«Եթե Ա. Հարությունյանին թույլատրվի նախագահի թեկնածու գրանցվել՝ արդար ընտրության մասին խոսելն ավելորդ կլինի». քաղաքագետ

2020 թվականին Արցախում սպասվող նախագահական ու խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին նախօրեին հայտարարեց Արցախի գործող արտգործնախարար Մասիս Մայիլյանը: Մինչ այս Արցախի նախագահի թեկնածուի բազմաթիվ անուններ են շրջանառվել, սակայն Մայիլյանի հայտարարությունը առաջինն էր պաշտոնական մակարդակում: 

Արցախում սպասվող ընտրություններին ընդառաջ մեր մի քանի գրավոր հարցերին է պատասխանել արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը:

- Պարոն Քանանյան, որոշ ժամանակ առաջ կարծիքներ կային, որ սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կարող են կանխորոշիչ դեր ունենալ 2020-ին սպասվող խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների վրա: Այս տեսանկյունից արդեն կանխորոշվո՞ւմ է՝ ինչ արդյունքներ կարող են գրանցվել 2020-ին:

- Այո՛, կար այդպիսի տեսակետ, բայց ես, ի սկզբանե, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները չէի համարում 2020 թվականի խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների հավանական արդյունքն ուրվագծող կամ, կամ առավել եւս, կանխորոշող եղելություն: Պատճառն այն է, որ Արցախում ՏԻՄ ընտրությունները՝ սակավաթիվ մասնավոր բացառություններով, ըստ էության, քաղաքական բնույթ չեն ունեցել: Ստեփանակերտի վերջին ՏԻՄ ընտրություններին մասնակցած անձինք հանրորեն չէին ընկալվում որպես Արցախի նախագահի պաշտոնին հավակնող իրական թեկնածուներ: Թերեւս՝ սոսկ մեկ հոգու պայմանական բացառությամբ։ Հետեւաբար, ստեփանակերտյան վերջին ընտրություններն ավելի շատ պետք է դիտարկել որպես նախորդ 1-2 տասնամյակի ընթացքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններով ձեւավորված քաղաքական ավանդույթի արտացոլում՝ հետհեղափոխական Հայաստանի ազդեցությունների մասնակի հաշվառմամբ:

- Եվ ի՞նչ ազդեցություն էր ունեցել հեղափոխությունը:

- Մարդիկ մի փոքր ավելի համարձակ էին եւ ինքնուրույն։ Թեկնածուներն էլ թվով սովորականից շատ էին եւ քաղաքականապես ավելի համարձակ։ Մինչ այդ՝ ոչ ձեւական՝ իրական հանրային եւ քաղաքական բովանդակություն ունեցած քաղաքային ընտրությունները եղել են 2004 թ.։ Այդ ժամանակ ստեփանակերտցիները կարողացել են «մերժել» Արկադի Ղուկասյանի հովանավորած թեկնածուին եւ ընտրել չափավոր ընդդիմադիր դիրքերից հանդես եկած այլ գործչի։

- Արցախի նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին քիչ ժամանակ է մնացել: Այսօր իր թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարեց Մասիս Մայիլյանը:  Ղարաբաղում նախագահի այլ թեկնածուների անուններ շրջանառվո՞ւմ են:

- Տարբեր շրջանակներում եւ հարթակներում շրջանառվում են սահմանափակ թվով հայտնի անուններ, թեեւ մինչեւ ընտրարշավի սկիզբը մասնակիցների առումով իրավիճակը դեռ կարող է զգալիորեն փոփոխվել. որոշ անձինք գերակա հանգամանքների ազդեցությամբ թերեւս կհարկադրվեն լքել մրցապայքարի դաշտը... Կարող են երկրորդաբար ի հայտ գալ նաեւ Արցախում եւ Արցախից դուրս հանրությանը նվազ չափով հայտնի անուններ: Մենք չենք կարող բացառել լուրջ տեղաշարժերի հավանականությունը:

Մասիս Մայիլյանը 1993-2007 թվականներին եւ 2016 թվականից ցայսօր Արցախում պատասխանատու պետական պաշտոն զբաղեցրած եզակի գործիչներից է, որը ոչ միայն լիովին անհաղորդ է մնացել համակարգային կոռուպցիայի որեւէ՝ ամենափոքր իսկ երեւույթին, այլեւ մշտապես աչքի է ընկել պարկեշտությամբ, համեստությամբ եւ պետական մտածողությամբ։ Մասիս Մայիլյանը հարգված եւ սիրված արցախցի է։ Ինքս պատիվ եմ ունեցել մասնակցելու 2007 թվականի նրա նախագահական ընտրարշավին։ Որոշակիորեն հավանական է, որ նախընտրական զարգացումների հաջորդական փուլերից մեկում նա դառնա ներարցախյան քաղաքական «համերաշխության» լայն համաձայնության թեկնածուն։

Հայկ Խանումյանը նույնպես կարծես թե մտադիր է առաջադրվել: Բակո Սահակյանի ավտորիտար կառավարման ամենախավար տարիներին՝ միայնակ, ապա նվիրյալ նեղթիմային քաղաքական պայքարի՝ դասագրքերում զետեղվելուն արժանի օրինակելի մաքառմամբ դարձել է ազատ խոսքի եւ քաղաքացիների իրավունքների պաշտպանը։ Ի հեճուկս լրջագույն քաղաքական եւ ուժային ճնշումների, հալածանքի եւ բռնության՝  նա կարողացել է ստեղծել խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր քաղաքական կուսակցություն։

Վիտալի Բալասանյան, Աշոտ Ղուլյան եւ համանման այլ անուններին անդրադառնալու որեւէ իմաստ չեմ տեսնում։ Նրանց հավակնություններն անլուրջ են։ Նրանք պետք է լռելյայն եւ անաղմուկ հեռանան քաղաքականությունից։

- Խոսվում է նաեւ, որ իր թեկնածությունը առաջադրելու մտադրություն ունի Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը: Ի՞նչ կարծիք ունեք նրա թեկնածության մասին:

- «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը Արցախում «սերժարգսյանական» բազմատրոհ ապապետական բեւեռի գլխավոր վերապրուկ է: Բակո Սահակյանի կառավարման 11 տարիներին՝ վարչապետի եւ պետնախարարի պաշտոնում ակնհայտորեն օրինազանց ճանապարհով ահռելի տնտեսական ու մերձքրեական լծակների տիրացած անձն է, որին հարկավոր է տնտեսական բնույթի տասնյակ աղաղակող հանցագործությունների համար քրեական պատասխանատվության ենթարկել: Երեւանը պետք է հստակ գիտակցի, որ եթե վերջինիս անպատասխանատու թողտվությամբ Արայիկ Հարությունյանին թույլատրվի նախագահի թեկնածու գրանցվել, ապա Արցախում արդար եւ ժողովրդավարական ընտրությունների մասին խոսելն իսկ ավելորդ կլինի։ Հրապարակային հանդգնությամբ բնակչության «ազդեցիկ տարրերին» կաշառելու, մերձքրեական հեղինակությունների վրա հենվելու եւ վարչապետության տարիներից ժառանգված կուսակցական ցանցն Արայիկ Հարությունյանին օժտում է միանգամայն ապօրինի զգալի մեկնարկային առավելություննրով, որոնք ինքնաբերաբար բացառում են նվազագույնս հավասար եւ արդար ընտրություն:

- Այսինքն, ի՞նչ եք առաջարկում՝ Հայաստանի իշխանությունը արգելի՞ նրան մասնակցել ընտրություններին: Ի՞նչ մեխանիզմ կա դրա համար:

- Հայաստանի իշխանությունները պետք է առաջնորդվեն ազգային-քաղաքական պատասխանատվությամբ եւ օրենքով: Օրենքը ենթադրում է պետական պաշտոնի անթաքույց չարաշահմամբ դիզված ահռելի նյութական պաշարների նախընտրական կաշառատվությամբ եւ մերձքրեական շրջանակների սատարմամբ իշխանությանը ձգտող, տնտեսական լրջագույն հանցագործությունների մեջ քաղաքականապես մեղադրվող անձի հանդեպ քրեական անհապաղ պատշաճ քննության իրականացում։

- Առաջադրվելու մտադրություն ուներ նաեւ Սամվել Բաբայանը, բայց նա, կարծեք թե, իրավական հնարավորություն չունի:

- Այո՛, Սամվել Բաբայանը չի կարողացել հասնել ընտրական օրենսգրքում իր կամեցած փոփոխությանը։ Արցախում գործող ընտրական օրենսգիրքը նրան մասնակցելու իրավունք չի տալիս։ Սամվել Բաբայանը ներկա քաղաքական համապատկերում հետադիմական եւ ազգային անվտանգության տեսանկյունից վտանգավոր կերպար է, որը հանդգնում է խոսել Արցախի վրա ռուսաստանյան «մանդատի», տարածք հանձնելու կամ Շուշի եւ այլուր ադրբեջանցի «փախստականների» վերադարձի՝ պետական բացահայտ դավաճանության տարրեր պարունակող կարգավորման «տարբերակների» մասին։ Անկախ փորձագետների մեծամասնությունը նրա գործողություններում տեսնում է արտահայաստանյան ուղղորդում։ Սամվել Բաբայանը նույնպես պետք է խոհեմություն ունենա վերջնականապես հրաժարվելու իր ժամանակավրեպ եւ անհեռանկար քաղաքական հավակնություններից։ 

- Պարոն Քանանյան, կարելի՞ է ասել, որ առաջին անգամ Հայաստանից կոնկրետ մեսիջ, հրահանգ չի լինելու, թե ով պետք է դառնա հաջորդ նախագահը Արցախում:

- Հայաստանի նոր իշխանությունը իներցիայի ուժով դեռ շարունակում է գործել եւ արտահայտվել «երկու հայկական պետությունների» անհեթեթ ու միանգամայն վնասակար հայեցակարգի տրամաբանության շրջանակում։ Ասեմ, որ սա միանգամայն անհեռանկար ու սպառված հայեցակարգ է։ Բայց հենց վերջինիս շրջանակում շատ «գայթակղիչ» է խոսել Արցախի «ներքին գործերին չմիջամտելու» կամ Արցախի՝ «Երեւանից անկախ արտաքին քաղաքականության սուբյեկտ» լինելու իբր շահեկան բանակցային կաղապարի մասին։ Արցախը քաղաքականապես եւ իրավականորեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի անքակտելի մասն է։ Երեւանը պարտավոր է եւ անխուսափելիորեն հարկադրված է իրականացնել Արցախի մարզի լիակատար վարչաքաղաքական կառավարում։ Այս գործառույթից որեւէ՝ անգամ փոքր չափով հրաժարվող ՀՀ իշխանությունը համակարգորեն անկենսունակ է։ Միաժամանակ, բոլորովին անհրաժեշտ չէ, որ պաշտոնական Երեւանը հրապարակավ մատնանշի իր «նախընտրած» թեկնածուին։ Երեւանն, անգամ, կարող է «նախընտրելի» թեկնածու չունենալ։ Բայց Երեւանը պարտավոր է երաշխավորել արդար ընտրությունների անցկացման համար հրամայաբար անհրաժեշտ նվազագույն նախապայմանները՝ առաջնորդվելով օրենքի գերակայության պահանջով՝ հարուցելով ընդամենը մի քանի քրեական գործ:

- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսին Արցախում հայտարարեց, որ Հայաստանը լինելու է Արցախում ազատ եւ արդար ընտրությունների երաշխավորը: Բավարա՞ր է այս հայտարարությունը, որպեսզի ամեն ինչ տեղի ունենա օրենքի շրջանակներում: 

- Փաշինյանի այս արտահայտությունն ընդամենը մտադրությունների վերաբերյալ հայտարարություն էր: Որպեսզի հրապարակային պարտավորության ստանձնմամբ հնչած այս խոստումն իրականություն դառնա, անհրաժեշտ է դրսեւորել նվազագույն քաղաքական կամք եւ պատասխանատվություն՝ նախ հարուցելով ընդամենը մեկ-երկու քրեական գործ...

- Պարոն Քանանյան, Արցախի նախագահ Բակո Սահակյանը վերընտրվելու հնարավորություն չունի իրավական առումով: Ունե՞ք տեղեկություններ, նա փորձելո՞ւ է առաջիկա նախագահական ընտրություններում ունենալ իր թեկնածուն:

- Բակո Սահակյանի համար միակ ընդունելի թեկնածուն հենց ինքն էր: Անգամ հեղափոխությունից հետո նա դեռ մի քանի շաբաթ երազում էր Արցախում մինչեւ 2030 թվականը նախագահելու մասին: Այսօր, երբ նրա բոլոր երազանքները դառնորեն եւ անշրջելիորեն փշրված են, նա հուսահատ մտադեգերմամբ ջանալու է կռահել, թե անցողիկ թեկնածուներից ով կարող է իր ապօրինաբար կուտակված ունեցվածքի հանդեպ առավելագույնս «ներողամիտ» գտնվել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
18584 դիտում

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ