Այսօրվա իրավիճակը բանակցային գործընթացում ես գնահատում եմ դրական. Վաղարշակ Հարությունյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը ՀԺ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԼՂ բանակցային գործընթացում այսօրվա իրավիճակը գնահատում է դրական, նաեւ անդրարդաձել է Արցախի հարցով վերջին զարգացումներին:

- Պարոն Հարությունյան իշխանափոխությունից հետո ՀՀ նոր իշխանությունները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հստակ հայտարարել են, որ առանց Արցախի չեն կարող բանակցություններ լինել եւ ինքն էլ լիազորված չէ Արցախի անունից բանակցել: ՀՀ այս դիրքորոշմանը ինչպե՞ս եք վերաբերում:

- Որպեսզի մենք պատասխանենք այդ հարցին, մենք պիտի հասկանանք, թե հակամարտությունն ընդհանրապես ինչ ձեւաչափ ունի: Հակամարտությունը եռակողմ է: Մասնակցում են մի կողմից Ադրբեջանը, մյուս կողմից Ղարաբաղը եւ Հայաստանը: Այստեղ ակնհայտ է մի բան, որ մենք Ադրբեջանի հետ ունենք մեր հարցերը՝ դա կապված է սահմանի հետ նաեւ, օրինակ, Արծվաշենի մասով, որը եղել է մեր տարածքը: Ու կան հարցեր՝ կապված Ղարաբաղի հետ՝ ազատագրված տարածքները, կարգավիճակը: Բնական է, այդ հակամարտությանը ամեն կողմ լուծում է իր խնդիրը, բայց մյուս կողմից ՀՀ-ն հանդիսանում է Ղարաբաղի անվտանգության երաշխավորը: Մի կողմից բանակցային գործընթացում ունենք առանձին խնդիրներ, բայց ընդհանուր մենք մի ճակատ ենք: Որովհետեւ ակնհայտ է, չէ՞, եթե Ղարաբաղում որեւէ մի բան լինի, փախստականների եւ անվտանգության հարցը նաեւ մեզ է վերաբերում: Երբ մենք խոսում ենք ղարաբաղյան հակամարտության մասին՝ պիտի շեշտենք, որ դա հակամարտություն է թուրք-ադրբեջանական դաշինքի:

Թուրքիան այստեղ ունի իր շահերը, իր նպատակները եւ բնական է, որ այս ամենը տարածաշրջանային հակամարտություն է դառնում։ Այստեղ դրա մասին շեշտվում է այն բանով, որ համանախագահները աշխարհի ամենաազդեցիկ կենտրոններն են՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան։ Եթե մենք անդրադառնում ենք, թե ինչ է տեղի ունենում եւ Ղարաբաղը մասնակից է, թե՝ ոչ, ապա նշեմ, որ Ղարաբաղը մասնակից է։ Երբ մենք ասում ենք՝ Ղարաբաղը մասնակից չէ, դա ճշգրիտ չէ։ Ղարաբաղը մասնակից է բանակցություններին, բայց լիարժեք մասնակից չէ։ Եթե համանախագահները գալիս են, իրենք Ղարաբաղ այցելում են։ Ուրեմն մենք ֆիքսում ենք, որ խոսքն այն մասին է, որ Ադրբեջանի նախագահը ուղիղ չի հանդիպում Ղարաբաղի նախագահի հետ։ Այստեղ շեշտենք, որ միակ հակամարտությունն է նախկին Սովետական միության տարածքում, որտեղ մենք ունենք այսպիսի անբնական վիճակ, երբ հակամարտող կողմը չի խոսում մյուս նախագահի հետ։ Օրինակ վերցնենք Օսեթիան․ Վրաստանը բանակցել է ուղիղ Օսեթիայի նախագահի հետ։ Աբխազիան նույնպես ուղիղ բանակցում է։ Միայն Ադրբեջանը չի ուզում։ Այստեղից հարց է առաջանում՝ արդյո՞ք Ադրբեջանն ուզում է լուծել հարցը, թե՝ ոչ։ Եթե նա ուզում է հարցը լուծել, բնական է՝ կանդրադառնար եւ կբանակցեր։ Ինչո՞ւ է Ադրբեջանը այս մարտավարությունն ընտրել․ Ադրբեջանն ուզում է այս հակամարտությունը ներկայացնել որպես տարածքային վեճ։ Այսինքն, մի կողմը Հայաստանն է, որը գրավել է, օկուպացրել է Ադրբեջանի տարածքները՝ ինչպես իրենք են փորձում ներկայացնել։ Բայց դա իրականում չի համապատասխանում ստեղծված իրավիճակին եւ սա ինքնորոշման խնդիր է։ Սրա մասին համանախագահներն են խոսում, եւ Մադրիդյան սկզբունքներում կետերից մեկը վերաբերում է ինքնորոշման խնդրին։ Գրված է, որ Ղարաբաղի կարգավիճակը հետագայում լուծվելու է հանրաքվեով։ Հիմա ստեղծված իրավիճակում՝ տարբեր ժամանակահատվածներում եղել է, որ Ղարաբաղն ունեցել է ավելի մեծ մասնակցություն, եղել է, որ ունեցել է ավելի քիչ մասնակցություն։

Պատճառը գիտենք. 1998 թվականին Ղարաբաղը ընդհանրապես հետ է մղվել այս ձեւաչափից, բայց մենք պիտի ֆիքսենք նաեւ, որ համանախագահները ֆիքսում են, որ կգա ժամանակ, երբ Ղարաբաղը պիտի բանակցի Ադրբեջանի հետ։ Այնպես որ այդ առումով հարցադրումն այսօր, որ Ղարաբաղը պետք է լինի բանակցության կողմ՝ ճշգրիտ մոտեցում է, արդարացի է եւ ոչ թե միայն Հայաստանի եւ Ղարաբաղի կողմից, այլ նաեւ համանախագահների կողմից։ Բայց այստեղ կա բարդություն, որը գալիս է Ադրբեջանի այն դիրքորոշումից, որ համաձայն չեն։

- Վիեննայում տեղի ունեցած Փաշինյան-Ալիեւ հանդիպումը արդյո՞ք դրական տեղաշարժ էր բանակցությունների գործընթացում։ Այդ հանդիպման ժամանակ նաեւ պայմանավորվածություն եղավ մարդասիրական միջոցառումներ իրականացնել, սա իրենից ի՞նչ է ենթադրում։ Հնարավո՞ր է այս պարագայում նաեւ գերիների փոխանակություն լինի։

- Ընդհանրապես մենք խառնում ենք տարբեր հարթություններն այն առումով, որ կա քաղաքական դիրքորոշում, ռազմաքաղաքական եւ բանակցային։ Երբ մենք խոսում ենք տարածքի վերադարձի մասին կամ պատերազմի, դա վերաբերում է այն ոլորտին, ինչի մասին ասացի։ Քաղաքական առումով մենք մեր քաղաքական խնդիրը լուծել ենք, մեզ պետք չէ պատերազմ, մեզ պետք է խաղաղության պայմանագիր, որը լիարժեք կապահովի այն, ինչը մենք ձգտել ենք ունենալ՝ դա Ղարաբաղի անկախությունն ու անվտանգությունն են։

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին․ եթե մենք բանակցում ենք, ուրեմն դա ունի իր տրամաբանությունը։ Երբեմն ասում են՝ ոչ մի թիզ հող, դա այլ հարթության վրա է՝ քաղաքական եւ ռազմաքաղաքական, իսկ եթե մենք խոսում ենք բանակցությունների մասին, ապա աշխարհում հակամարտությունների լուծումը միայն փոխզիջումներով է։ Դու պիտի մի բան զիջես, հակառակորդը պիտի մի բան զիջի, որ գաք համաձայնության։

Հիմա, երբ խոսքը գնում է փոխզիջումների մասին, դա արդեն խոսում է բանակցային գործընթացի մասին եւ այստեղ դու պիտի ունենաս քո մարտավարությունն ու ռազմավարությունը։ Եթե դու չես ուզում բանակցել, ապա դու հայտարարում ես, որ ոչ մի բանակցություններ չես վարում կամ գնում ես պատերազմով վերցնում ես Բաքուն կամ սպասում ես, որ ինքը հարձակվի այդ ժամանակ։ Այս տրամաբանության մեջ մեր դիրքորոշումը այսօր խոսում է այն մասին, որ մենք շահեկան մոտեցում ենք ձեւավորում։ Մենք ասում ենք, որ պատերազմ չենք ուզում, դրա համար մենք ուզում ենք բանակցել, բայց մենք պատրաստ ենք պատերազմին։ Իսկ հաղթանակի հիմնական հիմքը դա քո բանակի մարտունակությունն ու քո պետության հզորությունն է: Այսինքն այն, որ դու պատրաստ ես ռազմական առումով լուծել քո խնդիրը։ Այդ տրամաբանության մեջ բնական է, դու պիտի վստահության մթնոլորտ ձեւավորես ժողովուրդների միջեւ, ինչը չի անում Ադրբեջանը։ Նրանք ավելի ռազմատենչ հռետորիկայով են հանդես գալիս։ Նույնիսկ իրենց նախագահը ասում է՝ ոչ թե Ղարաբաղն է միայն մերը, նաեւ Երեւանն ու Զանգեզուրն է մերը։ Մենք ավելի մեղմ ենք մոտենում, ավելի ճիշտ, որն ավելի ընկալելի է համախագահների եւ միջազգային հանրության կողմից։ Այսինքն, մենք պատրաստ ենք պատերազմի՝ չենք խուսափում, բայց միեւնույն ժամանակ մենք հնարավորություն ենք տալիս այդ հարցը լուծել խաղաղ ճանապարհով, իսկ դրա առաջին քայլը վստահության մթնոլորտ ձեւավորելն է, ինչի մասին խոսվել է Վիեննայում։ Այնպես որ ես այս մոտեցումը գնահատում եմ ճշգրիտ, միանշանակ հօգուտ մեզ։ Այսօրվա իրավիճակը բանակցային գործընթացում ես գնահատում եմ դրական։

- Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վերջերս Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը կոշտ հայտարարությամբ հանդես եկավ՝ «Նոր պատերազմ, նոր տարածքներ», ի պատասխան Ադրբեջանից նույնպես կոշտ արձագանքներ եղան թե՛ պաշտպանության նախարարի, թե՛ փոխնախագահի մակարդակով. Երեւան հասնելու մասին էին անգամ խոսում։ Ձեր մոտեցումը այս հարցին ինչպիսի՞ն է։ Պե՞տք են այսպիսի կոշտ արձագանքներ, երբ մենք խոսում ենք ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին։

- Դրանք տարբեր հարթություններ են։ Հակամարտության լուծման հիմքում դրված է մի բան, եթե դու ուզում ես խուսափել պատերազմից, պետք է պատրաստ լինես այդ պատերազմին։ Այն ինչ-որ ասել է պաշտպանության նախարարը, ասել է հենց այդ մասով։ Այն, ինչ ասել է Ադրբեջանը, դա մտնում է այն կոնցեպցիայի մեջ, որ Հայաստանը ագրեսիվ է։ Նրանք ուզում են այդ մոտեցումը փաթաթել համանախագահներին եւ միջազգային հանրությանը։ Բայց պաշտպանության նախարարն ասել է այլ բան։ Նա ասել է՝ նոր պատերազմի դեպքում մենք կվերցնենք նոր տարածքներ։ Եթե վերցնենք 1994 թվականը, երբ մենք կնքեցինք զինադադարի պայմանագիր՝ մայիսի 16-ին, ապա կհիշենք, որ Ադրբեջանը դիմեց այդ խնդրանքով։ Մենք առաջ էինք գնում եւ իրենք խնդրեցին զինադադար։ Ես եղել եմ այդ հանդիպմանը եւ փաստաթղթի պատրաստմանը մասնակից։ Իրավիճակը գնահատելով՝ մեր ռազմաքաղաքական իշխանությունը գնաց այդ զինադադարին։ Ապրիլյան գործողություններն էլ էր նույն ձեւ, սկսեցին պատերազմ, 2 օր հետո խնդրեցին զինադադար։ Գնահատելով ռազմաքաղաքական իրավիճակը՝ հայկական կողմը գնաց դրան։

Հիմա պաշտպանության նախարարն ասում է՝ եթե դուք սկսեք եւ հետո դիմեք, որպեսզի զինադադար լինի, մենք չենք համաձայնվի: Սա մտնում է այդ տրամաբանության մեջ։ Իսկ բանակցային գործընթացը գնում է այն հարթության վրա, որտեղ հայկական կողմն ասում է՝ մենք պատրաստ ենք բանակցել, մենք պատրաստ ենք նաեւ փոխզիջումների, բայց այն պարագայում, երբ որ դա փոխզիջում է, ոչ թե միակողմանի։ Ես մի քանի տարի առաջ էլ եմ ասել, երբ մենք ասում ենք, որ պատրաստ ենք փոխզիջումների ադրբեջանական կողմը դա ընդունում է որպես թուլություն եւ ավելի է կոշտացնում իր դիրքորոշումը եւ իր հայտարարություններով հասնում է Երեւան։

- Ադրբեջանի կողմից լայնածավալ գործողություններ հնարավո՞ր է լինեն առաջիկայում։

- Մադլեն Օլբրայթը (ԱՄՆ նախկին պետքարտուղար) ասել է հետեւյալը, որ մեր դիվանագիտության հաջողությունները հիմնվում են մեր բանակի հզորության վրա։ Դա վերաբերում է բոլոր պետություններին, նաեւ մեզ։ Երբ մենք գնահատում ենք ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում՝ մենք պետք է եզրակացնենք հետեւյալը՝ մենք պետք է միշտ պատրաստ լինենք պատերազմի, բայց երբ գնահատում ենք պատերազմի հավանակությունը հիմա, ես դա համարում եմ շատ չնչին, որովհետեւ Ադրբեջանը ի վիճակի չի սկսել պատերազմ եւ հասնել իր նպատակներին։ Բայց մենք պետք է այդ հայտարարություններին, պատերազմի սպառնալիքին հանգիստ պատասխանենք մեր բանակի մարտունակությամբ, մեր ժողովրդի պատրաստությամբ՝ պատերազմի վերսկսկմամբ։

- Ապրիլյան պատերազմից անցել է 3 տարի։ Ի՞նչ եք կարծում, այժմ հնարավո՞ր է Հայաստանին հանկարծակիի բերել։

- Պատերազմը ամենաբարդ երեւույթն է։ Որովհետեւ այդտեղ գործում են տարբեր օրենքներ՝ սկսած մարդկային փիլիսոփայությունից, ռազմական տեխնիկայից, օպերատիվ գործողություններից։ Մենք պետք է համապատասխան գործողություններ իրականացնենք, որ նորից պատրաստ լինենք Ադրբեջանի գործողություններին։ Իսկ իրենք դա անելու են՝ բնական է։ Մենք իրենց տեղը լինեինք, չէի՞նք անի։ Իրենք խնդիր ունեն, դա համարում են իրենց տարածքները, պարտվել են եւ ուզում են դա վերադարձնել: Իրենք անում են իրենց գործը, մենք պիտի անենք մեր գործը՝ լավ։ Որպեսզի չունենանք այն բացթողումները, որոնք եղել են ապրիլյան գործողությունների ժամանակ։

- Նշեցիք փոխզիջումների մասին, ի վերջո խնդրի լուծման ձեր տարբերակը ո՞րն է։ Եւ այդ փոխզիջումներն իրենցից ի՞նչ են ենթադրում։ Տարածքային զիջումներ է՞լ են ենթադրում այդ փոխզիջումները։

- Ես ասացի, որ այսօրվա ստեղծված իրավիճակում փոխզիջումների մասին խոսք լինել չի կարող։ Այսօր չկան նախապայմաններ, որպեսզի Ղարաբաղի հարցը լուծվի։ Մեր նպատակը եւ մեր գործողությունները պետք է ուղղված լինեն բանակի մարտունակությանը, իսկ դրա համար մեզ պետք է հզոր տնտեսություն, իսկ հզոր տնտեսության համար մեզ պետք են նվիրված մարդիկ եւ մասնագետներ։ Իսկ փոխզիջումների մասին հիմա խոսելն անիմաստ է, որովհետեւ Ադրբեջանը դրան պատրաստ չէ։ Եկեք նորից անդրադառնանք միջազգային փորձին, ո՞ր հակամարտությունն է լուծվել 20 տարում, 30 տարում։ Կիպրոսը՝ 70 թվականներից, Իսրայելը 49 թվականներից։ Չկա հակամարտություն, որն արագ լուծվել է եւ լուծում է գտել։ Մեր խնդիրը քաղաքական, պատմական լուծելն է։ Հիմա մեր խնդիրն է՝ ապահովել մեր պետության անվտանգությունը եւ գնալ մի լուծման, որն ամրագրում է այն, ինչը մենք ունենք, սա է մեր նպատակն այս պահին։

Տպել
960 դիտում

Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Սուրբ Զատկի ճրագալույցի պատարագին

Ֆրանսիացի ոստիկանները պարզել են՝ Աստվածամոր տաճարի որ հատվածից է սկսել տարածվել հրդեհը

Զատիկի լավաշն ենք թխում․ Նաիրա Զոհրաբյանը նոր լուսանկարներ է հրապարակել

Աշտարակում Mercedes-ը մի քանի պտույտ անելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում․ զոհեր եւ վիրավորներ չկան

Քրիստոսի հրաշափառ հարության տոնը վերածնում եւ ամրապնդում է հավատը սեփական ուժերի հանդեպ․ Արմեն Սարգսյանի շնորհավորանքը

Հայաստանում առաջիկա օրերին կրկին տեղումներ են սպասվում

ՀՀ ոստիկանության պետը պարգևատրել է հասարակական խորհրդի անդամներին

Երեւանում կտեղադրվեն Հ․ Սայադյանի, Պ․ Զեյթունցյանի, Կ․ Մելիք-Օհանջանյանի եւ Հր․ Թամրազյանի հուշատախտակները

Դ․ Սանասարյանի դեմ իրականացվող քրեական հետապնդումն անհիմն է, նրա դեմ գործ են սարքել․ պաշտպան Ինեսսա Պետրոսյան

Արցախում 10-ամյա եղբոր սպանության մեջ մեղադրվող 18-ամյա երիտասարդը կալանավորվել է

Քրեակատարողական ծառայությունում քննարկվել են ՔԿՀ–ներում տիրող ապօրինությունների վերաբերյալ ստացված հանձնարարականները

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանդիպել է ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատարի հետ

Վալերի Օսիպյանը կրկին սահմանապահ ոստիկանների է ճանապարհել դիրքեր

Մոնտեբելոյում վնասել ու կոտրել են Հայոց ցեղասպանության հուշարձանի մասին ազդարարող ցուցատախտակը

Առողջապահության փոխնախարարի հետ կապված կոռուպցիոն գործը շոկ էր նախարարության անձնակազմի եւ ողջ համակարգի համար․ Թորոսյան

Անբարենպաստ եղանակի պատճառով վթարվել է Իջեւանի հեռուստակայանը սնող էլեկտրահաղորդման գիծը

Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են զինուժի մարտական պատրաստության համատեղ միջոցառումների կազմակերպման հարցեր

Ձյուն է տեղացել նաեւ Հայաստանի ամենատաք վայրում՝ Մեղրիում․ Գագիկ Սուրենյան

Անցնող շաբաթ արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ

ԵՄ-Հայաստան. եկան, քլնգեցին, գնացին