Աննախադեպ գործ, ահռելի ծավալ. ինչ ունի Սահմանադրական դատարանին հայտնելու Արմեն Սարգսյանը

ՍԴ-ն սկսեց քննել ընտրությունների արդյունքների վիճարկման գործը

Սահմանադրական դատարանը այսօր սկսեց հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով դիմումների քննությունը: Այս գործով որոշում կայացնելու համար ունենալով ընդամենը մի քանի օր (մինչ հուլիսի 17-ը) Սահմանադրական դատարանը երեկ ամբողջ օրն օգտագործեց տարբեր տեխնիկական հարցերի վերաբերյալ միջնորդություններ լսելու վրա: Եվ միայն աշխատանքային օրվա ավարտից 1 ժամ առաջ իր դիմումի բովանդակությունը սկսեց ներկայացնել ընտրությունների արդյունքները վիճարկող ուժերից մեկի՝ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը:

Ինչպես հայտնի է՝ բացի ընտրությունների արդյունքում երկրորդ տեղը գրաված եւ 27 մանդատ ստացած «Հայաստան» դաշինքից, ՍԴ դիմում են ներկայացրել նաեւ անցողիկ շեմը չհաղթահարած, սակայն Սահմանադրության ուժով 7 մանդատ ստացած «Պատիվ ունեմ» դաշինքը, 0.36 տոկոս ստացած «Զարթոնք» եւ 1.03 տոկոս ստացած «Հայոց Հայրենիք» կուսակցությունները:  

Նրանց բոլորի դիմումները, հիշեցնենք, միավորվել է մեկ միասնական գործում:

Երեկվա նիստի սկզբում առաջին միջնորդությունը ներկայացրեց «Զարթոնք» կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը. նրա միջնորդությունը վերաբերում էր ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինությանը:

Ավելի վաղ աշխատակարգային նիստում նման միջնորդությամբ հանդես եկել էր նաեւ Արեւիկ Պետրոսյանը, սակայն դատավորները մերժել էին այն:

Ներկայացնելով միջնորդությունը՝ Արա Զոհրաբյանը հայտարարեց, որ Վահե Գրիգորյանի մասնակցության պարագայում կողմնակալության խնդիր է առաջանալու, որովհետեւ ժամանակին նա եղել է ՍԴ-ում քննվող գործով որպես 3-րդ անձ ներգրավված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը ոչ միայն հայաստանյան ատյաններում, այլեւ ՄԻԵԴ-ում:

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը միացավ այս միջնորդությանը՝ իր հերթին հիշեցնելով, որ Վահե Գրիգորյանը ՔՊ առաջին համարը հանդիսացող Նիկոլ Փաշինյանի հետ ժամանակին ունեցել է աշխատանքային եւ գուցե նաեւ մտերիմ հարաբերություններ:

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանն ըստ էության կանխեց այս հարցով արդեն անվերջ թվացող քննարկումը՝ հայտարարելով, որ այս փուլում միջնորդությունը ՍԴ-ի կողմից քննարկման առարկա չի կարող դառնալ:

«Սահմանադրական դատարանի մասին օրենքի համաձայն՝ այս հարցը քննվում է գործը վարույթ ընդունելու որոշման շրջանակներում: Այդ փուլը մենք արդեն անցել ենք: Ավելորդ ժամանակ ենք ծախսելու»,- հստակեցրեց Թովմասյանը:

Սրանով, Թովմասյանն ըստ էության «փրկեց» իրեն: Սա ավելի ակնհայտ դարձավ Վահե Գրիգորյանի խոսքից հետո:

Գրիգորյանը նշեց. «Դատարանի որոշելիքն է՝ այս հարցը քննարկել, թե ոչ: Ես ամբողջությամբ պատրաստ եմ իմ բացատրությունները ներկայացնել դրա վերաբերյալ, եթե դատարանը կորոշի, որ այս փուլում կարող է նման հարց քննարկել: Բնականաբար, դրան հետեւելու են նաեւ նույնաբովանդակ այլ հարցերի բարձրացում, այդ թվում նաեւ իմ կողմից»:

Այսպիսով Վահե Գրիգորյանն ըստ էության ակնարկեց, որ եթե իր մասնակցության հարցը քննարկման առարկա դառնա՝ ինքն էլ կարող է բարձրացնել ՍԴ մեկ այլ դատավորի մասնակցության հարց: Տվյալ դեպքում խոսքը հավանաբար Հրայր Թովմասյանի մասին էր, որը եղել է ՀՀԿ-ական պատգամավոր, պաշտոններ զբաղեցրել նախկին իշխանությունների օրոք: Իսկ տվյալ պարագայում ՍԴ դիմող կողմերից առնվազն երկուսում («Հայաստան» եւ «Պատիվ ունեմ») մեծ թիվ են կազմում նախկին իշխանության ներկայացուցիչները:

Այնուամենայնիվ, միջնորդության վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնեց նաեւ գործում որպես 3-րդ անձ ներգրավված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Ռուստամ Բադասյանը: Վահե Գրիգորյանի վերաբերյալ ներկայացված փաստարկները համարելով անհիմն՝ Բադասյանն ասաց.

«Փաստաբանի եւ վստահորդի նույնականացումը փաստաբանության վարքագծի կանոններով ասում է՝ չի կարելի նույնականացնել փաստաբանին եւ իր վստահորդին: Հետեւաբար բովանդակային առումով հիմքում ընդունելով այն հանգամանքը, որ ՍԴ դատավորներից որեւէ մեկը ներկայացրել է որեւէ անձի՝ չի կարող վկայել վերջինիս կանխակալ վերաբերմունքի մասին, այն էլ ոչ թե տվյալ անձի, այլ կուսակցության նկատմամբ, որի անդամ է տվյալ անձը»,- նկատեց Բադասյանը:

Դատավորներ Երվանդ Խուդկարյանը, Արթուր Վաղարշյանը, Արեւիկ Պետրոսյանը համաձայնեցին, որ տվյալ փուլում դատավորի մասնակցության հարց չի կարող քննարկվել: Ի վերջո, ՍԴ նախագահ Արման Դիլանյանն արձանագրեց՝ որոշում է կայացվում քննության առարկա չդարձնել Արա Զոհրաբյանի միջնորդությունը: 

Նպատակը՝ ցնցումներ

Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների բողոքարկման գործով նիստին զուգահեռ բողոքի ակցիա սկսվեց դատարանի բակում:

Բողոքի ակցիան նախաձեռնել էին «Հանուն Հանրապետության» կուսակցության ներկայացուցիչները:

«Այստեղ ենք, որովհետեւ կարծում ենք՝ ՍԴ ներկայացված դիմումներում անհեթեթ հիմնավորումներ կան։ Այս ՍԴ-ի հանդեպ չկա վստահություն, որովհետեւ այն արդեն մի անգամ Ռոբերտ Քոչարյանին ազատել է մարտի մեկի գործով պատասխանատվությունից»,- ՀՀ սահմանադրական դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար, պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Նրա խոսքով՝ եթե ՍԴ-ն անվավեր ճանաչի արտահերթ ընտրությունների արդյունքները, դա կլինի սահմանադրական կարգի տապալում․ «Ժողովրդի 54%-ի կամարտահայտության դեմ արտահայտվելը սահմանադրական կարգի տապալում է, ժողովրդավարության դեմ ոտնձգություն»,- ասաց Բաբաջանյանը՝ հավելելով, որ ՍԴ ներկայացված դիմումով նպատակ ունեն հավելյալ ցնցումներ եւ լարումներ առաջացնել երկրում։

Դատարանում

Կեսօրին Սահմանադրական դատարանում սկսվեց ընտրությունների արդյունքների բողոքարկման գործի բուն քննությունը: Գործով զեկուցող նշանակված Էդգար Շաթիրյանը ներկայացրեց աննախադեպ ծավալ ունեցող գործի մանրամասները՝ որքանով որ հասցրել էր ծանոթանալ եւ առանձնացնել էական հիմքերը:

«Հայաստան» դաշինքի դիմումի մասով ասաց, որ պահանջվում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, կամ` անվավեր ճանաչել արդյունքներն ու սահմանել մանդատների բաշխման կարգ կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ:

Որպես այդ պահանջի հիմնավորում, ըստ Շաթիրյանի, «Հայաստան» դաշինքն իր դիմումում նշել է մեծածավալ վարչական ռեսուրսի կիրառման, նախընտրական քարոզչության ընթացքում ընտրական գործընթացի հավասարության եւ ազատության սկզբունքները խաթարող ատելության խոսքի օգտագործման, դաշինքի անդամների նկատմամբ քրեական հետապնդման դեպքերի, 23 790 քաղաքացիների ոչ կենսաչափական անձնագրով քվեարկելու դեպքերի, զորամասում հաշվառված 10 հազարից ավելի անձանց քվեարկությունների մասին:

Ընտրությունների արդյունքների բողոքարկման դիմում ներկայացրած «Զարթոնք» կուսակցության մասով Շաթիրյանը տեղեկացրեց, որ պահանջը ընտրությունների արդյունքների անվավեր ճանաչումն է:

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունն էլ իր պահանջը հիմնավորել է ազատության եւ հավասարության խախտմամբ, ընտրողների կամքի վրա ազդեցություն գործադրելու հավանականությամբ, քվեարկության գաղտնիության խախտմամբ, ընտրողներին ուղղորդելով, պետական գործառույթների ու կուսակցական շահերի միախառնմամբ, ինչպես նաեւ Նիկոլ Փաշինյանի կողմից իբրեւ թե արված բռնությունների կոչերով ու հոգեբանական գրոհով:
«Հայոց հայրենիք» կուսակցության դիմումին անդրադառնալով Շաթիրյանը նշեց, որ ըստ այս ուժի ներկայցրած դիմումի՝ ընտրության գաղտնիությունն է խախտվել, հաշմանդամություն ունեցող ընտրական իրավունքն է խախտվել, չի պահպանվել օրենքով սահմանված քվեաթերթիկների ձեւը, վարչական ռեսուրսի տոտալ օգտագործում է եղել, քվեաթերթիկները չեն դրվել չհրկիզվող պահարանում, թափանցիկ ծրարներ են եղել, տպվող կտրոնների վրա լուսանկարների բացակայություն ու համատարած բաժանվող ընտրակաշառք է եղել:

«Պատիվ ունեմ» դաշինքի դիմումում ներկայացված հիմնավորումների մասին խոսելով զեկուցող դատավորն ասաց, որ շեշտվել են՝ ընտրության հավասար պայմանների խախտումները, նախընտրական քարոզչության ընթացքում թեկնածուների եւ կուսակցությունների համար լուսաբանման պայմանների խտրականությունը, ճնշումներն ու ձերբակալությունները:

Լսելով զեկուցողին՝ ՍԴ դատավոր Արեւիկ Պետրոսյանը արձանագրեց, որ աննախադեպ իրավիճակ է, որովհետեւ մինչ այդ երբեւէ նման քանակի դիմումներ ընտրությունների արդյունքների վերաբերյալ չեն քննել:

Շեշտելով, որ ստացված փաստաթղթերի ծավալն ահռելի է, Շաթիրյանից հետաքրքրվեց՝ հասցրե՞լ է ծանոթանալ ամբողջ ծավալին եւ առանձնացնել էական շեշտադրումները: «Սկզբունքորեն դեմ չեմ եղել սույն գործով մեկից ավելի զեկուցող նշանակելուն, ինքս առաջարկել եմ մեկ կամ երկու թեկնածություն քննարկել՝ առանց կոնկրետ անձի մատնանշելու, դատարանը որոշել է, որ գործով զեկուցողը մեկը պետք է լինի», - պատասխանեց Շաթիրյանը՝ հավելելով, որ իսկապես նյութերի ծավալն ահռելի է, անգամ այսօր առավոտյան մի քանի հարյուր էջ նոր նյութեր են մուտքագրվել:

Այնուհետեւ «բանավեճ» ծավալվեց, թե ինչքան ժամանակում հետազոտվեն գործի նյութերը, ով որքան ժամանակ խոսի: Դատարանը հեռացավ խորհրդակցության՝ այս հարցը որոշելու համար: Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ միջնորդում է որպես վկա դատարան հրավիրել Հանրապետության նախագահին:

Ըստ նրա՝ Հանրապետության նախագահը պետք է պարզաբանի, թե ինչ պարագայում, ինչ պայմաններում է որոշել ընտրությունները նշանակել հունիսի 20-ին՝ մի օր, որի մասին նախապես հայտարարել էր վարչապետը: ՍԴ դատավորի կարծիքով՝ հաշվի առնելով, որ վարչապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ընտրությունները կարող են նշանակվել ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 45 օր հետո, նախագահը ընտրության հնարավորություն ունեցել է:

Թովմասյանն ասաց, որ ընտրությունների արդյունքների բողոքարկման առնվազն 3 դիմումում այդ հարցը բարձրացված է: 

Այնուհետեւ Հրայր Թովմասյանը եւս երկու միջնորդություն ներկայացրեց:

2-րդ միջնորդությամբ նա առաջարկում էր որպես վկա ներգրավել Մարդու իրավունքների պաշտպանին, կամ նրանից տեղեկություն պահանջել ընտրական պրոցեսի ընթացքում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ:

3-րդ միջնորդությամբ Թովմասյանն առաջարկեց Դատական դեպարտամենտից տեղեկատվություն պահանջել այն մասին, թե ինչպես են դատարանները մեկնաբանել եւ կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 226.2. հոդվածում սահմանված «բռնություն գործադրելու հրապարակային կոչեր» եւ «բռնությունը հրապարակային քարոզել» բառերը: 

Դատավորները սկսեցին առանձին-առանձին կարծիք հայտնել այս միջնորդությունների վերաբերյալ:

Արեւիկ Պետրոսյանն ասաց, որ անհրաժեշտությունը կա թե' նախագահին, թե' ՄԻՊ-ին որպես վկա ներգրավել: Երվանդ Խունդկարյանը ՄԻՊ-ից տեղեկատվություն ստանալուն կողմ արտահայտվեց, իսկ նախագահին որպես վկա հրավիրելուն՝ դեմ: Վահե Գրիգորյանը հետաքրքրվեց, թե արդյոք Հրայր Թովմասյանի համար կա տարբերություն այդ հարցապնդման պատասխանը ստանալ որպես վկա, թե ուղղակի պաշտոնական հարցմամբ:

Թովմասյանն արձագանքեց`տեղեկատվություն ստանալու եւ որպես վկա հարցաքննելու կարգավիճակները միանգամայն տարբեր են: «Ես ցանկանում եմ, որ էստեղ հնչեցվի այդ հարցը, եւ նախագահը զգուշացվի կեղծ ցուցմունք տալու մասին, որպեսզի ընդհանրապես այդ հարցը փարատվի»,-ասաց Թովմասյանը: Վահե Գրիգորյանն արձագանքեց, որ նախագահի գալու անհրաժեշտությունը չի տեսնում, համաձայն կլիներ, որ նախագահի աշխատակազմից այդ տեղեկատվությունը հարցում անելով ստացվեր: Արթուր Վաղարշյանը եւս դեմ արտահայտվեց նախագահին որպես վկա հրավիրելուն, նա առաջարկեց այդ հարցն այժմ քննարկման առարկա չդարձնել, լսել համապատասխան դիմողի բացատրությունը, այնուհետեւ անդրադառնալ այդ հարցին:

ՍԴ նախագահ Արման Դիլանյանն առաջարկեց գործի դատաքննությունն ավարտել մինչ 18:00-ն, որից հետո խորհրդակցության ֆորմատով անդրադառնալ Հրայր Թովմասյանի միջնորդություններին: Հրայր Թովմասյանն ասաց, որ եթե հարցն անհապաղ քվեարկության չներկայացվի, ինչպես պահանջում է օրենքը, չի մասնակցելու խորհրդակցությանը: Բոլորի կարծիքը հարցնելուց հետո ՍԴ նախագահը հայտարարեց, որ հարցին կանդրադառնան խորհրդակցությամբ:

Աշխատանքային օրվա ավարտից շուրջ 1 ժամ առաջ սկսվեց բուն բողոքի քննությունը: «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանի ելույթ ունեցավ՝ ներկայացնելով ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ իրենց հիմքերը: Նա խոսեց վարչական ռեսուրսի չարաշահման մասին, անդրադարձավ Փաշինյանի հրաժարականից հետո ստեղծված իրավիճակին: Արձանագրելով, որ ապրիլի 25-ին հրաժարական տալով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակել է իր պարտականությունները կատարել, Վարդեւանյանը սա վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահում համարեց:

Խոսելով զինծառայողների քվեարկության մասին՝ դաշինքի ներկայացուցիչն ընդգծեց, որ վկայի կարգավիճակով պետք է հրավիրել ԶՈՒ ԳՇ պետին՝ պարզելու, թե արդյոք իսկապե՞ս 10 հազար 993 զինծառայող է մասնակցել քվեարկությանը:

Ելույթի կեից ՍԴ նախագահ Արման Դիլանյանը Վարդեւանյանից հետաքրքրվեց, թե դեռ որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ իրեն՝ զեկույցն ավարտելու համար: Վարդեւանյանը, որ շուրջ 1 ժամ արդեն զեկույցը ներկայացնում էր, տեղեկացրեց, որ 40 րոպե էլ անհրաժեշտ է: Որոշվեց այսօր ժամը 10:00-ին վերսկսել նիստը՝ լսելով Վարդեւանյանի ելույթի շարունակությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4227 դիտում

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ

Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս