 12.5% տնտեսական աճ։ Ոչ ամբողջությամբ, բայց մասամբ սա պայմանավորված է ռուս էմիգրանտների գործունեությամբ։ Կուզենայի նաև ասել մի բան, որն ուղղակիորեն կապված չէ հարցի հետ, բայց կապված է մեր տարածաշրջանային իրադրության հետ, որովհետև Ադրբեջանի ներկայացուցիչները հաճախ ասում են, որ Հայաստանը միաէթնիկ երկիր է, և նրանք դա ներկայացնում են որպես շատ բացասական փաստ։

Ուզում եմ նշել, որ մենք մեր խորհրդարանում ունենք ազգային փոքրամասնությունների համար նախատեսված մանդատներ, և դա պարտադիր է։ Համաձայն մեր Սահմանադրության` ազգային փոքրամասնություններն ունեն մանդատ մեր խորհրդարանում։ Եվ հիմա մենք ունենք ռուս, ասորի, քուրդ, եզդի ներկայացուցիչներ։ Ի դեպ, եզդիները մեր երկրի ամենամեծ ազգային փոքրամասնությունն են, և հիմա մենք ունենք կարծեմ չորս երաշխավորված, պարտադիր մանդատներ ազգային փոքրամասնությունների համար, և եթե չեմ սխալվում, Ադրբեջանի խորհրդարանում ազգային փոքրամասնությոնների համար նախատեսված մանդատներ չկան»։

Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններին` Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը երբեք որևէ նախապայման չի ունեցել Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար: «Եվ հիմա կարող եմ նույնն ասել` մենք ոչ մի նախապայման չունենք։ Մենք ուղղակի կարծում ենք, որ մենք հարևաններ ենք և պետք է ունենանք հարաբերություններ։ Եվ անկեղծ ասած, նույնիսկ վստահ չեմ` արդյոք այդ մասին խոսելը ճի՞շտ է, թե՞ ոչ հիմա, բայց կարծում եմ, որ այժմ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման հիմնական խոչընդոտն Ադրբեջանի դիրքորոշումն է, որովհետև Ադրբեջանը մշտապես հորդորում է Թուրքիային չհաստատել հարաբերություններ Հայաստանի հետ։ Գուցե ես չպետք է դա ասեի, բայց ցանկանում եմ, որ դուք իմանաք այդ գործընթացի շատ կարևոր նրբությունները։ Մենք պատրաստ ենք, հենց այսօր, առանց որևէ չափազանցության հենց այսօր բացել սահմանը։ Ի դեպ, մենք չենք փակել սահմանը, այն փակվել է Թուրքիայի կողմից։ Բայց հիմա մենք շատ կարևոր քայլ ենք արել։ Ինչպես ասացի, մեր հումանիտար օգնությունը հասավ Թուրքիա սահմանի միջոցով։ Իհարկե, մեր արձագանքը և դիրքորոշումն ամբողջությամբ հիմնված էր հումանիտար մոտեցման վրա։ Բայց եթե Թուրքիա հումանիտար օգնություն ուղարկելու որոշումն ունենա նաև որոշակի քաղաքական հետևանքներ, մենք դրա համար ուրախ կլինենք»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի ներկայացուցչի հարցին Լաչինի միջանցքի վերաբերյալ` վարչապետը նշել է. «Թույլ տվեք առաջինն անդրադառնալ Ադրբեջանի հյուպատոսի ներկայացուցչի հարցին։ Թույլ տվեք նշել, որ Արդարադատության Միջազգային Դատարանը վերջերս` փետրվարի 20-ին, մերժեց Ադրբեջանի պահանջը Հայաստանի դեմ զուգահեռ հայցում Հայաստանի կողմից ենթադրյալ ականապատման հարցով։ Արդարադատության Միջազգային Դատարանը մերժեց Ադրբեջանի պնդումներն այն մասին, որ Հայաստանը կամ Լեռնային Ղարաբաղն օգտագործում են Լաչինի միջանցքը ռազմական նպատակների համար։ Այսպիսով, կարծում եմ` ես արձագանքելու կարիք չունեմ, քանի որ Արդարադատության միջազգային դատարանն արդեն արձագանքել է։ Ինչ վերաբերում է երկկողմանիորեն տարածքային ամբողջության ճանաչման հարցին, ապա դա արդեն համաձայնեցված է։ Պրահայում քառակողմ հանդիպման արդյունքներով կա կետ, ըստ որի` Ադրբեջանն ու Հայաստանը ճանաչում են մեկը մյուսի տարածքային ամբողջականությունը, և համաձայնել են, որ դելիմիտացիայի գործընթացը պետք է հիմնված լինի Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրի վրա։ Խոսքն Անկախ Պետությունների Համագործակցության հիմնման մասին է։ Եվ այդ հռչակագիրն ասում է, որ նախկին խորհրդային հանրապետությունների միջև վարչական բաժանումները դառնում են պետական սահմաններ։ Եվ Համաձայն Պրահայի համաձայնության` դելիմիտացիայի գործընթացը պետք է հիմնված լինի այս սկզբունքի վրա։ Բայց եթե չեմ սխալվում, դրանից 10 օր անց Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի գործընթացը պետք է հիմնված լինի պատմական քարտեզների վրա։ Ի՞նչ է նշանակում պատմական քարտեզներ, երբ մենք արդեն համաձայնության ենք եկել։ Մենք արդեն համաձայնության ենք եկել, որ մեկս մյուսի տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք՝ հիմք ընդունելով այդ հռչակագիրը։ Ավելին, վերջերս Ադրբեջանի նախագահը ներկայացրեց մի նոր նախաձեռնություն, որը կոչվում է «արևմտյան ադրբեջան»։ Գիտեք դա ի՞նչ է նշանակում։ Դա նշանակում է, որ Հայաստանը չունի ինքնիշխան տարածք, Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքն, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջան» է՝ զուգահեռ ասելով, թե մենք ուզում ենք խաղաղություն և այլն, և այլն։ Սա շատ տարօրինակ իրավիճակ է։ Սա է մեր հարաբերությունների հիմնական խնդիրը։ Մենք համաձայնության ենք հասել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, մենք ստորագրել ենք։ Ադրբեջանի նախագահը, ես ու Ռուսաստանի նախագահը ստորագրել ենք այդ փաստաթուղթը։ Մենք հասել ենք համաձայնության։ Դա ինձ համար, Հայաստանի համար շատ ծանր որոշում էր։ Կա կետ, ըստ որի` բոլոր ռազմագերիները և պահվող անձինք պետք է հայրենադարձվեն, բայց մինչ այժմ մենք ունենք 33 ռազմագերի, մենք ունենք քաղաքացիական անձ, ով գերի է։ Նա բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ էր, ում ադրբեջանցիները բռնել են Լաչինի միջանցքում, և նա դատապարտվել է 25 տարվա ազատազրկման։ Գիտեք ինչի՞ համար։ Դրանից երեք օր առաջ նա ֆեյսբուքով ուղիղ հեռարձակման էր դուրս եկել, և ասել էր մի բան, ինչն Ադրբեջանի նախագահին դուր չէր եկել։ Ու հիմա, համաձայն ադրբեջանական դատարանի որոշման, նա հանդիսանում է «լրտես, ահաբեկիչ, մարդասպան»։

Անդրադառնալով ադրբեջանցի մեկ այլ ներկայացուցչի հարցին` Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2018 թվականին, երբ դարձել է Հայաստանի վարչապետ, մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ դիմել է Հայաստանում և Ադրբեջանում սոցիալական մեդիայի օգտատերերին՝ խնդրելով նրանց չօգտագործել այդ հարթակն ատելության խոսքի, ագրեսիվ, վիրավորական հռետորաբանության համար, այլ փորձել խոսել իրար հետ և հասկանալ մեկը մյուսի դիրքորոշումը: «Բայց, ցավոք, իմ նախաձեռնությունը ձախողվեց։ Բայց ես ձեզ հետ լիովին համաձայն եմ։ Մենք պետք է կենտրոնանանք դրական ապագայի վրա, մեր ընդհանուր տարածաշրջանի ապագայի վրա։ Որովհետև դա փաստ է, որ Հարավային Կովկասի երեք պետությունները՝ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը, ունեն շատ ուժեղ մշակութային նմանություններ։ Դա փաստ է։ Եվ մենք պետք է կենտրոնանանք դրական կողմերի վրա։ Եվ դուք ճիշտ եք, մենք հետաքրքրված ենք, գուցե Հայաստանն էլ ավելի է հետաքրքրված տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հարցում, և դա է պատճառը, որ Ադրբեջանը փորձում է, այսպես ասած, վաճառել դա հնարավորինս թանկ գնով։ Մենք պետք է կենտրոնանանք խաղաղության ու համագործակցության դրական հնարավորությունների վրա։ Խաղաղության օրակարգն իմ պարտականությունն է, և ես կցանկանայի ադրբեջանական հանրությունից ևս ստանալ որոշ աջակցություն։

Մեր հանդիպման վերջնամասում կփորձեմ կենտրոնանալ դրական ասպեկտների վրա։ Միջազգային հանրությունից իմ ակնկալիքն այն է, որպեսզի այն հստակ ցույց տա, որ որևէ պրովոկացիա` կստանա միջազգային հանրության շատ կոպիտ արձագանքը, և շատ կարևոր է, որպեսզի պահպանվի կայունությունը։ Շեշտում եմ` կապ չունի Հայաստանի, թե Ադրբեջանի կողմից, քանի որ հիմա մենք տարածաշրջանում ունենք դիտորդներ, և այժմ կարիք չի լինի, որպեսզի ԵՄ-ն հարցնի, թե որ կողմն էր նախաձեռնողը։ Հիմա դուք ունեք ինֆորմացիայի ձեր սեփական աղբյուրը։ Ընդհանուր առմամբ, կցանկանայի ասել, որ մեր քաղաքան թիմը, խորհրդարանական մեծամասնությունն իր պատասխանատվության տակ է վերցրել խաղաղության օրակարգը, և հիմա մենք խաղաղության օրակարգի համար մանդատ ունենք։ Մենք կենտրոնացած ենք այդ մանդատի իրականացման վրա։ Եվ մենք միջազգային հանրության, մեր տարածաշրջանի ազգերի աջակցության կարիքն ունենք, և պատրաստ ենք կրել այդ պատասխանատվությունը, մինչև որ կհասնենք վերջնական և կայուն խաղաղության։ Եվ վերջերս ես հայտարարեցի մեր խորհրդարանում և կառավարությունում, որ ունեմ լիարժեք վճռականություն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում, բայց դա չպետք է Հայաստանի համար կապիտուլյացիայի նմանվող փաստաթուղթ լինի։ Դա պետք է մեր տարածաշրջանի համար իրական և հարատև խաղաղության փաստաթուղթ լինի, և ես պատրաստ եմ կրել այդ պատասխանատվությունը` հանուն խաղաղության, կայունության, տարածաշրջանային և միջազգային համագործակցության։ Սա է այսօրվա մեր քննարկման իմ վերջնական եզրափակումը։ Շնորհակալություն»,- եզրափակել է վարչապետ Փաշինյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
804 դիտում

Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան

Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը

Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան

Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին