Կանխատեսելի՞, թե՞ անորոշ ԱՄՆ. ում ընտրվելն է ավելի ձեռնտու Հայաստանի համար. ՀՀ նախկին փոխդեսպանի մեկնաբանությունները

ԱՄՆ-ում շատ լարված մթնոլորտում ընթանում է նոյեմբերի 3-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ձայների հաշվարկը: Որոշ նահանգներում առավելությունը Դոնալդ Թրամփի կողմն է, որոշ նահանգներում՝ Ջոզեֆ Բայդենի: Այս պահին եղած կանխատեսումներով՝ ընտրվելու համար անհրաժեշտ 270 ընտրիչների քվեն կարող է ստանալ նախագահի դեմոկրատ թեկնածու, ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը: Վերջինս այս պահին ունի 253 ձայն, իսկ Թրամփը՝ 214: 

Երեկ զրուցել ենք Վաշինգտոնում բնակվող հայ իրավաբան, 1999-2000 թթ. ԱՄՆ-ում Հայաստանի փոխդեսպան, 1994-98 թթ. ԼՂ հարցով բանակցություններում ՀՀ պատվիրակության անդամ Արմեն Խարազյանի հետ։

- Պարոն Խարազյան, խնդրում եմ ներկայացնել ձեր նկատառումները ընտրությունների նախնական արդյունքների վերաբերյալ։

- Ընտրությունների արդյունքների վերաբերյալ թարմացումները նայում եմ «Washington Post»-ում։ Հատկանշական է, որ Նեւադա եւ Արիզոնա նահանգներում գիշերվա ընթացքում ավելի համոզիչ է դարձել Բայդենի գերակշռող դիրքը։ Բայդենը կարծեք թե առավելություն ունի նաեւ Վիսքոնզին, Միչիգան նահանգներում։ Սա՝ նախնական արդյունքներով։ Վերջնական արդյունքները հայտնի կդառնան մի փոքր ավելի ուշ՝ հաշվի առնելով, որ կորոնավիրուսի պայմաններում հասարակության մի զգալի մասն իր քվեաթերթիկը փոստով է ուղարկել։ Ես  ինքս էլ քվեարկել եմ փոստով։

Որքան հասկանում եմ, սկզբում հաշվելու են ընտրությունների օրը տեղամասերում քվեարկածների ձայները, հետո նոր՝ փոստով ստացածները։ Եվ եթե հաշվի առնենք, որ Դեմոկրատներն իրենց ընտրարշավում կոչ էին անում քվեարկել փոստով, ուրեմն պետք է նկատի ունենալ, որ փոստով ուղարկված քվեների մեծամասնությունն ամենայն հավանականությամբ դեմոկրատներինն է։ Միեւնույն ժամանակ պետք է փաստել, որ Դեմոկրատների ակնկալիքը՝ ավելի համոզիչ հաղթանակ տանել Թրամփի նկատմամբ, հասարակությանը համոզել, որ քվեարկի ընդդեմ Թրամփի եւ Հանրապետական կուսակցության կողմից տարվող այն քաղաքականության, որի հետեւանքով Ամերիկան ավելի մասնատվում է, չի արդարանում։

- Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունները, ճիշտ է, այսպես թե այնպես հետաքրքիր են, բայց մեզ համար դրանք հետաքրքիր են այնքանով, թե ընտրված նախագահի օրոք ԱՄՆ-ն ինչ քաղաքականություն կվարի Հայաստանի հետ հարաբերություններում։ Ո՞ւմ ընտրվելն է Հայաստանի համար ձեռնտու այդ տեսանկյունից։

- Դա կախված է չափանիշներից. եթե Հայաստանին ձեռնտու է ունենալ ավելի կանխատեսելի, ամերիկյան ավանդական դաշինքների հետ ավելի սերտ աշխատող եւ աշխարհի խնդիրներով շատ ավելի մտահոգված գործընկեր ԱՄՆ-ում, ապա Բայդենի նախագահության օրոք ոչ միայն Հայաստանը, այլեւ աշխարհը շատ ավելի հանգիստ կլինի Ամերիկայի քաղաքական պահվածքի հարցում։ Թրամփի պարագայում այդ անորոշությունը կմեծանա։ Բայդենը հայտարարել է, որ վերականգնելու է Իրանի հետ միջուկային համաձայնագրին Ամերիկայի մասնակցությունը, վերադառնալու է Փարիզի կլիմայական փոփոխության վերաբերյալ համաձայնագրին, վերաներգրավվելու է իր անմիջական հարեւանների՝ Կանադայի ու Մեքսիկայի դաշինքներում, որ անցած 4 տարիների ընթացքում էրոզիայի է ենթարկվել։

- Բայդենը նաեւ ժամանակին, երբ որ Օբամայի օրոք փոխնախագահ էր, ասել էր, որ կճանաչի Հայոց ցեղասպանությունը, բայց այդպես էլ չէր պահել խոստումը։

- Այո, եղել է խոստումը եւ չի պահպանվել։ Թրամփի ժամանակ ուղղակի չի եղել խոստում, եւ արհամարհվել է։ Բայդենն այս անգամ եւս խոստացել է։ Եղել է հավաստիացում ընտրարշավի ընթացքում, որ Բայդենի մոտեցումը ցեղասպանության հարցում շատ ավելի հանձնառու է, քան Օբամայի վարչակազմի օրոք։ Ես չգիտեմ՝ սա արդյոք նշանակո՞ւմ է, որ ընտրվելու պարագայում Բայդենը կճանաչի ցեղասպանությունը, բայց կարելի է կարծել, որ ավելի հավանական է՝ կճանաչի, քան՝ ոչ։ Ես հիշում եմ, որ Բայդենը Վաշինգտոնում ներկա էր ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ Վաշինգտոնի կենտրոնական ազգային տաճարում անցկացվող պատարագին, ներկա էր նաեւ այն ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Դա Բայդենի տղայի՝ Բո Բայդենի մահվանից 2 շաբաթ առաջ էր։ Ինչպես գիտեք, Բայդենի տղան մահացավ ուղեղի քաղցկեղից 2015-ին։ Այսինքն՝ Բայդենը 2 ժամ անցկացրեց հայերի կողքին, երբ իր տղային 2 շաբաթ էր մնացել ապրելու։ Չգիտեմ՝ սա ինչպես գնահատել, մանավանդ որ դրանից անցել է 4-5 տարի։ Աշխարհը այսօր այլ է, Հայաստանը պատերազմի մեջ է Թուրքիայի հետ, եւ սա աշխարհին ցույց է տալիս, թե որքան իրատեսական է Հայաստանի այն նախազգուշացումը, որ թուրքական սպառնալիքը գոյություն ունի, եւ եթե Թուրքիան հնարավորություն ունենա, այսօր էլ կարող է անցնել ցեղասպանության անկատար ծրագրի եւս մեկ իրականացման փորձին։ Աշխարհը դա տեսնում է, ուղղակի կարիք կա շատ ավելի սուր ընկալունակության։ Թերեւս սա կարող է տարբեր լինել, եթե Բայդենը լինի նախագահ։ Միգուցե դա նրան դրդի ավելի հանձնառու կեցվածք դրսեւորել ցեղասպանության վերաբերյալ ամերիկյան վարչակարգի հրապարակային հայտարարություններում։ Ոչ մեկը չի կասկածում տեղի ունեցածի վերաբերյալ, խնդիր կա դրա մասին բարձրաձայն արտահայտվելու, եւ կաշկանդողը թերեւս այն է, որ Թուրքիայի կողմից հանկարծ անկանխատեսելի քայլեր չլինեն։ Թերեւս Միացյալ Նահանգներում շատ ավելի հստակ ընկալում կա, որ ժամանակն է դրանից այն կողմ անցնել, եւ Թուրքիայի բլեֆը չընդունել որպես իրական սպառնալիք։ 

- Իսկ ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ ԼՂ հարցի հետ կապված։ Բայդենն օրերս հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահը պետք է անձամբ միջամտի, որ կանգնեցի պատերազմը Ղարաբաղում։ Սա արդյոք նշանակո՞ւմ է, որ Բայդենը ընտրվելու պարագայում կմիջամտի։

- Բայդենի կապը հայկական համայնքի հետ շատ ավելի անմիջական եւ ավելի երկարատեւ է եւ իր խորքում ունի բովանդակություն։ Բայդենը նաեւ չունի Ադրբեջանում կամ Թուրքիայում ֆինանսական շահեր, ինչպիսին ունի Թրամփը, օրինակ։ Ամերիկայի առաջատարության հարցում Բայդենի քաղաքականությունը, իհարկե, թերեւս ավելի չափավոր կլինի, քան նրա նախընտրական խոստումները, հատկապես՝ ընտրվելու պարագայում առաջին մի քանի ամսվա ընթացքում, բայց կարծում եմ՝ ավելի լուրջ է քաղաքական հանձնառությունը, որը Մինսկի խմբի շրջանակներում, օրինակ, համանախագահության կարգավիճակով կարող է արտահայտվել։ Դա կլինի այն, որ Բայդենը, որպես ՄԽ կողմից համանախագահ, նշանակի շատ ավելի ավագ ամերիկյան դիվանագետի կամ նույնիսկ քաղաքական գործչի, քաղաքական վարկանիշ ունեցող անձի, որն իր կարգավիճակով կլինի ավելի հեղինակավոր։ Խոսքս մասնագիտական կարողությունների մասին չէ։ Գործող ամերիկյան համանախագահի խնդրում մասնագիտական վերապահումներ չկան, բայց քաղաքական կշիռ ու ծանրություն կան, որ այդ անձը կարող  է բերել խնդրի կարգավորմանը։ Այն, ինչ Ամերիկան արեց, ասենք, Հյուսիսային Իռլանդիայի կարգավորման ժամանակ։ Եթե այդ անձն ԱՄՆ նախագահի հետ ունենա ավելի մոտ հարաբերություն, նրա ու նախագահի հարաբերությունը ավելի անմիջական դառնա, ավելի համարձակ ամերիկյան քաղաքականություն կարող ենք տեսնել այստեղ, որը կհավասարակշռի Մինսկի խմբի մեջ Ռուսաստանի ու Ֆրանսիայի մոտեցումներին եւ կլինի կայունացնող գործոն Հայաստանի համար։ Հայաստանը խնդիր ունի այդ շրջանակում ունենալ շատ ավելի ցայտուն եւ հանձնառու ամերիկյան ներկայություն։ Որովհետեւ այս պահին Ռուսաստանը կարծեք ունի ավելի ծանրակշիռ ներգրավում զուտ պատմական ու քաղաքական առումներով, Ֆրանսիան ունի ներկայություն, բայց Ֆրանսիայի ազդեցությունը համաշխարհային գործընթացների վրա, հատկապես՝ Կովկասում, այդքան մեծ չէ, որքան Ռուսաստանինը։ Իհարկե, չեմ թերագնահատում Ֆրանսիային, բայց Ամերիկան է, որ կարող է ստեղծել կայունացնող կարգավիճակ Մինսկի խմբում, որ չլինի այնպես, որ հրադադարի պայմանավորվածություն ձեռք բերվի, եւ Ադրբեջանը չկատարի։ Հետագայում, եթե կնքվի խաղաղ պայմանագիր, եւ աշխատանք սկսվի խաղաղ կարգավորման, այդ դեպքում էլ ԱՄՆ-ն կարող է մեծ դեր ունենալ խաղաղապահների հարցում։

- ԱՄՆ-ն առաջարկեց սկանդինավյան խաղաղապահներ տեղակայել: Սա որքանո՞վ է իրատեսական եւ լուրջ։

- Սա, իհարկե, լուրջ է, բայց առաջին հերթին պետք է կողմերի համար դա ընդունելի լինի։ Հուսով եմ, որ հայկական կողմի համար դա ընդունելի է լինելու։ Սկանդինավներն ունեն խաղաղապահ գործունեության փորձ, ունեն կարողություն, ցանկություն՝ լինելու Ղարաբաղյան գոտում խաղաղապահ գործունեության մաս, ունեն վարկանիշ, քաղաքական չեզոքություն։

- Պարոն Խարազյան, ես ճի՞շտ եմ հասկանում, որ, ըստ ձեզ, անձերը կարեւոր կարող են լինել ԱՄՆ դերակատարության հարցում։

- Անձերը կարող են կարեւոր լինել։ Ես ինքս քաղաքական ռեալիստ եմ, ռեալիզմն առաջին հերթին ընդունում է համակարգային գործոնների գերակշռությունը, հետո գալիս են այլ գործոններ, այդ թվում՝ անձեր։ Հատկապես Միացյալ Նահանգներում նախագահի դերը շատ կարեւոր է։ Ավելի հեշտ է աշխատել մարդկանց հետ, որոնք ունեն փոփոխություն բերելու կարողություն։

- Այս դեպքում մեզ համար ձեռնտու կլինի Բայդենի՞ ընտրությունը, ճի՞շտ հասկացա ձեր խոսքի տողատակերից։

- Այո, եթե մի բառով կուզեք պատասխանեմ, ես կասեմ՝ այո, Բայդենի ընտրությունը մեզ համար ավելի լավ պայմաններ կստեղծի՝ աշխատելու Միացյալ Նահանգների հետ։ Ավելի կմոտեցնի Հայաստանի թե՛ քարոզչությունը, թե՛ մոտեցումները եւ խնդիրները Միացյալ Նահանգների ղեկավարության տեսադաշտին, ավելի ճիշտ կտեղադրի խնդիրները այդ տեսադաշտում եւ ավելի մեծ հավանականություն կա, որ ԱՄՆ-ն ավելի հանձնառու կլինի գնահատել այս ամենը։ Իհարկե, պետք չի գերագնահատել սա, ընտրվելու պարագայում Բայդենն էլ կփորձի Թուրքիայի հետ ստեղծել ինչ-որ հարաբերությունների դաշտ՝ կարծելով, որ Թրամփի պատճառով էր, որ այս հարաբերությունները գնացին ոչ ցանկալի հունով, միգուցե Էրդողանին հնարավոր է փոխել։ Բայց, սրանով հանդերձ, Բայդենի հետ հայերը ավելի կանխատեսելի քաղաքականություն կարող են ստեղծել, ինչը Թրամփի հետ դժվար է։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6400 դիտում

ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը

Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան

Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ

ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ

Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ

ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի

Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք

Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները

ՌԴ-ն այս պարտության հետ չի համակերպվի. մեզնից իր կամքով չի հրաժարվի, ՀՀ-ն պետք է պատրաստ լինի. տեսանյութ

Ապարանի ջրամբարի լցվածության ծավալով պայմանավորված կաշխատի ջրամբարի հեղեղային ջրթողը․ ցուցաբերել զգոնություն

24 ծրագիր՝ 234 միջոցառումով, կատարողականը՝ 93.5 տոկոս․ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է 2025-ի կատարողականը

ԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ

Իրար հերթ չտալով փորձում են ճողոպրել․ ասում էինք, չէ՞, երազելու եք ՀՀ-ից փախնելու մասին, բայց չեք կարողանալու

Առևանգել են ՍՊԸ աշխատակցին, ազատելու դիմաց տնօրենից պահանջել ունեցած պարտքը․ քրվարույթի նյութերը դատարանում են

Facebook, Instagram և Messenger-ի աշխատանքում այս պահին լայնածավալ խափանումներ են

Ազատի կացարանում զոհված զինծառայողների գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքը երկարաձգվել է

Ուժեղ կարկուտ և տեղատարափ Նահապետավանում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կիևյան կամուրջը տևական ժամանակ փակ է լինելու

«5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր․ ՀՌԸ նիստին մասնակցել է նաև ԺՀՄԻԳ ներկայացուցիչը

Դավիթ Խուդաթյանն այցելել է Երևան-Սևան ճանապարհի՝ կայծակից փլուզված կամրջի հատված

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ հորդառատ անձրևային եղանակը կպահպանվի

Ընտրությունների արդյունքները ժողովրդի կողմից Ձեր քաղաքականության նկատմամբ վստահության հավաստումն են․ Միրզիյոև

Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել

Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են ՀՀ տարածքում

Ընտրակաշառքի բուրգը պետք է բացահայտվի․ Ռուբինյան

Իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելու մասին կոչեր են հնչեցրել, նախաձեռնվել են վարույթներ

2025-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը գյուղատնտեսության ոլորտին հատկացրել է 43 մլրդ դրամ. Պապոյան

Ամենադարդն էն ա, որ 1,5 միլիոնն օգնեց Փաշինյանին, այսինքն՝ մեզ խաբեցին էդ միլիոնուկեսով. Կարապետյան

Վերջնականացրել ենք դիզայնը. ՆԳ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին

Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել

Ձերբակալվել է ԵՊՀ դասախոս, «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր Ալեն Ղևոնդյանը

Ընկերուհուս մաման ա, ասում ա նենց չլնի՝ սաղ օրը կանգնենք, 20 հազար դրամ տան. ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրություն

Սամվել Կարապետյանն ընդունում է ընտրություններում իր պարտությունը

Վրաերթ Արմավիրի մարզում. տուժածը մահացել է

Մեր աշխատանքը չի ավարտվում միայն ընտրության օրով, շարունակում ենք աշխատել, կլինեն նոր բացահայտումներ․ Սարգսյան

Սահմանապահները թույլ չեն տվել, որ Նարեկ Կարապետյանը հատի ՀՀ սահմանը

«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը մեկնարկել է Երևան-Ալմաթի-Երևան երթուղով չվերթերը

Պարզում ենք՝ արդյո՞ք գործ ունենք թմրամիջոցի հետ․ ՆԳ նախարարը՝ 12-ամյա երեխային ենթադրյալ թմրամիջոց տալու մասին