Երևան
12 °C
Հունիսի 20-ի ընտրությունների նախնական արդյունքներով առաջին տեղը զբաղեցրած եւ նոր Կառավարություն ձեւավորելու հնարավորություն ստացած ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի մեկնած «համախմբման ձեռքը» օդում չմնաց:
Երեկ ընտրություններին մասնակցած եւ անցողիկ շեմը չհաղթահարած մի շարք ուժերի ներկայացուցիչներ վարչապետի պաշտոնակատարի հետ ձեռքսեղմամբ ազդարարեցին Հայաստանում համերաշխության մթնոլորտի ձեւավորման իրենց պատրաստակամության մասին:
Երեկվա դրությամբ, սակայն, հանդիպումներին չմասնակցեցին խորհրդարան անցած արմատական ընդդիմության ներկայացուցիչները: «Հայաստան» դաշինքի առաջնորդ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը չի նկատել Փաշինյանի մեկնած երկխոսության ձեռքը:
Հիշեցնենք, երկխոսության եւ համախմբման առաջարկը վարչապետի թեկնածուն հնչեցրեց նախօրեին՝ Հանրապետության հրապարակում հրավիրված ամփոփիչ հանրահավաքում:
«Վաղվանից, վաղը առավոտվանից քաղաքական խորհրդակցություններ եմ սկսում խորհրդարանական ընտրություններին մասնակցած այն ուժերի հետ, ովքեր երկխոսելու, քննարկելու հակվածություն ունեն: Եվ ես նաեւ հույս ունեմ, որ ժողովուրդն այս մանդատը տալիս է ինձ, որովհետեւ մենք, այո՛, պիտի մեր երկրի եւ ժողովրդի պատմության այս փուլում գնանք մեր մշակութային, գիտական, տնտեսական, բիզնես լավագույն ներուժի, հանրային եւ քաղաքական լավագույն ներուժի համախմբմանը եւ ողջ ներուժը մեր երկրի, ժողովրդի, պետության, Հայաստանի եւ Արցախի անվտանգությանը եւ բարեկեցությանը ծառայեցնելուն»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ երկխոսության կոչ է անում նաեւ բոլոր այն կառույցներին, սեգմենտներին, որոնց հետ այս ընթացքում բանավեճ եւ հակադրություն են ունեցել:
Վարչապետի թեկնածուն հատուկ ընդգծեց եկեղեցու մասին՝ շեշտելով, որ «ձայն բազմաց, ձայն Աստծո, եւ Աստծո ձայնին առավելեւս որեւէ հոգեւոր սպասավոր հակադրվելու իրավունք չունի»:
Հիշեցնենք, պատերազմից հետո ինչպես առանձին եկեղեցական սպասավորներ, այնպես էլ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը պահանջել էին Փաշինյանի հրաժարականը, հանդես եկել ընդդիմադիր հայտարարություններով:
Երեկ, սակայն, Մայր աթոռը արձագանքեց Փաշինյանի՝ երկխոսության կոչին: Արձագանքում, թեեւ որեւէ բառ չկար ընտրություններում հաղթած ուժին ուղղված շնորհավորանքի մասին, սակայն ակնհայտորեն ակնարկվում էր, որ ընդունել են ընտրությունների արդյունքները:
Դրական գնահատելով Նիկոլ Փաշինյանի հնչեցրած համերաշխության կոչը եւ ողջունելի համարելով վարչապետի պաշտոնակատարի կողմից հոգևոր առաջնորդներին ուղղված երկխոսության առաջարկը, Մայր աթոռը հայտարարում էր. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մշտապես հանդես է եկել այս դիրքերից և ակնկալում է, որ նոր ձևավորվող իշխանությունը գործնական և հետևողական քայլեր կձեռնարկի Եկեղեցու հետ գործակցության իրենց իսկ առաջարկն իրականացնելու, ինչպես և հանրային համերաշխություն ձևավորելու ուղղությամբ»։
Հաղթած ուժի առաջնորդին շնորհավորեց Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որը եւս արտահերթ ընտրություններ պահանջողներից էր:
Ըստ վարչապետի պաշտոնակատարի գրասենյակի՝ Արմեն Սարգսյանը Հայաստանի ապագա կառավարությանը մաղթել է հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի հետագա զարգացման, առաջընթացի, ժողովրդի բարեկեցության ու պետության անվտանգության ապահովման: Նշենք, որ Սարգսյանը հեռախոսազրույցներ է ունեցել ոչ միայն վարչապետի պաշտոնակատարի, այլեւ խորհրդարան անցած մյուս երկու ուժերի առաջնորդների՝ Ռոբերտ Քոչարյանի ու Արթուր Վանեցյանի հետ:
ԲԱՆԱԼԻ ԲԱՌԸ՝ ԲՈԼՈՐԻ ՎԱՐՉԱՊԵՏ
Հունիսի 20-ի ընտրություններում շուրջ 54 տոկոս քվե ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարած համախմբման կոչի շրջանակներում երեկ քաղաքական խորհրդակցություններ սկսեց խորհրդարան չանցած ուժերի ներկայացուցիչների հետ:
Քաղաքական ուժերից առաջինը վարչապետի պաշտոնակատարին հանդիպեց 3 տոկոսից ավելի ձայն հավաքած «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:
Կառավարության տարածած տեսանյութից տեղեկացանք, որ ընդունելով Արամ Սարգսյանին եւ նրա շնորհավորանքները՝ ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ, Փաշինյանը նրան ասել է. «Հետեւում էի Ձեր քարոզարշավին, եւ անկեղծ ասած շատ լավ տպավորություն եմ ստացել: Մտածում էի՝ «Հանրապետություն» կուսակցությունը կհաղթահարի 5 տոկոսանոց շեմը: Ընտրությունը հենց դրանով է ընտրություն, որ նախ բազմաթիվ գործոններ ազդում են պրոցեսի վրա, եւ ինքը միեւնույն է ունի որոշակի անկանխատեսելիության գործոն»:
Փաշինյանը Սարգսյանին խնդրել է իր պատկերացումները փոխանցել ներքաղաքական կյանքի, հետագա զարգացումների վերաբերյալ, ինչպես անել, որ քաղաքական դաշտում ավելի համագործակցային ու պոզիտիվ դաշտ ստեղծվի:
Արամ Սարգսյանն ասել է, որ իր կարծիքով ընտրություններն իսկապես ամեն ինչ դրեցին իրենց տեղը: «Եվ այսօր ընտրություններում կան երեք խորհրդարանական ուժեր: Ես մյուս երկուսին էլ եմ շնորհավորել Ազգային ժողով անցնելու առումով և գտնում եմ, որ ընդհանուր գործընթացների համար լավագույն տարբերակը կլինի, որ քննարկումները տեղափոխվեն Ազգային ժողովի հարթակ, և այնտեղ առաջին հերթին Ազգային ժողով անցած խորհրդարանական ուժերի միջև փորձ արվի գտնել մարդավարի լեզվով խոսելու, այն հին հռետորաբանությունից դուրս գալու, երկիրն այս իրավիճակից հանելու հիմնական բանաձև:
Արտախորհրդարանական ուժերի խնդիրը շատ ավելի հեշտ է այդ առումով: Իմ կարծիքով՝ ազդեցություններն էլ շատ ավելի փոքր: Այստեղ հիմնական բանալի բառը Ձեր՝ բոլորի վարչապետ լինելն է՝ անկախ նրանից, թե իրենք որ թիմից են: Իհարկե, հասկանում եմ, որ այն թիմերում 20 տոկոսն է մոլորյալ, որոնց վարչապետը, իսկապես, արժե լինել: Մյուսներն այլ-այլ նպատակներ ունեն՝ իրենց նախկին ունեցած ազդեցությունները վերականգնել, հովանավորչությամբ զբաղվելու կամ որոշակի նյութական իրավիճակներից ելնելով շտաբներում աշխատելով այդ քվեները ձևավորվել են»:
Անդրադառնալով նախկին իշխանությունների կողմից մանդատները վերցնելուն, Սարգսյանն ասել է, որ իր կարծիքով նրանք էլ են հակված Ազգային ժողով մտնելու, «առանձնապես աղմուկ անելու բան չունեն, բողոքները ենթատեքստ չունեն»: «Այդ բողոքներով մեզ կծաղրեին, եթե Սահմանադրական դատարան մտնեինք, հարցումների հիմքի վրա կամ միտինգներին շատ մարդ լինելու: Դա անհեթեթ է ուղղակի»,- հավելել է նա:
Ինչ վերաբերում է «Հանրապետություն» կուսակցությանը՝ Սարգսյանը վստահեցրել է, որ մշտապես լինելու են պետության կողքին, պետականության կողքին: «Մեզ համար դա գերկարևոր է, գերկարևոր է Հայաստանի Հանրապետության անկախությունը, այդ անկախության գիծն անընդհատ պահելու գործընթացը, որը մենք պահում ենք արևմտյան մոտեցումներ ներկայացնելով, արտաքին քաղաքական դաշտը բալանսավորելով»:
Արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է նաեւ «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանին, որի գլխավորած ուժը եւս չհաղթահարեց անցողիկ շեմը: Նորիկյանի հետ զրույցում եւս Փաշինյանը ափսոսանք է հայտնել, որ «Արդար Հայաստանը» չի հավաքել անհրաժեշտ ձայներ խորհրդարան անցնելու համար:
Արձանագրելով, որ նոյեմբերի 9-ից հետո ստեղծված ճգնաժամը հաղթահարված է, փաստաբան Նորիկյանը իր հիմնական առաջարկները ներկայացրել է դատաիրավական համակարգի վերաբերյալ:
«Դատական համակարգը մեր պետության և հասարակության «աքիլեսյան գարշապարն» է: Ես խորապես, հիմա առավել ևս համոզված եմ, որ մեր սերնդի պարտքն է ուղղակիորեն այդ ոչ ֆորմալ բարքերն արմատախիլ անել այդ ոլորտից, իսկ ընդհանրապես պատասխանատու, անաչառ, ազնիվ դատական համակարգ կառուցել, և ընդհանրապես պետական ինստիտուտներում արդարության միջավայրը ձևավորել»,- շեշտել է նա:
Խոսելով իրենց առաջիկա անելիքների մասին, Նորիկյանը հավելել է. «Ես երբեք չեմ դասվել այն մարդկանց շարքին, որ կուզենային պետական իշխանությունը ձախողել: Ճիշտ հակառակը՝ դա մեծ վնաս է հասցնում: Համարում եմ, որ սա շատ լավ հնարավորություն կարող է ստեղծել մեր հանրային կյանքում հանրային համերաշխություն ձևավորելու, մթնոլորտը ձևավորելու համար: Կներեք, կարող է այլ ընկալում լինել, բայց կարծում եմ, որ ընտրությունների այս արդյունքը կարող է շատ ավելի կարևոր է, քան անգամ 2018թ. դեկտեմբերյան արդյունքը, որովհետև սա նաև որոշակիորեն հանրության գիտակցված կոնկրետ գնահատական է: Հիմա տեսնենք՝ ի գործ, ի աշխատանք»:
Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը առանձին-առանձին հանդիպում ունեցավ նաեւ քվեների 1.5 տոկոսը ստացած «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի երկու առաջնորդների՝ Արման Բաբաջանյանի ու Լեւոն Շիրինյանի հետ:
Ինչպես տեղեկացանք Կառավարության լրատվականի տարածած տեսանյութերից, նրանց հետ զրույցում եւս Փաշինյանը ափսոսանք է հայտնել, որ չեն անցել ԱԺ:
«Վերջին հաշվով, գրոհը կասեցվեց: Դա շատ կարևոր է, իմ գնահատականով, որտեղ մենք ունեցանք շատ էական դերակատարություն: Կարող եմ ասել, որ դաշինքն աշխատեց բացառիկ արդյունավետությամբ: Կարևոր էր հեղափոխության շարունակությունը, պետության կայունությունը և անկախության ամրապնդումը: Հիմա այսպես տեսակետները շատ եմ շարադրել, կշարունակեմ: Մենք այստեղ որևէ խնդիր չունենք, կլինենք ձեր կառավարության կողքին»,- իր խոսքում ասել է Շիրինյանը:
Իր հերթին Բաբաջանյանը շնորհավորել է Փաշինյանին՝ մեր երկրի այս ճակատագրական և բախտորոշ ժամանակահատվածում այսպիսի ազատ, արդար ընտրություններ կազմակերպելու, այս ընտրություններով մեր երկրում ժողովրդավարությունը և ժողովրդավարական գործընթացներն անշրջելի դարձնելու համար: «Այս ընտրություններում Ձեր հաղթանակը անքննելի և անվիճելի է, և այս իմաստով ժողովրդի իշխանությունը պաշտպանելու գործում մենք անմնացորդ կերպով պատրաստ ենք սատար լինել Ձեր ձեռնարկումներին: Եվ այդ իմաստով ցանկացած ձևաչափով պատրաստ ենք խոսակցության»:
Հաջորդիվ Փաշինյանը ընդունել է նաեւ «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակյանին:
«2-3 տարի շարունակ արտախորհրդարանական ընդդիմության ձայնը, ըստ էության, լսելի չի եղել: Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա այս արդյունքները ցույց են տալիս, որ քաղաքական դաշտը մրցունակ չէ, իրականությունից կտրված է, և պետք է շատ աշխատել, որ այս մոխրացած դաշտում նոր ծիլեր առաջանան»,- Փաշինյանի առաջարկով ներկայացնելով իր պատկերացումները արտախորհրդարանական ուժեր-կառավարություն փոխադարձ լսելիության մասին՝ ասել է Սահակյանը:
Այնուհետեւ հանդիպում է տեղի ունեցել նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ:
Նոր ձեւավորվելիք խորհրդարանից դուրս մնացած ԼՀԿ ղեկավարին դիմելիս Փաշինյանն ասել է՝ ափսոսում է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել Ազգային ժողով մուտք գործելու շեմը, որովհետև կուսակցությունն իր տեղն ունի և իր դերակատարումն է ունեցել մեր վերջին տարիների քաղաքական կյանքում:
«Այո, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավն իրականացրեց հիմնականում համերաշխության, ներքին հաշտությունը վերականգնելու և երկրի ներսում միասնականությունը վերականգնելու կարգախոսներով: Ըստ էության, մենք գտնում ենք, որ մեր օրակարգը պարտվել է այս ընտրություններում: Չնայած դա ոչինչ չի նշանակում, և կուսակցությունը շարունակելու է դերակատարում ունենալ և ներկայացնել այն մոտեցումները, որ մենք պաշտպանում ենք և պաշտպանել այն արժեքները, որոնք կուսակցության հիմքերում են: Ես հույս ունեմ, որ նոր ձևավորված խորհրդարանը և խորհրդարանական ընտրությունների անցկացումն ամբողջությամբ կարող են հիմք հանդիսանալ երկրում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար»,- նշել է Մարուքյանը:
Հանդիպումների շարքը եզրափակվեց «Ազատական» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորած Արցախի ԱԽ նախկին ղեկավար Սամվել Բաբայանի հետ հանդիպմամբ:
Սամվել Բաբայանը Փաշինյանին շնորհավորել է՝ ընդգծելով, որ մեծ պատասխանատվության տակ են մտել: «Ապագան պետք է կառուցել, և Հայաստանը մեծ հույսեր է կապում ձեզ հետ, որ զարգացում ապահովենք, պաշտպանված լինենք: Ես իմ կողմից մյուս 2 կուսակցություններին ևս շնորհավորել եմ, որովհետև պետք է կարողանաք համախմբել այս վիճակը և դրան պիտի գնանք: Ապագան դա է պահանջում մեզանից: Բոլորը, իմ կարծիքով, իրենց ամբիցիաները պետք է ցած դնեն ու փորձեն համագործակցել հանուն մեր պետության, հանուն մեր ապագայի: Իմ կարծիքն այն է, որ ներքին կայունությունը մեծ խնդիրներ է լուծելու, եթե բոլորս գիտակցենք ու հասկանանք, որ մեր պետության շահը պետք է գերադասել ամեն ինչից բարձր»,- ասել է Բաբայանը:
Այսպիսով, ըստ երեւույթին հանդիպումների շարքը չավարտվեց: Ընտրություններին մասնակցած որոշ ուժեր եւս հնարավոր է ընդունեն Փաշինյանի մեկնած ձեռքը:
Այս պահի դրությամբ տարածված հայտարարությամբ «Ազգային ժողովրդավարական բեւեռն» ու «5165» կուսակցությունն են մերժել հանդիպումը Փաշինյանի հետ:
Առայժմ արձագանքաներ չկան ԲՀԿ-ից, «Պատիվ ունեմ» դաշինքից, «Հայ ազգային կոնգրես»-ից:
Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն էլ երեկ հրավիրած ասուլիսում անդրադառնալով վարչապետի պաշտոնակատարի կոչին՝ ասել է.
«Դուք իրոք նկատե՞լ եք հաշտության ձեռք։ Ես չեմ նկատել։ Այս իշխանությունն այնքան է ստել, որ նրանց հավատալ ուղղակի հնարավոր չէ։ 44 օր ստած իշխանությունը հիմա ուրիշ բաներ է ասում ու անմիջապես դրանից հետո լրիվ հակառակն է ասում։ Սա ոճ է»:
Քոչարյանն ընդգծել է, որ եթե իշխանություններն իսկապես համախմբման տրամադրություններ ունեն, ապա առնվազն պետք է 6 ամիս իրենց պահեն հենց այդ ոճով, որ հավատ ներշնչեն, թե դա իրենց իրական ցանկությունն է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՑնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան
«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան
Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել
Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը
Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել
Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին
Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու
Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ
2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը
Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են
Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում
Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ
Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած
«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի
Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու
Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ
Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը
Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան
Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT