Հայաստանում հաշվառված թմրամիջոց օգտագործողների թիվն աճել է․ նախարարության մասնագետը 3 պատճառ է նշում

Հայաստանում նարկոլոգիական ծառայության կողմից հաշվառված թմրամիջոց օգտագործողների թիվն այս տարի աճել է. այս մասին է վկայում առկա վիճակագրությունը: 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում թմրամիջոցների օգտագործմամբ հաշվառված անձանց թիվը 6951 է, որից 4394 անձ հաշվառված է կանաբինոիդների (մարիխուանայի, հաշիշի, հաշիշայուղի և նմանատիպ թմրամիջոցների հավաքական անվանում) գործածման հետեւանքով, 2552 անձ ափիոնատիպ նյութերի՝ գերազանցապես ներարկային եղանակով եւ 5 մարդ՝ կոկայինի գործածման հետեւանքով: 2018 թվականի նույն ժամանակահատվածի դրությամբ հաշվառվածների ընդհանուր թիվը եղել է 6572։

Այն, որ նախորդ տարիների համեմատ թվերն աճել են, դեռ չի նշանակում, որ թմրամիջոց
գործածողներն են շատացել: ՀՀ Առողջապահության նախարարության «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն»-ի տնօրենի պաշտոնակատար եւ Առողջապահության նախարարության թմրաբանության գծով խորհրդատու Սուրեն Նազինյանի կարծիքով՝ թմրամիջոց գործածող հաշվառված անձանց թվի ավելացման 3 հիմնական պատճառ կա:

Նարկոլոգիական ծառայությունում հաշվառվում են այն մարդիկ, ում մոտ թմրամիջոցների գործածմամբ
պայմանավորված հիվանդություններ են ախտորոշվում, որի պատճառով նրանք դիմում են՝ բուժում ստանալու եւ այն դեպքերում, երբ իրավապահ մարմինների որոշումներով նշանակված թունաքիմիական
հետազոտության արդյունքում մարդկանց օրգանիզմում հայտնաբերվում է թմրամիջոց հանդիսացող
նյութ կամ դրա փոխանակության արգասիք։

«Հաշվառված դեպքերի ավելացման գլխավոր պատճառներից մեկն այն է, որ երկրում նարկոլոգիական բժշկական օգնության պահանջարկը մեծացել է, քանի որ մատուցվող ծառայությունների որակը վերջին տարիներին շարունակաբար էականորեն բարձրացել է, ինչն էլ բերել է պացիենտների կողմից նարկոլոգիական ծառայությունների նկատմամբ վստահության բարձրացման»,- նշեց Նազինյանը՝ հավելելով, որ 2009 թվականից կենտրոնում սկսվել է իրականացվել փոխարինող բուժման ծրագիրը: Այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ ՄԱԿ-ի թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակի կողմից համարվում է ափիոնատիպ նյութերից կախվածության բուժման լավագույն մեթոդը: Նազինյանի խոսքով՝ փոխարինող բուժումը Հայաստանում ներդնելուց հետո նարկոլոգիական բուժման պահանջարկը կտրուկ բարձրացել է։

Պատճառներից մյուսը իրավապահ մարմինների գործունեությունն է, ըստ Նազինյանի՝ նրանց լավ աշխատանքի շնորհիվ են հայտնաբերվում թմրամիջոց օգտագործող մարդիկ, որոնց նկատմամբ սահմանվում է դիսպանսերային հսկողություն:

Սակայն, այնուամենայնիվ, ինչպես ողջ աշխարհում, Հայաստանում նույնպես առկա է խնդիր. 3-րդ պատճառն այն է, որ թմրամիջոցների հետ կապված իրավիճակն ամբողջ աշխարհում փոխվում է։ Նոր, նախկինում անհայտ ու խիստ վտանգավոր թմրամիջոցներ են սինթեզվում տարբեր երկրներում, որոնք ներթափանցում են աշխարհի բոլոր երկրներ՝ եվրոպական, հետխորհրդային երկրներ, այնուհետեւ՝ նաեւ Հայաստան։ Ինչպես նշեց Նազինյանը, մեր երկիրը ժամանակին արդյունավետորեն արձագանքում է նման դեպքերում և համապատասխան փոփոխություններ են կատարվում ոլորտը կարգավորող իրավական ակտերում, նոր սինթեզված և նախկինում անհայտ նյութերն ընդգրկվում են արգելված նյութերի ցանկում, որոնց շրջանառությունն առհասարակ արգելված է։

Երեւանում թիվն ավելի մեծ է

Ինչպես նշեց Առողջապահության նախարարության թմրաբանության գծով խորհրդատուն, Հայաստանում թմրամիջոցներ օգտագործողների թիվը հատկապես մեծ է Երեւանում, սակայն կան մի շարք քաղաքներ եւ մարզեր, որտեղ դեպքերը պակաս չեն գրանցվում: Նրանից են Շիրակի մարզկենտրոն Գյումրին, Լոռու մարզկենտրոն Վանաձորը, Սյունիքի, Արմավիրի եւ Արարատի մարզերը:

Իսկ պատճառը, ըստ մասնագետի, այն է, որ նշվածները համեմատաբար մեծ տարածքներ են եւ գտնվում են մայրաքաղաքին մոտ, որտեղ շարժը շատ է, սահմաններից դուրս շփումը՝ նույնպես:

Արարատի եւ Արմավիրի մարզերի դեպքում բնակլիմայական պայմանները նպաստում են, որ այնտեղ ավելի շատ կանեփ աճի: Սյունիքի մարզի դեպքում խնդիրն այլ է. այն մոտ է Հայաստան-Իրան սահմանին, որտեղից եւս փորձեր են արվում թմրամիջոցներ բերել Հայաստան:

Ինչպես նշեց Նազինյանը, այս տարածքներում, բացառությամբ Արմավիրի եւ Արարատի մարզերի, գործում են համապատասխան բուժհաստատություններ, որոնք իրականացնում են նաեւ փոխարինող բուժման մեթոդը: Արմավիրի եւ Արարատի մարզերի պոլիկլինիկաներում կան նարկոլոգիական կաբինետներ, որտեղ, սակայն, փոխարինող ծրագիր չեն իրականացնում, բայց այդ մարզերը մոտ են Երեւանին, եւ անհրաժեշտության դեպքում մարդիկ գալիս են այստեղ բուժվելու:

«Այս փաստը չպետք է մեզ հանգստացնի, բայց մեզ մոտ հարեւան եւ եվրոպական երկրների համեմատությամբ շատ ավելի բարվոք վիճակ է, եւ իրավիճակը թե՛ առողջապահական, թե՛ իրավապահ մարմինների տեսանկյունից վերահսկելի է»,- նշեց Նազինյանը:

Նարկոլոգիական բուժումն անվճար է

Այսօր «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն»-ում ստացիոնար բուժում է ստանում 46 պացիենտ: Ստացիոնարում թմրամիջոցներից կախվածությամբ բուժվող պացիենտների թիվը ներկայումս փոքր է, հիմնական մասի մոտ ախտորոշված է ալկոհոլից կախվածություն: Կենտրոնում իրականացվում է նաև ամբուլատոր դետոքսիֆիկացիոն բուժում և ամբուլատոր փոխարինող բուժում։ Վերջինս երկարատեւ բուժման տեսակ է: Կենտրոնում այսօր նման բուժում է ստանում 304 պացիենտ, որոնք ամբուլատոր պայմաններում ստանում են բժիշկների կողմից նշանակված թերապևտիկ դեղաչափը: Ըստ Նազինյանի՝ այն միջազգայնորեն ընդունված արդյունավետ բուժման տեսակ է։

ՀՀ քաղաքացիների համար նարկոլոգիական բուժումն իրականացվում է անվճար:

Հայաստանում, ըստ մասնագետի, իրավիճակը լավ է, նաեւ կանանց տեսանկյունից. այս երեւույթը ի տարբերություն այլ երկրների՝ մեր երկրում կանանց մոտ տարածված չէ: Թմրամիջոց օգտագործող հաշվառված կանանց թիվը 111 է:

Սուրեն Նազինյանը, առիթն օգտագործելով, եւս մեկ անգամ կոչ արեց ազգաբնակչությանը՝ ապրել առողջ կենսակերպով, զերծ մնալ թմրամիջոցներից, որպեսզի ոչ ոք երբեւէ չգործածի, անգամ չփորձի, որովհետեւ այն հետագայում կարող է դառնալ փորձանք:

Տպել
1962 դիտում

Հաֆթարի ուժերը հայտարարել են Տրիպոլիի ափերի մոտ թուրքական նավ խոցելու մասին

Կփրկի՞ անձեռնմխելիությունը. աշխարհի առաջնորդներ, որոնք անցնում են հնչեղ քրգործերով

Այսօր շատ հիշարժան փաստաթուղթ եմ ստորագրել. Նիկոլ Փաշինյան

Հին թեզերը՝ նոր ձևաչափում. առաջին հրապարակային քննարկումը

Դանիայի խորհրդարանի նախագահ Հենրիկ Դամ Քրիստենսենի հետ հյուրընկալվեցինք Դանիայի թագուհի Մարգրեթ 2-րդի կողմից.Ա. Միրզոյան

Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող պատանու կալանավորման ժամկետը երկարաձգվել է. նա տեղափոխվել է ՔԿՀ

Արթիկում բացվել է երեխաների ցերեկային խնամքի առաջին կենտրոնը

Համայնքների ղեկավարներին առաջարկվել է թափառող շների ստերջացման գործընթաց սկսել

Բարսեղ Բեգլարյանի որդիները դատակոչվել, սակայն չէին ներկայացել դատարան. նիստը հետաձգվեց

16-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է երկու կռփազենք. ՀՀ ոստիկանություն

Երեւանի բնակարաններից մեկում 67-ամյա կնոջ դի է հայտնաբերվել

Քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի Հովհաննես Մանուկյանը. Կարապետյան

Ալավերդիում ամբողջությամբ այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ընդունել է Հռոմից հաղթանակած վերադարձած ընբիշ Գեւորգ Ղարիբյանին

Պուտինն աշխատանքից ազատել է իր 7 տարվա օգնականին

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատարին

ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցների մաքսանենգության հերթական փորձը

Արարատի մարզում անչափահասների կատարած հանցագործություններն ավելացել են. մարզի դատախազությունը քայլերի է դիմել

Նախագահ Արմեն Սարգսյանը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել են

Ձեր ամեն քայլին հասարակությունն ուշադիր հետեւում է. Ֆելիքս Ցոլակյանը փրկարար ծառայողներին կոչումներ է շնորհել(տեսանյութ)