Երևան
12 °C
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի՝ «Ռադիոլուր»-ին տված հարցազրույցում հնչեցրած արձանագրումը, ինչպես գիտենք, մի քանի օր է՝ ցնցակաթվածի է ենթարկել նախկին իշխանության ներկայացուցիչներին եւ, այսպես կոչված, «ռուսական կորպուսի» վերլուծաբաններին՝ ստիպելով վերջիններիս հարձակման անցնել դեսպանի ուղղությամբ, մեղադրել «անգրագիտության», «պատմության չիմացության», «Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելու հարցում Ֆրանսիայի մեղսակցությունը ջրելու» համար։
ՌԴ ԱԳ նախարար Լավրովի «սպռավոչկաները», այո, ռուսական ագիտպրոպի տեղական սպասարկուները առանձնակի էնտուզիազմով են յուրացրել։
Հարձակման իր իրավունքից օգտվեց նաեւ մի անբարեհույս «բոյկոտչի»՝ «Դոնբասի Անդո» մականունով, որը դեսպանին ընդհուպ մեղադրեց «նիկոլություն անելու» համար։ Սա այն գործիչն է, ի դեպ, որը երբ Ռոբերտ Քոչարյանի կուրացիայի ներքո պատգամավոր էր աշխատում, քանիցս ԱԺ ամբիոնից թութակել է՝ «Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղը Ադրբեջանին է հանձնել Պրահայի հայտարարությամբ»։
Նկատենք, որ նույն ցնդաբանությունը նախորդ շաբաթ կրկնեց նաեւ հիշյալ նախկին պատգամավորի երբեմնի քաղաքական պատրոնը՝ Քոչարյանը, նշելով, թե «Ղարաբաղը հանձնվեց երկու փուլով», եւ «երկրորդ փուլը Պրահայում Հայաստանի վարչապետի կողմից Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելն էր, որը դատավճիռ էր Ղարաբաղի նկատմամբ»։
Արդ, ի՞նչ է ասել դեսպան է Օլիվիե Դըկոտինյին․ ըստ էության՝ ոչ մի նոր բան, քան հայտնի էր։
«Եթե խոսում եք Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին, ապա Լեռնային Ղարաբաղը որպես պետություն չի ճանաչվել ո՛չ միջազգային հանրության, ո՛չ էլ նույնիսկ Հայաստանի կողմից։ Ի դեպ, Հայաստանն էլ ընդունել է, ճանաչել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմում Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման պահից սկսած, քանի որ Լեռնային Ղարաբաղը Սովետական Ադրբեջանի մի շրջան էր։ Հետեւաբար, նրանք, ովքեր պնդում են, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչվել 2022 թվականին Պրահայում, ստում են, որովհետեւ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից Ադրբեջանի մաս է ճանաչվել Ալմա-Աթայի հռչակագրի պահից սկսած։ Ի դեպ, Պրահան ընդամենը հղում է անում, հիշեցնում է Ալմա-Աթայի հռչակագիրը»,- ասել է նա:
Ֆրանսիայի դեսպանի հայտարարությանն արձագանքողների թվում էր նաեւ խնդրո առարկա Հռչակագրի ընդունման ժամանակ ՀՀ-ն ղեկավարած Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին մամուլի խոսնակ, ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը։ Նա դեսպանին խորհուրդ տալով ծանոթանալ Ալմա-Աթայի հռչակագրի հետ կապված՝ ՀՀ-ի արած վերապահումներին՝ «Ազատության» հետ զրույցում մասնավորապես հայտարարել է․ «Այն պահից, երբ Պրահայում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս, դա նշանակում էր Մինսկի խմբի համանախագահության ներքո անցնող բանակցությունների ավարտ, որովհետեւ հակամարտության գլխավոր առարկան սպառվեց»։
Լեւոն Զուրաբյանը, նկատենք, կեղծում, եթե չասենք՝ ստում է, քանի որ Պրահայի հայտարարության մեջ չեք գտնի տառ անգամ այն մասին, թե «ՀՀ-ն ճանաչում է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս»։ Արդ, ի՞նչն է պատճառը, որ Տեր-Պետրոսյանի թիմակիցը նման պնդում է անում՝ իրականությունը կեղծելու մոտիվացիա՞ն, չիմացությո՞ւնը, թե՞ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությունների ընթերցանության չարաշահումը։
Արդ, քառակողմ հայտարարությունը, որը բաց, հասանելի է, ունի մասնավորապես հետեւյալ բովանդակությունը․ «Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւը հանդիպեցին 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի եւ Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կայացած «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակներում: Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, եւ որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչեւ հոկտեմբերի վերջ․․․»։
Փաստ է, որ հայտարարության մեջ հղում է արվում երկու փաստաթղթի՝ ՄԱԿ-ի կանոնադրությանն ու Ալմա-Աթայի հռչակագրին։ Եթե մասնավորապես Ալմա-Աթայի հռչակագրին հղում անելը ԼՂ հարցով էքսպերտ Զուրաբյանը համարում է «ԼՂ-ի ճանաչում Ադրբեջանի մաս», ապա ի՞նչ կասի այդ դեպքում ՄԱԿ-ի կանոնադրությանը կատարված հղմանը։
Նույն տրամաբանությամբ ու կամայական մեկնաբանության հնարքն օգտագործելով՝ կարելի է «ԼՂ-ն Ադրբեջանի մաս» ճանաչելու հիմք դիտարկել նաեւ ՄԱԿ կանոնադրությանն արված հղումը։ Մինչդեռ, ըստ իշխանության ներկայացուցիչների, սրանք այն փաստաթղթերն են, ըստ որոնց՝ ՀՀ-ն ունի տիտղոս Հայաստանի Հանրապետության ամբողջ ինքնիշխան տարածքի վրա։ Եվ բացի այս, Պրահայի հայտարարության մեջ միջազգային փաստաթղթերին արված հղումները չեն ենթադրում նախքան այդ ձեռք բերված համաձայնությունների, ստորագրված փաստաթղթերի զրոյացում եւ կամ դրանք առ ոչինչ համարելը։
Ֆրանսիայի դեսպանին «քլնգողները», նկատենք, մոռացել են մի կարեւոր հանգամանքի մասին՝ Պրահայի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահը Սոչիում հոկտեմբերի 31-ին ստորագրել են մեկ այլ հայտարարություն։ Դրանում, ի դեպ, 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի, 2021 թ.-ի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններին (դրանց կատարման ընթացքին) արված հղման կողքին հղում է արվում նաեւ Ալմա-Աթայի հռչակագրին։
«Պայմանավորվեցինք զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել եւ լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության եւ 1991թ Ալմա-Աթայի Հռչակագրի»,- մասնավորապես ասվում է Պուտինի մասնակցությամբ ստորագրված փաստաթղթում։
Ստացվում է, որ Սոչիում ՌԴ նախագահ Պուտինը, փաստորեն, համաձայնելով հղում անել չարկչրկված Հռչակագրին, իր հերթին է համաձայնել, որ այսպիսով «ԼՂ-ն Ադրբեջանի մաս է»՝ ի հեճուկս, փաստորեն, նոյեմբերի 9-ի հայտարարության, նախքան այդ ստորագրված միջազգային փաստաթղթերի, ԼՂ խնդրի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում համաձայնեցված կարգավորման հիմնարար սկզբունքների եւ խնդրի լուծման պլանների՝ ընդհուպ մինչեւ «Լավրովի պլան»։
Ի դեպ, Ֆրանսիայի դեսպանի հասցեին նախատինք թափող «գիտունները» կարող են ծանոթանալ նաեւ Պրահայի հայտարարության՝ «լավրովյան մեկնությանը»։
Եվ ուրեմն, ՌԴ ԱԳ նախարարը 2022 թ․ դեկտեմբերի 1-ին, երբ դեռ ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի Լաչինի միջանցքը «ադրբեջանցի էկոլոգները» բլոկադայի չէին ենթարկել, առցանց ասուլիսի ժամանակ հայտարարել էր․ «Ալմա-Աթայի հռչակագրում ասվում է, որ բոլոր միութենական հանրապետությունները կազմում են Անկախ Պետությունների Համագործակցություն եւ հաստատում սահմանների անխախտելիությունն այն սահմաններում, որոնք գոյություն են ունեցել միութենական հանրապետությունների միջեւ։ Այլ կերպ ասած՝ այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզը միանշանակ Ադրբեջանական ԽՍՀ մաս էր կազմում»։
Անշուշտ, Ֆրանսիայի դեսպանին քարկոծողները այսքանն ասած Լավրովին ո՛չ այս հայտարարությունն անելու ժամանակ, ո՛չ էլ հիմա չեն համարձակվի մեղադրել անգրագետ, իր երկրի պատմությունից անտեղյակ լինելու համար, մասնավորապես այն շրջանի պատմությունից, երբ աշխարհին հայտնի էր ԽՍՀՄ անունով, որի գոյության դադարեցման մասին «գուժող» ակտն էլ խնդրո առարկա Հռչակագիրն է։
Լավրովը, նկատենք, նաեւ հավելել էր՝ Պրահայի հայտարարությունը «հեշտացնում է հետագա աշխատանքը, քանի որ որոշում է, թե ինչպես մոտենալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին». «Եվ իզուր չէ, որ հայկական ղեկավարությունը վերջին շրջանում խոսում է ոչ այնքան Ղարաբաղի կարգավիճակի մասին, որքան այն մասին, որ պետք է ապահովել Ղարաբաղում հայ բնակչության իրավունքները։ Դրան պատրաստ է ադրբեջանական կողմը, եւ պատրաստ է քննարկել եւ նրանց տրամադրել իրավունքների բոլոր երաշխիքները, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները»։
Հընթացս մեկ արձանագրում էլ՝ 44-օրյա պատերազմից հետո Պուտինն է քանից հայտարարել, որ ԼՂ կարգավիճակի հարցը պետք է թողնել հետագա սերունդներին, կարճ ասած՝ «հիմա դրա ժամանակը չէ»։
Այս համատեքստում հիշեցնենք նաեւ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Ալմա-Աթայի հայտարարության վերաբերյալ։
Արձագանքելով «Ղարաբաղը Ադրբեջանի մաս» ճանաչելու մասին մեղադրանքներին՝ Փաշինյանը մասնավորապես 2023-ի սեպտեմբերի 13-ին ԱԺ-ում հայտարարել էր՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունները կապի մեջ չեն ստորագրված կամ հայտարարված որեւէ ուրիշ պայմանավորվածության հետ։
«Այդ որոշումը ՀՀ-ն ընդունել է սեփական տարածքային ամբողջականությունը պաշտպանելու նկատառումով, որովհետեւ այն իրավիճակում, երբ Ադրբեջանը գրոհում է Հայաստանի տարածքը ու գրավում է տարածքներ, իսկ ՀՀ-ի դաշնակիցները լուռ են ու չեն արձագանքում, ՀՀ-ն պարտավոր էր հոկտեմբերի 6-ին գալ այդ համաձայնությանը՝ սեփական ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը արձանագրելու համար: Նրանք, ովքեր ասում են, որ սա սխալ որոշում է, ասում են, որ ՀՀ-ն չպետք է լինի ինքնիշխան պետություն»,- ասել էր նա:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք կարո՞ղ է Պրահայի համաձայնությունն անմիջական կապ կամ ազդեցություն ունենալ նոյեմբերի 9-ի հայտարարության վրա՝ վարչապետը պատասխանել էր՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ որեւէ անդրադարձ չկա ԼՂ կարգավիճակին:
«Այն պարտավորությունները, որոնք արձանագրված են նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, ո՛չ ուղղակի, ո՛չ անուղղակի կապի մեջ չեն որեւէ ուրիշ փաստաթղթի, պայմանավորվածության հետ՝ ստորագրված կամ հայտարարված»,- ընդգծել էր նա:
Վարչապետը նկատել էր՝ քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրվել է Ալմա-Աթայի հռչակագրից տասնյակ տարիներ անց, ուրեմն Հռչակագրին արված որեւէ հղում չի կարող ազդել եռակողմ հայտարարության վրա. «Ավելին ասեմ՝ եթե ԼՂ-ի՝ միջազգային օրենքներով Ադրբեջանի մաս ճանաչելը խոչընդոտ է եռակողմ հայտարարության համար, ուրեմն այդ խոչընդոտը ստեղծել է ՌԴ-ն, որովհետեւ ՌԴ-ն է, որ 2020-ի դեկտեմբերին եւ նոյեմբերին հայտարարել է, որ ԼՂ-ն միջազգայնորեն Ադրբեջանի մաս է»։
Արդ, դառնանք այն հանգամանքին, թե ո՞վ, ե՞րբ եւ ո՞ր «թղթերի» հիման վրա է Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս
Ռուսական ագիտպրոպի տեղական գրասենյակի ներկայացուցիչների ականջը խոցող անուն՝ Վլադիմիր Պուտին։ Այդ նա էր, որ 44-օրյա պատերազմից հետո, երբ զոհվածների արյունը դեռ չէր սառել։ Արդարացնելով ինքզինքը, թե՝ Ռուսաստանն իրավունք չուներ միջամտել տարածաշրջանում ռազմական գործողություններին՝ 2020 թ․ նոյեմբերի 2-ին «Россия-1» հեռուստաալիքի եթերում Կրեմլի ղեկավարը բացատրել էր ԼՂ «հարցի նրբությունները»:
«Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու ինքնիշխանությունը: Սա նշանակում էր, որ միջազգային իրավունքի տեսանկյունից ե՛ւ Լեռնային Ղարաբաղը, ե՛ւ հարակից բոլոր շրջանները եղել եւ մնում են Ադրբեջանի Հանրապետության տարածքի բաղկացուցիչ մաս»,- ասել էր նա:
Պուտինը հիշեցրել էր նաեւ, որ ՀԱՊԿ պայմանագիրը փոխադարձ օգնություն նախատեսում է այս պայմանագրի անդամ պետության տարածքի դեմ ագրեսիայի դեպքում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա նման օգնությունը չի տարածվում, քանի որ «ոչ ոք ոտնձգություն չի կատարել Հայաստանի տարածքի վրա», որի արդյունքում Ռուսաստանն իրավունք չուներ անմիջական մասնակցություն ունենալ ռազմական գործողություններին»:
Նույն Պուտինը նույն միտքը կրկնեց նաեւ 2020 թվականի դեկտեմբերի 17-ին՝ իր «Մեծ ասուլիսում»․ «Կրկնեմ եւս մեկ անգամ՝ ինքնին Հայաստանը ԼՂ-ի անկախությունը չի ճանաչել՝ հաշվի առնելով այդ հանգամանքը, ինքնին ԼՂ-ն միջազգային իրավական տեսանկյունից եւս Ադրբեջան է։ Էթնիկական հակամարտության արմատները սկսվեցին Սումգայիթից, ապա տեղափոխվեցին ԼՂ, այստեղ յուրաքանչյուր կողմ իր ճշմարտությունն ունի, եւ ԼՂ հայերն այն ժամանակ տարածք են վերցրել, որպեսզի պաշտպանեն սեփական կյանքն ու արժանապատվությունը»։
Հայրենի ընդդիմադիրների մոտ տեսնես ցանկություն չի առաջացե՞լ՝ ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինի միջոցով ճշտումներ անել, թե՝ պարոն Պուտինն այդ ի՞նչ թղթերի հիման վրա էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ղեկավարը Ղարաբաղը համարում Ադրբեջանի մաս, այսպիսով, ինչպես Զուրաբյանն է ասում, չէ՞ր «սպառում հակամարտության առարկան», եւ կամ, ինչպես Քոչարյանն էր ասում՝ չէ՞ր «կարդում ԼՂ-ի դավավճիռը»։
Լեգիտիմ հարց է ծագում՝ երբ, օրինակ, «Լավրովի պլան» կոչեցյալը դրվեց բանակցային սեղանին, այդ ժամանակ է՞լ էր միջնորդ երկիր ՌԴ-ն իր նախագահով ու ԱԳ նախարարով մտածում նույն կերպ՝ «միջազգային իրավունքի տեսանկյունից Ղարաբաղն Ադրբեջան է»։
Ի դեպ, նույն Պուտինը, նրա հրահանգով գործով կրեմլաչինովնիկներն ու հայաստանյան ագիտատորները Ղարաբաղի հանձնման «շառը» միաբերան Նիկոլ Փաշինյանի եւ Պրահայի հայտարարության վրա գցեցին մասնավորապես Լաչինի միջանցքի շրջափակումից եւ 2023-ի սեպտեմբերին Ադրբեջանի հետ ԼՂ-ում հակաահաբեկչական օպերացիան բարեհաջող իրականացնելուց՝ ԼՂ ժողովրդին բռնի տեղահանության ենթարկելուց հետո։ Թե՝ խեղճ ՌԴ-ն ի՞նչ կարող էր անել, եթե Փաշինյանը Մակրոնի, Միշելի ու «կեղտոտ Արեւմուտքի» մյուս խաղացողների հետ Պուտինի գլխից թռել, ստորագրել էր «Ղարաբաղը հանձնելու» թղթի տակ։
Մի կարեւոր նկատառում էլ՝ ԼՂ-ի բռնի տեղահանումից հետո այդտեղ խաղաղապահ առաքելությունը շարունակող ՌԴ ՊՆ-ի մոնիթորինգային կենտրոնի ամենօրյա «բյուլետեններում» «Լեռնային Ղարաբաղ» կապակցության փոխարեն, որը 5 անգամ ֆիքսված է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, գործածվում էր «Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի տնտեսական շրջան» կապակցությունը։ Տեսնես՝ ո՞ր թղթի հիման վրա, միջազգային իրավունքի ո՞ր նորմին հղում անելով էր ՌԴ-ն Լեռնային Ղարաբաղի միջազգայնորեն ընդունված անվանման փոխարեն գործածում վերոհիշյալ անունը։
Հեղինե Մանուկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումSTARLINK-ը պաշտոնապես Հայաստանում է․ Մխիթար Հայրապետյան
Մեկ գողական կերտաս, մեկ «գործ կուտաս», քննիչ ե՞ս, թե՞ քաղաքապետի թեկնածու, կողմնորոշվի. Մինասյանը՝ Մխիթարյանին
Մարտի 30-ին գյումրեցին չի գնալու «Պրագա-մռագա», Դոնբաս, Պուտին, Թրամփ, նա իր գիտակից քվեն տալու է. Մինասյան
Չե՛ս կարող իմ ձայնը կտրես, Պետրո՛ս. Ռուբեն Մխիթարյանը վիճաբանել է Պետրոս Ղազարյանի հետ
Թուրքերեն հայաթը օգտագործելով՝ հաց եք վաստակում, մեղադրում ինձ թուրքական լինելու համար. Մինասյանը՝ Մխիթարյանին
Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցություններում Եվրոպան կներկայացնեն Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան. Զելենսկի
Գյումրիում 8 անձ է ձերբակալվել. խուզարկություններ, խոստովանական ցուցմունքներ, ընտրակաշառք, ձեռագիր ցուցակներ
Հոր ընկերոջ բակում անզգուշաբար արձակված կրակոցից վնասվածք ստացած 7-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց
Համայնքապետի աթոռը՝ «փրկօղակ». ինչի համար են մեղադրվում Վոլոդիա Գրիգորյանի հայրը և եղբայրը
Գտի՛ ր քո տեղամասը. ինչպես ստուգել և ճշտել տվյալները
Իրավական գործընթացները կապել իմ անվան հետ, ոչ միայն անտրամաբանական է, այլ սխալ հաշվարկ. Սարիկ Մինասյան
Ռազմական ակադեմիա է այցելել Կանզասի ազգային գվարդիայի գլխավոր սերժանտ Քրիս Հարգիսը
Հունաստանի հետ հարաբերություններն առանձնակի նշանակություն ունեն Հայաստանի համար. նախագահը՝ դեսպանին
Էրդողանը տեսանյութ է հրապարակել, որտեղ տեղ են գտել կադրեր Վրաստանի բողոքի ակցիաներից
Հայաստանը Իրանում առևտրական կցորդ կունենա
Տրանսպորտից առանց վճարելու օգտվելու համար պատիժ կսահմանվի. նախագիծն ուղարկվել է ԱԺ
Վարչապետի գլխավորությամբ մի շարք օրենքների նախագծեր են քննարկվել
Բանակցել են հողեր վերադարձնելու մասին, բայց՝ քարոզել Բաքվում չայ խմելը. Չախոյանը՝ նախկին նախագահների մասին
Մեղրիի զբոսայգին վերակառուցվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայկ Մարությանը նոր «զբաղմունք» է գտել. նա «գաղտագողի» լուսանկարում է «Հայկական ժամանակ»-ի խմբագրության շենքը
Երևանի ավագանին նոր անդամ ունի
Տեղամասային կենտրոններում փակցված կլինեն կուսակցությունների և դաշիքների անուններն օտար լեզուներով. պարզաբանում
ՏՏ-ի նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանի մարզերում. Yandex ծրագրավորման դպրոցի փորձը Գյումրիում և Վանաձորում
Նման մարդկանց տեղը իրենց սիրելի վայրում է՝ գաղութում․ Նազելի Բաղդասարյանը՝ Վարդան Ղուկասյանի մասին
Միայն սենսացիա փնտրող լրագրողներից մեկին ընդամենը հիշեցրի ամիսներ առաջ իրեն ասած մի նախադասություն. Քոչարյան
Ո՛չ Քոչարյանը, ո՛չ Սարգսյանը, ո՛չ Տեր-Պետրոսյանը չեն ընտրվել ՀՀ նախագահ, չընտրված եռյակն են. Սիմոնյան
Գյումրեցին այլընտրանք չունի, քան ընտրությունը հին բարքերի, բռնության, սպառնալիքի և Ազատության միջև. Մանավազյան
Եթե մեկը կորոշի՝ ձայնը պետք է դառնա վաճառքի առարկա, թողում եմ այստեղ․ Ալեքսանյանը ԱԺ ամբիոնին 5 հազար դր․ դրեց
Հովիկ Աղազարյանը և Տարոն Մարգարյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից
Խուզարկություններ Վարդենիսի համայնքապետարանում, 3 աշխատակից կալանավորվել է
«Գելափը» 2021-ին տվել էր՝ Քոչարյան Ռոբիկը պետք է մեզնից շատ ձայն հավաքի, 30 տոկոս շեղում էր եղել․ Ալեքսանյան
Չեմ կարծում՝ պարտվելու ենք, որ գյումրեցին կուրացել է, չի տեսնում՝ ովքեր են մի կողմում, ովքեր՝ մյուս. Սիմոնյան
Ընտրակաշառքը ժողովրդավարության վրա հարձակում է, Գյումրու մեր քաղաքացիների ձայնը վաճառքի ենթակա չէ. Բարսեղյան
Նրանք, ովքեր այսօր ընտրակաշառք են բաժանում Գյումրիում, վաղը պատրաստ կլինեն վաճառել քաղաքը. Մանուկյան
Զարմանում եմ, որ մարդիկ փորձում են ձայնագրություններից հետո թպրտալ․ Վահագն Ալեքսանյան
Դեսպան Քվինը Սյունիքում վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը ՀՀ տարածքային ամբողջականությանը
ՔՊ-ն մասնակցում է Աղազարյանին և Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության քվեարկությանը
ՔՊ-ն կողմ կքվեարկի Տարոն Մարգարյանին և Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու՝ դատախազի միջնորդություններին
Պուշկինից Տերյան ուղղությամբ ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքից մինչև ելք կարգելվի մեքենաների կայանումը
Մարտի 30-ին գյումրեցին կասի իր որոշումը, դրանից հետո ձեր կեղտոտ բերաններով ինչքան կուզեք հայհոյեք. Պալյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT