«Որովհետև կա ազատություն, որը մեզ տվել է հեղափոխությունը»

16/01/2020 schedule21:20

Երջանկությունն ազատությունն է: Մենք հեքիաթի մեջ ենք ապրում: Արդեն երկրորդ անգամ: 1988, 2018: Իհարկե, ավելի լավ էր սովետական փորձագիտարանում չծնվել, որից մեզ ազատեց 1988-ի հեքիաթը՝ աշխատանքային ճամբարը, որ Բորիս Գրոյսը կոչում է «փորձ, էքսպերիմենտ», փորձանք դարձավ միլիոնների, տասնյակ միլիոնների գլխին: Իսկ Սովետի ուշ տարիներին, երբ մեծ գաղափարները մարած, շահարկված էին, կայուն ծանր տնտեսական վիճակը ծնեց ցինիզմ, հեդոնիզմ, դեֆիցիտի պայմաններում արտառոց սովետական սպառողականությունը, որոնցից պրծում չունեցավ մի քանի սերունդ: Իհարկե, ավելի լավ էր, փաստացի 1990-ին ստեղծված անկախ պետությունը նույն տասնամյակի վերջում չզավթվեր գիշատիչ կապիտալիստների վերածված սովետական միջին օղակի կուսակցականների՝ Քոչարյանի, Սերժի կողմից, որպեսզի հետո 2018-ը մեզ ազատեր, բայց երջանկություն է, որ էդ հեքիաթը եղավ։

Միաժամանակ երջանկությունը ինձ համար միայն հեղափոխությունը, մեծ իրադարձություները չեն: Երջանկություն է լսել ինձնից խելացի, իրազեկ, տաղանդավոր մարդկանց: Երջանկություն է հանդիպել արտասովոր, «փախած» մարդկանց: Գեղեցիկ մարդկանց: Որոնք շատ են: Ահավոր գեղեցիկ են ամաչկոտ, շփոթվող մարդիկ: Իրենց գործի գիժ մարդիկ: Ծույլերը՝ ինքնամոռաց ծույլերը: Խմող մարդիկ: Ուսանողները, որ դպրոցի պարտադիր դժոխքից պրծել, իսկ պարտադիր աշխատանքի աշխարհ դեռ չեն մտել: Երջանկություն է սերը, ընկերությունը, հատկապես` արկածների, «չոլի»... Նպատակ ունենալն է երջանկություն, եթե պատահել է, որ չես իմացել` ինչ ես ուզում... ոչինչ չես ուզում: Ավետիսները, նույնիսկ եթե դրանք մարդկանց մասին են, ում չեմ ճանաչում, երկրների, որտեղ չեմ եղել: Դիտարկումներդ։ Երջանկություն է, երբ հաշտ ես ինքդ քեզ հետ` չես գործել մեղքեր, որոնք չես կարող ինքդ քեզ ներել, բայց ամենակարևորը` չես փորձել մեղքերդ անտեսել, ուրիշների վրա «ծալել»: Երջանիկ եմ, երբ նոր, հրաշալի հեղինակի եմ հանդիպում, ֆիլմ, նկար, ցուցահանդես եմ տեսնում:Երջանիկ եմ, որ տեսա ժամանակը, երբ երկու փիլիսոփայի` Սլավոյ Ժիժեկի ու Ջորդան Փիթերսոնի բանավեճը 3000 հոգանոց դահլիճ լցրեց, որի տոմսերը վաճառվեցին մի քանի օրում` 300-ից մինչև 1500 դոլարով: Ինտելեկտուալ բանավեճի համար մարդիկ վճարեցին ավելի, քան երկու հոգու` իրար ծեծելու, կամ 22 հոգու` մի գնդակի հետևից վազելու համար: Ճիշտ է` նրանք մի քիչ «էստրադային» փիլիսոփաներ են, բայց կարևորը փաստն է, որ փոխվում է հաճույքի տեսակը, բանաձևը: Սա վկայում է, որ մտավոր արկածի հաճույքը, երջանկությունը դառնում է առօրյա։

Վահրամ Մարտիրոսյան, գրող, հրապարակախոս.

Անձնական երջանկություն.

Կյանքիս ինչ-որ փուլում ինքս ինձ համոզեցի, ստիպեցի ֆայմել էն պահերը, երբ երջանիկ եմ ու ապրել էդ զգացումով: Երբ ոչ թե անմնացորդ ապրում, այլ նաև արձանագրում ես` «ա՛յ հիմա ես երջանիկ եմ, հիմա ես երջանիկ եմ», դա պակասեցնում է զգացողության սրությունը, բայց փոխարենը հետո չես ասում` «վա՜յ, ինչ էշ էի, չգիտեի, թե ինչքան երջանիկ էի»: Ընդհանրապես, չեմ սիրում հետ նայող ու տրտնջացող մարդկանց` ա՜խ, առաջ ինչ լավ էր... Իսկ էդ ընթացքում կյանքն անցնում է: Եթե ամպի չափ երջանիկ չես, ոչինչ, վայելիր մեծագույն երջանկությունը, որ դու բացառիկ երևույթ ես, առնվազն՝ բացառիկ երևույթի մասնիկ. ամբողջ տիեզերքի մեջ ինչ-որ տեղ կյանք է առաջացել` մի մոլորակում, ու դու էդ կյանքի մի մասն ես։ Մոլորակ, որը քեզ պահում է իրեն կպած, բայց թողնում է, որ քայլես, նույնիսկ թույլ է տալիս էնքան լավ տրամադրություն ունենալ, որ թվում է` հիմա կթռչես։ Աստված, կամ` բնությունը, կամ` պատահականությունների, գուցե պատճառահետևանքային կապերի մի ամբողջ շղթա հաճել է քեզ ստեղծել, մարմին է տրամադրել, որում դու բնակվում ես ու հետը ջերմ բարեկամական հարաբերություններ ունես: Սիրածս զբաղմունքներից է, ինձ երջանկության զգացում է պատճառում փողոցներում քայլելն ու ինձ նման արարածների տեսնելը: Դրա համար եմ ես մեգապոլիսները սիրում: Նյու-Յորքում մի անգամ եմ եղել, բայց չեմ մոռանում վայելքս. փողոցով հազար մարդ էր անցնում, ու ոչ մեկը նման չէր մյուսին` ազգությամբ, արտաքինով, ոճով:

Վատ բաներ էլ են շատ պատահում։ Չպիտի թույլ տաս, որ քեզ «իրենցով անեն»: Օրինակ, երեկ կորցրեցի սիրածս ակնոցներիցս մեկը, բայց դա չի նշանակում, թե այսօր չպիտի նկատեմ մարդկային անկրկնելիության շքերթը կամ համարյա թռչելով չքայլեմ փողոցներում: Ամեն ինչ անում եմ, որ սլաքը դեպի երջանկություն պահեմ:

Մասնագիտական երջանկություն.

Ես որպես բանաստեղծ եմ սկսել, երկու ժողովածու տպագրել: Առաջիկայում, երևի, կտպագրեմ հներիս «հատընտիրը»՝ նորերի հետ մեկտեղ: Բայց բոլորն իրար գումարած` կլինի մոտ 200 բանաստեղծություն: Այսինքն` տարին գրել եմ 1-2, իսկ բեղուն տարիներին` 5 գործ: Գրելու ընթացքում բացարձակ երջանիկ եմ եղել: Բոլոր բանաստեղծությունները գրել եմ ներշնչանքով. զգացողություն էր, որ դու անոթ ես, որի միջով, գուցե պաթետիկ հնչի, բայց աստվածային էներգիան է փոխանցվում: Բանաստեղծություններս շատ դժվարությամբ եմ խմբագրել հենց դրա պատճառով. ասես թելադրված լինեն, ու ես իրավասություն չունենամ միջամտելու: Միայն մի քանիսն են, որ գրել եմ որպես խաղ` սադրանք ունեն իրենց մեջ կամ փորձարարական են: «Հարցեր և պատասխաններ» շարք ունեմ, որ կազմված է Սովետի ժամանակ տպված գերմաներենի դասագրքի քերականական վարժություններից: Ներշնչանքով գրված արձակ գործեր էլ ունեմ` «Ավելովը», «Ես», «Խախտումը», «Կիսագունդը», «Ձուկը», «Ընկերը»` մոտ տասը պատմվածք, որ էլի երջանկության զգացումով եմ գրել:Իսկ երբ վեպ ես գրում, երջանկության զգացումը գալիս է գիտակցությունից, որ դու աշխարհ ես ստեղծում` իրական բնակչությամբ, տնտեսությամբ, վարչակազմով, և  երբ ինչ-որ պահից հերոսներն անկախանում են քեզնից, կա տեղ, որտեղ նրանք ինքնուրույն կապրեն: Երկու վեպս` «Սողանքն» ու «Հանուն խաչի ծպտվածները», գրել եմ դանդաղ, օրը` կես, առավելագույնը` մեկ էջ` աշխատելով 7-8 ժամ, բայց գրվածը եղել է մաքրագիր` ամեն բառն ընտրված ու տեքստը իմ պատկերացմամբ կատարելության հասցրած: Այ, «Սերը Մոսկվայում» վեպը գրել եմ երկու անգամ: «Բամբակե պատերը» գրելիս նույնպես քրտինքը շատ է եղել, բայց աշխատում եմ էնքան, մինչև քրտինքի հետք չմնա: Բայց եթե իմ գրքերը մի շնչով են կարդացվում, պատճառը միայն ոճի թեթևություն չէ, իմ բոլոր գրքերում անպայման հետազոտություն կա, որը ժամանակակից ընթերցողի համար հետաքրքիր տեղեկություններ է պարունակում: «Սողանք» վեպում մի հատված կա, որտեղ պառավ կինը պիտի հերոսին հուշի, թե ինչպես գետնից դուրս գա դեպի լույս աշխարհ, ահա, էդ մի էջը գրելու համար հայկական ժողովրդական հեքիաթների ութ հատորը կարդացի: Ցավալին էն է, որ հայ իրականության մեջ գրքերը շարունակություն չեն ունենում: Իմ գրքերը համեմատաբար լավ են վաճառվել, բայց տպաքանակներն էնքան չնչին են, որ ստացվում է` հինգ հազարից մեկն է կարդացել։ Այսինքն, գիրքը լույս տեսնելուց հետո բավարար չի շրջանառվում, արձագանք էլ չես ունենում: Տասից ավելի գիրք ունեմ տպագրած, բայց ինձ երկու անգամ են հրավիրել ընթերցման: Վիեննայում թարգմանիչս մի գրական սալոնում կարդաց պատմվածքներս։ Շուրջ հարյուր գերմանախոս ունկնդիրները բարձր ծիծաղում էին էն տեղերում, որտեղ ես` որպես գրող, երազել էի, որ ընթերցողը ժպտա: Երկրորդ ընթերցումը եղել է Մյունխենում: Իսկ Հայաստանում, որտեղ էսքան համալսարաններ կան` իրենց բանասիրական ֆակուլտետներով ՝ոչ մի ընթերցում կամ բովանդակային քննարկում: Հայաստանում գրքի կյանքը սկսվում ու ավարտվում է տպագրությամբ.         «Սողանք» վեպս էկրանավորել են, ուղիղ 10 տարի առաջ են ավարտվել նկարահանումները, բայց կինոն դեռ չկա. խորհրդանշական փաստ է. Բայց ինչու եմ ես կարողանում լինել երջանիկ, որովհետև իրականության հետ չեմ վիճում: Ես բնույթով «դաունշիֆթեր» եմ՝ մարդու տեսակ, որը ոչ թե ավելի լավ դիրք, ավելի շատ հարստություն է ուզում, այլ հակառակը, հրաժարվում է դրանցից հանուն զգացողությունների թարմության։ Ես երեք անգամ բարձր պաշտոն եմ թողել. երկու անգամը միգուցե ներքուստ գիտեի, որ ուրիշ առաջարկ կստանամ, երրորդ անգամ «Ար» հեռուստաընկերությունը թողեցի, որի փոխնախագահն էի,  հաղորդաշարեր էի ստեղծել, ճանաչված էի, բայց մերժեցի որևէ կարգավիճակով կապը պահել և գնացի ոչ մի տեղ, որպեսզի զբաղվեմ միայն գրականությամբ: Դրանից հետո 4 վեպ եմ գրել, 5 վիպակ, պատմվածքներ, բանաստեղծություններ, հունգարերենից վեպեր թարգմանել: Լիուլի ապրելով գրականության ստեղծագործական հաճույքը, ավելի ճիշտ` տառապանք-հաճույքը: Իսկ թե հետո մարդիկ կկարդան-չեն կարդա, դուրս է իմ իրավասությունից, ինձնով չի պայմանավորված: Ես շատ բան եմ արել, որպեսզի չկորչի ընթերցող-գիրք կապը: Երբ 2001-ին Վիոլետ Գրիգորյանի հետ սկսեցինք հրատարակել «Բնագիր» հանդեսը, առաջին էջին գրված էր` «Ընթերցողի համար»։ Արդեն իսկ գրողներն իրար էին կարդում կամ իրար չէին կարդում, իսկ ընթերցող չկար: Բայց իրականության հետ չեմ վիճում, որովհետև էսօր մեր կյանքն ավելի հետաքրքիր է, քան գրականությունը: Ամեն օր բաներ են տեղի ունենում, և դրանք մեր մաշկը խազող իրադարձություններ են, որ իրենց դրամատիզմով, անսպասելիությամբ հինգ վեպի նյութ են: Դրա համար մարդկանց մեղադրել չի լինում: Բայց նաև իրենց է օգուտ, որ զուգահեռաբար վայելեն մեկ այլ հաճույք՝ աշխարհաճանաչողության երջանկությունը, որին կարելի է հասնել սեփական ջանքերով գտած նոր արվեստի ու գրականության միջոցով: Պատահական չէ, որ վերջին տասնամյակների փիլիսոփաները մշակութաբաններ են։ Դու կարող ես նրանց անվճար կռվեցնել քո գլխի մեջ, և այս երջանկությունը հասանելի է, ազնիվ և անգամ պարտադիր:

Հանրային երջանկություն.

Զարմանալի զուգադիպությամբ, երկու հեղափոխությունների ժամանակ էլ քաղաքում չէի: Որքան էի երազել, որ Սովետը փլվի, ու մենք կկառուցենք մեր երազանքների երկիրը, բայց 88-ի փետրվարին Բուդապեշտում էի, հունգարական լեզու և գրականություն էի ուսումնասիրում։ Օգոստոսին հասա Երևան, երբ հանրահավաքների «տոնական» շրջանն անցնում էր: Իհարկե, ես էլ Բուդապեշտում էի ապրումներ ունենում: Մի բանաստեղծ ընկերուհի ունեի, միասին էինք քաղաքի կենտրոնում, մայիս էր, պայծառ օր, Սումգայիթի «պոգրոմի» կոծկման մասին հերթական հոդվածը կարդացի... ու սկսեցի փողոցում լացել։ Պատրաստ էի պատահական մարդու սպանել, որ էդ դեպքերը միջազգային արձագանք ստանան, մեղավորները պատժվեն: Չգիտեմ, սա ինչքանով է առնչվում երջանկության հետ... Երևի որ էդքան ծանր ես դժբախտությունը տանում, ուժեղ սիրելու երջանկությունն էլ ունես։

Իսկ 2018-ի ապրիլին Գյումրիում էի, իմ «Մեդիամարտ ընդդեմ կոռուպցիայի» վերնագրով ցուցահանդեսով: Մինչև հասա Երևան, հեղափոխությունն արդեն անկասելի էր` Նիկոլին բռնեցին, բայց արագ բաց թողեցին... Ես երջանիկ էի, որ երկիրը, հասարակությունը ազատագրվել է։ Եթե նայենք, թե ինչ եմ խոսել վերջին 20 տարիներին, կերևա, որ ինքս ազատ եմ եղել, ասել եմ, ինչ մտածում եմ: Ու երբ խորհուրդ էին տալիս, թե զգույշ, դրանք` նախորդ իշխանությունները, ինչի ասես ընդունակ են, կողս բռնում էր ու ավելի կոպիտ էի արտահայտվում: Բայց ես չէի կարող ինձ երջանիկ զգալ, եթե իմ հայրենիքում` իմ պատասխանատվության երկրում, մարդիկ ազատ չեն: Օրինակ` երբ Ռուսաստանում էի, սովորում էի Սցենարիստների ու ռեժիսորների բարձրագույն դասընթացներում,էդպես չէր, մտածում էի` ռուսների գործն է:

Երջանիկ երկիր, երջանիկ մարդիկ.

Անցյալ ամառվանից Ֆրանսիայում մեծ ցույցեր են: Ռուսական ալիքները ցնծում են, թե ինչքան վատ է էնտեղ, բայց իրենց քաղաքացիները տասնամյակներով` Սովետից սկսած, ցույց չեն արել հանուն իրենց սոցիալական իրավունքների։ Ես մի ամառ Փարիզում էի ու համոզվեցի, որ իրեն հարգող ֆրանսիացու «երջանկության նվազագույն զամբյուղը» հենց էդ ցույցերն ու գործադուլներն են։ Հայաստանից Լոս Անջելես գնացած հայի համար՝ իսկական պարենային զամբյուղը` միս ու կարագով: Եթե դու մտածում ես գնալ մշտապես վայելելու, ասենք, երջանիկ երկիր Շվեդիան, բարի վայելում, բայց դա, V դարի լեզվով ասած, «մուրացածո» երջանկություն է: Շատերն էլ հետին թվով են երջանիկ՝ սովետի հիշողություններով։ Բոլորը ինչ-որ տեղ աշխատել են՝ «պահանջված են եղել», բայց էդ ժամանակներում չի եղել հանրային երջանկության գլխավոր պայմանը` ազատությունը: Հայաստանում երջանկության հնարավորություններն էսօր շատ են, որովհետև կա ազատություն, որը մեզ տվել է հեղափոխությունը:

 

Զրույցը պատրաստեց Մարինա Բաղդագյուլյանը

Տպել
3952 դիտում

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)