Գագիկ Ծառուկյանի եւ պատգամավորների միջեւ ռազբորկաներ են լինելու՝ գումարի շուրջ. քաղաքագետ

Վերջին երկու օրերին «Ծառուկյան դաշինք»-ի շուրջ տեղի ունեցած իրադարձություններից հետո հետաքրքիր է, թե ինչպես են «Ծառուկյանին դեմ գնացած» պատգամավորները աշխատելու նույն խմբակցությունում:

ՀՀ օրենսդրությունը նրանց խմբակցությունից դուրս գալու հնարավորություն տալիս է, բայց դրա հետ մեկտեղ զրկում է բազմաթիվ այլ հնարավորություններից: Բայց արդյո՞ք նրանք կգնան հարաբերությունների այդպիսի սրման, թե՞ ամեն ինչ կավարտվի բարեհաջող: Այս մասին է մեր զրույցը քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանի հետ.

- Պարոն Բաղդասարյան, «Ծառուկյան» դաշինքում ստեղծված իրավիճակն ինչպե՞ս կավարտվի:

- Չեմ կարծում, որ ինչ-որ պառակտում կլինի: Հիմա որոշակի լարվածություն կա Գագիկ Ծառուկյանի եւ նրանց միջեւ, ովքեր հայտարարեցին, որ չեն հրաժարվի մանդատից: Լարվածությունը կանցնի, կգնան Ազգային ժողով, այնտեղ հարաբերությունները կամաց-կամաց կկարգավորվեն:

- Այսինքն՝ այն պատգամավորները, որ այս «կռվի» արդյունքում այնուամենայնիվ ստացան մանդատներ՝ «չե՞ն հետապնդվի» Ծառուկյանի կողմից կամ դեմ չե՞ն գնա խմբակցության որոշումներին:

- Չէ չէ, չէ, ես կարծում եմ, որ այդտեղ որեւէ խնդիր չի լինի: Հայերեն ասած՝ ռազբորկաներ են լինելու, որը հաջող ելք կունենա: Լարվածության աճ չի լինի, իրար կհասկանան:

- Չհամաձայնեցված ինքնաբացարկների երեւույթը ինչի՞ հետեւանք էր: Մամուլում վերլուծություններ կային, որ պատգամավորների ընդվզման ետեւում տարբեր մարդիկ կարող են լինել՝ «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանից սկսած մինչեւ Սերժ Սարգսյան:

- Ես չեմ կարծում, թե այստեղ դավադրություն է պետք փնտրել: Այս ամենի պատճառն այն էր, որ Հայաստանում, ցավոք սրտի, զանգվածաբար ընտրակաշառք է բաժանվել: Այսինքն՝ պատգամավորական մանդատը ընկալվել է որպես ապրանք, իսկ եթե ընկալվում է որպես ապրանք, բնականաբար ապրանքի տերը նա է, ով վճարում է դրա համար: Դրա համար ղեկավարները համարում են, որ քանի որ փողը իրենք են տվել, մանդատն էլ որպես ապրանք իրենց է պատկանում եւ իրենք պետք է որոշեն՝ ում տան: Իրենց մեջ որոշ պայմանավորվածություններ եղել են, հետագայում խախտվել են: Այսինքն, եթե այդ խմորումները շարունակվեն՝ դրանք քաղաքական չեն լինելու, դրանք ընդամենը գումարի շուրջ են լինելու, որ այ քո մանդատի վրա այսքան գումար էի նեդրել, դե հիմա հետ տուր, եթե վերցնում ես մանդատը: Նման կարգի խոսակցություններ են լինելու, որոնք բացարձակ քաղաքական չեն: Եվ ընդհանրապես, այս ամենի մեջ քաղաքական բաղադրիչը շատ քիչ է, հետեւաբար նաեւ պետք չի այստեղ ենթատեքստեր տեսնել, թե որ կենտրոնից էր կազմակերպված, ում ականջներն են երեւում...

- Գագիկ Ծառուկյանն, ըստ ձեզ, չէ՞ր հաշվարկել, որ երբ որ միայնակ որոշում է, թե ով հրաժարվի մանդատից, ով՝ ոչ, էսպիսի իրավիճակ է առաջանալու:

- Ես կարծում եմ, որ Ծառուկյանի եւ բոլոր թեկնածուների միջեւ նախօրոք ինչ-որ պայմանավորվածություններ են եղել, եւ հետագայում այդ պայմանավորվածությունը կողմերից մեկը խախտել է: Ես չեմ կարող ասել, թե որ կողմն է խախտել, բայց հակառակ պարագայում այսպիսի առճակատում չէր լինի:

- Պարոն Բաղդասարյան, ինչպե՞ս եք վերաբերում դիմումների երեւույթին: Փաստորեն ապացուցվեց այն, ինչի մասին երկար ժամանակ խոսվում էր, բայց փաստ չկար. Հայաստանում պատգամավորի թեկնածուները մինչեւ ընտրությունները ինքնաբացարկի դիմումներ են գրում: Սա պետք է անհետեւա՞նք մնա:

- Դա նորություն չի, առաջ էլ հայտնի էր, որ կա նման բան: Դեռ ընտրությունից առաջ էլ հայտնի էր, որ բոլորը, ովքեր առաջադրվում են, մեկ դիմում էլ տալիս են՝ ինքնաբացարկի: Նոտարը, որ Հովիկ Աբրահամյանի դուստրն է, ասել էր, որ վավերացրել է ընդամենը ստորագրությունների իսկությունը, այսինքն՝ դատարկ բլանկ է վավերացրել:

- Դա նորմա՞լ է:

- Ես իրավական տեսանկյունից չեմ կարող գնահատական տալ, չգիտեմ՝ դա օրենքի խախտո՞ւմ է, թե՞ ոչ, բայց քաղաքական տեսանկյունից դա, բնականաբար, նորմալ չի: Այսինքն, եթե Հայաստանում նորմալ ընտրություններ լինեին՝ առանց ընտրակաշառքի, էսպիսի հարց չէր առաջանա: Ամեն մեկը կասեր, որ ինքը վաստակել է իր մանդատը իր քարոզչությամբ:

- Թեեւ դուք նշեցիք, որ այստեղ որեւէ մեկի ականջները չկան, սա չէ՞ր կարող ձեռնտու լինել ՀՀԿ-ին, Սերժ Սարգսյանին, այն իմաստով, որ ապագա ընդդիմադիր խմբակցությունում պառակտում կլինի:

- Ես չեմ կարծում, որ ՀՀԿ-ն դրա կարիքը ուներ: ՀՀԿ-ն արդեն իսկ ուներ կայուն մեծամասնություն, այնպես էլ չի, որ ԲՀԿ-ն ընդդիմության դիրքերից էր հանդես գալիս, գումարած ՀՅԴ-ի ակնհայտ իշխանական մանդատները: Այսինքն՝ ՀՀԿ-ն այդպիսի խնդիր չուներ, դրա համար նպատակահարմարությունը չեմ տեսնում:

- Բայց ՀՅԴ-ի հետ կոալիցիան դեռ չկա:

- Անկախ նրանից Դաշնակցությունը կոալիցիա կկազմի,չի կազմի, ակնհայտ է, որ իշխանության համար վճռական պահերին Դաշնակցությունը կանգնելու է իշխանության կողքին:

Հիշեցնենք, որ նախորդ գումարման խորհրդարանում Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալուց հետո ԲՀԿ խմբակցությունը պառակտվեց: Դրանով էր պայմանավորված, որ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ նույնիսկ առաջարկում էր մանդատից զրկել խմբակցությունը լքած պատգամավորներին: Հետո, երբ հայտարարվեց, որ դա հակասահմանադրական քայլ կլինի, քանի որ պատգամավորին ժողովուրդն է ընտրում, նա այսպիսի առաջարկներ էր անում. «Բայց պե՞տք է այդ պատգամավորը (խմբակցությունը լքած) շարունակի օգտվել խմբակցության բոլոր լիազորություններից, աջուձախ հարցազրույցներ տա՝ վարկաբեկելով տվյալ խմբակցությանը»:

Տպել
4621 դիտում

Հրապարակվել է «Լավ երկրների» վարկանշային աղյուսակը. Հայաստանը բարելավել է դիրքերը, հայտնվել 45-րդ տեղում

Քոչարյանի իշխանավարման տարիներին սպառողների համար գազի գինն աճել է մոտ 2.5 անգամ. Հայկ Գեւորգյան

Վարչապետը շարունակում է հանդիպումները Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակում (լուսանկարներ)

ՊԵԿ-ը հերքում է. նման պարգևատրումներ գոյություն չունեն

Ինքնախրախուսվել է նաեւ Շիրակի մարզպետը. փոխմարզպետները եւս դրամական պարգեւներ են ստացել

Էլեկտրահարման եղանակով Արփա գետից որսացել են ձկներ, պահել գետի ափին ու բռնվել

Արայիկ Հարությունյանն ԱՄՆ է գնացել հրավիրող կողմի հաշվին

Բակո Սահակյանը ողջունել է Արցախում ՀՅԴ Ընդհանուր ժողովի անցկացումը

Սերժ Սարգսյանն այսօր պարգեւատրել է չեմպիոնների

Վանաձորցիները սպասում են ԱԺ պատգամավորի թեկնածուների «բարի կամքի դրսեւորմանը»

Արտաշատում հատուկ նշանակայինների մասնակցությամբ միջոցառումներ են տեղի ունեցել (տեսանյութ)

Շուկայում փոփոխություններ են տեղի ունեցել, ներմուծող տնտեսվարողների քանակն է ավելացել. Շաբոյանը բենզինի գնի անկման մասին

Չեխիան ստացել է Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին Հայաստանի հայցը

Հայտարարություն մրցույթի մասին

ՀՀԿ-ական քաղաքապետերը նույնպես շարժվել են իրենք իրենց պարգեւատրելու իներցիայով

Ամփոփիչ խորհրդակցություն ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը այսօր պարգեւատրել է չեմպիոնների

Դարձել եք ազատ, արդար ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանի ղեկավար. Սվիտալսկին՝ Միրզոյանին

Շտապ օգնության կանչերը շուտով կսպասարկվեն նաեւ թեթեւ մարդատար ավտոմեքենաներով

Աշոցքի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում