Երևան
12 °C
Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակի շուրջ սկանդալ է հասունանում: Արդեն մի քանի օր է՝ համացանցում «պատերազմ» է սկսվել այդ կառույցի գործունեության դեմ՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում երկակի ստանդարտներ կիրառելու պատճառով:
Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Գուլամ Իսակզային հոկտեմբերի 12-ին Թվիթերի իր միկրոբլոգում գրեց, որ այցելել է «խոշոր հարձակման ենթարկված Գյանջա քաղաքի բնակելի տարածքներ»։ Նա ցավակցություն հայտնեց մարդկային կորուստների եւ տուժածների համար՝ կոչ անելով պաշտպանել քաղաքացիական բնակչությանը եւ քաղաքացիական ենթակառուցվածքները, որոնք պաշտպանված են միջազգային մարդասիրական իրավունքով։ «ՄԱԿ-ը պատրաստ է արձագանքել մարդասիրական կարիքներին, եթե պահանջվի»,- ընդգծեց Իսակզային։
ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցչի կոչում, սակայն ոչ մի խոսք չկար այն մասին, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը, որ պատերազմի հենց առաջին իսկ օրը թիրախավորվել է Ղարաբաղի Մարտակերտ քաղաքը, որ դրա հետեւանքով զոհվել է 9-ամյա երեխա, վիրավորվել են շատերը: Ոչ մի խոսք այն մասին, որ մինչ այսօր ամեն օր կրակի տակ է Ղարաբաղի մայրաքաղաքը, որի հետեւանքով վնասվել են դպրոցներ, տներ, հիվանդանոցներ, որ Շուշիում թիրախավորվել է եկեղեցի…
Եվ հենց սա էր պատճառը, որ «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը երեկ սոցիալական ցանցերում «պարսավանքի արշավ» սկսեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դեմ՝ պահանջելով ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփից այցելել պատերազմի հետեւանքով վնասված համայնքներ, բարձրաձայնել այդ ամենի մասին:
Կանխատեսելով, որ ՄԱԿ-ի կողմից կարող է պատասխան հնչել, թե Արցախը չճանաչված պետություն է՝ Մելիքյանն ընդգծում էր. «Բայց չէ՞ որ ՄԱԿ-ն ունի նաեւ սկզբունքներ։ ՄԱԿ-ի Կայուն զարգացման սկզբունքներից երկրորդը շատ խոսուն է – Leave No One Behind. «Ոչ ոք չպետք է անտեսվի»։ Բա ինչո՞ւ եք անտեսում Ստեփանակերտի ու Արցախի մյուս բնակավայրերի քաղաքացիական անձանց։ Ինչո՞ւ եք անտեսում Հադրութում գազանաբար սպանված կնոջը եւ նրա հաշմանդամ որդուն։ Ինչո՞ւ: Կարծում եմ՝ պարոն Շարպին եւ նրա գործընկերներին պետք է հիշեցնել Leave No One Behind սկզբունքը»:
Պարսավանքի արշավին միացան սոցցանցի բազմաթիվ օգտատերեր: Թեմային անդրադարձավ նաեւ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
«Ինչպե՞ս սա հասկանալ, երբ ՄԱԿ-ի եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները ընտրողաբար են հաղորդագրություն տարածում պատերազմի հետեւանքների վերաբերյալ: Ո՞ւր է ՄԱԿ-ը, երբ Արցախի խաղաղ բնակիչները զոհվում են եւ տառապում ադրբեջանական ագրեսիայից: Ո՛չ այցելություն, ո՛չ հաղորդագրություն, ո՛չ օգնություն»,– սոցցանցի իր էջում գրեց Բեգլարյանը՝ ՄԱԿ-ից պահանջելով մարդու իրավունքների իրական համընդհանուր հավասարություն։
Իր գրառման մեջ Բեգլարյանը նաեւ շեշտում էր, որ այս պատերազմն ու ռազմական հանցագործությունները սկսել է Ադրբեջանը ու սկսել է նաեւ Արցախում մարդու իրավունքների համընդհանուր անտեսման պատճառով, այդ թվում՝ ՄԱԿ-ի կողմից:
«Եթե ՄԱԿ–ն արդար է, պետք է վերահսկի մարդու իրավունքները Ղարաբաղում, ասի ճշմարտությունը եւ օժանդակություն ապահովի»,- գրել էր Բեգլարյանը:
Ճնշումների ներքո հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը: «Մենք՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, վշտացած ենք Հայաստանի Գեղարքունիքի մարզում 14-ամյա տղայի ծանր վիրավորման լուրով: Մենք խորը ցավակցություններ ենք հայտնում բոլոր տուժածներին եւ կրկնում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչը, որ պետք է հումանիտար իրավունքի պահպանման եւ կրակի դադարեցման պայմաններում պաշտպանենք խաղաղ բնակչությանը»,- թվիթերի իր էջում գրեց նա:
Արձագանք եղավ նաեւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից. «Ցավով տեղեկացանք, որ Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում 14-ամյա երեխա է ծանր վիրավորվել բերքահավաքի նպատակով դաշտ գնալու ճանապարհին։ Սրտով նրա եւ բոլոր այն երեխաների հետ ենք, ովքեր տուժել են այս հակամարտությունից։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերահաստատում է բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները պաշտպանելու իր անհապաղ կոչը. ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը բխում է յուրաքանչյուր երեխայի լավագույն շահից»։
Շարփի եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրառումն ավելի շատ հավաստեց երկակի ստանդարտների գոյության մասին, քան հերքեց դա:
«Փաստորեն, պարոն Շոմբի Շարպը վշտացած է միայն այս մեկ դրվագով եւ փաստորեն ամենեւին վշտացած չէ Արցախում քաղաքացիական բնակչության թիրախավորման, 31 քաղաքացիական անձանց (այդ թվում՝ կանանց, երեխաների) մահով, 100-ից ավել քաղաքացիական անձանց ծանր վիրավորումով, դպրոցների, եկեղեցու թիրախավորմամբ, կենսական ենթակառուցվածքների դեմ հարվածներով»,- արձագանքեց Ռուբեն Մելիքյանը:
Արտակ Բեգլարյանն էլ այս կապակցությամբ նկատեց. «Գիտե՞ք, թե միջազգային կառույցների հիմնական մասի գլխավոր խնդիրը որն է՝ մարդու իրավունքների կեղծ պաշտամունքը: Բոլորը խոսում են մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքի մասին, ըստ քաղաքական նպատակահարմարության աղմուկ են բարձրացնում նույնիսկ փոքրիկ դեպքերից, իսկ երբ չճանաչված պետության բնակիչները դաժանաբար սպանվում են, կամ վիրավորվում, կամ կորցնում ու լքում իրենց տները, ոչ միայն պաշտոնական ու հասցեական արձագանքներ չկան, այլ նաեւ պարզ մարդկային ցավակցություններն են խտրական կերպով կիրառում: Արդյո՞ք Արցախում սպանված կամ վիրավորված քաղաքացիական անձը նույն իրավունքները չունի, ինչ բոլորը:
Եվ այս ճշմարտությունը չեն ուզում ընդունել առնվազն հրապարակավ եւ շարունակում են թաքնվել քաղաքական նպատակահարմարության ու անկարեւոր մանդատների ետեւում, իսկ մարդիկ շարունակում են սպանվել ու կրել բազմաթիվ զրկանքներ:
Եզրահանգում՝ ինչպես միշտ, «եղունգ ունես, գլուխդ քորիր»:
Տեղի ունեցածը վրդովեցրել էր նաեւ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին: Հրապարակելով Հայաստանում եւ Արցախում ծանր վիրավորված երեխաների լուսանկարները՝ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց. «Կա՞ արդոք տարբերություն այս երեխաների միջեւ։ Արդյոք նրանցից մեկն ավելի շա՞տ է տառապել, քան մյուսը։ Արդյոք նրանցից մեկն ավելի շա՞տ էր արժանի սրան, քան մյուսը։ Արդյոք նրանցից մեկի վիճակն ավելի շա՞տ է արժանի ուշադրության, քան մյուսինը։
ՄԱՐԴԸ չի կարող տարբերություն դնել այս երեխաների միջեւ։ Դա ուղղակի անհնար է։
Բայց ահա մարդիկ, որ նստած են ՄԱԿ-ի Նյու Յորքի, Ժնեւի, Երեւանի եւ Բաքվի գրասենյակներում, ՅՈՒՆԻՍԵՖ-ի օֆիսներում, կարողանում են այս երեխաներին անցկացնել «աշխարհաքաղաքական մաղի միջով» եւ նրանց մասին խոսել կամ չխոսել բացառապես աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով։ Թերեւս դա ի վերուստ տրված կարողություն է»։
Փորձեցինք իրենց գործունեության, իսկ ավելի ճիշտ անգործութան վերաբերյալ մեկնաբանություն ստանալ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից: Գրասենյակում մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին: Մենք գրավոր հարցում ենք ուղղել Շարփի անունով եւ սպասում ենք պատասխանին:
Իսկ մինչ այդ տեղեկացնենք, որ վաղը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջեւ բողոքի ակցիա է տեղի ունենալու: Ակցիայի նախաձեռնողներից Արմինե Մելքոնյանը մեր զրույցում ասաց, որ իրենց հիմնական նպատակը Շարփի հետ հանդիպումն է եւ անարդար վերաբերմունքի մասին բարձրաձայնելը. «Թող մեր աչքերի մեջ նայելով ասի, թե որն է Վարդենիս (չեմ ասում Արցախ) չայցելելու պատճառը: Ինչու չի գնացել եւ ուսումնասիրել տարածքը: Թող մեր աչքերի մեջ նայելով ասի, թե ինչու է անտեսվում Շուշիում եւ Արցախի այլ քաղաքներում մշակութային ու հոգեւոր ժառանգության նկատմամբ Ադրբեջանի իրականացրածը»,- ասաց Մելքոնյանը՝ ընդգծելով, որ Արցախը կարող է ճանաչված չլինել ՄԱԿ-ի կողմից, բայց «ոչ ոք չպետք է անտեսվի» սկզբունքը համամարդկային է:
Մեջբերելով հենց այս սկզբունքը՝ ՀԺ-ի հետ զրույցում ՀՀ ԱԺ պատգամավոր, 2017-2019թթ.՝ ՄԱԿ-ի միջազգային առեւտրային իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) ՀՀ ազգային թղթակից Տարոն Սիմոնյանն էլ նկատեց. «Մեր միակ խնդիրը այն է, որ միջազգային կառույցները օբյեկտիվ լինեն հակամարտության որեւէ կողմում որեւէ փաստ արձանագրելիս: Այսինքն եթե ինչ-որ մի կողմում ՄԱԿ-ի ինչ-որ մի աշխատակից մի փաստ է արձանագրում, մեկ այլ պետության տարածքում կատարվող իրավախախտումների վերաբերյալ եւս արձանագրում պետք է լինի»:
Անդրադառնալով մեր նկատառմանը, թե Արցախի ճանաչված չլինելը կարո՞ղ է այդ ոչ օբյեկտիվ վերաբերմունքի պատճառ դառնալ՝ պատգամավորը պատասխանեց.
«Մեր կարծիքով մարդու իրավունքները որպես այդպիսին սահման չունեն. ճանաչված է պետությունը, թե ճանաչված չէ՝ դա երկրորդական է, երբ խոսում ենք մարդու իրավունքերի վերաբերյալ: Եվ հետեւաբար այն միջազգային կառույցները, որոնք զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանությամբ, անկախ նրանից, թե որտեղ է գտնվում այդ մարդը, նրա իրավունքների պաշտպանությունը եւս հոգածության առարկա պետք է լինի: Հետեւաբար մեր պահանջը ամբողջ միջազգային հանրությունից, ՄԱԿ-ի համապատասխան գրասենյակներից, որոնք զվաղվում են մարդու իրավունքների պաշտպանությամբ, տարածաշրջանային կազմակերպություններից այն է, որ չսահմանափակեն իրենց գործառույթների իրականացումը տարածքներով, այլ իրենց գործունեությունը միտված լինի մարդու իրավունքների պաշտպանությանը՝ անկախ նրանից, թե որտեղ է այդ մարդը գտնվում»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները
Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր
Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է
Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է
Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով
Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ
Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր
Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին
Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը
Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում
Սա հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ. Հայրապետյանը՝ «Seaside Startup Summit Armenia 2026»-ի անդամներին
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կամրջի վրա բախվել են մեքենաներ, մեկը բռնկվել է. կան 3 զոհ և 4 տուժած
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT