Արսինե Խանջյան. Մտքովս չէր անցնի, որ հայրենիքիս մեջ այսպիսի բան կարող է պատահել

29/07/2016 schedule10:06

Խորենացի փողոցից հուլիսի 27-ին ոստիկանները բերման էին ենթարկել աշխարհահռչակ ռեժիսոր Ատոմ Էգոյանի կնոջը՝ կանադահայ դերասանուհի, պրոդյուսեր, կինոռեժիսոր Արսինե Խանջյանին: Ոստիկաններն իրենց քայլի վերաբերյալ դերասանուհուն բացատրություն չէին տվել:

Մի քանի ժամ անց նրանք Խանջյանին ազատ էին արձակել: Արսինե Խանջյանը ՀԺ-ին մանրամասներ հայտնեց տեղի ունեցածից: Նա նաեւ իր կարծիքն արտահայտեց ներկա իրավիճակի մասին:

- Տիկի՛ն Խանջյան, Ձեզ բերման ենթարկելու փաստի հետ կապված մանրամասներ կպատմե՞ք:

- Մարդիկ պետք է եւս մեկ անգամ ժամը 19:00-ին հավաքվեին Խորենացի փողոցում, եւ ես էլ ցանկացա մասնակցել: Նախորդ գիշեր էի Երեւան եկել եւ արդեն մասնակցել էի ցույցին, գիտեի, որ ժամը 19:00-ին պետք է ցույց լիներ: 18:30-ին այնտեղ հասա: Մարդիկ քիչ էին, ցույցի մթնոլորտ չէր: Անընդհատ ոստիկանները մոտենում էին, եւ խոսակցություններ էին լինում: Երիտասարդ կին կար, որը շատ բորբոքված էր: Ինձ մոտ, ինչպես նախորդ օրը, տեսախցիկ կար, մոտեցա, որ տեսնեմ՝ ինչ է կատարվում, գուցե նա ինչ-որ սխալ բան էր արել: Նա ասաց, որ բան չի արել եւ չի ցանկանում գնալ ոստիկանների հետ: Մոտեցա ոստիկաններին (այդ ամենը նկարահանում էի), եւ մինչ կմոտենայի նրանց, ամուսինս՝ Ատոմ Էգոյանը, զանգահարեց, նրա հետ էի խոսում, երբ ոստիկանները մոտեցան ինձ, հարցրին՝ արդյոք լրագրող եմ, ասացի՝ ո՛չ, կինոռեժիսոր եմ, դերասանուհի եմ: Հարցրին՝ ինչու եմ այնտեղ, իրավունք չունեմ: Մտածելով, որ ոչ մի սխալ բան չեմ անում՝ ասացի՝ ինչո՞ւ իրավունք չունեմ, եկել եմ ցույցին մասնակցելու: Ասացին. «Ուրեմն պետք է մեզ հետ գաք, Ձեզ հետ պետք է զրուցենք»: Չէի հասկանում՝ պատճառը որն էր: Նաեւ խոսում էի ամուսնուս հետ, անգլերենով էի խոսում եւ բացատրում էի՝ ինչ է կատարվում: Որեւէ ձեւով չէի կարող ընդդիմանալ, որովհետեւ, եթե ընդդիմանայի, այնպես կլիներ, ինչպես լինում էր նրանց հետ, ովքեր ընդդիմանում էին:

Նրանց հետ ներս մտա, ոստիկաններ կային, բոլորին հարցնում էի՝ պատճառը որն է: Մինչեւ ներս մտնելը տեսախցիկս տվել էի լրագրողներից մեկին, իսկ երբ ներս մտա, ինձանից խլեցին հեռախոսս, այսպես ասեմ՝ ուզեցին հեռախոսս, սկզբում մերժեցի տալ, բայց ըստ երեւույթին՝ չէր կարելի այն մոտս պահել: Այնուհետեւ խուց տարան: Հետո այլ անձինք եկան՝ 12 հոգի, դռները փակեցին, բոլորից հեռախոսները վերցրին: 2 հոգով մեզ առաջնորդեցին մի տեղ, որը, ըստ իս, ոչ թե ոստիկանական, այլ զինվորական կենտրոն է, քաղաքի մի փոքր բարձր հատվածում է, անունը չեմ հիշում, չգիտեինք, թե ուր ենք գնում: Երբ տեղ հասանք սկսեցին անուն, ազգանուններն ու հասցեները ճշտել ու գրել: Այնուհետեւ մեզ ուղղեցին դեպի շենքի ներս, այնտեղ պարզ էր, որ դա մարզադահլիճ է: Պետք է նշեմ, որ սպառնալիքներ չկային, չէին փորձում վախեցնել, այդպիսի մթնոլորտ չէր: Երբ ներս մտանք, պարզ դարձավ, որ ոստիկաններ չէին, այլ ինձ թվում է, որ զինվորականներ էին, որովհետեւ հրացաններ եւ սեւ դիմակներ էին կրում: Բավական ժամանակ այնտեղ մնացինք, այլ մարդիկ էլ եկան, մինչեւ որ ներկաների թիվը հասավ 80-100 հոգու: Մարդիկ կարող էին նստել, որովհետեւ մարզադահլիճում հանդիսատեսի համար նախատեսված աթոռներ կային: 17-18 տարեկանից մինչեւ 70 տարեկան մարդիկ կային: Մի սեւ հագուստով կին էլ կար, ում թոռնիկը վերջերս Արցախում տեղի ունեցած պատերազմի ժամանակ էր սպանվել: Շատ հուզված էր: Այնտեղ մնացի 1,5-2 ժամ: Ժամը 18:30-ին բերման ենթարկվեցի, 21:30-ին ազատ արձակվեցի:

- Ձեզ հարցաքննե՞լ են, որեւէ բան ասե՞լ են:

- Որեւէ խոսակցություն չկար: Խոսակցությունը միակողմանի էր, որովհետեւ, երբ հարց էի տալիս, ոչ ոք չէր պատասխանում: Դեմքը ծածկված անձանցից մեկին մոտեցա, անուն հարցրեց, ասացի՝ Արսինե Խանջյան: Ասաց. «Դուք այստեղ ի՞նչ եք անում»: Ասացի. «Չգիտեմ: Դուք ինձ ասեք՝ ես այստեղ ինչ եմ անում»: Այնուհետեւ ցանկացան պայուսակս վերցնել: Ասացի. «Պայուսակս ես ձեզ չեմ հանձնի: Եթե ցանկանում եք իմանալ՝ պայուսակիս մեջ ինչ է, ես ինքս կբացեմ: Ասացին՝ ո՛չ, պետք չէ: Բացեցի պայուսակս, իրենք փակեցին, հեռախոսս, որը վերցրել էին, մեջը դրեցին: Հետո ինձ մոտեցան եւ 3 ոստիկաններով ուղեկցեցին եւ ասացին, որ պետք է գնամ գեներալ-մայորի գրասենյակ: Այնուհետեւ մենակս այլ շենք մտա, մյուսները մնացին այնտեղ: Շատ քաղաքավարի ընդունելություն ստացա գրասենյակում:

- Արդեն գիտեին՝ ով եք, ա՞յդ պատճառով:

- Այո՛: Ձերբակալելիս եւ տանելիս էլ գիտեին, որովհետեւ միշտ քաղաքավարի էին հետս խոսում: Գեներալն էլ գիտեր, եւ ներողություն խնդրեց: Ասացի. «Ինձնից ներողություն մի խնդրեք, որովհետեւ դեռ չգիտեմ՝ ինչու եմ բերման ենթարկվել, եւ ամենամտահոգիչն իմ ձերբակալությունը չէ, այլ այն, որ քանի օր է, որ առանց որեւէ իրավունքի մոտենում եք ժողովրդին, եւ, ինչպես այսօր ականատես եղա առնվազն 100 հոգու բերման ենթարկելուն, նույն պայմաններում բերման եք ենթարկում մյուսներին եւ ոչ մի պատասխան չեք տալիս, թե ինչու եք նրանց իրավունքները ոտնահարում: Այնպես որ, եթե ինձանից պետք է ներողություն խնդրեք, ներողություն խնդրեք նաեւ ժողովրդից եւ փորձեք փոխել իրողությունը»: Ասաց. «Այո՛, իրենց էլ պետք է նույնն ասեմ»: Ասացի. «Կցանկանայի հավատալ Ձեր ասածին, բայց դա դեռ պետք է փաստվի»: Փորձեց բացատրել քաղաքական իրավիճակը, ինչու է նախագահը որոշ մոտեցումներ ցուցաբերում: Նա խոսում էր ոչ թե քաղաքացու, այլ Արսինե Խանջյանի հետ, այնպես, ասես, կոնկրետ իմ դեպքում թյուրիմացություն էր եղել: Նշում էր, որ ես սփյուռքահայ եմ, եւ պետք չէր, որ նման բան տեղի ունենար, բայց ես թեման փոխում էի, ասելով, որ իմ մասին մի խոսեք, այլ բացատրեք, թե ինչու եք այսպես վարվում ժողովրդի հետ:

- Ձեզ բերման ենթարկելու փաստը արձագանք գտավ նաեւ կանադական մամուլում: Ըստ Ձեզ՝ դա որքանո՞վ կազդի Հայաստանի իմիջի վրա:

- Վստահ եմ, որ ո՛չ պետությունը, ո՛չ իշխանությունը գոհ չէ իմ բերման ենթարկվելու փաստից ոչ թե այն պատճառով, որ ինձ շատ են սիրում ու հարգում, ոչ էլ նրա համար, որ ես ինչ-որ կարեւոր անձ եմ, բացարձակապես ինձ կարեւոր անձ չեմ համարում. իմ գործունեությունն ինձ որեւէ արտոնություն չի տալիս, հարցը ես չեմ, բայց նրանք շատ սխալ քայլ արեցին, որովհետեւ ճանաչված եմ այստեղ, Կանադայում եւ աշխարհում՝ արվեստի ոլորտում: Սա նրանց կողմից իսկապես սխալ էր: Չեմ կարծում, որ բարձր մակարդակներում տեղյակ էին՝ ինչ է կատարվում, կարծում եմ՝ ոստիկանների այդ խումբը որոշեց այդպես վարվել: Երբ դուրս եկա, իմացա, որ Ատոմն արդեն խոսել էր Օտտավայում Հայաստանի դեսպանի հետ, ով արդեն կապ էր հաստատել Հայաստանի ոստիկանների հետ: Ատոմը նաեւ կապ էր հաստատել CBC-ի հետ, որը մեր առաջատար հեռուստաընկերությունն է, Radio Canada-ի եւ CTV-ի հետ: Առաջինը խոսեցի CBC-ի հետ, հետո Radio Canada-ի հետ՝ ֆրանսերեն լեզվով, վերջում խոսեցի CTV-ի հետ, եւ այդպես տարածվեց առնվազն Կանադայում: Այդ լրատվամիջոցները բացարձակ գաղափար չունեին՝ ինչ է կատարվում Հայաստանում: Այսօր տեսա, որ արդեն ահագին տեղեկություններ կան: Չեմ վստահում նրանց տարածածին, համաձայն էլ չեմ նրանց տեղեկություններին, որովհետեւ դրանք հաճախ ճիշտ չեն, լավ աղբյուրներից չեն վերցված, սխալ եւ սուտ տեղեկատվություն կա: Ամեն դեպքում իմ միջոցով խոսվեց ժողովրդի պահանջի մասին:

- Ատոմ Էգոյանը ի՞նչ է ասել Ձեզ բերման ենթարկելու կապակցությամբ:

- Նա ներկա էր, ինչպես ասացի, հեռախոսով նրա հետ էի խոսում: Այդ պահին նա չէր հասկանում՝ ինչ է կատարվում: Նրան ասացի, որ որեւէ մեկի հետ կապ հաստատի եւ տեղեկացնի, որ նման բան էր տեղի ունեցել: Նա անմիջապես գործի անցավ, բայց մոտ 3 ժամ չկարողացավ հետս խոսել: Բնականաբար մտահոգ էր, բնականաբար շատ զարմացած էր, բնականաբար շատ հուսահատ եւ հուսախաբ էր, որ հայրենիքում այսպիսի բան է տեղի ունեցել ինձ հետ: Նա մտահոգ էր ոչ այնքան ինձ համար, որովհետեւ գիտեր, որ ես, համենայն դեպս, պայքարող եմ (ծիծաղում է), այլ նրան, թե որքան անարդարություն կա երկրում, որքան շատ է իրավունքների ոտնահարումը: Նրա համար պարզ դարձավ, որ Հայաստանում դեմոկրատական սկզբունքները բացարձակապես չեն հարգվում: Ինձ համար էականն այն է, որ երկրի ներսում խախտված են բոլոր քաղաքացիական իրավունքները: Ոչ թե օրենքի ուժն է գործում երկրում, այլ ոստիկանական... բռնի ուժով են իրենց գործն առաջ տանում: Շատ լավ գիտենք, որ նաեւ լրագրողները, մեդիան շատ քիչ ազատություն ունեն: Հարյուրավոր մարդիկ, ովքեր որեւէ կուսակցության կամ շարժման մասնակից չեն, պարզապես հայեր են, ովքեր արդեն չեն հանդուրժում պետության վարքը եւ կառավարելու ձեւը: Աղքատություն կա, բայց կառավարությունը դա չի ընդունում:

- Խոսեցիք իրավունքները ոտնահարելուց եւ աղքատությունից: Դրա՞նք են ստեղծված իրավիճակի պատճառները:

- «Սասնա ծռերի» պահանջները հստակ պահանջներ են, որ տարիներ շարունակ անտեսված են: Եվ եթե հասել են այս օրվա... մի քանի հոգի հարց տվին, թե ինչու զենքով... որովհետեւ, ըստ երեւույթին, այլ եղանակ չկա: «Սասնա ծռերի» գործունեությունը հուսահատ քայլ է: Ինձ համար ամենահետաքրքիրն այն է, որ մեծ թվով մարդիկ համաձայն են «Սասնա ծռերի» պահանջների հետ, գուցե ոչ այնպես, ինչպես նրանք արեցին, այսինքն՝ զենքով, բայց համաձայն են, որ այդ հարցերը արդիական են, եւ կառավարությունը պետք է հաշվի առնի:

- Իրավիճակի ի՞նչ հանգուցալուծում եք տեսնում:

- Հուսով եմ, որ հանգուցալուծումը արյունահեղությամբ չի լինի: Ոչ ես անձնապես, ոչ էլ սփյուռքը.... սփյուռքի համար անընդունելի է այն, որ հայը հային կարող է այսքան վնասել: Պետությունը պետք է ձեւ գտնի, եւ եթե չգտնի, պատմական ամենամեծ հանցավորը կդառնա: Պատասխանատու կլինեն նաեւ կուսակցությունները: Որոշ կուսակցություններ ինձ զարմացնում են, որովհետեւ ոչ մի քայլ չեն անում: Նախագահը չգիտեմ՝ ինչ որոշում կկայացնի, բայց կցանկանայի ասել նրան, որ եթե նրա վրա ճնշում  են գործադրում Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան, եթե իսկապես իր ցանկությունն իր ժողովրդին ճնշելը չէ, թող իմանա, որ սփյուռքը միայն նյութական օժանդակություն, Ղարաբաղ գնալ պայքարելով կամ Ցեղասպանության հարցով զբաղվելով չի սահմանափակվում: Մենք կարող ենք օգտագործել նաեւ սփյուռքի մեր ուժը, որպեսզի նախագահը կարողանա ասել Ռուսաստանին, թե չի ճնշվի Ռուսաստանի շահերի համար, որովհետեւ թիկունքում սփյուռք ունի, որի առաջ ինքն նույնպես պատասխանատու է, որովհետեւ սփյուռքն ազգության մաս է կազմում:

- Նաեւ կխնդրեի, որ Հայաստան գալու պատճառների մասին խոսեիք: Այստեղ նոր ֆի՞լմ է նկարահանվում:

- Այս անգամ ֆիլմի համար չեմ եկել: Բարեկամներ ունեմ, որ շաբաթ օրը պետք է ամուսնանան: Եկել եմ հարսանիքի մասնակցելու:

- Այս դեպքերի վերաբերյալ կադրեր էիք անում: Հնարավո՞ր է ֆիլմ նկարահանեք:

- Ինչու՞ ոչ: Հնարավոր է: Դեռ ժամանակ չեմ ունեցել այդ մասին մտածելու, ընդամենը 24 ժամ է, ինչ այս ամենը կատարվեց, բայց հավանաբար պետք է զբաղվեմ դրանով: Սա իմ լավագույն միջոցն է՝ արվեստի միջոցով արտահայտել այն, ինչ որ կյանքի ընթացքում կարեւոր նյութեր կլինեն: Այս մեկը կյանքիս կարեւոր իրադարձություններից էր եւ ինքնությանս նկատմամբ:

- Մինչեւ այս բերման ենթարկված եղե՞լ եք:

- Ո՛չ, երբեք (ծիծաղում է) Շատ ցույցերի եմ մասնակցել, բայց երբեք բերման չեմ ենթարկվել: Բանավիճել եմ ոստիկանների հետ, բայց նման բան չի եղել: Մտքովս չէր անցնի, որ հայրենիքիս մեջ այսպիսի բան կարող է պատահել: Շատ բաներ հստակեցվեցին. պարզ դարձավ, որ ողջ հայության համար՝ թե Հայաստանի, եւ թե սփյուռքի համար, որ, այո՛, Հայաստանում հնարավոր է, որ այսպիսի բան տեղի ունենա: Մի կարեւոր բան կա, որ կցանկանայի նշել. չեմ կարծում, որ սփյուռքին պետք է առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերել: Ես չեմ մտածել, որ ես սփյուռքահայ եմ, ինչպե՞ս համարձակվեցին: Պետք է նաեւ նշեմ, որ ոստիկանների կողմից կա արհամարհանք ողջ հայության նկատմամբ, ընդհանրապես հարգանք չկա ո՛չ սփյուռքահայի, ո՛չ էլ Հայաստանի հայի նկատմամբ:

Տպել
4780 դիտում

Նույնիսկ եթե եկեղեցու սպասավոր են, իրենք եկեղեցին չեն. Ռուբինյանը՝ ցույցերին հոգևորականների ակտիվ մասնակցության մասին

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են Ալմաթիում բանակցություններին մասնակցությունը. Ղազախստանի ԱԳՆ

ՖԻԴԵ-ի վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանի 8 ներկայացուցիչ է ընդգրկվել

Շփման գիծը սահմանազատման հիմք ընդունելը մեզ ձեռնտու չէ, ի՞նչ կլինի այդ դեպքում Ջերմուկի, Բերքաբերի, Սոթքի հետ. Ռուբինյան

Հայտնի է ԱԺԲ-ի ակցիայի վայրից բերման ենթարկվածների թիվը

Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել

Ադրբեջանը կկրակի, Հայաստանը կդիմի Ռուսաստանին. ինչ էր ծրագրել խորհրդարանական ընդդիմությունը

Լևոն Քոչարյանի օգնականի կողմից բռնությամբ լրագրողի մասնագիտական խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Վրաերթի է ենթարկվել 11-ամյա երեխա

Երևանի դպրոցներից մեկի 7-րդ դասարանի աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է

Սեֆիլյանի հետ միասին բերման են ենթարկվել Գարեգին Չուքասզյանը, Արա Պապյանը և մոտ 100 անձինք

Քոչարյանի օգնականի դատավոր հոր լիազորությունները հունվարին դադարեցվել են կարգապահական կոպիտ խախտման հիմքով

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. ինչ է քննարկվել և որոշվել

Չեմ պատկերացնում, որ Լևոն Քոչարյանի կողքը կարող է լինել մի «պլոճիկով» տղա, որ առանց վերջինիս հրահանգի գործի. Մկրտչյան

Բերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը

Ֆրանսիայից պահանջում ենք չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին. Հաջիզադե

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվել է վերանորոգված ու վերազինված արտահիվանդանոցային բաժանմունքը

Թիվ 22 համարի երթուղին կանցնի «Գյումրի ավտոբուս»-ին․ ներկայիս գծատիրոջ հետ նոր պայմանագիր չի կնքվի

Գործընթացները, որոնք տեղի են ունենում Տավուշում, միտված են ՀՀ-Ադրբեջան սահմանները ճշտելուն. նախագահ

Քաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը

Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը

Հայաստանում Արգենտինայի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Վահագն Խաչատուրյանին

Միրզոյանը ԵՀ գլխավոր տնօրենին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման վերջին զարգացումները

Ռուբինյանը ԵՀ գլխավոր տնօրենի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը գործընթացը

Ղազախստանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե ՀՀ-ն չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը, այդ պատճառով՝ օրը որոշված չէ

ՆԱՏՕ-ի առաքելության հրամանատարությունն այցելել է Կոսովոյում տեղակայված ՀՀ զորախմբի ծառայության վայր

Արմեն Փամբուխչյանն ընտրվել է Երևանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ

Ոստիկանը իրավունք ունի դիմել ֆիզիկական ուժի, զսպող միջոցների, ընդհուպ՝ կիրառել զենք. Խաչատրյան

Հայաստանի իշխանությունների գործողությունները միտված են տարածաշրջանում կայուն խաղաղությանը․ ՀՀ նախագահ

Մայիսի 1-ից կգործի տուգանքի գումարը 20 տոկոսով նվազ վճարելու հնարավորություն իրավախախտ վարորդների համար

Կա 6 կալանավորված. ոստիկանությունը նոր ուշագրավ մանրամասներ է հայտնել 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու ավազակության գործից

Հայաստանը ճիշտ ճանապարհի վրա է. ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ​​ներկայացուցիչ

Կոտայքում «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ պայթուցիկի նմանվող առարկա են նետել

Ձեր առաջնորդին առյուծի վրա թարս նստացնելու ենք ու հետ ուղարկենք այնտեղ, որտեղից որ եկել է․ Ալեքսանյան

Հայկական կողմը հավատում է, որ կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. Միրզոյանը՝ Al-Jazeera-ին

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

Համաշխարհային առևտրի կենտրոն կկառուցվի. Գևորգ Պապոյանը և Էդուարդ Մարությանը պայմանագիր են ստորագրել

Ջերմաստիճանը կնվազի 9-11, որոշ մարզերում՝ 12-14 աստիճանով. սպասվում են ինտենսիվ տեղումներ

Սպանդարյան ՀԷԿ-ի համար ուղղիչ սարքերի և հաստատուն հոսանքի բաշխիչ վահանակի մատակարարման աշխատանքների մրցույթ

Ադրբեջանը Հայաստանի հետ երկկողմ և խաղաղ բանակցությունների կողմնակից է․ Բայրամով