Ընկե՛ր մինիստր, որ 100 մլն դոլարի վարկ վերցնես, ինչպե՞ս ես մարելու. Գծատեր

Երեւանի իշխանությունները` Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, նախորդ տարիների ընթացքում չեն հաջողել հանրային տրանսպորտի հիմնախնդրի լուծման հարցում հասնել հաջողությունների: Խոստանում են դա անել հերթական անգամ ընտրվելուց հետո: Մի անգամ խնդիրը փորձեցին լուծել ուղեվարձը 100-ից 150 դրամ դարձնելով: Հանրային դիմադրության հանդիպելուց հետո սկսեցին այլ տարբերակներ որոնել: Զուգահեռաբար, ըստ էության, նաեւ խոստովանեցին, որ ուղեւորների սոցիալական բեռը այդպես ծանրացնելու քայլին դիմել էին` առանց լուրջ վերլուծությունների ու հիմնավորումների: Հետո ասացին, որ հնարավոր է կրճատեն կրկնվող երթուղիները, եւ ծախսերի նվազման շնորհիվ կարելի լինի խուսափել ուղեվարձի թանկացումից: Քաղաքային իշխանությունները չեն բացառում, որ կարող է լինել միասնական տոմսի համակարգ: Տարոն Մարգարյանն էլ նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարում է, որ վերանալու է, այսպես կոչված, գծատեր հասկացությունը:

Երեւանի տրանսպորտի խնդիրների շուրջ զրուցել ենք համար 28 երթուղին սպասարկող «Հակո կոոպերատիվ» ընկերության տնօրեն Վլադիկ Աբրահամյանի հետ:  

- Պարոն Աբրահամյան, Երեւանի քաղաքապետն ասում է, որ պետք է վերացվի, այսպես կոչված, գծատեր հասկացությունը: Ընդդիմությունն էլ, մասնավորապես «Ելք» դաշինքը, այդպիսի նպատակ ունի: Դուք որպես «գծատեր», ինչպես եք վերաբերվում այդ հեռանկարին:

- Ժամանակին Վազգեն Սարգսյանն ասաց` Բանգլադեշի տարածքում երթուղիներին տիրություն անող չկա, եւ մարդիկ նորմալ չեն գնում աշխատանքի, ուսանողները բողոքում են, որ տրանսպորտ չկա: Ասաց` դու տիրություն արա, որ ժողովուրդը համ էլ գնա ընտրության. ընտրության չէին գնում: Միառժամանակ տիրություն արեցի, հետո թողեցի, երկրորդ անգամ նորից կանչեցին, ասացին` պիտի տիրություն անես: Ուզում եմ ասել` ես գծի տեր չեմ: Ես երթուղու տնօրեն եմ: 19 տարի է մեր երթուղին աշխատում է շատ նորմալ, կանոնավոր: Ես ոչ մեկին չեմ թերագնահատում, հարգում եմ բոլորին էլ, մարդիկ են, առաջադրվել են, բոլորն էլ հայ են, բայց տրանսպորտից ընդհանրապես գաղափար չունեն:

- Դեռ մի քանի ամիս առաջ հայտարարվել է, որ 65 օպերատորի կամ գծատիրոջ փոխարեն պետք է լինի մեկը ու քաղաքապետարանն էլ իր բաժնեմասը ունենա: Դա նորմա՞լ կլինի, ըստ ձեզ:

- Ուզում էին Անգլիայից մարդիկ բերեն, որ խորհրդատվություն անեն: Մի անգամ Հնդկաստանից բերեցին, նրանք ասացին, որ գազելների ուղեվարձը պետք է 220 դրամ լինի, ավտոբուսներինը` 250 դրամ: Իսկի 150 դրամ էին դարձրել, խեղճ ժողովուրդը իրար տվեց կոտորեց: Աշխարհի ամենաէժան տրանսպորտը Հայաստանում է, իսկ Հայաստանում ամենաէժանը մեր երթուղին է (նկատի ունի օրվա պլանը-խմբ.): Ես դիտմամբ եմ էժան պահում, որովհետեւ վարորդները փախչում են հաճախ: Չես հասցնում վարորդ ճարես: Վարորդ գոյություն չունի: Էս որ կիլոմետրով ուղեվարձի մասին խոսում են, վարորդ չեն ճարելու, որ բերեն, է´: Երկրորդն էլ, եթե ավտոբուսներ են բերում, ավտոբուսներ կան:

Ավտոբուս վարելը շատ  դժվար է Երեւան քաղաքում, որովհետեւ գաբարիտային մեքենաներ են, անընդհատ խփում են այս մեքենային, այն մեքենային: Փողոցները ժամանակին հարմարեցված չեն եղել: 250-300 հազար բնակչի համար նախատեսված թամանյանական քաղաքը դարձել է միլիոնանոց քաղաք: ... Եթե այսօր ավտոբուսներ բերեն, տեղ չունեն կայանելու: Պիտի փողոցներում կայանեն: Ավտոպարկ էլ չունեն: Ինձ համար նշանակություն չունի, երթուղին փակվում է, թող փակվի: Մեկ է` ես իմ ջուրը ջրամանից հանելու հնարավորություն ունեմ: Ես ոչ թե նայում եմ դրան, ուղղակի մտածում եմ, թե ինչ կլինի: Ես վիրաբույժ չեմ, եթե ինձ ասեն` արի սիրտ վիրահատի, կասեմ` ախպեր, չեմ կարող: Բայց ինչ է նշանակում տրանսպորտի հետ ընդհանրապես կապ չունեցողները դիսերտացիա են պաշտպանում: Ախպեր դու դիսերտատ չես, դու մակարդակ չունես տրանսպորտից, ինչի՞ց ես խոսում: Ես պարտաճանաչ աշխատող եմ, մինչեւ հիմա մուծած կլինեմ 3 միլիոն դոլարի չափ հարկ, եւ այսօր, եթե կանգնում, ասում են... Թող տանում են, տանեն: Վաղը գալու են էլի խնդրեն: Չեն կարողանալու տակից դուրս գալ:

- Հիմա ստացվում է Երեւանում տրանսպորտի խնդիրը չլուծվո՞ղ է:

- Հարյուր միլիոն դոլար վարկ պիտի վերցնեն, որ ավտոբուս բերեն: Քաղաքը լիքը ավտոբուս է: Ասում են` հետո, երբ որ ուղեւորը վճարի, վարկը կմարենք: Մենք վարորդին «նայում» ենք, մարդ է մեռնում, հիվանդանում է, տեր ենք կանգնում, ավտովթարի է ենթարկվում, տեր ենք կանգնում, վաղը այդ վարորդները լրիվ փախչելու են: Անտերության են մատնվելու, մնալու են տկլոր կանգնած էդ նույն մարդիկ, հետո գալու են մեզ խնդրեն, ասենք` ախպեր, մենք ի վիճակի չենք:

- Ձեր կարծիքով տրանսպորտի վիճակն այսպես էլ պետք է մնա՞:

- Ոչ: Բոլոր մեքենաները պետք է թարմացվեն: Ես օրինակ իմ ավտոպարկում ասել եմ` մինչեւ հունիսի 1-ը ժամանակ ունեք: Որը դարն անցած է, հանում ենք, տեղը ընդունում նոր մեքենաներ: Մնացածը կատարյալ պիտի վերանորոգվի: Ոչ մի երաժշտություն, ոչ մի թրաշ, ոչ մի ծխախոտ: Ես ընդունում եմ դա: Բայց գիտես ինչ կա, մեկը բանկով 50 հազար, 100 հազար դոլար է վերցրել, ավտոբուս կամ գազել է առել, վարկը դեռ չփակած` ասում են պետք է հանել ամբողջ տրանսպորտը: Բա բանկի փողե՞րն ով է մուծելու:

- Բայց ինչքան էլ մեքենաները նորոգվեն, մեկ է ուղեւորները իրար գլխի լցված են երթեւեկում:

- Իրար գլխի երբ են, է´, երթեւեկում: Առավոտը աշխատանքային ժամին հա, կարող եմ ես իրար հետեւից` յուրաքանչյուր մեկ-երկու րոպե հետո մեքենա բաց թողնեմ:

- Իսկ մինչեւ հիմա ի՞նչն է խանգարել, որ այդպես լինի:

- Առաջ ես ունեցել եմ 30-ից ավելի մեքենա: Կրճատելով, կրճատելով հասել ենք 22-ի: Հետո դիմել եմ, որ ժողովուրդը բողոքում է, ավելացրեք, դարձրել են 25: Պետությունն էլ չի կարողանալու հասցնի: Կամ դու հարյուր միլիոն դոլարի վարկ ես վերցնում, ընկեր մինիստր, ինչպես ես մարելու այդ վարկը: Ավտոբուսը պիտի աշխատի, որ փակես: Կարողանալո՞ւ ես աշխատեցնես: Էդ հարցին պատասխանի: Վարորդ չկա, է´:

- Քաղաքային իշխանությունն ասում է` կրկնվող երթուղիները կկրճատենք, ծախսը ավելի քիչ կլինի եւ դրա հաշվին հնարավոր կլինի ուղեվարձը չթանկացնել:

- Եթե երթուղիները կրճատեն, մարդիկ ընդհանրապես ավտոբուսների գլխին ու մեկ էլ էդ ասողների գլխին նստած կերթեւեկեն:

- Պարոն Աբրահամյան, Երեւանի քաղաքապետարանը, որ այսքան տարվա ընթացքում չի կարողացել տրանսպորտի համակարգի խնդիրները լուծել, այս մի ընտրությունից հետո կարողանալո՞ւ է:

- Ես չեմ հավատում, որ կարողանա լուծել: Բուսաբանական այգու հետեւի թաղամասի սեփական տների ժողովուրդը բողոքեց, որ տրանսպորտ չունեն: Մի խումբ տրանսպորտնիկներ, ղեկավարության հետ միասին, գնացին, ասացին` շուտով տրանսպորտ կլինի: Մի հատ հարցրու, ասա` երթուղի կա՞:  

Հ.Գ. Բուսաբանական այգու հարակից թաղամասի տրանսպորտի խնդիրը, ինչպես հայտնի է, առ այսօր լուծված չէ:

Տպել
6263 դիտում

Թուրք մասնագետները կմեկնեն Ադրբեջան՝ S-300-ներն ուսումնասիրելու համար

73-ամյա Ժորայի ջերմոցում ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 12 կիլոգրամ կանեփ

ՀՀ և Վրաստանի վարչապետները Ենոքավանում ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել (լուսանկարներ)

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վարչապետին է ներկայացվել Ենոքավանի զարգացման ռազմավարությունը. զբոսաշրջիկների թիվը կհասնի 250 հազարի

Այսօր ու առաջիկա օրերին սպասվում է ձյուն եւ անձրեւ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի անկում

Աննա Հակոբյանի պաշտոնական կայքէջը պատրաստ է, մարտի 26-ից կսկսի գործել

Մասիսում մեքենա է այրվել. 12-ամյա երեխան այրվածքներով հոսպիտալացվել է ծայրահեղ ծանր վիճակում

Լոռու կրակոցները տեղի էին ունեցել Շիրակամուտի դաշտում. ոստիկանությունը փնտրում է դեպքի մասնակիցներին

Հայկական կողմն ինտենսիվ աշխատում է Կարեն Ղազարյանին վերադարձնելու ուղղությամբ. նախարարը՝ գերեվարվածի հորը

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում, Աշոցքում բուք է

Զինծառայողները մասնակցել են համապետական շաբաթօրյակին ու ծառատունկին (լուսանկարներ)

Նորատուս գյուղի ռեստորանային համալիրի շոգեբաղնիքում հրդեհ է բռնկվել

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պարտվեց Եվրո 2020-ի ընտրական 1-ին խաղում

Կրակոցներ Լոռու մարզում. 3 հոգի հիվանդանոցում են, այդ թվում՝ նախկին ու ներկա գյուղապետերը

Փոցխ ու ձեռնոց նաեւ ԵՄ դեսպանին. Պյոտր Սվիտալսկին Գյումրիում միացել YIC-ի շաբաթօրյակին

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է

Առանձնատնից գողություններ կատարածներն անչափահասներ էին. նրանք ձերբակալվել են

Զինծառայողները եւս մասնակցել են համապետական շաբաթօրյակին

Ոստիկանությունը հայտնաբերել եւ բերման է ենթարկել ավտոլվացման կետից ավտոմեքենա փախցրած անձին