Իրարանցում եւ անօրինականություններ Թերլեմեզյան քոլեջում. ուսանողները բարձրաձայնում են

Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի մի խումբ ուսանողներ եւ դասախոսներ բողոքում են քոլեջում տիրող անառողջ մթնոլորտից: Բազմաթիվ ուսանողների զայրույթի պատճառ են դարձել հաստատությունում առկա ոչ օբյեկտիվ մոտեցումները, կապված՝ գնահատման, անարդյունավետ դասապրոցեսի ու բազմաթիվ այլ անօրինական քայլերի հետ:

ՀԺ-ի հետ զրույցում ուսանողները, որոնց մի մասը «Թերլեմեզյան ռեստարտ»- ի անդամ են, կիսվեցին իրենց մտահոգություններով ու բողոքներով: «Թերլեմեզյան ռեստարտ» խումբը ձեւավորվել է ուսանողների կողմից, որոնք տարբեր խնդիրներ են բարձրաձայնում, փորձում լուծում գտնել:

«Այսօր մենք խոսում ենք քոլեջում առկա խնդիրների մասին, ոչ թե տնօրենին հանելու, չնայած տնօրենին հանելու մասին 5 տարի առաջ է խոսվել, իր դեմ ուղղված շարժում էլ է եղել: Նա իր ամուսնու ժառանգն է, մասնագիտությամբ նկարիչ չէ, արվեստի հետ որեւէ կապ չունի: Օրենքով նախատեսված հինգ տարվա աշխատանքային փորձի մասին կետը հաշվի չեն առել, հանել են, եւ նա դարձել է մեր տնօրենը, բայց սա արդեն հնացած հարց է, այժմ մեր պայքարը համակարգի դեմ է»,- ասացին ուսանողները:

«Թերլեմեզյան ռեստարտ»-ի նախաձեռնողներից՝ գեղանկարչության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող Արթուր Ավագյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ քոլեջում բազմաթիվ խնդիրներ կան: Ես չեմ կարող ասել՝ վախի մթնոլորտ է, թե պատասխանատվությունից խուսափելու ձեւ՝ դասախոսներից շատերը, որոնք մեզ հետ համաձայն են, այս պահին բացառապես լոյալ են: Իրենք գալիս, մեզ ասում են՝ երեխեք ջան, կան խնդիրներ, բայց մենք չենք կարող բարձրաձայնել, դուք բարձրաձայնեք: Հարցը կա, բայց իրենք պատրաստակամ չեն բարձրաձայնելու, որովհետեւ վախենում են»,- ասաց Արթուր Ավագյանը:

Թերլեմեզյանի ուսանողներն առանձնացնում են բողոքի մի շարք կետեր. դրանք են՝ զուգարանի թղթի հարցը, դիպլոմային աշխատանքների նկատմամբ անփույթ վերաբերմունքն ու հասցեատերերին չտալը, գումարի դիմաց բացակայություններ ջնջելը, գումարով դիպլոմ տրամադրելն ու այլ հարցեր: Ուսանողները նշում են, որ քոլեջի զուգարանը վատագույն կոմունալ պայմաններ ունի, զուգարանի թուղթ չկա, էլ չեն խոսում օճառի, չորացնող սարքի եւ այլնի մասին:

«Մենք այս հարցով քոլեջի ուսխորհրդին էլ ենք դիմել, մեզ պատասխանեցին, որ գումար են հավաքել այդ հարցի կարգավորման համար, մի տարի առաջ հավաքել են գումարն ու չեն ծախսել եւ իբր պետք է հետ վերադարձնեն քոլեջին: Արթուր Ավագյանը նշում է, որ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի սաներից մի քանիսն աջակցել են իրենց եւ դեռ նախորդ տարի զուգարանի թղթի ակցիա են իրականացրել, Կոմիտասի երգերի ներքո զուգարանի թուղթ են հավաքել: «Մեր տնօրենը, շրջանցելով խնդիրը, մեզ ասում է՝ սա միա՞կ ողբերգությունն է: Չեք ամաչում 95-ամյա քոլեջում զուգարանի թղթի ակցիա եք իրականացնում»,- պատմեց ուսանողը:

Զուգարանի թուղթ չունենալը քոլեջի տնօրեն Աննա Մնացականյանը հետեւյալ կերպ է մեկնաբանել. «Զուգարանի թուղթն ընկել է զուգարանակոնքի մեջ եւ խցանում առաջացրել»: Եվ սկզբունքորեն որոշել են հանել ու այլեւս երբեք չդնել:

«Խնդիրներից մեկն է գույքի հարցը, երեխաներին անհրաժեշտ է մոլբերտ, տումբա, աթոռներ: Մոլբերտ բոլորին չի հասնում, ենթադրենք, 25 հոգանոց կուրսում կարող է 15 հոգու հասնել, մնացածին՝ ոչ: Ով ավելի ժիր է գտնվել, կարողացել է շուտ հասնել ու ձեռք բերել»,- ասացին ուսանողները: Մեր հարցին, թե ինչպես է որոշվում, թե մոլբերտ ում է հասնելու, իսկ ում՝ ոչ, ուսանողներն ասացին. «Ով առաջինը եկավ, ինքն էլ կվերցնի»:

Կոտրված գույքի համար էլ են ուսանողներն ակցիա իրականացրել, ասել են, որ պատրաստ են իրենց կոտրածը իրենք էլ սարքել, սակայն քոլեջում նրանց թույլ չեն տվել գույքը դուրս հանել, որպեսզի սարքեն եւ ոչ էլ իրենք են որեւէ միջոց ձեռնարկել, որ սարքվի: Ուսանողները տնօրեն Աննա Մնացականյանի հետ քննարկել են իր եւ մի շարք այլ դասախոսների՝ հաստատությունում ծխելու հարցը, վերջինս պատասխանել է՝ որպեսզի հանրային ձեւով չծխեն, պետք է քիչ ուսանողներ ընդունեն, որ դրա հաշվին գոնե մեկ լսարան ազատվի, ազատ տարածք ունենան ու ծխեն:

Այս եւ նմանատիպ խնդիրներից զատ ուսանողներն ասում են, որ տարիներ առաջ ահազանգ էին ստացել, որ քոլեջում գործում է կահույքի արհեստանոց: Պահակներին դիմել են, որպեսզի բացեն գրեթե միշտ զգուշավորությամբ փակվող սենյակը: «Աննա Մնացականյանն ասում է, որ Թերլեմեզյանի քոլեջը մի տեղ է, որտեղ ցանկացած ուսանող ազատ է, բայց մեր առաջ փաստացի դուռ են փակում: Մեր դեմ փակվեց դուռ եւ մեզ արգելեցին մտնել այդտեղ: Ավելի ուշ պարզեցինք, որ տարածքը գույքի վերանորոգման տարածք է, հենց քոլեջի ներսում»,- պատմեցին ուսանողները:

Տնօրենն ավելի ուշ հայտարարել է, որ այդտեղ կա Բոստոնից բերված խոհանոցի կահույք, որը իր ընկերուհին է տվել եւ հիմա դա իրենք պահում են, մաս-մաս փայտից օգտագործում: Ուսանողներին քոլեջի աշխատակիցներն ասել են, որ մոլբերտներն, աթոռներն այդտեղ են սարքվում, մինչդեռ նրանք վստահեցնում են, որ տարիներով դրանք չի սարքվում:

Ավելի ուշ, երբ որոշներին հաջողվել է մտնել «արգելված» տարածք, տեսել են, որ դա ամենեւին էլ պատրաստի կահույք չէ, այլ նոր սարքվող կահույք: Ոստիկանություն են դիմել: Շենգավիթի քննչականում այս պահին էլ հետաքննություն է իրականացվում: «Կապ չունի, թե ինչ հարց ենք մենք բարձրացնում, իրենք փորձում են ցույց տալ, որ ամեն ինչ շատ լավ է քոլեջում, ուղղակի մարդիկ կան, որոնք երկար տարիներ Թերլեմեզյանում են աշխատում, չեն ուզում, որ իրենց քոլեջի չակերտավոր սիրուն անունը հանկարծ պախարակվի»,- ասում են նրանք:

Թերլեմեզյանն ունի մոտ 770 ուսանող, ուսման վարձը 230 հազար դրամ է: Ուսանողներն ասում են, որ քիչ չեն այն մարդիկ, որոնք գումար են տվել ընդունվելու համար եւ գումար են տալիս դիպլոմային աշխատանքների համար, սակայն սա հարցի մի կողմն է: Կան ոչ մասնագիտական դասաժամեր, որոնք, սակայն չեն կայանում:

Մարդիկ աշխատավարձ են ստանում, սակայն դասապրոցես չի ընթանում. «Օր կա, որ մասնագիտական մեկ առարկա ենք ունենում, իսկ մնացած առարկաները՝ ոչ մասնագիտական, ստացվում է՝ գումար ենք վճարում, սակայն կրթություն չենք ստանում»,- ասացին ուսանողները: Նրանց վստահեցմամբ՝ քոլեջում քիչ չեն նաեւ դասերից բացակայող, գումարի դիմաց ներկա ստացող, ապա նաեւ գումարով դիպլոմ ստացողները:

«Դիզայնի կուրսում երեխեքը բացականեր չեն ստանում, իսկ ավարտական կուրսում արդեն, ովքեր աշխատանք չեն արել, վճարում են 100 հազար դրամ, իրենց փոխարեն մեկ այլ աշխատանք են ներկայացնում եւ դիպլոմ ստանում»,-պատմեցին նրանք: Վստահեցրեցին, որ կոռուպցիոն չարաշահումների հետեւում են կանգնած նաեւ երեք փոխտնօրենները՝ Նարեկ Գասպարյանը, Աշոտ Մարտիրոսյանը եւ Արեւիկ Սարգսյանը:

«Փոխտնօրեններից Աշոտ Մարտիրոսյանը մեղադրվել է ընդունելության ժամանակ գումար շորթելու մեջ: Մենք Աշոտ Մարտիրոսյանին ասել ենք, որ եթե կարողանաք ապացուցել իր արածները, ապա վատ հետեւանքներ կլինի: Ավելի ուշ նա մեզ հետ հանդիպեց եւ ասաց՝ Արթուր ջան, շատ հնարավոր է, որ մութ ու ցուրտ տարիներին ես ձուկ եմ գողացել, հիմա ինչ՝ գնամ երեխեքին ասեմ, որ ձո՞ւկ եմ գողացել: Ես էլ ասում եմ, որ եթե նման բան եղել է մութ ու ցուրտ տարիներին, այդ ժամանակ կատարել է հանցագործություն, ապա ոչ ոք չի կարող երաշխավորել, որ վաղը երկրի վիճակը վատ չի լինի կամ մեր փոխտնօրենը նույն բանը չի կրկնի»,-ասաց Արթուր Ավագյանը:

Թերլեմեզյանի ուսանողները դիպլոմային աշխատանքն իրականացնելու համար բավականաչափ գումար են ծախսում, կտավ, յուղաներկ եւ այլ աշխատանքային պարագաներ գնում, սակայն աշխատանքը համարվում է քոլեջի սեփականություն եւ հետագայում օգտագործվում տարբեր նպատակների համար:

«Երբ մենք այս հարցերը բարձրացրեցինք, ասեցին, որ աշխատանքները 95–ամյա ավանդույթ են, ոչ թե իրավական ինչ-որ կարգավորում: Գոբելենի եւ այլ լավ աշխատանքներ կային, գնացինք, տեսանք՝ այդ աշխատանքները չկային, միայն դատարկ տախտակներ ու պիտակը, որ այդ մարդունն է»,- ասացին ուսանողները՝ նշելով, որ այդ աշխատանքներն, ամենայն հավանականությամբ, վաճառվում են:

Ուսանողների բողոքի եւ քոլեջում առկա կոռուպցիոն ու տարբեր ապօրինի քայլերի մասին խոսեցինք Թերլեմեզյանի անվան քոլեջի տնօրեն Աննա Մնացականյանի հետ: Տնօրենն արդեն տեղյակ էր, որ ուսանողները բողոքում են եւ տարբեր միջոցառումներ են իրականացնում ընդդեմ քոլեջում տիրող համակարգի: Տնօրենն առաջնային համարեց խոսել քոլեջի գույքի խնդրի, ապա մնացած խնդիրների ու բողոք–պահանջների մասին:

«2007 թվականից վերանորոգված շենք ենք տեղափոխվել, այստեղ կան բարեկեցիկ պայմաններ, անշուշտ, ունենք գույքի խնդիր, որն առկա է յուրաքանչյուր ուսումնական հաստատությունում՝ առավել եւս այնտեղ, որտեղ նկարիչներ են: Մոլբերտը թանկ հաճույք է, որովհետեւ ամեն օր օգտագործվում է»,- ասաց Աննա Մնացականյանը:

Վերջինս, քաջատեղյակ լինելով «Թերլեմեզյան ռեստարտի»-ի բողոքի ակցիաներից, ասաց, որ նրանք իրենց բողոքը սկսել են զուգարանի թղթերից, բերել են, ցուցասրահի առաջ շարել զուգարանի թղթեր եւ Կոմիտաս նվագել դրանց վրա, սակայն զուգարանի թղթի հարցն այդպես էլ չի լուծվել:

Մեր դիտարկմանը, թե քոլեջում սանիտարահիգիենիկ նվազագույն պայմաններ չկան, Աննա Մնացականյանն ասաց. «Եթե համեմատում ենք Մարիոտ հյուրանոցի հետ՝ միգուցե չկան, իսկ եթե համեմատում ենք մնացյալ քոլեջների եւ ուսումնարանների հետ, ապա լավագույնն է»: Հայտարարեց, որ զուգարանի թուղթը հինգ րոպե հետո չեզոքանում է, նետվում անցքը եւ առաջացնում խցանում, ունենում են խնդիրներ:

«Հետեւանքներն ավելի թանկ արժեն, քան զուգարանի թուղթը, դրա համար որոշվեց զուգարանի թուղթ չգնել, շատ քիչ ենք ձեռք բերում, գնում ենք, եթե հյուրեր ենք ունենում»,-ասաց նա:

Աննա Մնացականյանն անդրադարձավ նաեւ 2012 թվականից Շենգավիթի քննչականում իր դեմ ներկայացված երկու բողոքներին, որոնցից մեկը քոլեջի ներսում կարի արտադրամասի առկայությունն է, երկրորդը, որն առաջ է եկել ավելի ուշ՝ վերաբերվում է դիպլոմային աշխատանքներին, ուսանողները պահանջում են իրենց ավարտական աշխատանքները:

«Ես չեմ այդ ավանդույթը ստեղծողը, ես ժառանգորդն եմ, ընդամենը փորձել եմ այդ ավանդույթը պահպանել: Մինչ այս որեւէ խնդիր չի եղել, եղել է, որ պահանջել են իրենց աշխատանքները, գնացել ենք կոմպրոմիսի, բողոքավոր երեխա դիպլոմային աշխատանքի հետ կապված դեռ չեր եղել, որեւէ մեկը իրավապահ մարմիններին մինչ այս չէր դիմել»,-ասաց տնօրենը:

Մեր հարցին՝ եթե ուսանողները դիմեն իրեն ու պահանջեն իրենց աշխատանքները, պատրա՞ստ է քննարկել եւ տրամադրել իրենց, Աննա Մնացականյանն ասաց՝ քանի որ նման խնդիր չի առաջացել, այդ ուղղությամբ չի հասցրել մտածել: Աշխատանքներից շատերն արդեն հաշվառել է եւ համապատասխան ձեւով դուրս գրել: Մի մասն էլ նվիրաբերել են Չայկովսկու դպրոցին, Մոնթե Մելքոնյանին, մանկատան երեխաներին:

«Դիպլոմային աշխատանքը սովորող երեխայի լավագույն աշխատանքն է, այն դառնում է հոգեբանորեն քաղցր պատառ, քանի դեռ ոչ ոք չէր բարձրաձայնել, ոչ ոք չէր էլ հիշում»,-ասաց տնօրենը:

Աննա Մնացականյանը բացառեց ուսանողների կողմից հնչեցված այն հայտարարությունները, որ քննություն ստանալու կամ դիպլոմի համար որոշները գումար են տալիս, ասաց, որ դրանք սուբյեկտիվ ու կեղծ լուրեր են: «Կան որոշ աշխատանքներ, որ երեխան ինքնուրույն չի կարող անել եւ հատուկ այդ աշխատանքի համար գումար է տալիս, որպեսզի ինչ-որ մեկն իր փոխարեն անի»,-վստահեցրեց տնօրենը, սակայն գումարի կոնկրետ չափը դժվարացավ ասել:

Վերջինս նշեց, թե բացառվում է, որ դասախոսները նման ֆունկցիա կատարեն, բացառվում են նաեւ քոլեջի ներսում հավելյալ վճարովի պարապմունքները: «Հաշվի առեք, որ քոլեջներում նվազագույն աշխատավարձ է, իմ դասախոսն այսօր ստանում է հանրակրթական դպրոցի ուսուցչին հավասար աշխատավարձ»,-ասաց Աննա Մնացականյանը: Նրա խոսքով՝ դասախոսները ստանում են 120-150 հազար դրամ աշխատավարձ:

Անդրադարձավ հաստատությունում ծխելու հարցին եւ նշեց, որ երբ քննարկվել է տուգանքների հարցը, առանձնացրել է ծխարան, որտեղ իրենք ծխում են: Աննա Մնացականյանը հիշատակեց նաեւ ավարտած ուսանողներից մեկին՝ Փայլակ Թեւանյանին, որը ակտիվ է եղել նաեւ իր նշանակման հետ կապված բողոքի ցույցերին:

Երբ Թերլեմեզյանի նախկին տնօրեն, երգչուհի Շուշան Պետրոսյանի հայրը՝ Սամվել Պետրոսյանը, գնացել է թոշակի, Սամվել Պետրոսյանի քրոջ որդին՝ Նարեկ Առուշանյանն է դարձել քոլեջի տնօրեն, այնուհետեւ Առուշանյանի կինը՝ Թերլեմեզյանի ներկայիս տնօրեն Աննա Մնացականյանը: «Քոլեջում իմ ամուսինը որպես գեղանկարի դասավանդող, երիտասարդ նկարիչ, նկարիչների միության անդամ, համակրելի կազմակերպչական ջիղով եւ այլն, դիմել է, մասնակցել մրցույթին ու դարձել տնօրեն»,-ասաց Մնացականյանը:

Նարեկ Առուշանյանի մահից հետո ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց փոխտնօրեն Ալբերտ Գեւորգյանը, որից հետո 2012 թվականին Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով մասնագիտությամբ կիբեռնետիկ Աննա Մնացականյանը նշանակվել է տնօրենի պաշտոնակատար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
61807 դիտում

ԿԸՀ-ն բավարարել է Թևանյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու միջնորդությունները

Նիկոլ Փաշինյանն ամենավստահելի հայ քաղաքական գործիչն է. ովքեր են հաջորդում նրան. IRI

Կբացվի գորգարվեստի թանգարան. ստորագրվել է հուշագիր

Արտեմ Դոռունցը հետախուզվում է. նրա վերաբերյալ տեղեկություններ ունեցողները կարող են դիմել ոստիկանություն

ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելությունը առաջիկա ընտրություններին ՀՀ է գործուղելու շուրջ 100 դիտորդ. ԿԸՀ

Ֆեյսբուքյան էջի դեմ կռիվ տվող «ուժեղ» դասալիքները. Պապիկյանը հրապարակել է «ֆեյքերի բանակ»-ի տեսապատճեները

Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ

Գորիսում մոլորված երեխաներին հայտնաբերել են փրկարարները

Էս թվերը իրենց ցույց չտաք, չեն հավատա, միայն իրենց նկարած տոկոսներն են սիրում. Մանավազյանը՝ հարցումների մասին

Մայիսի 28, Երևան, Հանրապետության օրվան նվիրված զորահանդես. սիրով կսպասենք բոլորիդ. Սուրեն Պապիկյան

12-ամյա Լինա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած

ՔՊ՝ 32 %, «Ուժեղ Հայաստան»՝ 6 %. IRI-ն հրապարակել է հարցումների արդյունքներ

Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել վերջին զանգի մասնակից 173 մեքենա. 74-ի ղեկին եղել են անչափահասներ

Տավուշի մարզում բախվել են «ՈւԱԶ»-ը և «Լադա»-ն․ կա 12 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ

Եթե պետք է ՌԴ-ն մեզ գազի «կարթից» կախված ձկան պես պահի, ավելի լավ է՝ փակեն, մենք մեր ճարը տեսնենք. տեսանյութ

Քրեական աստիճանակարգություն ունեցող անձը սպառնացել է ՔՊ-ին ընտրել ցանկացողներին. նա հետախուզվում է

Կրթություն, առողջապահություն, զբաղվածություն. Կառավարության շարունակական աջակցությունը տեղահանված ընտանիքներին

Ռոսպոտրեբնադզորը դադարեցրել է «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումն ու շրջանառությունը

Քննարկվել են խորհրդարաններում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները

Բայրամովն ու Գրինսպենը քննարկել են Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

ՏԻՄ ոլորտը կարգավորող շուրջ 24 օրենքում փոփոխություններ և լրացումներ կկատարվեն

Ռուբինյանը ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը

20 հոգի գրելը՝ 150 հազ. դրամ. 20 մանեթ դենը կդնես, պլանի փող ա. պիպետկեն ձեռդ ես զարթնե՞լ. ԲՀԿ-ն կաշառք է տվել

«3-րդ անգամ ընտանիքի 12 անդամով քեզ ենք ընտրելու», «Ոչ մի ղեկավար ձեր արածի 5%-ը չի արել». քաղաքացիներ

Ում հավաքագրել են, 3 ագենտն էլ անգրագետ են, բայց հասկանալի է՝ որ ունակությունների համար են նրանց հավաքագրել

Հայաստանը ՌԴ ծաղիկների արտահանման խոշորագույն մատակարարն է. արգելքի պատճառով Ռուսաստանում գները բարձրանում են

Մեկնիր Փարիզ՝ Յունիբանկի Love Is… քարտով

ՀՀ-ում 31 բուհի 119 մասնագիտության համար ոչ մի դիմորդ չի եղել. ԳԹԿ

Երթևեկության սահմանափակումներ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցներում

Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, բայց իրավիճակը տարօրինակ է ու արտասովոր. Օվերչուկ

ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ» կուսակցության ևս 7 թեկնածուի գրանցումը

Վերջին զանգի միջոցառումների ընթացքում 129 մեքենա է տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք

Սպանություն կատարելու համար հետախուզվող երիտասարդը հայտնաբերվել է

Ձեզ նման ոչ մի մարդ չկա, մենակ Դուք եք, որ ամենաբարին եք, իմ ծնողները Ձեզ են ընտրելու. երեխաները՝ Փաշինյանին

Որտեղից ասես երգիչներ ենք ման գալիս միծինգների համար. գումարները մի տաս անգամ բարձրացնելով՝ բերում ենք

ԱՄՆ պետքարտուղարությունը հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքը

ՔԿ նախագահը և Իրանի դեսպանը քննարկել են 2 երկրի քաղաքացիների վերաբերյալ վարույթների տեղեկատվության փոխանակումը

Ադրբեջանական թեզը՝ ՀՀ ընդդիմության խոսույթ․ ինչպես է տարածվել Հայաստանն Ադրբեջանի մարզ դարձնելու տեսանյութը

ԺԷԿ-ի թղթով նախագահ աշխատած մարդը կա՛մ սուտ է ասում, կա՛մ անգրագիտություն. Պապոյան

Փոփոխություններ և լրացումներ են նախատեսվում ՏԻՄ ոլորտին վերաբերող օրենքներում