Երևան
12 °C
Ապրիլի 5-ին նախատեսված հանրաքվեն հետաձգելու կամ կասեցնելու վերաբերյալ որեւէ իրավական հիմք ԿԸՀ-ն այս պահին չունի: ՀԺ-ի հետ հարցազրույցում այդ մասին ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
- Պարոն Մուկուչյան, կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված հետաձգվում են քարոզարշավները, միջոցառումները, ասուլիսները: Հնարավո՞ր է հետաձգվի հանրաքվեն: Քննարկվո՞ւմ է այս հարցը:
- Դա մեր գործառույթների առարկա չի հանդիսանում, ես նույնիսկ որպես մասնագետ որեւէ տեսակետ չեմ կարող ներկայացնել: Նշանակված է հանրաքվե, իրավական հիմքը առկա է, սահմանված է ժամանակացույց՝ մեր գործառույթները իրականացնելու համար: Հիմա եթե կլինեն այլ իրավական հիմքեր՝ մենք կառաջնորդվենք այդ հիմքերով:
- Ի՞նչը կարող է լինել հանրաքվեի հետաձգման իրավական հիմք:
- Օրենքը նախատեսում է 2 ձեւակերպում հանրաքվեի կասեցման հետ կապված՝ ռազմական կամ արտակարգ դրության հայտարարում: Նշվածով պայմանավորված, եթե համապատասխան ընթացակարգերով կլինեն որոշակի իրավական ակտեր, որոնք կվերաբերեն գործընթացը կասեցնելուն, այդ դեպքում կկասեցվի գործընթացը:
- Այս թեմայով վարչապետի հետ քննարկում ունեցե՞լ եք:
- Ես ասացի այն ամենը, ինչ այդ թեմայով ասելու էի:
- Բայց նաեւ ուզում եմ ճշտել՝ վիրուսի տարածմամբ պայմանավորված որեւէ նախապատրաստական միջոցառում չե՞ք չեղարկել:
- Մինչ այս պահը ժամանակացույցով նախատեսված միջոցառումները հերթով իրականացնելով գնում ենք, որովհետեւ ընտրական գործընթացը մի գործընթաց է, որի ժամանակահատվածում միջոցառումները իրականացվում են օրենքով սահմանված որոշակի ժամկետային սահմաններում: Եվ աշխատանքների ծավալն այնքան մեծ է, որ յուրաքանչյուր օրվա համար նախատեսված աշխատանքը պետք է նշված օրը կատարվի: Այսինքն մենք չունենք անսահմանափակ ժամանակահատված, որ հնարավոր լինի տարբեր գործընթացներ տարբեր պատճառներով պայմանավորված՝ չկատարել, թողնելով հետոյին: Ծավալները եւ ժամկետները այնպիսին են, որ հետագայում այսօրվա բացը չի կարող լրացվել, եթե անգամ կրկնակի, եռակի ջանք ներդրվի:
- Շուտով քարոզարշավի մեկնարկի մեկ ամիսը կլրանա: Ինչպե՞ս եք գնահատում այս ընթացքը: Կա՞ն արձանագրված խախտումներ, շա՞տ եք ստանում ահազանգեր:
- Գիտեք, սկզբնական փուլում քարոզարշավը շատ ավելի հանդարտ էր, եւ դա թերեւս պայմանավորված է նրանով, որ ի տարբերություն ընտրությունների՝ հանրաքվեի դեպքում քարոզարշավի համար նախատեսված է շատ մեծ ժամկետ՝ 41 օր: Եվ յուրաքանչյուր կողմ ինքն է որոշում՝ ինչպես կազմակերպել եւ անցկացնել քարոզարշավը: Լրատվական կայքերում, տարբեր տեղեկատվական աղբյուրներում հայտնվող տեղեկություններին անգամ մենք փորձել ենք հետեւել, եւ եթե դրանցում հայտնաբերվել են ինչ-ինչ հանգամանքեր, շատ օպերատիվ կարգով փորձել ենք քննարկել: Խնդիրներ նկատելու դեպքում անմիջապես ձեռնարկվել են միջոցառումներ: Ի դեպ, պետք է նկատել, որ քարոզչական կողմերի հետ աշխատանքը ամենօրյա բնույթ է կրում: Պետք է փաստել, որ գրավոր դիմումներ մինչ այժմ քարոզչության ընթացքի հետ կապված ստացված չեն, իսկ բոլոր ահազանգերը, որ եղել են, կամ մամուլի հրապարակումները, դրանց բոլորի կապակցությամբ շատ արագ արձագանք եղել է:
- Վերջերս ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ-ում ի պաշտոնե հանդես գալիս կոչ էր արել գնալ տեղամաս եւ «Այո» քվեարկել, ինչից հետո ԿԸՀ-ն կապ էր հաստատել Պապիկյանի հետ եւ խորհուրդ տվել պահպանել «Հանրաքվեի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 14-րդ մասի պահանջները, որով արգելվում է ի պաշտոնե հանդես գալիս քարոզչություն իրականացնել...
- Արձագանքը եղավ, մենք շատ հրապարակային ներկայացրինք այն միջոցառումները, որոնք ձեռնարկել ենք: Շատ հաճախ լինում են դեպքեր, երբ որ դրանք ամենատարբեր գնահատականների են արժանանում, նույնիսկ այդ հանգամանքները ԿԸՀ-ում քննարկման առարկա դառնում են: Եթե հանձնաժողովը դրանցում գտնում է ինչ-ինչ խնդիրներ, որոնցով պայմանավորված անհրաժեշտ է համարում վարույթի հարուցումը, ապա միանշանակ կհարուցվի: Եթե հանձնաժողովը այդպես չի գտնում, բնական է, որ նշված հանգամանքներով պայմանավորված՝ միջոցներ չեն ձեռնարկվում եւ վարույթներ չեն հարուցվում, ինչը բնական է, որ չի կարող զրկել կողմերին նման մոտեցման դեպքում ինքնուրույն դիմումներ ներկայացնելու հնարավորություն ընձեռել:
- Պարոն Մուկուչյան, օրինակ Պապիկյանն ինչպե՞ս արձագանքեց խախտման վերաբերյալ ձեր դիտարկմանը: Սովորաբար կողմերը ընդունո՞ւմ են սխալը:
- Էսպես ասեմ՝ մինչ այժմ նկատած խնդիրները, որոնց շուրջ հանձնաժողովը բարձրաձայնել է կամ քարոզչական կողմերի ուշադրությունը հրավիրվել հանգամանքների վրա՝ բոլորը ընդունվել են:
- Վարչապետի՝ ուղղաթիռով մեկնումը քարոզարշավի, շատ քննարկվեց: Դա խախտո՞ւմ էր, թե՞ ոչ:
- Ես կարծում եմ՝ ամբողջական պատասխան այդ հարցին արդեն տվեցի, որ շատ ու շատ հանգամանքներ, որոնք հրապարակվում են, որոնց վերաբերյալ լինում են տարբեր գնահատականներ, մեկնաբանություններ, հանձնաժողովը դրանք ուսումնասիրում է: Եթե դրանում հայտնաբերեր, ապա դրանց մասին վարույթ հարուցած կլիներ, հրապարակային իրազեկված կլիներ նաեւ հանրությունը: Եթե չկա նման խնդիր, կարծում եմ, պետք է ենթադրել, որ հանձնաժողովը դա չի գնահատել այնպես, ինչպես առանձին անձանց կողմից դա փորձ է արվել ներկայացնել:
- Եթե «Այո»-ի կողմը ակտիվ քարոզարշավ է անցկացնում, ապա «Ոչ»-ը քարոզարշավ չի իրականացնում: Այս իմաստով լրատվամիջոցներն էլ ստիպված են անհավասար լուսաբանել քարոզչությունը: Սա հետագայում կարո՞ղ է որպես լրատվամիջոցների կողմից անհավասար լուսաբանում արձանագրվել զեկույցներում:
- Գիտեք, խնդիրը հետեւյալն է: Ինչպես նշեցի, յուրաքանչյուր կողմ ինքն է որոշում ինչպես իրականացնել իր քարոզչությունը: Երբ օրենքը սահմանում է կանոնակարգումներ՝ կապված քարոզչության ժամանակահատվածի հետ, այստեղ կարեւոր է հավասար հնարավորությունների ապահովման խնդիրը: Այսինքն եթե քարոզչության մի կողմը ունի հավասար հնարավորություն որեւէ միջոցով իր տեսակետը ներկայացնելու, ապա մյուս կողմը պետք է այդ նույն միջոցին նույն պայմաններով հասանելիություն ունենա: Բայց նա ինչ ծավալով կօգտվի, կօգտվի՞, թե չի օգտվի, բնական է՝ դա արդեն բոլորովին այլ խնդիր է եւ մենք արդեն չենք կարող բխեցնել հավասարության սկզբունքից: Տեսեք, որպես օրինակ, Հանրային հեռուստաընկերությամբ սահմանված է վճարովի եւ անվճար եթերաժամի տրամադրում: Հիմա պատկերացնենք, որ ունենք որեւէ կողմ, որը ոչ վճարովիից, ոչ անվճարից չի օգտվում: Սա մեխանիկորեն, ինքնին չի կարող որակվել որպես հավասարության խախտում, որովհետեւ հնարավորությունը ապահովված է: Եթե չլիներ հնարավորություն, այսինքն դա տրամադրվեր մի կողմին, մյուս կողմի համար լինեին խոչընդոտներ, բարդություններ՝ դա կլիներ հավասարության խախտում:
- Այսինքն՝ ԶԼՄ-ին չեն կարող մեղադրել, որ հավասար չի լուսաբանվում:
- Գիտեք, եթե կողմը ցանկանում է, որ իրեն լուսաբանեն, բայց դա մերժվում է, որովհետեւ նա հանդիսանում է քարոզչության այս կամ այն կողմ՝ դա բոլորովին այլ իրավիճակ է: Եթե իր ստրատեգիայով պայմանավորված կողմը որեւէ միջոցառում չի անում՝ ակնհայտ է, որ չի էլ կարող լինել որեւէ լուսաբանում:
- Պարոն Մուկուչյան, ԿԸՀ-ն շարժվում է ըստ ժամանակացույցի՝ իրականացնելով նախապատրաստման միջոցառումները: Այս պահին ո՞ր փուլում եք:
- Մենք առաջիկայում ունենք բավականին ծավալուն գործընթաց, դա տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների դասընթացների կազմակերպումն է: Ամբողջ հանրապետության տարածքում պետք է իրականացվի ուսուցում, ժամկետները սահմանափակ են, եւ նախատեսվում է, որ ուսուցմանը պետք է մասնակցեն բոլոր հանձնաժողովների անդամները՝ շուրջ 14 000 քաղաքացու մասին է խոսքը: Դրանիցից զատ առկա է մասնագետների վերապատրաստման դասընթացների կազմակերպման խնդիր: Խոսքն այն մասնագետների մասին էի, որոնք տեխնիկական սարքերն են սպասարկում տեղամասային կենտրոններում, այդտեղ էլ խոսքը մոտ 4000 քաղաքացու մասին է:
- Ըստ ժամանակացույցի՝ հանրաքվեի քվեաթերթիկի նմուշը սահմանվելու է մարտի 26-ին: Այս պահին դուք կարո՞ղ եք ասել՝ մոտավորապես ի՞նչ ձեւակերպում է ունենալու քվեարկության առարկա հարցը:
- Ես չէի ուզենա այս պահին անդրադառնալ դրան, ամեն ինչը ժամկետների մեջ կիրականացվի, կհրապարակվի:
- Լրատվամիջոցները հարցումներ են անում, եւ պարզվում է, որ մարդկանց մի մասը չգիտի՝ ինչին պետք է «այո» կամ «ոչ ասի:
- Նկատի ունենանք, որ Հանրաքվեի մասին օրենքի պահանջներին համապատասխան տեղամասերում փակցված է լինելու է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, եւ եթե նույնիսկ քարոզարշավի ողջ ընթացքում մարդիկ չեն հասցրել տեղեկանալ այդ մասին, ապա այդ օրը կծանոթանան:
- Վարչապետը վերջերս հանրաքվեի Հռչակագրի նախագիծ հրապարակեց: Հնարավո՞ր է դա լինի հանրաքվեի դրվող հարց:
- Հանրաքվեի դրվող հարցը շատ հստակ ձեւակերպված է ՀՀ նախագահի հրամանագրով:
- ՀՀ Սահմանադրության 207-րդ հոդվածի համաձայն՝ հանրաքվեի դրված ակտն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը: Քանի որ արդեն նախնական ցուցակները հրապարակվել են՝ կարո՞ղ եք ասել, թե հանրաքվեի դրված ակտը որքան «կողմ» ձայնի դեպքում կհամարվի ընդունված:
- Այդ թվերը կան, յուրաքանչյուրը կարող է դատողություն անել, բայց քանի որ այդ թիվը դեռ կարող է փոխվել, ես չէի ուզենա հրապարակել որեւէ տվյալ, որովհետեւ իմ կողմից հնչեցված ցանկացած թիվ ընկալվելու է որպես պաշտոնական:
- Հանրաքվեի առանձնահատկությամբ պայմանավորված՝ կուսակցությունները կարող են դիմել դիտորդության համար: Ունե՞ք հայտ որեւէ կուսակցությունից: Միջազգային դիտորդների դիմումներ կա՞ն արդեն:
- Այս պահին չունենք դիմող կուսակցություն: Մեզ դիմել է 6 ՀԿ, որոնց անունից դիտորդություն իրականացնելու իրավունք ստացել է ընդհանուր առմամբ 452 քաղաքացի: Միջազգային դիտորդներից այս պահին դեռեւս հայտեր չունենք: Ժամանակ դեռ կա եւ փորձը ցույց է տալիս, որ դիմումները ավելի շատ ստանում ենք վերջնաժամկետին մոտ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ արգելվել է հավաքվել, տոնել, բողոքել, նկարահանել. կան ձերբակալվածներ
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
Ինքնասպանություն Գյումրիում. տղամարդը վերջ է տվել կյանքին՝ ձեռքում նռնակը պայթեցնելով
Օգոստոսի 1-ից «ՀՀ սպորտի վարպետ» և «ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ» կոչումների համար նոր չափանիշներ կլինեն
Երևանի հանրակացարաններից մեկում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմին. կա սպանության վարկած
Վարչապետը Մալաթիա-Սեբաստիայի Սուրբ երրորդություն եկեղեցում մասնակցել է սուրբ պատարագի. տեսանյութ
Պարզվել է Փամբակ գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղած տղամարդկանց ինքնությունը
Պատմական շոգ Եվրոպայում․ Գերմանիան, Չեխիան և Դանիան նոր եղանակային ռեկորդներ են սահմանել
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով
Արուսյակ Ջուլհակյանն ու Արման Եղոյանն առաջադրվել են որպես ԱԺ փոխնախագահի թեկնածուներ
Վարդենիկ գյուղում իր դռներն է բացել «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի կանանց 5-րդ ակումբը. տեսանյութ
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ՝ հավասարվելով 13 տարի առաջ գրանցված ցուցանիշին
Բագրատաշենի մաքսային կետում մաքսային ձևակերպումներ չիրականացնելու մասին պնդումները սուտ են. ՊԵԿ
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումները
Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը
«Փաստաբանություն» Մեդվեդևի կողմից. ՌԴ ԱԽ քարտուղարը հանդես է եկել Ծառուկյանի պաշտպանությամբ
Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի քաղաքացիների համար. Մեդվեդև
Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում
Վրաերթ Երևանում. տուժածը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռն է
Էապես աճել են կենսաթոշակները, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներով
Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան է տեղափոխվել 770 տոննա ցորեն
Երևանի քաղաքապետարանը պարգևատրել է 2026 թ. աշխարհի գավաթների առաջնություններում մեդալակիրներին ու մարզիչներին
Հրազդանում «Օպել»-ը բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր
Ուկրաինան հարվածել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին
Խոշոր ավտովթար Գեղամավանի մոտակայքում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը թևակոխել է նոր՝ շինարարության փուլ. ինչ է նախատեսվում
Փամբակ գետում վերսկսվել են մեքենայով ջուրն ընկած քաղաքացիներից մեկի որոնողական աշխատանքները
Հրդեհ՝ Թաիրով բնակավայրում կառուցվող շինության շինհրապարակում
Հայաստանը միացել է ՄԱԿ-ի կանոնադրության 81-ամյակի խորհրդանշական ստորագրմանը
Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն
ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը
Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը
Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է
Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար
Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ
Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ
Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո
Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT