Ինչպե՞ս են դպրոցներում հայտնվում ցածրորակ մասնագետները․ բաց նամակ ԿԳ նախարարին

Քաղաքացի Երան Խաչատրյանը բաց նամակ է հղել ՀՀ  ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին եւ բարձրացրել ուսուցիչների թափուր հաստիքների համար անցկացվող մրցույթի խնդիրը՝ հարցադրում կատարելով ինչպե՞ս են դպրոցում հայտնվում մասնագիտական ցածր որակներ ունեցող, իրենց առարկայից գրեթե անտեղյակ մասնագետներ եւ ստվերում բանիմաց ու նվիրյալ շատ ուսուցիչների աշխատանքը:

Նամակում ասված է․ «Հարգարժան պարոն նախարար, հուսով եմ ժամանակ կգտնեք՝ ինձ ու հավանաբար  նաեւ մանկավարժ-մասնագետներից  շատերին անհանգստացնող այս խնդրին անդրադառնալու:

Լինելով դպրոցահասակ երեխաների մայր, ինչպես նաեւ աշխատանքիս բերումով շփվելով ուսուցչական տարբեր կոլեկտիվների հետ, մշտապես  մտահոգվել եմ մի հարցով ՝ ինչպե՞ս են դպրոցում հայտնվում մասնագիտական ցածր որակներ ունեցող, իրենց առարկայից գրեթե անտեղյակ մասնագետներ եւ ստվերում բանիմաց ու նվիրյալ շատ ուսուցիչների աշխատանքը: Երեւի թե չբացահայտեի այս հարցի պատասխանը, եթե  ս.թ. օգոստոսի 21-ին Երեւանի Ջ. Կիրակոսյանի անվան դպրոցում չմասնակցեի ուսուցիչների թափուր տեղերի համար անցկացվող մրցույթին: Մրցույթի հայտարարությունը տրված էր «Կրթություն» շաբաթաթերթի 18.07.2018-ի համարում , որում նշված էր մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, մրցույթի անցկացման ժամն ու վայրը, եւ ոչ մի խոսք հարցաշարի մասին, հայտնի էր միայն , որ այն հաստատվել է ձեր նախարարության կողմից: Ես դիմել էի անգլերենի ուսուցչի թափուր տեղի համար եւ վստահ էի, որ հարցերը վերաբերվելու էին անգլերենին, որպես դասավանդվող առարկայի: Պատկերացրեք զարմանքս ու տարակուսանքս, երբ ձեռքս վերցրի 100 հարցանոց հարցաշարը եւ մասնագիտական ոչ մի հարց չգտա այնտեղ: Մի քանի հարց մեթոդիկայից  ու վերջ: Մնացածն ամբողջովին սահմանադրություն, իրավական ակտերի մասին, տեղական ինքնակառավարման մասին ու չգիտես էլ ինչ զանազան օրենքների իմացություն, մի պահ ինձ թվաց իրավաբանական ուղղվածություն ունեցող ինչ-որ հաստիքի համար եմ դիմել: Նստել ու ինքս ինձ հարց էի տալիս, թե ինչու՞ անգլերենի ուսուցիչը պիտի իմանա, թե  դպրոցում աշխատող կենսաբանության  ուսուցիչը կարո՞ղ է զբաղեցնել քիմիայի ուսուցչի թափուր պաշտոնը, կամ ո՞րն է համարվում ձեռնարկատիրական գործունեություն, կամ ո՞ր մարմիններն են առաջադրում կառավարման խորհրդի անդամների թեկնածուներ եւ այլն, եւ այլն… Ինչո՞ւ պիտի ես իմանամ սթրես եւ պատիժ հասկացությունների սահմանումները, եթե ես՝ 20-ամյա բուհական դասավանդման փորձ ունեցող մասնագետս, երբեւէ դրանց մասին անգամ չեմ մտածել, ընդհանապես դրանք բացառելով իմ աշխատաոճից: Նույնիսկ ամենաանհնազանդ ու  ըմբոստ ուսանողները հաճույքով մասնակցում էին դասախոսություններիս, ոչ մի անգամ դրանք բաց չթողնելով, կարող եք հարցումներով պարզել ասածս :

 Մրցույթին առաջին անգամ դիմող մարդը հարցաշարի մասին որտեղի՞ց պիտի իմանար : Կամ եթե նույնիսկ տեղեկացված լիներ, ինչո՞ւ պիտի ուսուցիչն իր թանկ ժամանակը վատնի այս անհեթեթ հարցաշարը սերտելու վրա, իր մասնագիտական որակներն ու գիտելիքները զարգացնելու փոխարեն : Այժմ արդեն հասկացա՝ կարեւոր չէ, թե ուսուցիչը  որքանո՞վ է  տիրապետում  իր առարկային : Կարեւորը ՝  նա իմանա  հետեւյալը

1. ՀՀ Սահմանադրություն

«Կրթության մասին» ՀՀ օրենք

«Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների» մասին ՀՀ օրենք

ՀՀ «Քաղաքացիական օրենսգիրք»

ՀՀ «Աշխատանքային օրենսգիրք»

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգիրք

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենք

«Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենք

 «Լեզվի մասին» ՀՀ օրենք

«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենք

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենք

«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենք

«Կրթության պետական տեսչության մասին» ՀՀ օրենք

ՀՀ ԿԳՆ Կրթության պետական տեսչության կանոնադրություն

«ՀՀ պետական ուսումնական հաստատություն» պետական ոչ առեւտրային կազմակերպության օրինակելի կանոնադրություն

 «ՀՀ Պետական հանրակրթական ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի`խորհրդի ձեւավորման» կարգ

«Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի օրինակելի» կարգ

Ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման եւ ուսումնական տարվա ընթացքում 120-200 ժամ բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգ

Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատության սովորողի ընդունելության, տեղափոխման եւ ազատման կարգ

Հանրակրթական ուսումնական հաստատությունների օրինակելի ուսումնական պլաններ

Հանրակրթական դպրոցների կառուցվածքի եւ պահպանման սանիտարական կանոններ  N 2.III.3-2…

Ու էլի զանազան օրինակելի կանոնադրություններ ու օրենքներ, ու վերջ՝ ուսուցչի պատվավոր պաշտոնն իրենն է: Իսկ ես  զարմանում էի, թե ինչո՞ւ է անգլերենի ուսուցչուհին թեմատիկ փոխադրության մեջ «plate of honey» արտահայտությունը սխալ համարում, փոխարինելով այն «plate with honey»-ով ու միավոր իջեցնում,  ինչպե՞ս հայոց լեզվի ուսուցչուհին կարող է արտասանել «մածյան», «ուռփատ օրը», «ստեսուցյուն ձեզ», «խաղաղուցյուն» բառերը, ինչպե՞ս կարող էր ռուսերենի ուսուցչուհին աշակերտին գրատախտակի մոտ կանչել «Иди на доску» արտահայտությամբ, կամ հայոց լեզվի ուսուցիչը աշակերտների բացատրական բառարանում «քիստ» բառը բացատրել որպես սուր ծայրով գործիք, եւ «հնձան» բառը ՝ որպես խաղող ճզմելու աման, նման օրինակներն անսահման են... Ուրեմն ահա այսպիսի հարցաշարերով եք ընտրում ուսուցիչներին, ովքեր սերտում են ձեր սահմանած հարցերի պատասխանները , ովքեր լավ գիտեն սթրես ու պատիժ բառերի սահմանումներն ու դրանք գործնականում կիրառում են աշակերտների վրա: Այսպիսի չափանիշներով եք մանկավարժներ  ընտրում, որոնց հետո, տարվա մեջ մի քանի անգամ ուղարկում եք վերապատրաստման: Այսպես ընտրված մասնագետների կողքին էլ դրեք մեր ՝ խեղաթյուրված փաստերով ու անհեթեթ, անհասկանալի մտքերով լի դասագրքերն ու պատկերը պարզ կլինի, թե ինչու  է տարեցտարի իջնում մեր աշակերտների կրթական մակարդակը, թե ինչու են ծնողները իրենց առանց այն էլ աղքատիկ  ընտանեկան բյուջեից կլորիկ գումարներ հատկացնում՝ իրենց երեխաներին կրկնուսույցների մոտ ուղարկելու, սեղմ ժամկետներում գիտելիքների որոշ պաշար կուտակելու համար: Միայն մեկ օրինակ բերեմ  տղայիս՝ 8-րդ դասարանի աշակերտի աշխարհագրության դասագրքից: Դաս 32, Թուրքիայի հանրապետություն. «Ժամանակակից  Թուրքիայի  ներկա տարածքը քաղաքակրթության հնագույն օջախներից է: Այնտեղ են ձեւավորվել եւ հետագայում տարածվել  հնդեվրոպական նախալեզուն եւ հնդեվրոպական ժողովուրդները: Այդ տարածքը Ք.ա. 2-րդ հազարամյակից մտել է  աշխարհի տարբեր պետությունների կազմի մեջ՝ Ասորեստան, Հռոմեական կայսրություն, Արաբական խալիֆայություն, Բյուզանդիա: Այդ տարածքի արեւելյան մասում է կազմավորվել հայ ազգը, ձեւավորվել հայոց պետականությունը»: Ոչ մի խոսք, թե այդ տարածքը երբեւէ պատկանե՞լ է հայկական թագավորություններից որեւէ մեկին : Հայոց պատմություն չիմացող մեկն այս պարբերությունը կարդալով կհասկանա, որ Թուրքիան հնագույն քաղաքակրթության օրրանն է , որ հայ ազգը ձեւավորվել է  եւ իր պետականությունը կերտել է Թուրքիայի  ներկայիս տարածքի մի հատվածում, եւ այդ տարածքը նախկինում պատկանել է տարբեր կայսրությունների ու պետությունների, բայց բնավ ոչ երբեք հայերին: Ու այս դասագիրքը հաստատված է ՀՀ ԿԳ նախարարության կողմից: Ուղարկեք այս դասագիրքը Թուրքիա, մեծ ուրախությամբ որպես դասագիրք կօգտագործեն իրենց դպրոցներում:  Սա ընդամենը մեկ օրինակ է, չթվարկեմ մյուս դասագրքերում առկա թյուրիմացությունները: Իմ եւ ձեր նյարդերը խնայելու նպատակով  ամփոփեմ ասելիքս: Եվ այսպես, 20 տարի աշխատած լինելով բուհական համակարգում , լինելով տասնյակ գիտական հոդվածների հեղինակ, անցած լինելով Քեմբրիջի համալսարանի եւ Բրիտանական խորհրդի ուսուցիչների որակավորման դասընթացները եւ ունենալով դրանց վկայագրերը, չկարողացա հաղթահարել ձեր կողմից մշակված ու հաստատված  հարցաշարի հիման վրա անցկացվող մրցույթը, միջնակարգ դպրոցի ուսուցչի թափուր տեղ զբաղեցնելու համար:

Հ.Գ.-Փառք Աստծո, որ աշխատանքի համար նախադպրոցական հաստատություն չէի դիմել : Աստված գիտի, թե այնտեղ ընդունվելու համար ի՞նչ  չափանիշներ եք մշակել ու սահմանել:

Հարգանքով ՝  Երան Խաչատրյան»։

Տպել
2254 դիտում

Արագիլների անկման կապակցությամբ Հրազդան գետի, Հովտաշենին հարող ցամաքուրդային ջրերի նմուշառման աշխատանքներ են իրականցվում

ՔԿ պարզաբանումը՝ Սամվել Կարապետյանի եղբորորդու գործի վերաբերյալ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ հանձնակատարին

Բացի աշխատանքից՝ բարեկեցություն ստեղծելու այլ ճանապարհ չկա․ Նիկոլ Փաշինյան

Նեթանյահուն դարձել է Իսրայելի ամենաերկար պաշտոնավարած վարչապետը

Սեւանի ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպքը. վարորդը չի ենթարկվել ոստիկանների պահանջին

«Իմ քայլը հանուն Շիրակի» բիզնես համաժողովի ընթացքում ներդրումային ծրագրեր ներկայացրին մոտ 50 ընկերություններ եւ անհատներ

ՍԴ ոչ լեգիտիմ նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարում է, որ ՀՀԿ-ի դատավորներին չի կարելի փոխել

Սոս Սարգսյանը ոչ միայն մեծ արվեստագետ էր, այլեւ մեծ քաղաքացի․ Արմեն Սարգսյան

Էդմոն Մարուքյանն ԱՄՆ-ում խոսել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասին

Հայաստանի Հանրապետությունը պետք է վերագտնի արդյունաբերական երկրի իր երբեմնի փառքը. վարչապետ

ՄԻՊ-ն ամփոփել է Իջեւանի իրադարձություններն ու արձանագրված խնդիրները

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով որոնվողին գտել են Ուջան գյուղում

Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվել են դատական, հակակոռուպցիոն ոլորտների բարեփոխումները

Դատարանը վարույթ է ընդունել «Արմոս» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի

Զարեհ Սինանյանը ՌԴ-ում ապրող հայ ակտիվ երիտասարդներին հրավիրեց սերտ համագործակցության

Դիզվառելիք տեղափոխող բեռնատարը Օձունի մոտ շրջվել է. 2 մարդ տեղափոխվել է Ալավերդու ԲԿ

Կոռուպցիոն համակարգին ուղղակիորեն կապված տնտեսական համակարգի հետ կոմպրոմիս չի լինելու․ վարչապետ (ուղիղ)

Անցնող շաբաթ հակառակորդը Արցախի դիրքապահների ուղղությամբ արձակել է 900 կրակոց

Ոստիկանները Երեւանի Կոմիտասի պողոտայից բերման են ենթարկել 31-ամյա գրպանահատի