Երևան
12 °C
Ռեժիսոր Կարեն Ներսիսյանը 2018 թվականի նոյեմբերից զբաղեցնում է Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը: Մինչ այս պաշտոնը զբաղեցնելու առաջարկն ստանալը Ներսիսյանը երկար տարիներ բնակվում էր Ռուսաստանի Դաշնությունում:
«Հայկական ժամանակ»-ը Կարեն Ներսիսյանի հետ զրուցել է իր պաշտոնավարման ժամանակահատվածում թատրոնում ծրագրված եւ իրականացված աշխատանքների, սպասումների, 25 տարի բացակայությունից հետո հայրենիք վերադառնալու եւ այստեղ հաստատվելու մասին:
- Պարոն Ներսիսյան, մոտ 5 տարի առաջ, երբ հրավերով եկաք Ռուսական թատրոն, որոշումը շատ հապճեպ էիք կայացրել, սակայն կարծես թե հաջողվել է ադապտանալ եւ մնալ:
- Այս 4,5 տարվա ընթացքում ես անգամ ժամանակ չեմ ունեցել՝ մտածելու՝ արդյոք ճի՞շտ էր գալու որոշումը, թե՞ սխալ: Ամեն ինչ տեղի ունեցավ շատ արագ. հենց եկա, միանգամից ընկղմվեցի աշխատանքի մեջ: Երբ դու աշխատում ես թատրոնում, ուղղակի չես կարող մտածել որոշակի ժամանակահատվածի համար պլաններ կազմելու եւ հեռանալու մասին, այդպես հնարավոր չէ: Եթե գեղարվեստական ղեկավար ես, աշխատում ես թատրոնում, ամբողջովին պետք է տրվես այդ գործին: Այստեղ ոտք դնելու օրվանից ուղղակի աշխատում եմ առանց մտածելու. թատրոնի ներքին կյանքն այնքան հագեցած է, որ այլ կերպ երեւի հնարավոր էլ չէ: Բացի այն, որ, որպես ռեժիսոր, բեմադրություններ եմ անում, նաեւ հետեւում եմ ու պատասխանատվություն կրում յուրաքանչյուր այն ներկայացման համար, որն այս թատրոնում է բեմադրվում:
Եթե դու գալիս ես թատրոն ու չես սիրահարվում թատրոնին, մարդկանց, որոնց հետ աշխատում ես, ապա անիմաստ է մնալը: Իսկ ես սիրահարված եմ: Պատրաստ եմ հազար անգամ կրկնել, որ երախտապարտ եմ ճակատագրին՝ հայրենիք վերադառնալու նման հնարավորության համար: Անկեղծ կլինեմ՝ նախկինում նման զգացողություններ չեմ ունեցել: Չափահաս դառնալուց հետո մեկնեցի ՌԴ, 20 եւ ավելի տարի գտնվելով տնից (նկատի ունի՝ Հայաստանը -հեղ.) հեռու՝ հարմարվել ու ապրում էի այլ կյանքով: Բայց երբ տեղի ունեցավ վերադարձ տուն, այս թատրոն, որտեղ իմ առաջին քայլերն եմ արել, սկսեցի ամենը սիրել ու գնահատել առավել, քան երբեւէ:
- Հիշում եմ, երբ նոր էիք նշանակվել, մեր առաջին հարցազրույցի ժամանակ խոսում էինք թատրոնի տեխնիկական վիճակի մասին, կատակով ասացիք, որ այդ հարցն անգամ քննարկելն է սարսափելի: Այս ժամանակահատվածում ի՞նչ էական փոփոխություններ են եղել տեխնիկական առումով եւ ոչ միայն:
- Ես չեմ կարող ասել, որ հիմա թատրոնը տեխնիկապես հագեցվածության տեսանկյունից իդեալական վիճակում է, բայց այն, որ բավականին մեծ փոփոխություններ ու ձեռքբերումներ են եղել, փաստ է: Թատրոնն արդեն հագեցած է նոր լուսային տեխնիկայով, ունենք հնարավորություն բարձր մակարդակի: Մենք շատ ենք ուզում, որ թարմացվեն նաեւ դահլիճի նստարանները, որովհետեւ այդ նստարաններն իմ տարիքի են, ինձնից էլ՝ մեծ, համենայն դեպս փոքր ժամանակ, երբ ներկայացում դիտելու էինք գալիս, նստում էինք այդ նստարաններին: Պարզ է, որ եթե ես ծերացել եմ, ուրեմն…
Ընդհանուր դահլիճն էլ, մնացած հատվածներն էլ միշտ թարմացվելու կարիք ունեն, դա կարեւոր է, բայց ամենակարեւորը չէ: Ավելի կարեւոր է ներքին, դերասանական էներգետիկան, բայց եթե այն նաեւ փոխլրացվում է տեխնիկական հագեցվածությամբ, հիասքանչ է: Իհարկե, կոռեկտ չի լինի, եթե ես սկսեմ գովել մեր ստեղծագործական ձեռքբերումները, բայց պետք է շեշտեմ, որ դրանք կան ու ակնառու են: Վերջին 4 տարվա ընթացքում 20-ից ավելի նոր ներկայացում ենք բեմադրել: Թատրոնն այսրոպեական մի բան է, դրա համար ես չեմ ուզենա առանձնապես շատ խոսել նախկինում ունեցածի կամ ապագայում սպասվելիքի մասին:
- Երկար տարիներ Հայաստանում չէիք եւ եկաք ամենաբուռն ու դրական լիցքերով ժամանակաշրջանում՝ 2018-ի հեղափոխությունից ընդամենը ամիսներ անց: Կարճ ժամանակ անց լրիվ այլ ընթացք ունեցավ ամեն ինչ. իրար հաջորդեցին բացասական իրադարձություններ՝ համավարակ, պատերազմ եւ այլն: Կցանկանայի խոսեինք այդ ընթացքը հաղթահարելու, Ձեր մոտեցման, ստեղծագործական աշխատանքների վրա դրանց ազդեցության մասին:
- Ձեզ մի գաղտնիք եմ ուզում բացել. երբ սկսվեց կորոնավիրուսը, ու համատարած կարանտին հայտարարվեց, բոլորը տանը նստած էին, մենք թաքուն թատրոն էինք գալիս, մեզ մոտ երբեք չփակվեցին թատրոնի դռները: Մի որոշ ժամանակ դրսում էինք ներկայացումներ բեմադրում, որպեսզի մի քանի հոգով միեւնույն ժամանակ չգտնվեինք փակ տարածության մեջ: Այդ ժամանակ ես շատ պատահական հիշեցի Դոն Նիգրոյի 11 նովելներից բաղկացած «Люди. Звери. Обстоятельства.» հրաշալի գործը, ներառեցի դրանում մեր դերասաններին, եւ մոնոներկայացում բեմադրեցինք: Յուրաքանչյուր նովելը ներկայացնելու համար ընդգրկված էին մեկ կամ երկու դերասան: Եվ հենց թույլ տվեցին ներկայացումներ խաղալ, մենք արդեն ունեինք պատրաստի բեմադրություն եւ Երեւանում առաջինն էինք, որ վերաբացվելուց անմիջապես հետո պրեմիերայով հանդես եկանք: Թատրոնը երբեք եւ ոչ մի պարագայում չպետք է դադարի աշխատել:
- Իսկ 44-օրյա պատերազմի օրերին եւ հետո՞:
- Ինձ ապշեցրել էր այն սարսափելի գիշերվանից (նոյեմբերի 9) հետո տեղի ունեցածը: Պարզ է, որ այդ գիշեր ոչ ոք չէր քնել, իսկ առավոտյան ժամը 11-ին փորձ էր պլանավորված թատրոնում: Մտածեցի, որ հավանական է՝ ոչ ոք էլ չցանկանա գալ, բայց, որպես ռեժիսոր, գեղարվեստական ղեկավար, պարտավոր էի լինել թատրոնում: Առավոտյան գնացի, ու բոլոր դերասանները եկել էին, թատրոնում էին անգամ նրանք, ովքեր այդ օրը զբաղվածություն չունեին: Լիարժեք փորձ չարեցինք. ծխում էինք, լռում, հետո՝ սուրճ խմում, խոսում էինք, հետո՝ լռում ու ծխում: Բոլորին միավորում էր մեկ բան՝ թատրոնը: Այդ օրն առավել քան մենք միասին էինք շնչում, միասին էլ ապրեցինք: Ինչն ինձ այդ օրը զարմացրել էր, ես հետո հասկացա, որ նորմալ երեւույթ է, քանի որ դա պաշտպանական ռեակցիա է. մենք թատրոնում էինք, որպեսզի չխելագարվենք: Եվ ես համաձայն չեմ այն արտահայտության հետ, երբ ասում են՝ «Когда говорят пушки, музы молчат». ինչ-որ առումով երեւի հակառակն է:
- Այժմ ՌԴ-ում էլ է իրավիճակը պատերազմական: Այս ընթացքում եղե՞լ է, որ մտածեք, թե ինչ կանեիք, եթե 2018 թվականի հրավերը եղած չլիներ, ու Դուք Հայաստան վերադարձած չլինեիք:
- 25 տարի ես Մոսկվայում ռեժիսոր էի, երբ վերադարձա, բնականաբար, չէի կարող միանգամից խզել բոլոր կապերն այնտեղի հետ: Այս ընթացքում մեր թատրոնի բուռն գործունեության հետ համատեղ նաեւ բեմադրություններ եմ արել Վլադիվոստոկում, Չելյաբինսկում, Վոլգոգրադում, Մոսկվայում… եւ հիմա էլ Ռուսաստանի տարբեր քաղաքներից մի քանի առաջարկ ունեմ: Մոսկվայից մեր թատրոն է եկել ու աշխատում երեք դերասան, ձայնային ռեժիսոր, նկարիչ: Եվ շատ-շատերն են մեզ դիմում համատեղ աշխատելու առաջարկով: Հայտնի իրադարձություններով պայմանավորված՝ վերջին մեկ տարում մեր հանդիսատեսի գրեթե 70 տոկոսը ռուսներն են: Եթե այն ժամանակ միայն պրեմիերաներին էր լեփ-լեցուն դահլիճը, այժմ յուրաքանչյուր ներկայացման ժամանակ է այդպես:
Երբ դերասանները խաղում են բոլորովին այլ հանդիսատեսի համար ու ստանում այլ էներգետիկա, թատրոնը դրանից նոր միս ու արյուն է ստանում, թարմանում: Նոր հանդիսատեսի հետ տվյալ ներկայացումը երկրորդ, երրորդ կյանք է ստանում, եւ հենց դա է պատճառը, որ, չնայած հոգնածություններին ու բազում անհարմարություններին, մենք միշտ ձգտում ենք հյուրախաղերի մեկնել, որովհետեւ դա էներգիայի մի այլ աղբյուր է:
- Երբ նոր էիք եկել, ասում էիք՝ դեռ պետք է հասցնեք ուսումնասիրել դերասաններին, ամեն մեկին յուրովի ճանաչել: Դերասանների հետ համագործակցությունը ստացվել է: Հետաքրքիր է, իսկ հայաստանյան հանդիսատեսին հասցրե՞լ եք ճանաչել:
- Մեր հանդիսատեսի հետ կապված բազմաթիվ հումորային պատմություններ ենք ունենում: Չեմ կարող չասել, որ աշխարհի ամենապոզիտիվ հանդիսատեսն ունենք: Մարդիկ, որոնք, իմանալով, որ ներկայացումը սկսվում է ժամը 19:00-ին, գալիս են 19:30-ին, երբեմն՝ 19:40-ին, արդեն չլսված է: Երբեմն ինձ զանգահարում են, ասում՝ երեկոյան 7-ին ի՞նչ ներկայացում ունեք, ենթադրենք, ասում եմ՝ Խանուման է, հարցնում են՝ իսկ 8-ի՞ն, ասում եմ՝ նույնի շարունակությունը (ծիծաղում է):
Ցավոք սրտի 1990-ականներից մնացած որոշ սովորույթներ մեր հանդիսատեսի մոտ այսպես էլ չի վերացել, որից մեկը նաեւ վերարկուները հանելու կուլտուրայի բացակայությունն է: Հաճախ ուշացած գալիս են թաց վերարկուով, մեծ գլխարկով նստում բավականին տաք ու հարմարավետ դահլիճում: Հետո ներկայացման կեսից սկսում են շոգել ու հանել, կողքիններին անհանգստացնելով՝ փորձում այդ թաց վերարկուն տեղավորել նստարանների արանքում: Հաճախ ինքս էլ եմ դահլիճով շրջում ու նախքան ներկայացումը մեր հյուրերի հետ զրուցում, ասում՝ գիտեք, մեր դահլիճը ջեռուցվում է, ունենք բավականին հարմարավետ հանդերձասրահ, կարելի է վերարկուն թողնել այնտեղ եւ այլն: Սրանք նրբություններ են, որոնցից էլ ձեւավորում է թատրոնի մշակույթը:
Մեր հայ հանդիսատեսը նաեւ մի առանձնահատկություն ունի. կարող է շատ էմոցիոնալ մտնել ներկայացման մեջ ու հենց դահլիճում բարձր քննարկել ու վերլուծել իրադարձությունը: Դու տեսնում ես, որ մարդը հատուկ չի անում, այլ պարզապես էմոցիաների տարափ է նրա մոտ: Բայց մի շատ հաճելի բան եմ նկատել՝ մեր հանդիսատեսը առավել ձգտում է գալ լուրջ, խորհելու ու մտորումների տեղիք տվող գործեր նայելու: Այն, որ հայ հանդիսատեսը թատրոնում ուզում է մշակույթ տեսնել, անքննելի է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT