«48 ժամվա մեջ իրատեսակա՞ն է Մոսկվայից հասնել Երեւան». ՀՔԾ պետը՝ Գեւորգ Կոստանյանի մասին

Երեկ տեղեկացրել ենք, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել: ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը, առաջնորդվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի կարգով, նրան առաջարկել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք առաջադրելու համար:

Ավելի ուշ լրատվամիջոցների հետ զրույցում Կոստանյանը հայտարարել է, թե չգիտի՝ ինչով է պայմանավորված այս արհեստականությունն ու հրատապությունը: Կոստանյանը հայտնել է, որ, եթե այս պահին գա, իրեն թույլ չեն տա հետ գնալ, ուստի ինքը Հայաստան կգա իր դասընթացներն ավարտելուց հետո: Ինչպես հայտնի է, Կոստանյանը դասավանդում է ՌԴ դատախազության ակադեմիայում:

ՄԻՊ ինստիտուտի հիմնադրման 15-ամյակին մասնակցելու նպատակով այսօր Ազգային ժողով եկած ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին փոխանցելով Կոստանյանի խոսքերը՝ լրագրողները հետաքրքրվեցին, թե այդտեղ խնդիր տեսնո՞ւմ է: «Ի՞նչ արհեստականություն, ես չեմ կարող մեկնաբանել պարոն Կոստանյանի ասածները: Դուք ինձ հարցնում եք՝ 48 ժամվա մեջ իրատեսակա՞ն է Մոսկվայից հասնել Երեւան, ես էլ այդ հարցը ձեզ եմ տալիս»,- ասաց Խաչատրյանը:

Հարցին՝ Կոստանյանի չներկայանալու պարագայում ի՞նչ են անելու, արդյո՞ք հետախուզում են հայտարարելու, ՀՔԾ պետը պատասխանեց, որ գործելու են ըստ օրենքի: Երբ լրագրողները պնդեցին հարցը՝ Խաչատրյանը նկատեց. «Եկեք 48 ժամ սպասենք, լա՞վ»:

Սասուն Խաչատրյանը հաստատեց նաեւ, որ Գեւորգ Կոստանյանին առաջադրվելիք մեղադրանքը կապվում է Ալիկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի նկարագրության հետ, այն մասով, որ 2008 թվականին ՀՀ նախագահի օգնական Կոստանյանը Մարտի 1-ի դեպքերից հետո բազմաթիվ փաստաթղթեր կեղծելու մասին ոստիկանությանը հրահանգներ է տվել: Ինչպես հայտնի է, այդ գործով Կոստանյանը որպես վկա հարցաքննվել էր: Լրագրողների հարցին, թե ի՞նչ փոխվեց, որ որոշվեց վկային որպես մեղադրյալ ներգրավել, Խաչատրյանը պատասխանեց.

«Ես հիմա չեմ ցանկանում հատ-հատ ապացույցներին անդրադառնալ, էլի եմ ասում՝ որպես մեղադրյալ ներգրավելու հիմքն ունեցած ապացույցների համակցությունը բավարար համարելն է: Այս պահին է քննիչը բավարար համարել, որ այդ ապացույցները բավարար են պարոն Կոստանյանին որպես մեղադրյալ ներգրավելու համար»:

Ինչպես հայտնի է, Ալիկ Սարգսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հերքել է ՀՔԾ առաջադրած մեղադրանքում ներկայացված տեղեկությունները: Հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս են շարունակելու գործի ընթացքը, ՀՔԾ պետը պատասխանեց. «Այսինքն՝ ձեզ թվում է, որ մարդկանց պատասխանատվության են ենթարկում միայն իրենց ցուցմունքների հիման վրա՞…Մարդը պաշտպանվում է, չպաշտպանվի՞»: 

Մարտի 1-ի գործով նախաքննություն իրականացնող մարմնի ղեկավարից լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե ինչպե՞ս է ստացվում, որ արդեն որերորդ մարդն է ներգրավվում գործում, որը Հայաստանում չէ:

ՀՔԾ պետն ասաց, որ դա, իրոք, խնդիր է: Իսկ ահա հարցին, թե ում թերացումն է դա, Խաչատրյանը այսպես պատասխանեց. «Նորից կրկնեմ՝ որպես մեղադրյալ ներգրավելու համար միայն բարի ցանկությունները շատ քիչ են, պետք է լինեն բավարար ապացույցներ»:

Նա վստահեցրեց, որ գործը փակուղի չի մտնում: «Մեղադրյալները որպես մեղադրյալ ներգրավված են, որոնք խուսափում են, հետախուզում է հայտարարված: Ի՞նչ անենք, դրանից ավելի ի՞նչ կարող ենք անել»,- հարցրեց ՀՔԾ պետը:

«Կարո՞ղ եք երաշխավորել, որ արդարադատությունը նրանց կհասնի»,- հետաքրքրվեց լրագրողներից մեկը. «Իսկ դուք կարո՞ղ եք երաշխավորել, որ արդարադատությունը նրանց կհասնի: Որեւէ մեկը կարո՞ղ է երաշխավորել, որ նրանք անպայման կհայտնաբերվեն: Ես կարող եմ ընդամենը ասել, որ մենք ամեն ինչ կանենք դրա համար: Վարույթ իրականացնող մարմինը հետախուզում իրականացնող մարմին չէ, հետախուզում իրականացնողը ոստիկանությունն է»,- պատասխանեց Սասուն Խաչատրյանը: 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին ՀՔԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՔԾ-ում ընթացող նախաքննության շրջանակներում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել:

ՀՔԾ-ի կողմից հրապարակված հաղորդագրությունում բազմիցս շոշափվում էր Գեւորգ Կոստանյանի անունը, որն այդ ժամանակ զբաղեցնում էր Սերժ Սարգսյանի օգնականի պաշտոնը:

ՀՔԾ հաղորդագրությունում մասնավորապես նշվում էր, որ 2008 թվականի մայիսի 29-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում «Գեւորգ Կոստանյանն ու Գեւորգ Մհերյանն այցելել են Ալիկ Սարգսյանի աշխատասենյակ եւ ոստիկանության կողմից 2008 թվականի մարտի 1-ի լուսադեմին «Ազատության» հրապարակից նստացույցի մասնակիցներին բռնությամբ տարհանելուն, ցույցը ցրելուն ուղղված գործողություններին օրինական տեսք տալու նպատակով ոստիկանության մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց դրդել են հետին ամսաթվով կազմել «Տեղանքի հետազոտում» օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու վերաբերյալ փաստաթղթեր: 

Բացի այդ, ըստ վերը նշված հաղորդագրության՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռևս 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան ՀՀ ՊՆ զինված ուժերի զինծառայողներին  Հանրապետության հրապարակ տեղափոխած ՊՆ պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների եւ Զինված ուժերի թիվ N զորամասի համահավաք գումարտակի անձնակազմի ներկայությունը հրապարակում տեսանկարահանվել ու հետագայում տարածվել է համացանցում, Գևորգ Կոստանյանի դրդմամբ այս փաստը քողարկելու նպատակով հորինվել և վարույթն իրականացնող մարմնին ու փաստահավաք խմբին է ներկայացվել ՀՀ ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի կողմից հետին ամսաթվով՝ 2008 թվականի փետրվարի 22-ի թվագրմամբ ստորագրված կեղծ տեղեկություններ և գրառումներ պարունակող թիվ 313-Ա հրամանը:

Ըստ այդ հրամանի՝ իբրև ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի պետի տեղակալ, նույն ինքը օպերատիվ բաժնի պետ Արթուր Դաստակովի գլխավորությամբ ստեղծվել է ոստիկանության 18 ծառայողներից բաղկացած խումբ, որը տեղակայվել է ոստիկանության զորքերի թիվ N զորամասում և հսկողություն է իրականացրել հիշյալ զորամասի զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի և ծառայության նկատմամբ: Դա այն դեպքում, երբ 18 հոգանոց խումբ Արթուր Դաստակովի գլխավորությամբ իրականում գոյություն չի ունեցել:

ՊՆ պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների՝ 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան Հանրապետության հրապարակում գտնվելու փաստը քողարկելու նպատակով հորինվել և վարույթն իրականացնող մարմնին ու փաստահավաք խմբին է ներկայացվել կեղծ վարկած, թե իբր ՊՆ պետհամարանիշներով ավտոմեքենաները ոստիկանության զորքերի թիվ N զորամասի անձնակազմին են տեղափոխել ծառայության ընթացքում: 

Բացի այդ, 2008 թվականի հուլիսի 2-ից հետո ընկած ժամանակահատվածում ՀՀ նախագահի օգնական Գևորգ Կոստանյանը և ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանը մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զինված ուժերի ապօրինի մասնակցության, նրանց կողմից հրազենի կիրառման նախապես չխոստացված պարտակումը կազմակերպելու դիտավորությամբ ոստիկանության զորքերի շտաբի պետ Գեղամ Պետրոսյանին հանձնարարություն են տվել զինված ուժերի ներգրավվածությունը հերքելու, նրանց կողմից կատարված գործողությունները ոստիկանության զորքերին վերագրելու նպատակով զրուցել ենթակա անձնակազմի հետ՝ հրահանգավորելով նրանց ապագայում քրեական գործով տալ այնպիսի ցուցմունքներ, որոնցով հնարավոր լինի հերքել զինված ուժերի ներգրավվածությունը հիշյալ դեպքերին:

Հետագայում արդեն՝ նշված հանգամանքների շուրջ գործուն միջոցներ ձեռնարկելու, կատարվելիք գործողությունները պլանավորելու համար Գեղամ Պետրոսյանը ՀՀ ոստիկանության վարչական շենքում և ՀՀ նախագահի նստավայրում Գևորգ Կոստանյանի ու Գևորգ Մհերյանի հետ բազմիցս հանդիպումներ է ունեցել, որոնց ընթացքում պարբերաբար ստացել է հանձնարարություններ ու ցուցումներ: 

Գևորգ Կոստանյանի և Գևորգ Մհերյանի կողմից տրված ցուցումները կատարելու ընթացքում Գեղամ Պետրոսյանը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաճախակի հանդիպել է Վահագն Հարությունյանի հետ և նրանցից ստացել հանձնարարություններ:

Արդյունքում, սույն քրեական գործով 2008 թվականի մարտի 5-ի որոշմամբ նշանակված դատաձգաբանական փորձաքննության կատարման ընթացքում Վահագն Հարությունյանը և քննչական խմբի քննիչ Արմեն Հակոբյանը ՀՀ հատուկ քննչական ծառայություն են հրավիրել ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, նույն ինքը՝ շտաբի պետ Գեղամ Պետրոսյանին և հայտնել, որ ՀՀ զինված ուժերի մասնակցության ու վերջիններիս կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու նպատակով անհրաժեշտ է դեպքի վայրի տարբեր տեղամասերից զննությամբ հայտնաբերված տարբեր տեսակի հրազեններից կրակված, իրեղեն ապացույց հանդիսացող շուրջ 1000 պարկուճները փոխարինել ՀՀ ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տրամաչափի այլ հրազեններից կրակված պարկուճներով: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2904 դիտում

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ

Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ