Սերգեյ Խաչատրյանը նշանակվել է հոգեբուժական կենտրոնի տնօրենի ԺՊ. մինչեւ տնօրեն մեկ քայլ է

Պետական բժշկական հաստատություններում վերջին օրերին շարունակում են նոր կամ ոչ այնքան նոր ղեկավարներ նշանակվել:

Երեւանի Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնում նշանակվել է ուռուցքաբան-արյունաբան Սամվել Դանիելյանը: Նա, հիշեցնենք, մինչեւ այս նույն հաստատությունը մի քանի ամիս ղեկավարում էր որպես տնօրենի պաշտոնակատար: Թափուր պաշտոնի մրցույթին մասնակցել են երեք թեկնածու՝ Սամվել Դանիելյանից բացի, Լոռու մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության նախկին պետ Սամվել Լամբարյանն ու Կոտայքի մարզպետի տեղակալ Լարիսա Մադոյանը: Մրցույթում հաղթող են ճանաչվել բոլոր երեք հավակնորդները: Իրեն վերապահված լիազորությունների շրջանակում վերջնական ընտրությունը կատարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, քանի որ արյունաբանական կենտրոնը գտնվում է նախարարության ենթակայության տակ: Իսկ թե երեք հաղթող թեկնածուներից մեկին նախապատվություն տալիս ինչ սկզբունքով է առաջնորդվել նախարարը, լրատվական ծառայությունից չեն պարզաբանում: Այստեղից չէին նշում նաեւ մրցույթի մասնակիցների անունները:

Ինքը՝ Սամվել Դանիելյանը, պատասխանելով մեր հարցին, թե հատկապես ինչն է շեշտադրել արյունաբանական կենտրոնի զարգացման իր ծրագրում, ասաց. «Արյան ընդհանուր ծառայությունը հանրապետությունում պիտի որոշակի զարգացումներ ապրի, ադմինիստրատիվ մասնաշենքը, որը շատ վաղուց է վերանորոգվել եւ հիմա տարածքների հետ կապված խնդիր ունենք, շատ կուզեմ, որ վերանորոգեմ: Մենք հիմա իրագործում ենք ցողունային բջիջների աուտոտրանսպլանտացիա՝ սեփական բջիջներով սեփական հիվանդությունը բուժելու որոշակի փուլ ենք անցկացնում, բայց մեր առջեւ խնդիր ենք դրել, որ սա պետք է զարգացում ապրի, եւ մեր կենտրոնը դառնա տարածաշրջանի կենտրոններից մեկը: Մենք պարտավոր ենք անելու ցողունային բջիջների պատվաստման ամբողջ սպեկտորը: Այսինքն՝ նաեւ ալլոտրանսպլանտացիա (երբ փոխպատվաստումը կատարում են նույն տեսակին պատկանող մի անհատից մյուսին-խմբ.), որը իրական եւ շատ ավելի բարդ տրանսպլանտացիա է, քան այն, ինչ իրագործում ենք հիմա: Սրան հասնելու համար ենթադրում եմ երկու, երեք, միգուցե ավելի երկար տարիների աշխատանքներ են պետք, լաբորատոր ծառայությունների ավելի բարելավում է անհրաժեշտ եւ այսպիսի բաներ, որոնք աշխատատար են, ծախսատար են, ժամանակատար են, բայց հուսով եմ, որ սրանց գոնե որոշ մասը պիտի իրագործեմ»,- նշեց Արյունաբանական կենտրոնի տնօրենը:

Նպատակներին հասնելու ուղիներն, ասաց, պատկերացնում է. «Ենթադրում եմ, որ առողջապահության նախարարությունը կաջակցի, կենտրոնը իր աշխատակազմով կնպաստի, եւ իհարկե արտասահմանյան գործընկերները, որոնք ե՛ւ մեթոդական առումով մեզ կօժանդակեն, ե՛ւ նյութական, ենթադրում եմ, նույնպես: Նաեւ հիմնադրամները, որոնց դուք քաջածանոթ եք, ենթադրում եմ, նույնպես այս ճանապարհին կլինեն մեր կողքին: Դրանք իմ մոտավոր աղբյուրերն են, որոնց վրա հույս ունեմ, որ կհասնեմ իմ նպատակին»:

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնում նշանակվել է Միքայել Ադամյանը: Մինչեւ այս, նա բուժհաստատությունը ղեկավարում էր ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով: Թափուր պաշտոնի մրցույթին մասնակցել են երկու թեկնածու՝ Միքայել Ադամյանը եւ Գարեգին Սարգսյանը: Վերջինս Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի տնօրենն է: Հաղթողներից մեկին նշանակել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, քանի որ հաստատությունը գործում է քաղաքապետարանի ենթակայությամբ: «Դա քաղաքապետին օրենսդրությամբ վերապահված որոշումն է, որը Հայկ Մարությանը կայացրել է՝ հիմնվելով թեկնածուների աշխատանքային փորձի, կառավարման հմտությունների ու այլ մասնագիտական որակների համեմատական վերլուծության վրա»,- անդրադառնալով պաշտոնի հավակնորդների միջեւ ընտրություն կատարելու մոտեցումներին՝ փոխանցեց քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Անելիքների մասին փորձեցինք խոսել նաեւ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի նորանշանակ տնօրեն Միքայել Ադամյանի հետ: Նրա հետ կապ հաստատել չհաջողվեց: Կենտրոնից ասացին, որ այդ օրն աշխատավայրում չի լինելու: Հանդիպումներ ունի:

Առաջիկայում ղեկավարի ընտրություն է սպասվում Առողջապահության նախարարության ենթակայության Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում (Նուբարաշենի հոգեբուժական կենտրոն): Մինչ այդ, հաստատության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նախարարի արդեն նախկին տեղակալ Սերգեյ Խաչատրյանը: Նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանը զբաղեցրած պաշտոնից ազատվել էր մի շարք աղմկոտ պատմությունների մեջ հայտնվելուց ու մասնավորապես Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ ունեցած կոնֆլիկտից հետո: Ի դեպ, Վանեսյանը նույնպես մրցույթի արդյունքում նշանակվել էր՝ մի քանի ամիս որպես հոգեբուժական կենտրոնի տնօրենի պաշտոկանկատար աշխատելուց հետո:

Սերգեյ Խաչատրյանը առողջապահության փոխնախարարի պաշտոնից ազատվեց դեկտեմբերի վերջին: Մինչ այդ, մասնակցել էր նաեւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին: Այս անգամ էլ հաղթող էին ճանաչվել բոլոր հավակնորդները: Առողջապահության նախարարը նշանակել էր Արման Հովակիմյանին, որը դրանից ամիսներ առաջ նշանակվել էր տնօրենի պաշտոնակատար:

Ավելի վաղ որոշվել էր նաեւ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի մշտական տնօրենի հարցը: Երկու հավակնորդներից նշանակվել էր միառժամանակ տնօրենի պաշտոնակատար աշխատած Մհեր Դավիդյանցը:

Այս կամ այն հաստատության ղեկավարի նախընտրելի թեկնածուին նախ տնօրենի պաշտոնակատար նշանակելու երեւույթը նոր չէ: Բայց կարծես շարունակաբար սկսում է դրսեւորվել նախկինում հազվադեպ հանդիպող մեկ այլ միտում. մրցութային հանձնաժողովները կամ խորհուրդները հաղթող են ճանաչում թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր հավակնորդներին՝ վերջնական ընտրության պատասխանատվությունը թողնելով գերատեսչության ղեկավարի վրա:

Տպել
1163 դիտում

Ինչու են վաղը փակվելու դատարանների մուտքերը եւ ինչպիսին է լինելու ընթացքը. վարչապետը մանրամասնում է (տեսանյութ)

Արմավիրում Opel-ը բախվել է կայանված Nissan-ին, վերջինն էլ վրաերթի է ենթարկել 3 հոգու

Գիզայի պայթյունից նախնական տվյալով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել. ԱԳՆ

Վաղը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը. վարչապետ

13-ամյա աղջկա հղիությանն առնչվող տեսանյութը հեռացվել է ամբողջությամբ. ՄԻՊ

Ժամը 12.00-ին կհայտարարեմ Հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակարեւոր փուլի մեկնարկը. վարչապետ

ՀՀ վարչապետը վաղը կարեւոր հայտարարություն է անելու դատաիրավական համակարգի վերաբերյալ

Ուկրաինայի նախագահի երդմնակալությանը կմասնակցի Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը

Օպերայի եւ բալետի թատրոնում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել. մարդկանց տարհանել են, տեղազննում իրականացրել

Ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի, առաջիկա օրերին անձրեւներ են սպասվում

Նախարար Բաթոյանն անդրադարձել է 13-ամյա երեխայի հղիությանն ու կոչ արել այլեւս չտարածել տեսանյութը

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում ռումբի առկայության մասին ահազանգ է եղել

Արմեն Գրիգորյանը Լոս Անջելեսում մասնակցեց «Ինովեյթ Արմենիա» ամենամյա 4-րդ փառատոնին

Վարչապետն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ (լուսանկարներ)

Հանգիստ եղեք, ոչինչ չի մոռացվել, ոչ մեկը չի խուսափի արդարադատությունից. Սիմոնյանը՝ Քոչարյանի դատավարության մասին

Կապանի 28-ամյա բնակչուհին որոնվում է որպես անհետ կորած

Գյումրու մարզադպրոցում ապօրինություններ են բացահայտվել․ յուրացվել է մոտ 17 մլն դրամ

Ինքնաթիռում 3 ժամ տեւած ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել ՀՀ եւ ՌԴ ներկայացուցիչները. Ալեն Սիմոնյան

Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին.մեկ մարդ զոհվել է, մյուսի վիճակը միջին ծանրության է

Շիրակի մարզում իրականացվել է հատուկ «Ջութակ» օպերացիան. կան բերման ենթարկվածներ