«Ստոկհոլմյան սինդրոմը». պատանդի սերը պատանդառուի նկատմամբ. Լիլիթ Ավագյանի հոդվածը

14/04/2018 schedule14:17

Հայաստանի ներքաղաքական վիճակը ոչ մի ձեւով թույլ չի տալիս արձագանքել արտաքին մարտահրավերներին: Թույլ չի տալիս զարգանալ: ՀՀԿ-ն պերմանենտ վերարտադրվում է: Երկու ժամկետ ոչ լեգիտիմ նախագահ լինելուց հետո Սերժ Սարգսյանը հիմա էլ ցանկանում է վարչապետ լինել: Եվ ոչ մի հիմնավորում իր կողմից, թե ինչու ինքը պիտի շարունակի պաշտոնավարել: Փոխարենը կուսակիցներն են նրա անփոխարինելիության մասին լեգենդներ պատմում:

Սարգսյանին շրջապատից նրան ոչ ոք չի կարող ասել. «Լսե՛ք, այս ի՞նչ եք անում»: Հարցից մեկ վայրկյան անց այդ մարդը կզրկվի աշխատանքից, իսկ երկրորդ վայրկյանին կձերբակալվի: Բոլորը խոցելի են եւ, հետեւաբար, կառավարելի:

Հայաստանի քաղաքական վերնախավն առաջնորդվում է «Ստոկհոլմյան սինդրոմով»: Բարձրաստիճան պաշտոնյաները, միջին ու բարձր չինովնիկները, ոստիկանական, դատաիրավական ողջ համակարգը, խորհրդարանը այս համակարգի հենարանն են ու այս համակարգի պատանդը՝ միաժամանակ: Պատանդներն ուզում են ողջ մնալ ու ընդհանուր հայտարարի են գալիս բռնարարի, մարդասպանի հետ: Այդ պատանդները պաշտպանում են Սերժ Սարգսյանին, Արմեն Սարգսյանին, Կարեն Կարապետյանին, Վովա Գասպարյանին, Գագիկ Ծառուկյանին, մյուս շեֆերին: Պատանդներն իրենց մտքում հոգեբանական  կոնստրուկցիա են կազմել ու իրենք իրենց համոզել, որ իրենք պատանդ չեն, պատանդառուի համախոհներն են: Նրա բարի կամքի շնորհիվ են ապրում: Եվ սկսում են սիրել իրենց պատանդառուներին:

Լավագույն օրինակը ԲՀԿ-ինն է: Այս կուսակցության առաջնորդին Սերժ Սարգսյանը նվաստացրեց բոլոր հնարավոր միջոցներով, սակայն նա այսօր էլ Սարգսյանի հիմնական հենարանն է: Գագիկ Ծառուկյանն իր հերթին պերմանենտ լարվածության (որոշ դեպքերում՝ նվաստացման) մեջ է պահում իր ենթականերին: Սակայն նրանք նախանձելի հավատարմությամբ նրա կողքին պտտվում են: Նույնը՝ ՀՀԿ-ում է՝ Էդուարդ Շարմազանովից՝ մինչեւ Արմեն Աշոտյան: Ու այդպես՝ մինչեւ ներքեւ: Շատ ներքեւ:

Խորհրդարանական ՀՅԴ-ի թեման այլ է: Այս կուսակցությունն իրեն երբեք քաղաքական բարոյականությամբ չի կաշկանդել: ՀՅԴ-ն համաձայն է գործող իշխանությանը մատուցել իրենից ակնկալվող ցանկացած ծառայություն՝ զեղչով:

Այն, որ իշխանական համակարգում Սերժ Սարգսյանը չունի ամուր հող, իմիտացիա է: Օրերս էլ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները հայտնեցին, թե իրենց կուսակցությունն, ամենայն հավանականությամբ, դեմ կքվեարկի Ս. Սարգսյանի վարչապետ դառնալուն: Քանի որ ԲՀԿ-ն…ընդդիմադիր կուսակցություն է:

Նախ՝ բացարձակ մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ին ԲՀԿ-ի ծառայությունները պետք չեն: Եվ եթե այս կուսակցությունը դեմ քվեարկի Սարգսյանի թեկնածությանը, ոչինչ սարսափելի տեղի չի ունենա: Բացի այն, որ ԲՀԿ-ն՝ իր առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, հերթական անգամ ընդդիմություն կհայտարարվի: Ի հակակշիռ փողոցում գտնվող ընդդիմությանը:

Բայց բոլորը արդեն գիտեն, որ բացառապես Սերժ Սարգսյանը կարող է արգելել կամ թույլ տալ Գագիկ Ծառուկյանին դիմել մականունով կամ «պարոն Ծառուկյան»-ով:

Վերարտադրվելու ՀՀԿ-ի գործիքները՝ ի տարբերություն 80-ականների զենքի, անընդհատ թարմացվում են: «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավումից հետո, խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, պետք էր հասարակության լարվածությունը թուլացնել: Մեջտեղ բերվեց վարչապետ Կարեն Կարապետյանը, որը նախընտրական փուլում միայնակ էր գնում հանդիպումների: Նա խոստումներ էր տալիս՝ որպես ՀՀԿ-ի վարչապետի թեկնածու: Այսինքն՝ վարչապետ՝ նաեւ 2018-ի ապրիլի 9-ից հետո: Խորհրդարանական ընտրություններից առաջ դեռ պարզ չէր, որ Կարեն կարապետյանը պարզապես ցուցադրում է իր գարուն-ամառ-աշուն հագուստի հավաքածուն: Որ նա ոչինչ չի կարող եւ չի էլ ուզում անել: Հակառակ դեպքում չէր համաձայնի անփառունակ ու նվաստացուցիչ մանեկենի դերին:

Վերարտադրման, լճացման ու զարգացման հեռանկարը բացառող այս համակարգը ստիպում է մարդկանց դուրս գալ փողոց: Հասունանում է բունտը: Խոշոր հաշվով՝ փակ շղթա է: Քաղաքացին չունի ընտրելու իրավունք. ընտրությունները կեղծվում են: Քաղաքացին չունի կեղծված ընտրությունների համար իրավապահ մարմիններին դիմելու իրավունք. իրավապահ մարմինները կատարում են Սերժ Սարգսյանի հրամանը: Ոտնահարված իրավունքներով քաղաքացին իրավունք չունի դուրս գալ բողոքի, քանի որ ոստիկանները կոլորեն նրա ձեռքերն ու կտանեն քաղմաս: Քաղաքացին չի կարող բողոքել ոստիկանների ապօրինություններից, քանի որ անմիջապես կհայտնվեն վկաներ, որոնք կպատմեն, թե քրեական օրենսգիրքը խախտող քանի արարք է կատարել քաղաքացին իրենց հանդեպ:

Այս փակ շղթան կոտրելու տարբերակը չափազանց բարդ է:

Եվ Հայաստանի քաղաքացիները, նոր սերունդը այսօր փողոցում են:

Այս իշխանությունների ամենից վտանգավոր ու ոչ գրագետ քայլը երիտասարդների հնարավորությունները սահմանափակելն է, նրանց ինքնագնահատականը նվազեցնելը։ Կան տաղանդավոր, կոսմոպոլիտ երիտասարդներ, որոնք այս կամ այն հիմնադրամի միջոցով գնում են արտասահմանյան լավագույն ուսումնական հաստատություններ՝ կրթությունը շարունակելու։ Եվ, որպես կանոն, չեն վերադառնում։ Կան կուսակցականացված երիտասարդներ՝ ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի, ՀՀԿ-ի երիտթեւերում: Ու կան իրենց հայրենակիցների պատվի, արժանապատվության համար իրենց առողջությունը, անգամ կյանքը զոհելու պատրաստ երիտասարդներ, որոնց հանդեպ այս համակարգը ամենադաժանն է վարվում: Այս երիտասարդներին արագ ու անմիջապես մեկուսացնում են՝ ամեն գնով, անհեթեթ մեղադրանքով, ինչպես վարվեցին Գեւորգ Սաֆարյանի հետ:

Այսօր ունենք մի վիճակ, երբ Սերժ Սարգսյանը հաջողացրել է տրոհել, չեզոքացնել քաղաքական ուժերին, իր ձեռքում կենտրոնացնել տնտեսությունը, բոլոր պաշտոնյաների լիազորություններն անցնում են իր կաբինետով: Բոլորից վերցնելով լիազորությունները՝ նա այդպիսով բոլորին ազատել է նաեւ պատասխանատվությունից: Այստեղից էլ նրա անփոխարինելիության առասպելը, որից կառչած են ՀՀԿ-ականները: Ստացվում է՝ երկրում ամեն ինչի համար միակ պատասխանատուն նա է, քանի որ մեկ ուրիշը չկա: Եվ դրա համար վճարում են ՀՀ քաղաքացիները, քանի որ մեկ ուրիշը չկա:

Տպել
10897 դիտում

ԵՄ-«Թումո» համատեղ նախաձեռնություն. կառուցվելու է ինժեներական և կիրառական գիտությունների համալիր

Լիմոնադ արտադրողները հանդիպել են կառավարության անդամներին և փոխվարչապետին. օրինագիծը կվերանայվի

Թեհրանի օդանավակայանում 50 ուղեւոր տեղափոխող ինքնաթիռ է հրդեհվել. հասցրել են էվակուացնել ուղեւորներին

Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաևի հետ

27-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Հեչ անհարմար չե՞ս զգում… Վահան Շիրխանյանի նամակը Ռոբերտ Քոչարյանին

Ճիշտ կլինի, որպեսզի հարգելի սեւազգեստ մայրերին ներկայացնեն իրենց փաստաբանները․ վարչապետ

Դուռը կբացենք, բայց համայնքապետը ներս չպիտի մտնի, ինքը հրաժարական պիտի տա

Երեւանի կենդանաբանական այգում կապիկ է ծնվել

Մահացել է Օլիմպիական խաղերի ամենահավատարիմ երկրպագուն

Ո՞նց կարող ա նման բան լինի. Սպիտակի մշակույթի տան տնօրենը պարզաբանում է ստեղծված իրավիճակը

«Ավան»-ի հոգեբուժարանում հիվանդին դուրս գրելը և անվճար դեղորայքի փաստաթուղթը 20000 դրամ են արժեցել. քրգործ է հարուցվել

Նոր իշխանությունները հին ծուղակում չեն հայտնվելու

Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր

Երևանի պատվիրակությունը տրանսպորտային բարեփոխումների հարցով մեկնել է Չեխիա

Սպանություն Երեւանում. երիտասարդը մահացել է՝ հիվանդանոցում գիտակցության չգալով (լուսանկարներ)

Հայտարարություն մրցույթի մասին

«Թուֆենկյան» հյուրանոցն ամենամեծն է լինելու Հայաստանում. վարչապետն ընդունել է Ջեյմս Թուֆենկյանին

ՀՀ հավաքականը վաստակել է բրոնզե մեդալ՝ հրաձգության Եվրոպայի առաջնությունից

Ես ասելիք ունեմ ադրբեջանցի ժողովրդին եւ ես շատ ուրախ կլինեի նման հնարավորության համար․ Նիկոլ Փաշինյան